Անվանի ռենտգենաբանը

07.10.2016 14:18
5151

Սյունիքում, նաեւ հանրապետությունում, շատ շատերն են ճանաչում ռենտգենաբան Միքայել Վաղարշակի Կարապետյանին, նույնիսկ նրանք, ովքեր որեւէ առողջական խնդրով երբեք չեն դիմել նրան, չեն ստացել նրա օգնությունը: Ուղղակի բարձր պրոֆեսիոնալիզմով եւ նույնքան բարձր մարդկային հատկանիշներով պարուրված բժշկի անունը, բերանից բերան փոխանցվելով, ճանաչման ահա այսպիսի քարտեզ է ուրվագծել նրա համար: Բայց նույնիսկ այդքան մեծաթիվ ճանաչողների մեջ շատ քչերը գիտեն, որ անվանի ռենտգենաբանը մասնագիտությամբ մանկական բժիշկ է, մանկաբույժ: Կյանքն այնպիսի ընթացք է ստացել, որ հաճախակի եմ լինում առողջապահական հիմնարկություններում: Այդ օրվա այցելությունս կապ չուներ ո՛չ հիվանդության, ո՛չ էլ հիվանդատեսության հետ: Լրացել էր բժիշկ-ռենտգենաբան Միքայել Կարապետյանի ծննդյան 80-ամյակը: Այդ առթիվ ցանկանում էի սեղմել նրա ձեռքը, շնորհավորել: Այո, լրացել է 80 տարին, իսկ նա դեռ շարունակում է աշխատել, որովհետեւ այդ աշխատանքի կարիքը դեռ կա, հասարակությունը դեռ զգում է հատկապես նրա պրոֆեսիոնալիզմի կարիքը: Տարիների հեռվից էլ քաղցրությամբ է խոսում իր չիրականացած երազանքի՝ մանկական բժիշկ դառնալու մասին: Բայց դե, ինչպես ասում են, անցածն անցած է, հետ չես բերի: Իսկ եթե Աստված անհատին շնորհ է տալիս, ապա տալիս է ամեն ինչում: Շնորհն Աստված է տվել, իսկ մասնագիտությունը ձեռք է բերել պատահականորեն: 1953-ին բժշկական ընդունվել չհաջողվեց: Այդ տարիներին այդտեղ ընդունելության քննություններ էին հանձնում վեց առարկայից: Քննությունները հանձնեց, բայց մրցույթով չանցավ: 1954-ին ամեն ինչ հաջող ստացվեց, ընդունվեց մանկաբուժության ֆակուլտետ: Դժվարություններով լցված, բայց եւ քաղցր տարիներ էին: Երիտասարդ էր, ապագային նայում էր հույսով ու հավատով: Ուսանողի ապրուստը բոլոր ժամանակներում էլ դժվար է եղել, իրենն՝ առավել եւս: Հայրը՝ Վաղարշակ Կարապետյանը, մեխանիզատոր էր շրջկենտրոնի կոլտնտեսությունում, իսկ մայրն աշխատում էր տրիկոտաժի ֆաբրիկայում, կարող բանվորուհի էր: Բանվորի աշխատավարձով վեց հոգանոց ընտանիք պահելը, դրա հետ նաեւ Երեւանում՝ բժշկականում սովորող՝ այնքան էլ հեշտ գործ չէր: Դժվարություններով ձեռք բերվածը միշտ էլ քաղցր է լինում: Գերազանց գնահատականներով էր սովորում: Այսօր էլ հպարտությամբ է հիշում, որ բժշկականի «Ապագա բժիշկ» բազմատիրաժում գերազանց առաջադիմության համար գովասանքի խոսք էր ասվել իր եւ իր ավագ ընկերոջ, համաքաղաքացի, այսօր երջանկահիշատակ Գառնիկ Սմբատի Միրզոյանի մասին:

1960-ին երիտասարդ մանկաբույժը վերադառնում է հայրենի քաղաք, բայց մասնագիտությամբ տեղ չլինելու պատճառով որպես թերապեւտ-բժիշկ երկու տարի աշխատում է Խնձորեսկում: 1960թ. ամուսնանում է Գորիսում հայտնի Թաթարյանների տոհմից սերված Մայուրայի հետ: Ունենում են որդի եւ դուստր: Բոլոր ծնողների նման նրանք փոքր ուրախություններով ուրախանում են, իսկ դժվարությունների դեպքում՝ տրտմում: Զավակները ժպիտով, նաեւ հպարտությամբ են պատմում իրենց ծնողների ընկերության ու սիրո պատմությունը: Համադասարանցիներ են եղել, 8-րդ դասարանում արդեն բոլորը գիտեին նրանց մտերմության մասին: Երկու տարի անց նորից Գորիսում է, եւ նորից թափուր տեղ չկա: Ազատ է միայն ռենտգենաբանի տեղը, եթե ցանկանում է աշխատել, պետք է 7-ամսվա վերապատրաստման կուրսեր անցնի: Ահա թե ինչպես է մանկաբույժ բժիշկ Կարապետյանը դարձել ճանաչված ռենտգենաբան:

Հեռուստատեսությամբ տրվող հաղորդումների ընթացքում կամ ցուցադրվող կինոնկարներում չինական կամ ճապոնական գիր տեսնելիս ինձ միշտ տանջել է միտքը, թե ինչպես կարելի է այն հասկանալ, կարդալ: Ինքս հաճախ եմ եղել բժիշկ Կարապետյանի կամ երեւանյան նրա գործընկերների հաճախորդը եւ միշտ էլ զարմացել, թե ինչպես են նրանք ընթերցում այդ մշուշապատ, կարծես զուտ մոխրագույն ջրաներկով ստեղծված կտավը, նրա վրա ընդհանրապես որեւէ բան տեսնում: Իսկ նրանք տեսնում են, կարդում այդ յուրահատուկ կտավները…

Իմ այցելության պահին նրա փոքրիկ աշխատասենյակ մտավ խիստ մտահոգ տեսքով մի երիտասարդ կին՝ ձեռքին երկու ռենտգեն լուսանկար, որի վրա նշմարվում էին ոտնաթաթի ոսկորների ֆալանգները: Բժիշկը դրանք մի պահ լուսաէկրանի վրա զննելուց հետո ժպտալով վերադարձրեց հաճախորդին՝ ամեն ինչ նորմալ է: Նկատեցի, թե ինչպես բժշկի ժպիտը փոխանցվեց հիվանդին, նրա մտախոհ դեմքն ակնթարթորեն պայծառացավ:

Հաճախ բավականին երկար տեւող բժշկական հետազոտությունների շղթայի վերջում լսում ենք բուժող բժշկի եզրափակող խոսքը՝ վերջնական եզրակացության համար պետք է անցնել ռենտգեն կաբինետով: Միայն դրանից հետո է ամեն ինչ պարզ դառնում: Ահա թե ինչու է բժշկական տասնյակ ծառայությունների մեջ առանձնանում ու կարեւորվում այդ ծառայության դերը: Բոլորովին նպատակ չունեմ նույնիսկ փոքր-ինչ կասկածի տակ առնել բժիշկ Կարապետյանի աշխատանքային ընկեր-ռենտգենաբանների մասնագիտական ունակությունները, բայց բոլորս էլ գիտենք հասարակության մեջ վաղուց արմատացած կարծիքը նրա վերջնական եզրակացության մասին: Գուցե շատերի ականջի համար պաթետիկ է հնչում, բայց փաստ է, որ նրա ախտորոշումներից ոչ մեկը մայրաքաղաքի խիստ մասնագիտացած բուժհիմնարկներում չի ժխտվում կամ էլ վերաորակավորվում: Ավելին, փաստեր կան այն մասին, որ որեւէ հիվանդի անհրաժեշտության դեպքում Երեւան տեղափոխելիս մայրաքաղաքի հիվանդանոցներում հարցնում են՝ ո՞վ է եղել ռենտգենաբանը: Ասել է թե՝ մեր բժիշկն իր բնագավառի հեղինակություններից է նաեւ Երեւանում: 1983 թվականին հանրապետության առողջապահության նախարարության ռենտգենաբանության խորհուրդը նրան շնորհել է բարձր կարգի ռենտգենաբան-բժիշկի կոչում, որը նրա արհեստավարժ աշխատանքի յուրահատուկ գնահատականն է:

Ես հաճույքով եմ գրում այս տողերը, որովհետեւ բոլորովին մտավախություն չունեմ, թե ընթերցողը կկասկածի իմ անաչառությանը, կմեղադրի ինձ մտացածին պատմություններ հրամցնելու մեջ: Այո, մտավախություններից զերծ եմ, քանզի համոզված եմ, որ ընթերցողներից շատերն են եղել նրա յուրահատուկ աշխատատեղ-գրասենյակում, անձամբ համոզվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի մեջ: Հասկանալի պատճառներով բժշկի դերակատարումը կարեւորվեց հատկապես Արցախյան ազատագրական պայքարի տարիներին: Հանգամանքների բերումով Գորիսը, մինչեւ Լաչինի միջանցքի բացումը, Արցախը հայրենիքին կապող առաջին օղակն էր: Ասենք՝ դրանից հետո էլ Գորիսի դերակատարումն Արցախյան շարժման մեջ չնվազեց: Մարտական գործողությունների ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնը փաստորեն զինվորական հոսպիտալ էր հիշեցնում: Տասնյակ վիրավորներ են անցել բժիշկ Կարապետյանի ռենտգեն կաբինետով: Նրա կատարածը դուրս էր սովորական աշխատանքային պարտականությունների շրջանակից, որն աննկատ մնալ չէր կարող: 1999թ. մայիսի 25-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանը նրան պարգեւատրեց 1992-1994թթ. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, իսկ 2010թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով բժիշկն արժանացավ «Մարտական ծառայության համար» մեդալի:

Կառավարական, գերատեսչական պարգեւներ ստանալը յուրաքանչյուրի համար հաճելի է, բայց միայն եզակիներին է հաջողվում հասարակության կողմից համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանանալ: Այդ եզակիներից մեկն էլ բժիշկ Կարապետյանն է: Որպես հարգանքի նշան ժողովուրդը նրան կոչում է ռենտգենոլոգ, որն այս դեպքում վարպետ պատվանվան հոմանիշ է: Հավանաբար շատերի հիշողության մեջ մնացել է զրույցն այն մասին, որ երբ հայ գրականության վարպետ Ավ.Իսահակյանի ծննդյան 70-ամյակի հանդիսության ժամանակ հռետորներից մեկն իր խոսքի մեջ բանաստեղծին բարեմաղթել է ապրել 100 տարուց ավելի, բանաստեղծը ձեռքի շարժումով ընդհատել է նրան եւ բոլորին լսելի ձայնով ասել՝ խնդրում եմ՝ Աստծո գործերի մեջ մ՛ի խառնվիր: Իմանալով դա, Աստծունը թողնում եմ Աստծուն, իսկ իմ, ինչպես եւ բժշկի հարյուրավոր բարի կամեցողների կողմից ցանկանում նրան առողջություն ու երկար տարիների բեղուն աշխատանք:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21