«Ապագա ճարտարագետ» խորագրով աննախադեպ ցուցահանդես ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում, որ վերածվեց տոնակատարության

01.04.2024 16:34
835

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղում մարտի 28-ին բացվեց «Ապագա ճարտարագետ» խորագրով մասնագիտացված «էքսպո»-ն, որին մասնակցում էին հրավիրված անձինք մայր բուհից, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության և Ռուսաստանի Դաշնության՝ Կապանում բացվելիք հյուպատոսարանի առաջատար խմբի ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնաճյուղի գործընկեր կազմակերպությունների՝ նախևառաջ  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ, մարզկենտրոնի հանրակրթական դպրոցների տնօրեններ և աշակերտներ, ովքեր վաղը պիտի համալրեն ուսանողների շարքերը:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ՀԱՊՀ լեռնամետալուրգիայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը հրապարակեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «40 տարվա պատմություն ունեցող ՀՊՃՀ (ներկայումս՝ ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղը լուրջ դերակատարություն է ունեցել Սյունիքի տարածաշրջանում գործող արդյունաբերական ձեռնարկություններին և կազմակերպություններին անհրաժեշտ մասնագիտական կադրերով ապահովելու գործում: Օրվա միջոցառումն իր նպատակներով համահունչ է մասնաճյուղին վերապահված առաքելության իրագործմանը, որի նպատակն է դպրոցականներին, քոլեջի սովորողներին, ապագա դիմորդներին և ընդհանրապես լայն հասարակությանը ներկայացնելու այն մասնագիտությունները, որոնք ուսուցանվում են ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում, դրանում առկա ուսուցման պայմանները, գործընկեր ձեռնարկությունները և հետագա աշխատանքի հնարավորությունները»:

Ուղերձում համոզմունք էր հայտնվում, որ միջոցառումը կծառայի նպատակին, իսկ նրա մասնակիցները կստանան այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որն ակնկալում էին:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը բարեմաղթանքի խոսքում ընդգծեց, որ «Էքսպո» ցուցահանդեսը եզակի միջոցառում է մասնաճյուղի գործունեության պատմության մեջ և երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օժանդակել են միջոցառման անցկացմանը և այն գործընկեր կազմակերպություններին, որոնք մասնակցում են ցուցահանդեսին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի ուսանողական խորհրդի փոխնախագահ Միլենա Հարությունյանը:

Պաշտոնական արարողությունից հետո միջոցառման մասնակիցները տեղափոխվեցին մասնագիտությունների ցուցահանդեսի սրահը, որտեղ ներկայացված էին մասնաճյուղի մասնագիտությունները՝ «Լեռնային գործ», «Օգտակար հանածոների արդյունահանում», «Օգտակար հանածոների հարստացում», «Մետալուրգիա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական համակարգեր», «Տնտեսագիտություն»: Մասնաճյուղի հյուրերն էին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ԱՄԻՕ բանկի, Թեղուտի և Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատների, Կապանի լեռնահարստացման կոմբինատի ներկայացուցիչներ: Ներկայացված էին «Լամաքս» գրուպը՝ իր «Մարիլա» ապրանքանիշով, «Zealous Teach» ՓԲ ընկերությունը։

Մասնաճյուղի ղեկավարությունը ջանացել էր, որ միջոցառումը վերածվի փոքրիկ տոնակատարության, ինչը միանգամայն հաջողվեց։ Մանավանդ աշխույժ մթնոլորտ էր ցուցահանդեսի սրահում, որտեղ ներկաները ծանոթանում էին ցուցադրանքին, անհրաժեշտ տեղեկատվություն ստանում, նաև համտեսում «Մարիլայի» սննդատեսակներից։

Այնուհետև դպրոցի մարզադահլիճին հարակից հրապարակում տեղի ունեցավ «Արմաթն օդում»՝ անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցում պատրաստված մոդելների ցուցադրում:

Առավել հագեցած էր միջոցառման երկրորդ օրը։ Ապագա ուսանողների համար շրջայց կազմակերպվեց մասնաճյուղում: Նրանց համար բոլոր մասնագիտություններով անցկացվեցին «Մասնագիտության ներածություն» դասընթացներ, որոնք վարեցին մասնաճյուղի ամբիոնների վարիչները և դասախոսները։ Լաբորատորիաներում աշակերտների համար իրականացվեցին բազմամետաղային հանքաքարից մետաղների ստացման փորձեր։

Դրանից զատ Երևանից ժամանած երկու պրոֆեսորները՝ Արմեն Հովհաննիսյանը և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղբալյանն անցկացրին վարպետաց դասեր՝ հանքարդյունաբերության մասնագիտությունների գծով, մեկը՝ «Լեռնային գործ» մասնագիտացման, մյուսը՝ «Մետալուրգիայի»։

Հանդիպման վերջում Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը «Էքսպոյի» մասնակից աշակերտներին հանձնեց «Ապագա ճարտարագետ» մակագրությամբ հուշանվերներ։

Ժամը 14֊ին ներկայացուցչական կազմով տեղի ունեցավ խորհրդաժողով, որի թեման էր «Ճարտարագիտական կրթության հնարավորությունները», դրան առնչվող գործառույթները տարածաշրջանում, առավել ևս՝ Սյունիքում։ Մասնավորապես տպավորիչ էր պրոֆեսորներ Արմեն Հովհաննիսյանի և Սուրեն Աղբալյանի մասնակցությունը խորհրդաժողովին, որոնց ավանդն անուրանալի է մասնաճյուղի ամբիոնների ձևավորման ու կայացման գործում և այժմ էլ արդյունավետ համագործակցություն են ծավալում։ Շատ դեպքերում գիտական ղեկավարներ են եղել մասնաճյուղի դասախոսների համար, ովքեր հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն։

Խորհրդաժողովը տևեց երկու ժամից ավելի, հնչեցին նաև օրվա խորհրդին պատշաճող ելույթներ։ Իսկ վերջում աղանդերի սեղանի շուրջ ավելի ամբողջացան կարծիքները՝ առաջին անգամ անցկացվող նման միջոցառման վերաբերյալ։

 

Վահրամ Օրբելյան

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17