Ապացուցելու ենք, որ հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու. ՀՀ վարչապետի ելույթը Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին

07.10.2018 13:44
1080

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

Հայ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող ժողովուրդ է: Այս մարդկանցով՝ գործարարներով, ովքեր աշխատելու են, ապացուցելու ենք բոլորս միմյանց հետ, որ հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է.

«Այսօր խորհրդանշական օր է, մի քանի պատճառներով: Շատերը հարցնում են՝ ի՞նչ է փոխվել վերջին հինգ ամսվա մեջ Հայաստանում: Նրանք, ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը՝ տրամադրությունը, մարդանց հայացքները, ինքնազգացությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը: Դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ, և որևէ մեկը չկա իրենից առավել և իրենից պակաս: Այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որ ես որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ-ում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ:

«Քառասունհինգ տարի է անցել «Արարատ»-ի հաղթանակից, մինչև հիմա ՀՀ-ում մեծարում են այդ մարդկանց, հրապարակներ են բացում թրջված աչքերով, որովհետև «Արարատ»-ն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, իր հաղթանակով կարողացել է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որովհետև մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնությունն է, ինքնասիրությունը:

Երեկ մասնակցեցինք Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Ինչո՞ւ ենք սիրում նրան, որովհետև նա հայ ժողովրդի հպարտությանը նոր ուժ, երանգ է տվել, հայ ժողովրդի ինքնասիրությունն ու ինքնագիտակցությունը բարձրացրել է նոր մակարդակի:

Այս օրը մենք առանձնահատուկ ենք համարում, որովհետև իրար աչքերի մեջ նայում ենք հպարտությամբ, սիրով, որովհետև ազնիվ ենք իրար նկատմամբ:

Ինչո՞ւ է այս օրը կարևոր: Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթանանք Հրաչյա Պողոսյանի հետ, տեղի ունեցավ մի խոսակցություն հայ գործարարների հետ: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները ՀՀ-ում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում: Այսպիսի մարդիկ, ովքեր ասում և անում են, իրենց խոսքի տերն են, այս մարդիկ են մեր ամենակարևոր գործընկերը՝ այս գործարարները, որ կարող են ոչ  միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր ներկայացուցիչ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակելու հնարավորությունը:

Անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում, և հույս ունեմ, որ այս փոքր արտադրամասը կմեծանա և այլ արտադրամասեր կստեղծվեն: Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ փայ մտնել, հարկ դնել, որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել: Բոլոր գործարարներին ասում ենք՝ խոնարհվում ենք ձեր կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել, և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: ՀՀ-ն սպասում է ձեզ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործարարներին: Շուտով պետերբուրգի հանդիպումից ևս մեկ արդյունք կունենանք, շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերը այստեղ է: Նա նույնպես այդ հանդիպման մասնակից է: Ես պատրաստ եմ գնալ բազմաթիվ հանդիպումների, որոնք արդյունքում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: Պարոն Պողոսյան՝ հատուկ շնորհակալություն ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել: Մեր ուղերձը սա է, որ հայ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող ժողովուրդ է: Այս մարդկանցով՝ գործարարներով, ովքեր աշխատելու են, ապացուցելու ենք բոլորս միմյանց հետ, որ հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու:

Ագարակը գյուղատնտեսության կարևոր կենտրոններից է, պետք է այն ապահովենք ջրով, առաջարկենք նոր տեխնոլոգիաներ և լավ մթնոլորտ ապահովենք աշխատանքի  համար: Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ, մեր կառավարությունը, ես ինքս պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով ոտքի կանգնեն, զարգանան և հզորանան: Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը եղել է քաղաքակրթության առաջամարտիկ և այսօր վերանվաճել է այդ առաքելությունը:

Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ: Կեցցե Ագարակը , կեցցեն ագարակցիները, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա է նաև փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Տիեզերագնացը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: Միջոցառման ընթացքում նա դրոշները հանդիսավոր կերպով հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Այս տարի նշվող Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա գլխավորած բարեգործական հիմնադրամի ջանքերով Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում, «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացում, իսկ Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու.Գագարինի կիսանդրին:

 

 

 

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11