Եվրոպական մեծ տերությունների քաղաքական ու տնտեսական մրցակցությունը, ինչպես նաեւ 20-րդ դարասկզբին նրանց կայսերապաշտական ձգտումները պայթունավտանգ վիճակ էին ստեղծել աշխարհում: Համաձայնության պետությունների՝ Անտանտ, եւ Եռյակ՝ հետագայում Քառյակ միության երկրների հակամարտություններն անխուսափելի էին դարձրել ընդհանուր պատերազմը:
1914թ. հուլիսի 28-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը եւ ավարտվեց 1918թ. նոյեմբերի 11-ին, կնքվեց զինադադար Կոմպիենի անտառում, Ռետոնդ կայարանի մոտ՝ մարշալ Ֆոշի սալոն-վագոնում, որով Գերմանիան իրեն ճանաչեց պարտված պետություն: Պատերազմին մասնակցում էր 34 պետություն, 1,5 մլրդ մարդ, զոհերի թիվը մոտ 10 մլն էր : Մեծ ու փոքր տերություններն իրենց շահն էին հետապնդում այդ պատերազմում, իսկ փոքր ազգերն ու օտարի լծի տակ ապրողները մեծ հույսեր էին կապում պատերազմի սկսման հետ: Նրանք հույս ունեին, որ վերջնականապես դուրս կգան խոշոր տերությունների` այսպես ասած հովանավորությունից եւ կթոթափեն օտարի լուծը: Յուրաքանչյուրն իր շահի ակնկալիքը կամ օտարի լծից ազատագրվելու երազանքն ուներ…
Հայ ժողովուրդը նույնպես մեծ հույսեր էր կապում Առաջին համաշխարհային պատերազմի հետ՝ հայացքը հառելով Ռուսաստանին` համոզված լինելով, որ ունենալով նման դաշնակից ու բարեկամ, հայ ժողովուրդը եւ Արեւմտյան Հայաստանը կփրկվեն Օսմանյան Թուրքիայի դարավոր լծից:
Հենց պատերազմի սկզբից հայությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ռազմական գործողություններին: Մոտ 250 հազար հայ զորակոչվեց ռուսական բանակ, դրանից զատ ստեղծվեց կամավորական յոթ ջոկատ, որոնցից վեցը դաշնակցական խմբապետերի ղեկավարության տակ էին գտնվում: Իսկ հնչակյանները կազմակերպեցին իրենց անկախ կամավորական խումբը՝ 6-րդը, կապիտան Ջանփոլադյանի հրամանատարությամբ: Մյուս խմբերի ղեկավարներն էին Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին, Վարդանը եւ Իշխան Արղությանը: Մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն Արղությանի հրամանատարությամբ գործող 7-րդ խմբում մասնակցել է իբրեւ կամավոր եւ հայոց ջարդերի ականատեսի իր անմիջական տպավորություններից ազդված արարել «Դանթեական առասպել» պոեմը:
Կամավորական խմբերը ռուսական զորքերի կազմում քաջաբար կռվեցին ընդդեմ թուրքերի…
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915թ. ապրիլին, Թուրքիան իրականացրեց 1,5 մլն հայերի բնաջնջում. հետագայում այդ ահավոր ոճիրը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն. կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը:
Ճիշտ է, 1918թ. մայիսի 28-ին ունեցանք անկախ Հայաստան, բայց կորուստը չափազանց մեծ էր:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, դա կլինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետեւեց Երկրորդ աշխարհամարտը: Հենց այդ պատերազմների ժամանակ էր, որ շատ ազգեր ցեղասպանության ենթակվեցին:
Միայն 20-րդ դարում ցեղասպանության նպատակով կատարված գործողություններն ավելի քան 119 միլիոն զոհ են խլել, իսկ դա 84 միլիոնով գերազանցում է Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում ու 20-րդ դարի այլ պատերազմներում զոհված զինվորների թիվը: Բայց դեռ աշխարհը կամ ավելի ճիշտ ուժեղների քաղաքականությունը նախընտրում է անտարբեր մնալ կամ միայն ձեւականորեն միջամտել նման վայրագություններին:
Վերջապես քաղաքակիրթ աշխարհը պետք է վերջ դնի պատերազմներին, որոնք բերում են միայն կորուստ, տառապանք, ավերածություններ եւ խեղված ճակատագրեր...
Առաջին համաշխարհայինի ժամանակ Սյունիքում նույնպես եղավ զորակոչ: Զորակոչվածների քանակը հայտնի չէ: Բայց, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Սյունիքից զոհվել կամ անհայտ կորել է 750 հոգի, հաշմանդամ դարձել՝ 50-ը, ողջ մնացած եւ պատերազմից վերադարձածների թիվը հասնում է մոտ 240-ի:
Ժամանակի թերթերի հրապարկումները խոսում են պատերազմական օրերի Հայաստանի իրավիճակի մասին, թե ինչպիսի անասելի ու աննկարագրելի օրեր էր ապրում հայ ժողովուրդը:
Թերթերն անդրադարձել են նաեւ Ղափանի եւ շրջակա գյուղերի ծանր դրությանը:
Ղափանը ծանր օրեր էր ապրում: Պատերազմն իր ցավալի ազդեցությունն էր թողել Ղափանի եւ շրջակա գյուղերի վրա: Նրա կենցաղի, կյանքի ու մտածելակերպի վրա իր ծանր կնիքն էր դրել, եւ գյուղում չկար մի երեւույթ, որ այսպես թե այնպես ազդած ու հետեւանք չլիներ այդ պատերազմի:
Գյուղը զրկվել էր աշխատող ձեռքից: Գյուղական աշխատանքներն ամբողջությամբ ծանրացած էին ծերունիների, կանանց ու պատանիների ուսերին: Յուրաքանչյուր տուն, առանց բացառության, պատերազմ էր ուղարկել մեկից չորս հոգի:
Ծանր օրեր էր ապրում Ղափանը՝ կտրված լինելով դրսի աշխարհից: Ճանապարհների դժվար անցանելիության պատճառով Ղափանին հասանելիք մթերքները տեղ չէին հասնում: Ամբարները լրիվ դատարկվել էին: Կենտրոններում գոնե կարողանում էին վագոններ ստանալ, թանկ մթերքներ ճարել կամ գնել, իսկ հեռավոր շրջաները ոչ միջոց ունեին, ոչ էլ փող: Խիղճն ու հոգին կորցրած չարչիներն էլ օր օրի բարձրացնում էին մթերքների գները եւ թալանում ու կողոպտում առաց այն էլ կիսամեռ գյուղացուն:
Բնությունն էլ դաժան գտնվեց. երկարատեւ անձրեւները միանգամայն ոչնչացրել էին գյուղացիների տքնաջան աշխատանքով ձեռք բերված բերքը: Ի՞նչ աներ խեղճ գյուղացին, ու՞մ դիմեր կամ ո՞վ էր լսողը: Ամենուրեք անօրինություն էր ու կեղեքում: Գյուղացիների միակ ապրուստի միջոցը հողագործությունն էր: Երաշտն իր սեւ գործն էր արել, արտերում ամեն ինչ դեղնել էր ու չորացել: Տասնյակ հողակտորներ գյուղացին թողել էր անմշակ, օր օրի կրկնապատկվում էին մթերքների գները, եւ քանի որ գյուղացին այլ եկամուտ չուներ, ընկել էր ծանր դրության մեջ:
«Արեւ» թերթում (1916թ.) կարդում ենք հետեւյալ տեղեկատվությունը՝ սովի ուրվականը պտտվում էր Ղափանի գլխին: Գյուղացիությունը սովի չմատնվելու համար ստիպված հաց էր պատրաստում զանազան մրգերից ու վայրի պտուղներից (կաղինից): Սովի մատնված գյուղացիությունը ստիպված տնային իրերն ու ընտանի անասուները չնչին գնով վաճառում էր ունեւորներին, որպեսզի հոգար ձմեռվա կարիքները: Շատերն էլ իրենց ընտանիքները թողնում ու պանդխտության էին դիմում: Թանկությունը մեծ չափերի էր հասել: Ղափանի կենտրոնատեղին Ղաթարի բազարն էր, որի հետ են կապված շրջանի հայ եւ թուրք գյուղերը: Այդ շատ լավ գիտեին բազարի առեւտրականներն եւ իրենց քմահաճույքների համաձայն բարձրացնում կամ ցածրացնում են ապրանքների գները: Սակայն շուկան եռում էր, իսկ մեկ կտոր հացը թանկարժեք ականջօղ արժեր, մեկ աման մածունը, կամ մի կտոր պանիրը՝ ոսկի:
Կրակ ու պատուհաս էր թափվել գյուղացիության գլխին: Նրանց տառապանքներին ու չարչարանքներին գումարվեցին տարատեսակ հիվանդություններ: Բժշկական օգնության բացակայությունից տարատեսակ հիվանդություններ էին գլուխ բարձրացնում եւ սնկի պես աճում. հազարավոր մարդիկ տառապում էին հիվանդության ճիրաններում:
Կրկին «Արեւ» թերթը գրում է, որ նման հիվանդության դեպքեր են գրանցվել Ճակատենում, Ծավում, Կեմանցում եւ այլուր: Աշնան սկզբից մինչեւ ձմեռվա վերջը՝ կարմրուկը, հազը, բկացավը, տիֆը, խոլերան խլեցին տասնյակ երեխաների կյանք: Գյուղացիությունը զուրկ էր տարրական բժշկական օգնությունից: Ճիշտ է, գյուղերում աշխատում էին երեքից չորս բժիշկ, բայց քանի որ թանկ վարձավճար էին պահանջում, գյուղացին չէր կարողանում վճարել եւ մնում էր բախտի քմահաճույքին:
Գլուխ էին բարձրացրել ավազակությունն ու սպանությունները: 1916թ. գարունը նոր էր բացվել, խեղճ գյուղացին շտապում էր արտերն ու այգիները մշակելու, երբ կայծակի նման լուր տարածվեց, թե ապրիլի 6-ին 30 ջորեպան գնում են անտառ՝ ածուխ տանելու հանքեր: Դարան մտած ավազակները շրջապատում ու 30 ջորին՝ ջորեպաններով, քշում են ու պարսից սահմանն անց կացնում: Ոստիկանությունը գործի է անցնում, սակայն գյուղացիները երկյուղի ու սարսափի մեջ էին:
1917թ. դեկտեմբերի 17-ին խոտանանցի մի հայ աշխատանքից վերադառնալիս երեք ավազակի զոհ դարձավ: Նրանք կիսամահ արեցին խեղճ գյուղացուն եւ տարան հնացած զգեստները: Մյուս օրը՝ դեկտեմբերի 18-ին, 15 ավազակ մտնում են խլաթաղցի Համբարձումի գոմը, որտեղ նա ապրում էր իր ընտանիքով, ահաբեկում նրանց, ապա քշում 16 գլուխ կենդանի: Նույն գիշերը Բեխ գյուղից տանում են երկու ձի եւ Կավարտից՝ յոթ ջորի:
Դեպքեր՝ ինչքան ասեք, մեկը չէր, երկուսը չէր… Հիմնականում նման ստորություններով զբաղվում էին թուրքերը. Նրանց հատուկ էին թալանը, կողոպուտը, գողությունը: Միջին Ասիայի տափաստաններից այստեղ ներխուժած քոչվոր հորդաները, հաստատվելով այս վայրերում, փորձում էին տեղացիների նման ապրել, յուրացնել հայերի նիստուկացը, բայց, միեւնույն է, չէին կարողանում: Ժամանակ առ ժամանակ նրանք գործում էին նախնիների ձեռագրով` վայրագություններով: Նրանք վախ ու սարսափ էին տարածում ու ապականում շրջակա միջավայրը:
Արեւմտյան Հայաստանում Թուրքիան իրագործեց հայերի ջարդ՝ հայոց բնօրրանը դատարկելով հայերից:
Արեւելյան Հայաստանում էլ սնկի պես աճած թուրքական գյուղերը հանգիստ չէին տալիս հայ գյուղացուն: Հայ գյուղացին չգիտեր՝ ո՞ր մի ցավին դիմանար: Փոխանակ օրվա հացի խնդիրը լուծելու, վար ու ցանք անելու, ստիպված էր դիմադրել անթիվ վայրագությունների:
Ծխական դպրոցներում երեխա չէր մնացել: Եվ չնայած այս ծայրահեղ վիճակին, դպրոցներ կային, որ գործում էին.նրանք հիմնականում գոյատեւում էին աշակերտական թոշակներից ստացված գումարներով, Բաքվի «Արամազդ եւ Բ.Հ. Կուլտուրական» ընկերություների, առանձին անհատների եւ գլխավորապես Հայ առաքելական եկեղեցու միջոցներով: Կային գյուղեր, որ ընդհանրապես դպրոց չունեին, օրինակ Փուխրուտ եւ Քրդիկանց գյուղերը: Այս գյուղերից յուրաքանչյուրն ուներ 65 տուն, որի կեսից շատը հարուստներ էին, որոնք սակայն չէին մտածում կրթության ու գրագիտության մասին: Ամեն տեղ ուսման շնորհիվ լույս տարածվեց, բայց այս գյուղերում գաղափար չունեին աշխարհի անցուդարձից: Գյուղեր կային, որ դպրոց ունեին, բայց չէին գործում, ուսուցիչների մեծ մասը պատերազմ էր մեկնել: Այդ պատճառով շատ երեխաներ հայտնվեցին փողոցներում: «Արեւ» թերթը տեղեկացնում է, որ դպրոցական տարին ավարտվելու վրա էր, իսկ Ղափանի շրջանի Բարաբաթում, Ծավ, Շիկահող, Ագարակ, Հանդ եւ այլ գյուղերի դպրոցները զուրկ են ուսուցչից, իսկ գյուղացիների դիմումներին, խնդրանքներին եւ հրավերներին՝ քաղաքում մնացած ուսուցիչներին՝ գալ գյուղեր, լսող չկա:
Դպրոցները թողնել փակ, երեխաներին՝ փողոցներում, դա մեծ հանցանք կլիներ: Մատաղ սերունդն ուսում էր պահանջում, իսկ այդ նվիրական եւ լուսավորական գործը պետք էր օր առաջ իրականություն դարձնել:
Շատ ուրախալի է եւ գովասանքի արժանի, երբ տեղեկություն ես իմանում, որ այդ դժվարին ու օրհասական ժամանակներում դպրոցներ կային, որ համառորեն շարունակում էին իրենց լուսավորական եւ կրթական գործը: Ամսի 25-ին՝ կիրակի մի գեղեցիկ օր, մեծ բարերար եւ Բաքվի նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի հիմնադրած՝ ժամանակի հայտնի Շրվենանցի դպրոցում կազմակերպվել էր տոնախմբություն՝ տոնածառով: Առաջին բաժնում աշակերտական երգեցիկ խումբը հաջողությամբ երգեց մի շարք խմբերգեր, աշակերտներն արտասանեցին մի քանի հայերեն եւ ռուսերեն ոտանավորներ: Երկրորդ բաժնում աշակերտները շատ հաջող խաղացին մանկական «Տոնի համար» պիեսը: Աշակերտուհիները պարեցին կլոր պարերգեր տոնածառի շուրջը: Երեկույթն անցավ հաջող եւ թողեց լավ տպավորություն, աշակերտները հյուրասիրվեցին թեյով եւ մրգերով: Շրջանի դպրոցներ այցելության եկած տեսուչ պ. Հովհ. Գեորգբեկյանը, ով եղել էր նաեւ Շրվենանցի դպրոցում, գոհ հեռացավ: Տեսուչ Գեորգբեկյանն իր հաճախակի այցելութուներով փորձում էր համախմբել, կազմակերպել փորձնական դասեր եւ դրանով արդյունավետ դարձնել ուսուցիչների եւ դպրոցների աշխատանքները: Որովհետեւ օր օրի կրճատվում էր գյուղական դպրոցների թիվը, նրան վառ պահող ուժերը՝ պոկվում են, նրանց տեղը գալիս են նորերը կամ մնում առանց ուսուցիչ: Սա ցավալի իրողություն էր:
Թերթը տեղեկացնում է դեկտեմբերի 4-ին Գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հիշատակին նրա մայրը եւ եղբայրները սեփական հանքի ակցիաներից նվիրել են Ղափանի բարեգործականի ճյուղին՝ Առաջաձորի եւ Շրվենանցի դպրոցներին 200-ական ռուբլի, իսկ Ղափանում գտնված մյուս բոլոր դպրոցներին՝ 100-ական ռուբլի: Այդ դպրոցներն են Վերին Խոտանան, Սեւաքար, Զեյվա, Եղվարդ, Ագարակ, Շիշկերտ, Ծավ, Շիկահող, Գյուտկյում, Ճակատեն, Վաչագան, Բեխ, Կավարտ, Վերին Հանդ, եւ Զանգիլան (թուրքի գյուղ), Առաջաձորի եկեղեցուն՝ մի ոսկեզօծ խաչվառ:
Գեղեցկուհի Վարսենիկը Պետերբուրգում թողնելով ուսումը, գալիս խնամում է գաղթական երեխաներին, վարակվում տիֆով եւ մահանում:
1916-17թթ. ուսումնական թվին բախտի բերմամբ Սեւաքարի դպրոցական պարապմունքները սկսվել էին ճիշտ սեպտեմբերի սկզբներին: Դպրոցով հետաքրքրվել էր Տեր-Հովհաննես հայրը: Իսկ դեկտեմբերի սկզբներին դպրոց էր այցելել համագյուղացի, Բաքվի Հայ Կուլտուրական Միության ներկայացուցիչ պ. Ս. Քալանթարյանը, ով մոտիկից ծանոթանալով դպրոցին, համառոտ տեղեկություն էր տվել Շուշիում լուս տեսնող «Փայլակ» թերթին:
«Արեւ» թերթում Իվան Մելիք-Քարամյանի մի թղթակցությունից տեղեկանում ենք, որ Ղարաբաբա գյուղացի պ. Արսեն Մելիք-Քարամյանը հոր՝ Մկրտիչ Բեկ Հայրապետյան Մ.Քարամյանի հիշատակին գյուղի դպրոցում գրադարան - ընթեցարան հիմնելու համար նվիրեց 25ռ. կանխիկ դրամ եւ 20 կտոր զանազան գրքեր: Նույն նպատակով 10ռ. նվիրեց Իվան Բեկ Մելիք-Քարամյանը: Նման հանգանակությունը եւ սրտացավությունը ոգեւորում, հույս եւ մեծ հնարավորություն էին ընձեռնում, որպեսզի այդ դժվարին պատերազմական իրավիճակում պահվեն դպրոցները եւ լույս տարածեն մատաղ սերնդի մեջ: Ապրիլ ամսին Ղարաբաբա գյուղի երկսեռ ծխական դպրոցի ժամանակավոր շենքում կայացավ ծխական ժողով գյուղի բնակչուհիների մասնակցությամբ՝ որոշելու մոտ ապագայում կառուցվող ուսումնարանի շենքի տեղը: Տեղի ունեցավ ֆոնդի հանգանակություն, հավաքվեց 233ռ.: Այս փոքրիկ, հետ ընկած, աղքատ գյուղը՝ 25 տնից բաղկացած, միահամուռ եւ եռանդուն մասնակցություն ցույց տվեց, որ դժվարին այդ իրավիճակում՝ գնահատել գիտեն կրթությունն ու գիտությունը:
Անհատներ կային, ովքեր իրենց ազգանվեր, հայապահպան գործունեությամբ եւ մեծ զոհողությամբ, իրենց միջոցներն ու ամբողջ ներուժը ներդնում էին, պայքարում, որ ստեղծեն անկախ Հայաստան: Նրանցից էր Նուբար փաշան՝ ծագումով Ղափանի Շիկահող գյուղից:
«Արեւ» թերթի մի թղթակցությունից տեղեկանում ենք, որ Պոլսի զինվորական դատարանը պատասխանատվության է ենթարկել Նուբար փաշային հետեւյալ մեղադրանքով. նպատակ է ունեցել Թուրքիայի արեւելյան նահանգներում անկախ Հայաստան ստեղծել՝ նա բանակցություններ է վարել Քառյակ միության պետություների հետ եւ Հայոց կաթողիկոսի համաձայնությամբ հանգանակություն է արել հօգուտ հայ կամավորական խմբերի՝ Թուրքիայի դեմ կռվելու: Նա Փարիզում, Լոնդոնում եւ Պետերբուրգում ձեռնարկություններ է արել, որոնք հակառակ են Թուրքիայի շահերին: Եվ եթե Նուբար փաշան 10 օրվա ընթացքում չներկայանա դատարան, նրա ունեցած շարժական եւ անշարժ գույքը կբռնագրավվի: Անշուշտ, Նուբար փաշան լավ գիտակցում էր, որ նման դժվար իրավիճակում կհայտնվի, բայց նրա համար ազգային շահը վեր էր ամեն ինչից:
Զարմանալի է այն, որ Ղափանը, լինելով արդյունաբերական խոշոր կենտրոն եւ հայտնի լինելով իր հարուստ պղնձահանքերով, պետք է որոշ չափով բարվոք լիներ բնակչության համար: Սակայն գյուղացի բանվորը չքավոր կյանք էր վարում, չնչին օրավարձով քարշ տալիս իր գոյությունը: Եվ հավանաբար այդ է պատճառը, որ երբ գաղթականները հայտնվեցին Ղափանում, ղափանցիները չկարողացան պատշաճ օգնություն ցուցաբերել:
Բաքվի «Արեւ» թերթը տեղեկացնում է, որ Ղափանի հանքերի վարիչ Ս. Մ. Ստեփանյանի նախաձեռնությամբ մի շարք ժողովներ գումարվեցին գաղթականությանն օգնելու համար: 1914թ. նոյեմբերից մինչեւ 1915թ. հունվարը եռանդով, Ստեփանյանի միջնորդությամբ ղափանցիները որոշակի գումար հավաքեցին: 1915թ. մայիսի 10-ից հետո Ղափանում դադարեցին գաղթականությանն օգնելու համար գումար հանգանակել:
Նման օրհասական պահերին կային այնպիսի խոշոր դեմքեր, ովքեր ողջ ազգի ճակատագրի մեջ մեծ դեր ունեին:
Կապանը տվել է այնպիսի զավակներ, ովքեր արժանի են հիշատակության: Երբ Անդրանիկ զորավարն իր զորքով եւ գաղթականներով 1918-ին Կապան էր մտել, կապանցին ամեն միջոց եւ հնարավորություն օգտագործեց՝ օգնելու իր սիրելի զորավարին եւ իրենց ծննդավայրն ու տուն ու տեղը կորցրած հայրենակիցներին:
1918թ. ամռանն Անդրանիկ զորավարն իր զորքով եւ 20 հազարանոց գաղթականներով Նախիջեւանից անցավ Կապան: Առավոտից մինչեւ երեկո նրանք անցնում էին Կապուտջուղ լեռան լանջով: Թուրքերը ողջ ճանապարհին կրակում էին նրանց վրա: Հետո իջան բարձունքից եւ կիրճով, որը նույնպես կրակի տակ էր, իջան Կապան եւ Ղաթարի գործարաններ: Այս շրջանում թուրքերը հայերի հետ բարեկամաբար էին ապրում, որը մի կողմից զարմանալի էր, բայց միեւնույն ժամանակ ուրախալի, որ երկու տարբեր ժողովուրդ իրար հետ ապրում էին հաշտ ու համերաշխ: Ողջի գետի հովտում ապրող թաթարները՝ լսելով Անդրանիկի Ղափան մտնելու մասին, հավաքվում են Շհարջիկ գյուղում եւ իրենց երեւելիների հետ գնում ընդառաջ զորավարին, աղ ու հացով դիմավորում: Անդրանիկը տեղյակ լինելով, որ այդ ժամանակ նրանք հայերի հետ հաշտ ու համերաշխ են, ընդունում է նրանց ու ասում, որ շարունակեն իրենց խաղաղ աշխատանքը հարեւան հայերի հետ: Անդրանիկը թուրքերի նկատմամբ նման հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեց այնքան ժամանակ, մինչեւ որ թուրք գործակալները սադրանքներ հրահրեցին ու ստիպեցին հակաքայլերի:
Դժվար էր մթերքներով աղքատ Կապանում հոգալ կտրուկ աճած բնակչության կարիքները: Այնուամենայնիվ Կապանի ազգային խորհուրդն այս ուղղությամբ մեծ աշխատանքներ էր իրականացնում: Ս. Մելիք-Ստեփանյանը եւ պղնձահանքերի վարիչ Արամ Ֆետվաճյանը փռեր են բացում եւ հացով մատակարարում եկվորներին: Սակայն սա էլ չէր բավականացնում: Բանը հասել էր նրան, որ սովի խնդրին խառնվել էր տարոնցիների պաշտելի Սոսե մարեն՝ առասպելական Աղբյուր Սերոբի այրին: Նա առաջարկել էր Անդրանիկին՝ հարձակվել դաշտի թաթարական գյուղերի վրա, բռնությամբ խլել բերքը: Կային մարդիկ այս կարծիքին, որոնց զորավարը սաստել էր: Անդրանիկը մի կերպ կարողացել էր համոզել Սոսե մարեին ու ասել՝ մի պահ պատկերացրու՝ իմ տեղը Սերոբն է, արդյո՞ք նա կհամաձայնվեր հարձակվել խաղաղ բնակչության վրա, եթե ամբողջ Սասունը փրկելու լիներ սովից: Սոսե մարեն աչքերը փակ, գլուխը կախ մտածել ու արտասունք թափելով պատասխանել էր՝ ոչ...
Զորավարը երեք օր հյուրնկալվել է Սմբատ Բեկի Առաջաձոր գյուղի նորակառույց տանը: Երկար արշավանքից հոգնած ու հիվանդ զորավարին խնամում է գերդաստանի մեծ մայրը: Ս. Բեկն Անդրանիկին համոզում է մնալ Ղափանում, սակայն չի համաձայնվում՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է մոտ գտնվել Ղարաբաղին: Այստեղից օգոստոսի սկզբներին շարժվում է Գորիս...
Սմբատ Մելիք-Ստեփանյանն աջակցել է ոչ միայն Անդրանիկ զորավարին, այլեւ Զանգեզուրի զինված ուժերի հրամանատար Արսեն Շահմազյանին, Սերգեյ Մելիք Յոլչյանին, Գարեգին Նժդեհին, Դիլմանի ճակատամարտի մասնակից, Սիսիանի ուժերի հրամանատար, ծննդով կապանցի Պողոս Տեր-Դավթյանին:
Դժվար թե ղափանցին չուզենար իր ազգականերին օգնություն ցուցաբերել: Պատճառը ծանր իրավիճակն էր՝ սովը, երաշտը, հիվանդությունները, որ խեղդում էին գյուղացուն: Ղափանում կային ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, վաճառականներ, ովքեր կարող էին այս ուղղությամբ մեծ աշխատանք տանել: Սակայն մատը մատին չէին խփում: Նրանց մատուցած ծառայություններն էլ այնքան թանկ էին, որ ժողովուրդը դրանցից չէր օգտվում: Հանքատերերը լռում էին, չէին ուզում միասին պայքարել թանկության դեմ, ոչ էլ մտածում էին բարձրացնել աշխատավարձերը:
Գյուղերն իրենց բնակչությամբ մի տարօրինակ պատկեր էին ներկայացնում. 20 տոկոսը միջակ ունեւորներ էին, մնացածը տառապում էին աղքատության մեջ, տղամարդկանց մեծ մասը պատերազմ էր գնացել, մի մասը ստիպված պանդխտության էր դիմել:Գյուղերը թշվառության ու կարիքի մեջ էին: Պատկերը շատ տխուր էր ու սարսափելի: Իշխանություններն էլ ոչինչ չէին ձեռնարկում այդ անօրինությունների դեմն առնելու համար: Չկար կարեկցող մի ձեռք, որ օգնության հասներ գյուղացուն:
Թնդանոթներ այստեղ, ճիշտ է, չէին պայթում, բայց գյուղական աշխարհում կյանքը, կարծես, կանգ էր առել…
Աղբյուրներ՝
1. Վիքիպեդիա-Առաջին համաշխարհային պատերազմ
2. Ռուբինա Փիրումյան «Հայկական հարցի պատմություն», Երևան 2002
3. Ֆ.132, ց.1, գ.184, «Զանգեզուրի գավառից Առաջին աշխարհամարտում և քաղաքացիական կռիվներում զոհվածների և հաշմանդամների ցուցակները ըստ գյուղերի», էջ 95-102, 8 թերթ
4. Թերթ` Բաքվի «Արև» 1916թ.,1917
5.ՀԱԱ, Ֆ. 370, ց. 1,գ. 89, թ.7:
6.«Հայաստանի աշխատավորուհի» ամսագիր, 1977, N 4,էջ 13-14
7. Ռուբեն Սիմոնյան «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը», Երևան 2006թ.
Քրիստինե Պետրոսյան
Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, թանգարանագետ, պատմաբան