Արայիկ Պարոնյան. «Հասարակությունը խորհրդարանում լուրջ ընդդիմության պահանջ է զգում, եւ այդ դերը կարող է ստանձնել ՀՀԿ-ն»

29.11.2018 11:30
1504

Հարցազրույց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող N12 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Արայիկ Պարոնյանի հետ.

- Պարոն Պարոնյան, արդեն մի քանի տարի է, ինչ Երեւանում եք, թեեւ երբեք չեք կտրվել ծննդավայր Գորիսից: Բայց  N12 ընտրատարածքը Գորիսով չի սահմանափակվում, ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերը: Ու մարդիկ կուզենան Ձեր մասին ավելին իմանալ… Իհարկե տեղյակ ենք, որ Գորիսի նշանավոր Պարոնյանների տոհմի  ներկայացուցիչ եք, ով Սյունիքին տվել է Միքայել Պարոնյան՝ 1818-1820թթ.  Զանգեզուրի ազգային խորհրդի նախագահ: Եւ, այդ բոլորով հանդերձ, ո՞վ է Արայիկ Պարոնյանը:

-Սերում եմ Պարոնյանների գերդաստանից: Մեր տոհմում եղել են նշանավոր այլ անհատներ եւս՝ ի դեմս խմբապետ Յապոնի, ով Սարդարապատի հերոսամարտում Գորիսի աշխարհազորի հրամանատարն էր: Սարդարապատի հուշահամալիրի թանգարան մտնելիս՝ աջ կողմում, աչքի է զարնում Յապոնի դիմանկարը, ում անուն-ազգանունն էր Արմենակ Պարոնյան: Նա Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1918-1920 թվականներին, եղել է Զանգեզուրի հակահետախուզության պետը, 1920 թվականին Գորիս քաղաքում տեռորի է ենթարկել հայտնի հակահայ գործիչ Շիխլինսկուն: Այնուհետեւ բոլշեւիկները, Գորիսը գրավելուց հետո, նրան ձերբակալել են, եւ 1920 թվականին կացնահարվել է Գորիսի բանտում: 

- Եւ, այնուամենայնիվ, ո՞վ է Արայիկ Պարոնյանը:

- Ձեր նշած Պարոնյանների տոհմի, Յապոնի շառավիղն եմ, ով 1989 թվականին բախտ է ունեցել Երեւանում՝ ուսանողական տարիներին, օգտվել հանրային գրադարանի  հատուկ ֆոնդից  ու առաջին անգամ ուսումնասիրել Գարեգին Նժդեհի աշխատությունները, ցեղակրոն ուսմունքը, Նժդեհի հուշապատումները՝ նվիրված Լեռնահայաստանի հերոսամարտին: Այնուհետեւ հրապուրվեցի Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքով, որ ուղենիշ եղավ ինձ համար: 1990թ. ստեղծվեց ՀՀԿ-ն, որ հիմնադրեց Աշոտ Նավասարդյանը, 1993 թվականից անդամագրվել եմ այդ կուսակցությանը: Նաեւ ասեմ` ՀՀԿ առաջին տարածքային կառույցը եղել է Գորիսի կազմակերպությունը, որը հիմնադրել ենք ես, երջանկահիշատակ Գագիկ Բախշյանը եւ Զավեն Գրիգորյանը: Ու սկսած 1993 թվականից` նախ` իբրեւ կուսակցության Գորիսի տարածքային կազմակերպության  խորհրդի անդամ, այնուհետեւ խորհրդի նախագահ, մասնակցել եմ Հայաստանում կատարվող  քաղաքական պրոցեսներին:

Միեւնույն ժամանակ՝ ինձ բախտ է վիճակվել 1998 թվականից աշխատել Կապան քաղաքում. մինչեւ 2005 թվականը եղել եմ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Սյունիքի  վարչության պետը: Յոթ տարվա ընթացքում շփվել եմ մարզի տարածաշրջանների բնակչության հետ, փորձել եմ առավելագույնս պահպանել հայի տեսակը, օրենքի տառը եւ սոցիալական ապահովվածության ոլորտում անել առավելագույնը, որպեսզի մարզում ինչ- որ ձեւով մեղմվի մարդկանց վիճակը, որպեսզի ժողովուրդն ավելորդ քաշքշուկների մեջ չհայտնվի: 

- Հատկապես ՀՀԿ-ի համար դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունը տեղի է ունենում արտասովոր պայմաններում. մարդիկ, ովքեր տասը եւ ավելի տարի պաշտոններ են վարել, հարստացել կառավարող ՀՀԿ-ի շնորհիվ, անձնական խնդիրներ լուծել, այսօր փախչում են ՀՀԿ-ից եւ նույնիսկ այլ ուժի դրոշի տակ ապահով տեղ գտնելով, սկսում են հայհոյել ՀՀԿ-ին, որը վարկաբեկվել է նաեւ իրենց իսկ գոյությամբ: Եւ դժվարագույն այդ հանգրվանում Դուք համարձակվում եք պատգամավորի թեկնածու առաջադրվել ՀՀԿ-ից, մնալ այդ կուսակցության շարքերում: Ինչո՞վ  եք բացատրում Ձեր պահվածքն այս պայմաններում:

- Նախ՝ էությամբ պայքարող տեսակ եմ: 

Նժդեհը բազմաթիվ անգամ կրկնել է.  «Ինքնահանգստացած էթնոսները դառնում են իրենց անհանգիստ հարեւանների զոհը»:

Կարծում եմ` այս ձեւակերպումը բոլոր ժամանակներին եւ  բոլոր իրավիճակներին է վերաբերում:

Ես հանուն գաղափարի անդամագրվել եմ ՀՀԿ-ին եւ հանուն գաղափարի մնում եմ նրա շարքում:

Դրանով նաեւ այսօրվա ու ապագա սերունդներին ասում եմ, որ արագ ճամբարափոխ լինողները մեր հասարակությունում տեղ չունեն: Նրանք, ովքեր երեկ «հանուն ժողովրդի» եղել են հանրապետական, այսօր հայտարարում են, թե «ՔՊ» կուսակցության անդամ են, մյուս օրը  «հանուն ժողովրդի» հայտարարելու են, թե այլ կուսակցության անդամ են  ու այսպես շարունակ, ես այդ տեսակը չեմ: 

- Աշխարհի եւ ոչ մի երկրում (նաեւ Հայաստանում) որեւէ քաղաքական ուժ  երաշխավորված չէ սխալներ  գործելուց: Բոլորն էլ սխալվում են, մեկը՝ շատ,  մյուսը՝ ավելի շատ: Կարեւորը,  ըստ էության, թույլ տված սխալները ժամանակին  գիտակցելն  է,  խոստովանելը, քավությունը, մեղքի համար թողություն խնդրելը:

Կուզեինք իմանալ` ՀՀԿ-ն անցած վեց  ամսում անցա՞վ քավության քուրայով, թե՞ նոր պիտի անցնի:

- Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, խորհուրդը, ՀՀԿ-ի այն անդամները, ովքեր մտահոգ են կուսակցության որդեգրած գաղափարի համար, ապրիլյան դեպքերից հետո մի պահ դադար առան եւ հայացք նետեցին դեպի մեր անցած ճանապարհը, նշմարեցին  թույլ տված սխալները եւ համոզվեցին, որ ունեցել ենք բացթողումներ, վրիպումներ:  

Ըստ իս` յուրաքանչյուր ոք, ով որոշել է, որ ինքը եղել է, կա ու կլինի հանրապետական, հետադարձ հայացք պիտի գցի իր անցած ճանապարհին, մեղքի բաժին վերցնի իր ուսերին: Ես էլ ինչ-որ չափով վերցնում են իմ զինակից, իմ գաղափարակից, իմ մտերիմ կուսակցական ընկերների մեղքի բաժինը, վստահ եմ, որ վերարժեւորելով անցած ճանապարհը, գնահատական տալով այսօրվա  իրավիճակին, մատնանշելով թույլ տված սխալները, կանցնենք ինքնամաքրման ճանապարհ: Կարծում եմ` առաջիկա ընտրությունից հետո, անկախ արդյունքներից, ՀՀԿ-ն համագումար կհրավիրի, հետեւություններ կանի: Պարզապես ժամանակը շատ կարճ էր, ըստ իս, համագումարում ամեն ինչը փաստաթղթի տեսք կստանա, եւ համապատասխան քաղաքական գնահատականներ կտրվեն:

- Եվ, ըստ Ձեզ, որոնք են ՀՀԿ-ի թույլ տված ամենաէական սխալներն անցած տասը տարում:

- Գիտե՞ք. ինչ-որ տեղ ՀՀԿ-ն ժողովրդից կտրված էր վերջին շրջանում:

Հանրապետական կուսակցությունն իր իշխանության տարիներին գոնե արտաքին վտանգների չեզոքացման առումով մեծ գործ  արեց: Բայց Ժողովրդից կտրվածությունը, ավելորդ ինքնավստահությունն իրենց սեւ հետեւանքն ունեցան:

- Հիմա, իհարկե, ընդունված չէ խոսել Հանրապետական կուսակցության ծառայությունների մասին: Հանրությունն էլ, կարծեք, լսել չի ուզում այդ մասին: Այդ բոլորով հանդերձ՝ որո՞նք են ՀՀԿ ծառայության առավել կարեւոր, անվիճելի, անսակարկելի վկայությունները կամ դրսեւորումները:

- Նախ` ամենակարեւորը՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրն էր: Համոզված եմ, որ այդ ոլորտում հաջողել ենք: Դե ֆակտո Արցախի կարգավիճակի պահպանումն ինքնին հաղթանակ է: Հանրապետության իշխանությունների ուշադրությունն առավելապես կենտրոնացած էր արտաքին քաղաքականության վրա, քան ներքին, ինչի հետեւանքով ներքին քաղաքականության բնագավառում սխալներ թույլ տրեցին: ՀՀԿ-ն  ավելի շատ կենտրոնացած է եղել արտաքին մարտահրավերների վրա, եւ կարողացել է ինչ-որ տեղ այդ հավասարակշռությունը պահել: Դա եղել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին: Որոշակի բարեփոխումներ են տեղի ունեցել մեր կյանքի տարբեր ոլորտներում: Եթե հիշում եք, ԱՊՊԱ համակարգը ներդրվեց Տիգրան Սարգսյանի  վարչապետության տարիներին, եւ դժգոհություններ կային: Բայց այսօր այդ համակարգը որոշակի խնդիրներ է լուծում: Եւ, ի վերջո, սոցիալական փաթեթը, որ ներդրվեց պետական ծառայողների համար, կենսաթոշակների որոշակի բարձրացում եղավ: Զոհված ազատամարտիկների ծնողները, եթե թոշակառուներ են, կենսաթոշակից բացի լրացուցիչ ստանում են մոտ 100 հազար դրամ պարգեւավճար: Մեր ուշադրության կենտրոնում է եղել ժողովրդագրական խնդիրը. երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձրեցինք մեկ միլիոն դրամ… 

- Զուտ մարդկային հարաբերություններին  առնչվող հարց. Դուք նաեւ պաշտոնի բերումով սյունեցիների հետ միշտ էլ ակտիվ շփումներ եք ունեցել, ինչպես եւ, թույլ տվեք ասել, ոմանց լավություն եք արել, ծառայություն մատուցել, նեղության մեջ գտնվող մարդկանց նեցուկ եղել: Հետաքրքիր է՝ այդ մարդիկ նախընտրական այս օրերին խուսափո՞ւմ են շփվել Ձեզ հետ, թե՞ շարունակում են մնալ ընկեր, բարեկամ:

- Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում ճանաչում եմ: Եվ բոլոր նրանց, որոնց անձամբ չեմ ճանաչում, բայց կողքից լսել են իմ մասին ու զորակցություն հայտնել: Իհարկե, իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի հանդեպ վերաբերմունքն այնպիսին է, որ իմ նախկին կուսակիցների ու նորերի մեջ որոշակի ընկճվածություն կա: Բայց պատգամավորի թեկնածու առաջադրվելու իմ քայլով զգացի, որ ոմանց մոտ կա ոգեւորվածություն: Մարդկային հարաբերությունները պահպանվել են, մնում են, ընտրությունները ժամանակավոր երեւույթ են, իրար հետ դեռ հարաբերվելու ենք…

- Տպավորություն ունենք, որ ներկա քարոզարշավը կամ ընտրապայքարը չի ընթանում գաղափարների, ծրագրերի միջեւ, ինչպես նախկինում է եղել: Արդյո՞ք այդ հանգամանքը չի խանգարի, որ ապագայում ունենանք պրոֆեսիոնալների խորհրդարան:

- Բնականաբար, այդ խնդիրը կա: Հեղափոխական քայլերը կամ հեղափոխական պրոցեսներն ինձ համար ընդունելի չեն, ես ավելի գերադասելի եւ ճիշտ եմ համարում, որ յուրաքանչյուր երեւույթ էվոլյուցիոն ճանապարհով զարգանա, բնականորեն հասնի իր վերջնակետին: 

- Դուք ՀՀԿ  գաղափարական թեւի ներկայացուցիչ եք, այդ առումով կուզենայինք մեկ-երկու դրույթ  մատուցեիք` ցեղակրոնություն, Գարեգին Նժդեհ…  Այդ գաղափարախոսության հատկապես  ո՞ր դրույթն է Ձեզ համար կարեւոր մեր ազգային զարգացման ներկա հանգրվանում:

- Ի վերջո ի՞նչ է ցեղակրոնությունը: Նժդեհի ձեւակերպմամբ՝ ցեղակրոնությունը պաշտամունքն է մեր մեծ մեռելների: Նրանք, ովքեր արիացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, նրանք, ովքեր առյուծացան իրենց հերոսացման մեջ եւ նրանք,  ովքեր իրենց կյանքն ու արյունը չխնայեցին հանուն մեր ազգի, հայրենիքի պահպանության գործի: Եւ քարոզչության առաջին թեզը լինելու է հետեւյալը` մեր մեռելների պաշտամունքն Ավարայրի ճակատամարտից մինչեւ Ապրիլյան պատերազմ, մենք պարտադրված ենք ունենալ նման պաշտամունք, այլապես որպես հայ տեսակ ուղղակի կվերանանք:

- Ակներեւ է Ձեր նվիրվածությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այնուամենայնիվ, ովքե՞ր են ՀՀԿ-ի առաջնորդներից , լիդերներից մինչեւ այսօր Ձեզ համար օրինակելի, ընդօրինակման արժանի:

- Ինձ համար ՀՀԿ-ի բոլոր առաջնորդներն ընդունելի են եղել. կուսակցությանն անդամագրվել եմ Աշոտ Նավասարդյանի օրոք: Միշտ հավատարիմ եմ եղել նրան, այնուհետեւ Անդրանիկ Մարգարյանին, ՀՀԿ-ի այսօրվա նախագահին, բայց Անդրանիկ Մարգարյանն ինձ համար ավելի ընդօրինակելի է… 

- Պարոն Պարոնյան, այս ընտրություններին ընտրողն ինչո՞ւ հատկապես ձայնը պիտի տա Հանրապետական կուսակցությանը:

- Որովհետեւ Հանրապետական կուսակցությունը 1998 թվականից մինչեւ այսօր եղել է քաղաքական բոլոր պրոցեսների մեջ՝ իր ունեցած սխալներով  ու բացթողումներով հանդերձ, ունի կուտակած լուրջ փորձ եւ առաջիկա ԱԺ-ում ինքը կարող է  լինել շատ լուրջ, արմատական ընդդիմություն գործող իշխանություններին: Իսկ ուժեղ պետություն, ուժեղ պետականություն ունենալու համար բավական չէ ուժեղ իշխանություն լինել, անհրաժեշտ  է ունենալ ուժեղ, կառուցողական ընդդիմություն: 

- Իսկ ի՞նչ որակներ, հատկանիշներ պիտի ունենա պատգամավորը:

- Մեր օրերի պատգամավորը երբեւիցե (ես ամբողջ կյանքս ապրել եմ այդ սկզբունքով) հասարակությունից, փողոցից, հողից չպիտի կտրվի: Ամենավտանգավորն այն է, երբ պաշտոնյան, պատգամավորն ապրում է կաբինետային կյանքով: 

- Բավականին հարցեր շոշափվեցին մեր զրույցի ընթացքում, այնուամենայնիվ, ի՞նչ կավելացնեիք ասվածին:

- Կա մի այսպիսի աղոթք. տեր Աստված, տուր ինձ արիություն, ընդունեմ իմ մեջ այն, ինչը կա: Տուր ինձ հզորություն, փոխեմ իմ մեջ, ինչը կարող եմ փոխել: Եւ տուր ինձ իմաստություն, որ կարողանամ տարբերել առաջինը երկրորդից: Գիտե՛ք, ամեն ինչ չէ, որ մարդ կարող է  իր մեջ փոխել: Բայց կան բաներ, որ մարդ ի զորու է  իր մեջ փոխելու: Դա նաեւ պատասխանն է  Ձեր այն հարցին, թե Հանրապետական կուսակցությունը գնո՞ւմ է  ինքնամաքրման ճանապարհով, թե՞ ոչ: Եթե մենք իսկապես ունենանք նշածս իմաստությունն ու կարողանանք գիտակցել, որ փոփոխությունն անհրաժեշտ  է, եւ ունենանք  կամքի նման ուժը` այդ ամենը փոխելու, ուրեմն, ճշմարիտ ուղու վրա ենք:

Ընտրությունը յուրովի փորձութուն է ժողովրդի համար: Տերունական աղոթքում պատահական չէ ասված՝ մի տանիր զմեզ ի փորձություն: Մի տեսակ մենք Աստծուն խնդրում ենք մեզ փորձության չտանել, բայց, ըստ իս, կատարելության հասնելու համար այլ ճանապարհ, քան փորձությունների միջով անցնելն է, չկա: Այսօր ազգովի կանգնել ենք հերթական փորձության առջեւ: Կոչ եմ անում մեր ժողովրդին` մի պահ կանգ առնել, հայացք նետել մեր անցած ճանապարհին, փորձել հասկանալ, թե որտեղ ենք այս պահին գտնվում եւ սթափ տրամաբանությամբ գնահատել ներքին ու արտաքին մարտահրավերները: Ու գնալ մաքուր, ազատ, արդար ընտրության…

Զրույցը՝  Վահրամ Օրբելյանի
 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25