Արայիկ Պարոնյան. «Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հանրապետական Կուսակցությունը»

03.12.2018 12:26
1091

ԱՐԱՅԻԿ ՊԱՐՈՆՅԱՆ. ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ անդամ, ՀՀ աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի` սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ:

Թավշյա հեղափոխությունից հետո, խոստովանենք, ինչ-ինչ առումներով, նաեւ` դեռ չմարած ժողովրդական ոգեւորության պայմաններում, մեծ քաջություն էր պետք ԱԺ արտահերթ ընտրությունների  ընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու  ներգրավվել ՀՀԿ կողմից՝ իմանալով, որ չես ներկայացնում իշխանական թեւը, եւ, բնականաբար,  հնարավորություններդ ավելի քիչ են` ժողովրդի մեծաթիվ քվեն ստանալու, փոխարենը` ձախողման վտանգն է մեծ:

ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Արայիկ Պարոնյանի հետ զրուցելով` ամենեւին այդ տպավորությունը չստացա. խոսում էր ինքնավստահ, հավատով` իր գաղափարների, ծրագրերի լիակատար ճշմարտությանը, ժողովրդի սոցիալական ապահովությանն ու բարեկեցությանն ուղղված` իր ուժերը ներ դնելու սպառիչ համոզմունքով:

Այն հարցին, թե մտահոգություն չունի՞, արդյոք, առաջադրվելով ՀՀԿ կողմից, նա հենց ինքը զարմացավ, կարճ ու հստակ պատասխան տվեց` ոչ, ինչո՞ւ պետք է մտահոգվի, ինքը հպարտ է, որ ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, որին հավատարմորեն անդամագրված է շուրջ 25 տարի: Թող մտահոգվեն նրանք, ովքեր չարաշահել են կուսակցության անունը, արատավորել այն իրենց սխալներով: Մյուս կողմից էլ, ավելացրեց՝  ո՞վ է անսխալական` անհատ, թե պետություն, ո՞վ է անսխալ անցնում իր ճանապարհը: 

Արայիկ Պարոնյանին Սյունիքում շատերն են ճանաչում որպես համեստ, պարտաճանաչ, գործին գիտակ եւ նվիրված մարդ:

Երկարամյա աշխատանքային գործունեության բերումով շփվել է ժողովրդական լայն զանգվածների հետ, տեղյակ է նրանց հոգսերին ու խնդիրներին: 

Ինչո՞ւ է Արայիկ Պարոնյան` ֆինանսաբյուջետային եւ հաշվապահական հաշվառման, սոցիալական ապահովության առաջատար մասնագետ, վարչության պետի առաջին տեղակալը` հանկարծ որոշել մտնել քաղաքական դաշտ ձգտել, դառնալու ԱԺ պատգամավոր ի՞նչն է եղել առաջադրվելու հիմնական շարժառիթը:

Պատասխանը նորից հակիրճ է ու համոզիչ` ես պայքարող տեսակ եմ: 

Զրույցի ընթացքում պարզ է դառնում, որ Արայիկ Պարոնյանին մտահոգել եւ, այսպես ասած, պատգամավորի թեկնածուի առաջադրման քայլին մղել է  վերջին ամիսներին սելավի պես երկրին պատահած հեղափոխությունը, որը միանգամից տակնուվրա է արել նախկին համակարգը, մեղադրել նրան արած ու չարած մեղքերի համար, հարազատ կուսակցությանը կանգնեցրել դժվարին իրավիճակի առջեւ: 

Եվ ահա, նա որոշել է կուսակցության համար ծանր պահին կանգնել նրա կողքին, իր աշխատանքը շարունակել օրենսդիրում ու արդեն պատգամավորի կարգավիճակում` շարունակել  ծառայել երկրին: 

Իսկ ավելի հիմնավոր` նրա համար առաջադրվելու շարժառիթ կարող էր լինել օրենսդիր մարմնում  ամենօրյա աշխատանքով ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, Սյունիքի մարզի եւ Վայոց Ձորի բնակիչների կյանքը բարելավելու հեռանկարը:

Միանգամայն ազնիվ մղում` Արայիկ Պարոնյանի կողմից:  

Հարցը նորից տանում եմ մեզ  «պատահած» հեղափոխությանը. իսկ, ի՞նչ է, Արայիկ Պարոնյանը դժգո՞հ է, որ երկրում տիրող դժգոհությունների լայնամասշտաբ ալիքը հանգեցրել է  ժողովրդական հեղափոխության, համակարգի փոփոխության:

«Ոչ, ամենեւին», հետեւում է պատասխանը,  նա դժգոհ չէ, որ երկրում սկսվել են ինքնամաքրման, զտման  աշխատանքներ, դրանք նույնիսկ ուշացած եւ անհրաժեշտ էին, միայն թե` ծայրահեղության չհասցվեն, չորն ու թացը իրար խառնած` քամուն չտրվի տարիների կատարած հսկայածավալ աշխատանքը, առաջատար կադրերին հնարավորություն տրվի շարունակելու իրենց մասնագիտական կարողության ներդրումը` ի շահ երկրի հզորացման:

Արայիկ Պարոնյանի համար խորթ հասկացություն է ճամբարից-ճամբար թեւածումը` հանուն պաշտոնի պահպանման, թե` մեծաթիվ քվեներ ապահովելու, ինչը նա բարոյական չի համարում: Նա իր ողջ կյանքում դավանել է մեկ կուսակցության եւ պատրաստ է նրա նեղ օրերին էլ լինել կուսակցության կողքին,  մինչեւ վերջ հավատարիմ մնալ նրա  դավանած արժեքներին: 

Իսկ  դրա համար, խոստովանում է,  նա չի խնայելու ոչ իր ուժը, ոչ` փորձն ու գիտելիքները, մանավանդ` իր համոզմունքներն ավանդական ընտանիքի պահպանման` ազգի համար կարեւորագույն խնդրում:

Պատգամավորի թեկնածուն վստա՞հ է, որ իր փայլուն մտահղացումները, Աստված մի արասցե,  կես ճանապարհին չեն մնա, որ չի ձախողվի դժվար մրցապայքարում: 

Լսենք նրան.

«Ինքս լինելով գորիսեցի, երկար տարիներ աշխատելով ե՛ւ հայրենի քաղաքում, եւ` մարզկենտրոնում, շուրջ 14 տարի էլ` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ամենուր սրբորեն ծառայելով ժողովրդիս, վստահ եմ, որ իմ ժողովուրդն էլ փոխադարձ սիրով ու հարգանքով կպատասխանի ինձ, կգնահատի,  կանի արդար ընտրություն, չի տրվի անառողջ զգացմունքայնության ու խաբկանքի, կընտրվեն միայն ամենաարդարները, ովքեր մտահոգ են եւ լիարժեք տիրապետում են երկրում առկա խնդիրներին, բացերին ու առավելություններին, հստակ գիտեն դրանց լուծման ճանապարհը:

Չեմ վախենում ընտրարշավից, սպասվող պայքարից, պատրաստ եմ, նույնիսկ միայնակ` գլուխս բարձր ու հպարտ քայլել, ընդունել այն բոլոր սխալները, որ թույլ ենք տվել եւ ես և իմ կուսակից ընկերները, կրել պատասխանատվությունը:

Միաժամանակ, վստահ եմ, որ իմ կուսակցությունը վերջին քսան տարում ահռելի մեծ ու լուրջ ձեռքբերումներ ունի` պետականության կառուցման գործում, նաեւ, վստահ եմ, որ մոտ ապագայում Հանրապետական կուսակցությունը դեռ խոսք ունի ասելու:

Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ առաջադրվելով պատգամավորի թեկնածու` համոզված եմ, որ Ազգային ժողովում ես գործ ունեմ անելու` ոչ միայն սոցիալական ապահովության ոլորտում, այլեւ` բոլոր ոլորտներում, մասնավորապես շեշտը դնելով ավանդական ընտանիքի պահպանմանը: Պայքարելու եմ  ամեն մի այլասերված բարքերի  դեմ` չթույլատրելով դրանց մուտքը  հայ ընտանիք եւ հայ հասարակություն, ձգտելու եմ, որպեսզի մոռացության գիրկը չանցնեն  մեր  հերոսամարտերում, օրհասական պատերազմներում հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսները` սկսած Հայկ Նահապետից:

Անշուշտ,  Հայաստանում  այսօր խնդիրները շատ են ու բազմազան,  իմ առաջնահերթում տեղ կգրավեն կարեւորագույնները՝ սոցիալական ոլորտը, նրա ապահովության, արդարության  հարցերը, ինչին տիրապետում եմ ամբողջությամբ, արտագաղթը, աշխատատեղերի պակասը, հաճախ ոչ օբյեկտիվ կադրային քաղաքականությունը, ինչն էլ ժողովրդի մեջ արդեն իսկ հանգեցնում է խորը եւ անցանկալի հիասթափության»:

Արայիկ Պարոնյանն անդրադառնում է նաեւ թույլ տրված սխալներին:

«Երբ մեզ ասում են` դուք սխալներ եք թույլ տվել, ակամա ցանկանում եմ հարց տալ` մինչեւ հիսուն տարեկան դառնալը, հարց տվողը, արդյո՞ք, սխալներ չի գործել, եւ եթե նա հիսունից հետո իմաստնություն է ձեռք բերել, արդյո՞ք դա նաեւ իր գործած սխալների, սխալներից առած դասերի  շնորհիվ չէ: Նույնն էլ` պետությունների դեպքում է»:

Հետաքրքիր էր, ինչպիսի՞ զգացողություններ է ունեցել Արայիկ Պարոնյան թեկնածուն, երբ ժողովուրդը մեկ մարդու պես վանկարկում էր` «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը:

Զրույցի կեսից Արայիկ Պարոնյանի հետ անցանք պարզ երկխոսության, ինչը փոքր-ինչ նման էր անցյալի դատավարության եւ ապագայի լուսավոր երաշխիքի:

- Ես հասկանում էի, իհարկե, որ մեր ժողովրդի մեջ կան դժգոհություններ` ուղղված իշխող կուսակցությանը, բայց, ընդհանուր առմամբ, երբ քննում ենք աշխարհում այսօր  ստեղծված իրավիճակը, գրեթե բոլոր պետություններում կառավարությունների, նույնիսկ ամենաժողովրդավար երկրի իշխանության  դեմ առկա են  այդպիսի  բողոքներ:

Գուցե, որոշակի առումով, հոգնե՞լ էր ժողովուրդը, չգիտեմ, բայց այն, որ արտաքին ուժերի կողմից  ուղղորդում էի տեսնում, չեմ կարող ժխտել: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կարծում եմ ժամանակն ու պատմությունը կպատասխանեն նաեւ այս հարցին: 

Բոլորիս հայտնի է` Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մեծ խաղերի ու գործընթացների խաչմերուկում, չթվարկեմ: Այդ ամենը չէր կարող հենց այնպես անցնել մեր կողքով, գերտերությունները չէին կարող կողքից նայել մեզանում կատարվող իրադարձություններին: Այդ շահերն ուղղակիորեն խաչվում են Հայաստանում, եւ եթե, չտա Աստված, մենք հասնենք եզրագծին, շարունակենք սեւերի ու սպիտակների  տարբերակումներ կատարել, կարող ենք շատ ու շատ բաներ կորցնել եւ` այլեւս անվերադարձ:

Սոցիալական ոլորտի մարդ եմ, լավ գիտեմ բնագավառը. այն, որ ժողովուրդն իսկապես սոցիալական ծանր վիճակում է, դա այդպես է, բայց մյուս կողմից` եթե պատմական զուգահեռ տանենք 20-րդ դարասկզբի հետ, օսմանյան կայսրության մեջ երեւի տնտեսապես ամենաապահովվածը հայ ազգն էր` բոլոր առումներով, մինչդեռ,  բոլորս գիտենք, թե 1915-ին ինչ տեղի ունեցավ, եւ թե`որն էր դրա պատճառը:

Ֆինանսապես, սոցիալապես  մենք ապահովված էինք, բայց արտաքին անվտանգության տեսակետից` խնդիր ունեինք,  մեր վիճակը գրեթե զերո էր: Արդյունքում`եղավ այն, ինչ եղավ:

Ասել է թե` այն, որ մենք ունեինք եւ ունենք սոցիալական խնդիր, ես դա ընդունում եմ, բայց  առաջնահերթությունը դնել սոցիալական ոլորտի վրա եւ նման եղանակով շահարկել, ես դա համարում եմ, մեղմ ասած, անթույլատրելի, ոչ ճիշտ ռազմավարություն` պետական գործչի համար:

Առաջնահերթը եղել եւ մնում է արտաքին քաղաքականության ճիշտ ձեւավորումը, նրա անվտանգությունը: Ամենակարեւորը, ինչը սիրում էր կրկնել Գարեգին Նժդեհը, սա է` եթե ազգը չի կարողանում կերակրել սեփական բանակին, ստիպված է լինելու կերակրել թշնամու բանակին: 

Բանակի անընդմեջ սպառազինում, արտաքին քաղաքականության խելամիտ, հավասարակշռված պահպանում. ահա այսօրվա մեր հիմնական խնդիրները:

Չուրանանք, ի դեմս երկրի երրորդ նախագահի` այդ կուրսը տարվել եւ պահպանվել է նրա իշխանության ողջ տարիներին:

Արայիկ Պարոնյանը խոսում է նաեւ նախկին համակարգի ծայրահեղ բացթողումների` կոռուպցիա, պետական միջոցների վատնում, ծանոթ-խնամիական կապեր, ոլորտներում տիրող անարդարություն եւ այլն, մասին` չմոռանալով ասել.

- Նշեցի ժողովրդի սոցիալական վիճակի մասին, ավելացնեմ` կոռուպցիա, կաշառակերություն, դրանցից բխող անարդարություն,  բնականաբար,  եղել են, դրանք մարդկության հետ ծնվել են, նրա հետ էլ, հավանաբար, վերանալու են, կամ գոնե` շատ երկարատեւ, տքնաջան ճանապարհ է պահանջում` առանց ծայրահեղ միջոցների, խորապես ուսումնասիրելով դրդապատճառները:

Բայց ինչպե՞ս կարելի է այդպես մտածել, ի վերջո, դա էլ պետք է լուծում ունենա, հարցնում եմ:

-Տեսեք,- ընդհատում է,- Չինաստանում ամեն տարի հազարավոր մարդիկ, պաշտոնյաներ են այդ խնդրով դատապարտվում, գնդակահարվում, բայց մինչ այս պահը`չեն գտել դրա իսպառ վերացման եղանակը: Նրա դեմ պայքարը պետք է լինի համակարգված, պետք է բացառվի կաշառք տվողի եւ կաշառք վերցնողի շահագրգռվածությունը, ինչը մենք վերջին տարիներին փորձել ենք ներդնել սոցիալական ոլորտում, ունեցել որոշակի հաջողություններ, եւ դրանք դեռ շարունակելու ենք, շարունակական ընթացքի մեջ են:

Լուրջ եւ երկարատեւ գործընթաց է, մեկ անձով եւ քաջ- նազարյան մեկ հարվածով, մեկ-երկու օրով չէ պայմանավորված, այսօր էլ, վստահ եմ, այն կա:  Ապագայում էլ, եթե կառուցվածքային առումով բոլոր ռիսկերը չչեզոքացվեն, գործընթացները հետեւողական չտարվեն, կաշառակերության վտանգը միշտ էլ կախված է լինելու մեր գլխավերեւում:

Սահմանդրությունից եւ օրենքներից դուրս որեւէ քայլ անելն այս ուղղությամբ` անթույլատրելի է:

Իսկ ո՞րն է նոր իշխանության կողմից դրական իմաստով արված ամենանշանակալի քայլը` ըստ Արայիկ Պարոնյանի:

- Այն, որ այսօրվա կառավարությունը փորձում է արտաքին քաղաքական առումով շարունակել այն նույն գիծը, որը վարել է մեր կուսակցությունը, ես դա ողջունում եւ համարում եմ ամենախելամիտ քայլը:

Այդ դեպքում  ո՞րն էր այս ողջ իրարանցման իմաստը, հարցնում եմ, եթե, այսպես, թե այնպես, նախկին իշխանությունն իր կուրսը խելամտորեն վարում էր. վա՞տ էր վարում, թե՞ հայտնի անեկդոտի պես`աթոռին նստել չգիտեր:

Հասկացա` Արայիկ Պարոնյանը տրամադրված չէր հումորի, էլ ավելի լրջացավ.

- Կարծում եմ, կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության դաշտում հղի են շատ ու շատ լուրջ վտանգներով, բայց այն, որ նորերը կամք գտան իրենց մեջ եւ թեկուզ բարձրաձայն չխոստովանելով` որոշակի հարցերում, նաեւ`  կուտակային համակարգի պահպանումը, շարունակեցին հների վարած գիծը, նորից ասեմ` ես դա ողջունում եմ: Իսկ թե ինչու՞ այս իրարանցումը տեղի ունեցավ, համոզված եմ, պատմությունն այս հարցերի պատասխանը նույնպես կտա, եւ` շատ շուտ: Առաջ չընկնեմ:

Այսօրվա իշխանությունները գրեթե մեծ հաշվով շարունակում են այն կուրսը, որը մենք էինք վարում: Միակ բանը, որ այս պահին կցանկանայի` երկրի համար դժվար օրերին  ճամբարափոխ եղածներին, իրենց գաղափարներն ուրացածներին հասարակությունը չհերոսացնի: Այդպես վարվելով` մատաղ սերնդին ուղղակի ոչ ճիշտ դասեր ենք տալիս:

Եթե ճամբարափոխ եղածները պետք է դիտվեն որպես հերոսներ, ուրեմն մենք որպես ազգ, որպես ազգային ամբողջականություն շատ լուրջ խնդիրների հետ կբախվենք:

Իսկ ո՞րն է լինելու Արայիկ Պարոնյանի առաջին գործը` արդեն նորընտիր խորհրդարանում:

Պարզվում է` այդ մասին էլ հստակ գիտե:

- Կոչ եմ անելու Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որպեսզի ցանկացած օրինագիծ,  անկախ նրանից` որտեղից է բերվում, ո՞վ է հեղինակը, որքա՞ն շահույթ է պարունակում, եթե այն մի աննշան չափով էլ կխաթարի մեր ավանդական հայ ընտանիքը, նրա մաքուր բարքերն ու արմատները, մեկ մարդու պես ոչ ասենք  բոլոր այդ կարգի օրինագծերին: 

Երկրորդ նպատակս` առաջնահերթություն եմ համարում Սյունիքի մարզում եւ Վայոց Ձորում առկա բոլոր ոլորտների խնդիրների բնութագրումն ու գույքագրումը, նրանց հերթագայության որոշումը: Թեպետ, ես տիրապետում եմ դրանք` իրենց ողջ համակարգով, բայց նորից ու նոր հայացքով վերանայում, վերստուգում կանցկացնեմ, կներկայացնեմ ըստ առաջնայնության եւ կփորձեմ ամեն ինչ անել, որ այդ խնդիրները մեր տարածաշրջանում լուծում ստանան:

Արայիկ Պարոնյանը խոսում է նաեւ խորհրդարանում երբեւէ լուռ նստած նախորդների, նրանց գնահատական տվողների մասին, լսենք նրան.

- Նախորդներին գնահատական տվողը ես չեմ, իրավունք էլ չունեմ, քանի որ հետեւում եմ աստվածաշնչյան պատվիրանին` մի դատիր, որ չդատվես: Գուցե իրավիճակն է այդպիսին եղել, գուցե նրանք հրապարկային որեւէ խնդիր չեն բարձրաձայնել, բայց, ինչպես ասում են, կուլիսների հետեւում հազարավոր խնդիրներ են լուծել, ինչը չտեսնողն, առնվազն, չասեմ` կույր, ուղղակի չի ուզում տեսնել, ձեռք չի տալիս:

Իմ մասին ասեմ` վերամբարձ չհնչի, ընտրվելու դեպքում խոստանում եմ տանել այն խաչը, ինչը հիմա եմ հպարտորեն ու միայնակ տանում` առաջադրվելով:

Նույն պայքարով ու ոգով, նույն հպարտությամբ կշարունակեմ տանել խաչս ու պայքարս` ի շահ մեր երկրի, մեր տարածաշրջանի կայուն աճի ու զարգացման, ինչի ճշմարտության մեջ խորապես համոզված եմ:

Արայիկ Պարոնյանն իր բնավորության ամենաուժեղ գիծը ներելը, ներողամտությունն է համարում՝ չմոռանալով ասել, որ այն չպետք է հասնի մյուս այտն էլ ապտակելուն, մարդու բարությունն ու ներողամտությունը չարաշահելուն: Անխուսափելի է  չկորցնելը, եթե ինչ-որ բան ես անում, դա բնության օրենքն է, անկորուստ ոչինչ տեղի չի ունենում:

Մենք, իհարկե փիլիսոփայության ոլորտ չտեղափոխվեցինք, այն լիովին տեղավորվում էր նաեւ մեր զրույցի շրջանակներում.

- Կա մի այսպիսի խոսք, ուղղակի իմաստով  չհասկանալ, այլ` ներել-չներելու սահմանում. եթե հնարավոր է մարդու չսպանել, ուրեմն չպետք է սպանել:

Եթե մարդն այնպիսի սխալ է թույլ տվել, որը կարելի է ներել, ինչու՞ այդ դեպքում չներել: Իսկ եթե նրա թույլ տված սխալը դուրս եկել համամարդկային բարոյական չափանիշներից, վնասել մարդկանց, երկրի բարօրությանը, ապա, ինչ խոսք, նա պետք է կրի իր  պատիժը, պատասխանատվության ենթարկվի` օրենքի եւ բարոյականության տառը խախտելու համար:

Արայիկ Պարոնյանն իր այս մտքով մեծ դաս ու խոսք ասաց, ինչը հնարավոր չէր չգնահատել նրա մարդ ու քաղաքացի տեսակի մեջ:

Նա ուժ ունեցավ նաեւ հետ նայելու իր անցած ուղուն եւ թերացումների մասին բարձրաձայն խոսելու.

- Մեծ ու անուղղելի թերացումներ չեմ ունեցել, դրանք վճռական «չեն քայքայել» երկրի հիմքերը, ինչով, սակայն,  ինձ չեմ արդարացնում: Ճիշտ է, մարդը սովորում է իր սխալների վրա, բայց, ինչպես ասում են, փոքր թերացումն էլ կարող է այնքան նշանակալի լինել, որ դրանից թեկուզ մեկ անձ, մեկ գործ  տուժի: Չպետք է թույլ տալ, արդեն թույլ տրված սխալից էլ պետք է դաս քաղել ու առաջ անցնել: 

Սա է, ցավոք,  կյանքի, բնության կատարելագործման մեխանիզմը, որովհետեւ մարդկային միտքը դեռևս ավելի լավ մեխանիզմի չի տիրապետում:

Արայիկ Պարոնյանը մեջ բերեց Տերունական աղոթքի տողը, որում ասվում է` մի տանիր զմեզ ի փորձություն, եւ այսպիսով` ընդհանրացրեց միտքը.

- Տեսեք, մարդը միշտ էլ վախեցել ու զգուշացել է փորձություններից, խնդրել է Աստծուն, որպեսզի իրեն փորձության չտանի: Այս իմաստով, ես ամբողջությամբ հայ քրիստոնյա եմ, Առաքելական եկեղեցու  արժեքների դավանողը եւ, կարծում եմ, կատարելության հասնելու համար մարդ պետք է անցնի փորձություններով: 

Այս հեղափոխություն, թե իշխանափոխությունը, ինչպես կուզեք` համարեք, եւս մեկ փորձություն էր նախկին իշխանությունների ու մեր ազգի համար, կուսակցության մեջ մնացածների եւ ճաքած նավից առնետավազք կատարածների համար:

Տա Աստված, որ մենք այս փորձությունը եւս կարողանանք ազգովի հաղթահարել, վարարած գետի ինքնամաքրման գործընթացի ջրերում նոր ուժ ստանալ, ողջախոհությամբ խուսափենք իր հետ բերած կեղտից ու տիղմից, ջարդող, ավերող քարերից, կարողանանք կառչել մեր արմատներին, ամուր բռնել նրանց եւ առաջ լողալ:

Գալիս է մի պահ, երբ վարարած-ավերող գետի դեմը կարելի է փակել, փրկել ունեցածը`  արտաքին եւ ներքին ոչ նպաստավոր  գործոններից,  փորձով զտված, մաքուր ջուրը բաց թողնելով, ինչը կգա ու կտանի ողջ տիղմն ու կեղտը:

Նորից Գարեգին Նժդեհին դիմեմ, ով ասում էր. մեր պարտությունների համար մեզնից դուրս որեւէ մեղավոր չփնտրել, մեզ պետք եղած ուժը` մեզնից դուրս չփնտրել:

Կարծում եմ, ամեն ինչ ասված է. բոլոր պարագաներում պատասխանատուն մենք ենք:

Պատգամավորի թեկնածու Արայիկ Պարոնյանը նաեւ միանգամայն նորմալ է համարում, որ այսօր Հանրապետականը կարող է մեծամասնություն չկազմել խորհրդարանում, դա էլ նրա համար փորձություն է համարում, ինչից կարող է օգտակար դասեր առնել:

Չի տխրում, առողջ, հիմնավորված հավատով  է մոտենում փաստին.

- Դեռեւս մեկ տարի առաջ մենք իշխանություն էինք, այսօր, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, ինչի հետ հաշվի նստել չենք կարող:

Այլ քաղաքական ուժերի մասին չեմ ասի, բայց ես վստահ եմ, որ հանրապետական կուսակցության` թե համամասնական, թե ռեյտինգայինով առաջադրված  մեր թեկնածուներն արժանի են Ազգային ժողովում լինելու, կարեւոր խոսք ասելու համար:

Նաեւ վստահ եմ, որ նրանք կլինեն շատ առողջ, արմատական եւ կառուցողական ընդդիմություն:

Կասկած չունեմ, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում լինելու է ամենալուրջ, ամենակառուցողական ընդդիմադիր թեւը, կլինենք երկրորդ եւ վճռորոշ ուժը:

Ապագայի առումով չեմ ուզում կանխագուշակումներ անել, նորից իմ անելիքի մասին ասեմ` դառնալով պատգամավոր, շատերի մեջ մտավախություն կա, որ քաղաքական դաշտ մտնելով` ոլորտս ինձ`որպես մասնագետի, կորցնում է: Դա ամենեւին այդպես չէ, քաղաքական դաշտում եւս  մեծ անելիք ունեմ, առաջինը  հենց իմ ոլորտի ուղղությամբ` նրա խնդիրները հետեւողական վեր հանելու եւ լուծում պահանջելու գործում:

Կուզեի ոլորտիս աշխատողները վստահ լինեին, որ այն բոլոր խնդիրները, որ կան եւ ինչից իրենք տեղյակ են, ինչը բազմաթիվ անգամ, օրուգիշեր քննարկել ենք, անպայման օրենսդրական  դաշտ կտեղափոխվեն եւ լուծում կստանան:

Արայիկ Պարոնանը ոչ միայն իր ընտրողներին, ողջ ժողովրդին է մաղթում Աստծո լուսափայլ սերն ու օրհնությունը, խոստովանում, որ սիրում է իր ազգը, հայրենիքը, ինչն ամենամեծ շարժառիթն է պատգամավորի թեկնածու առաջադրվելու մեջ: 

Բացի այդ, նա իր թիկունքում զգացել եւ զգում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչի համար էլ շնորհակալ եւ պարտավորված է իրեն համարում: Չի թաքցնում նաեւ իր երախտագիտությունը.

- Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր, երկրի համար այս ծանր փորձության ժամանակներում էլ կողքիս են, ընդունում են պայքարող տեսակին, նրանց, ովքեր իրականում ինձ հանդիպում եւ ասում են` դուք ճիշտ եք, որ ձեր կուսակցությունը, կամ ճամբարը չեք փոխել` հանուն վաղանցիկ փառքի ու հեշտ տրվող հաջողության:

Գիտե՞ք, երբ մարդիկ  Մխիթար Սպարապետի գլուխը կտրում եւ տանում էին, նրանք չէին ասում` մենք ուրացյալ կամ մարդասպան ենք, նրանք ասում էին` մենք դա արել ենք մեր ժողովրդի համար:

Բոլոր ժամանակներում էլ ուրացյալ տեսակը` լինի հայենիք, մայր, թե`գործ, կուսակցական դավանանք ու կուսակից, միեւնույն է, պարսավանքի է արժանի, ոչ` հերոսացման:

Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը կատարեր ճիշտ եւ սթափ  ընտրություն` վեր կանգնելով իշխող-չիշխող հասկացությունից, ընդունելով մարդ, կատարած աշխատանք որակը, քանի որ, մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք:

Նորից Նժդեհի կյանքից մի փոքրիկ դեպք հիշեմ. երբ նրա մոտ են բերում թշնամու զինվորին, վերջինս Զորավարին է մոտենում չոքեչոք անելով: Գարեգին Նժդեհը նրան կարգադրում է կանգել եւ հպարտ քայլելով մոտենալ իրեն, ասելով`զինվորն իրավունք չունի չոքեչոք անել, թեկուզեւ` նա  լինի  թշնամու զինվոր:

Ինչու՞ սա հիշեցի. չպետք է ստորացնել մարդուն, սպանիր նրան` արժանապատիվ,  բայց մի ստորացրու: Դա նսեմ մարդու վարքագիծ է: 

Ես կուզեի  կոչ անել առավելապես կուսակից ընկերներիս, ովքեր այսօր կարծես թե ընկճված են տեղի ունեցած քաղաքական սելավից, իրենց հասցեին արված ճիշտ, թե սխալ  մեղադրանքներից, որպեսզի հպարտ լինեն,  հպարտորեն ընդունեն բոլոր սխալները, որ մենք թույլ ենք տվել, նաեւ հպարտորեն ընդունեն բոլոր այն լավ գործերը, որ մենք ենք կատարել ու վստահ լինեն, որ ՀՀԿ -ն պատմության մեջ, հայոց պետականության կայացման գործում դեռ իր ասելիքն ունի եւ անպայման կասի:

Հ.Գ.1 

Ի դեպ, Արայիկ Պարոնյանը չանդրադարձավ իր նախաձեռնողական աշխատանքներին, բայց մամուլում պատահմամբ աչքովս ընկան այս ժլատ տողերը. 

«2015թ. Գորիսի Քարաշեն գյուղում Արայիկ Պարոնյանի նախաձեռնությամբ տեղադրվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքար»:

Հ.Գ.2 

Դե ինչ, շնորհակալություն հայտնենք ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրած Արայիկ Պարոնյանին` իր մտքերը մեզ հետ անկեղծորեն  կիսելու համար եւ հաջողություն մաղթենք նրան` առաջիկա  ընտրարշավում:
                                                               

Զրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
 

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25