Արդյո՞ք Սիսիանի համայնքային իշխանությունը տիրապետում է իրավիճակին

02.10.2018 15:49
1369

Օրեր առաջ syuniacyerkir.am կայքը հրապարակեց մեր հեղինակած հոդվածը՝ «Բնապահպանության նախարարը տեղյա՞կ է, թե ինչ գործարան է կառուցվում Սիսիան համայնքի Նորավան գյուղում եւ ով է կառուցում» վերտառությամբ:

Մինչեւ հիմա արձագանք չենք ստացել, թեեւ պարզ տրամաբանությունը պահանջում էր, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու Սյունիքի մարզպետարանը, իսկ ավելի շուտ Սիսիանի համայնքապետարանը դիրքորոշում հայտնեին, չէ՞ որ մատնանշվել էին գործող օրենսդրությունն ակնհայտորեն շրջանցող մի քանի դրույթներ, չէ՞ որ խոսքը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի մասին էր:

Դրանից հետո միգուցե եւ ասեինք՝ գլուխը քարը, մարդիկ գիտակցել են ու իրավիճակը շտկում են. մեր հրապարակումից հետո ասֆալտի արտադրամասի կառուցումը դադարեցվել է՝ մինչեւ իրավական փաստաթղթերի ձեռքբերում…

Մինչդեռ տեխնիկան շարունակում է տողանի կանգնած մնալ այնտեղ…

Զարմանալին ու տարօրինակը, սակայն, դա չէ միայն:

Օրեր առաջ էլ Անգեղակոթից են խնդրել «Սյունյաց երկրի» միջամտությունը, իսկ ավելի ճիշտ պարզաբանումը՝ կապված գյուղի տարածքում գործող քարհանքերի եւ քարի մշակման արտադրամասերի գործունեությանն առնչվող որոշ հարցերի վերաբերյալ:

Սեպտեմբերի 30-ին մեր ստեղծագործական խումբն Անգեղակոթում էր:

Գյուղի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը կարեւորեց քարի արտադրությամբ զբաղվող հինգ արտադրամասի գործունեությունը:

-Մոտ քսան ընտանիք է քարի մշակման արտադրամասերում ընդգրկված, եւ դա կարեւոր հանգամանք է աշխատատեղերից գրեթե զուրկ գյուղում զբաղվածության խնդիրը փոքր-ինչ լուծելու համար,- ասաց գյուղի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը:

Եւ, որքանով հասկացանք, Արմենակ Մարկոսյանը, ով տարածաշրջանի գյուղերի խոշորացումից առաջ էլ  Անգեղակոթ համայնքի ղեկավարն էր, ամեն հնարավորն անում է այդ արտադրամասերի գործունեությունն օրինական հիմքերի վրա դնելու համար:

Ու, չնայած դրան, որոշ հարցեր շարունակում են մնալ չլուծված, ինչը, քարի մշակման արտադրամասերի մրցակցության պայմաններում, խնդրական է դարձնում մի քանի հարց:

Պարզվում է՝ մինչեւ հիմա գյուղատնտեսական այդ հողերի կիրառման նշանակությունը չի փոխվել, թեեւ ծառայեցվում է ընդերքօգտագործմանը:

Հստակ չեն՝ կատարվե՞լ է տեխնիկական փորձաքննություն, թե՞ ոչ, հանրային քննարկումներ արվե՞լ են, թե՞ ոչ, կա՞ ընդերքօգտագործման թույլտվություն, թե՞ ոչ, կա՞ արդյոք պայմանագիր տվյալ հանքավայրերի օգտագործման վերաբերյալ, թե՞ ոչ, արդյո՞ք այդ տնտեսվարողները պայմանագրի համաձայն՝ գյուղում ինչ-որ աշխատանք են կատարում, թե՞ ոչ:

Պատահական չէ, որ ստեղծված իրավիճակում պատկան մարմիններից որեւէ մեկին չի մտահոգում փաստը, որ ընդերքօգտագործողների մի մասը պետական թուլտվություն չունի դեռեւս 2017-ի հուլիսից:

Վերջին նկատառումը, որքանով հասկացանք, վերաբերում է հատկապես «Վարուժան Պողոսյան» Ա/Ձ-ին, որի լիցենզիայով (թույլտվությամբ) ժամանակին աշխատել են նաեւ ուրիշները, ու հիմա Ա/Ձ-ն վերափոխվում է «Բազալտ 7» ՍՊ ընկերության:

Հենց այդ ՍՊ ընկերությունն է, որ հոկտեմբերի 4-ին «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ գյուղում հանրային քննարկման չորրորդ փուլն է նախատեսում:

Ըստ վերոնշյալ ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանի՝ միայն հանրային քննարկումն ավարտելուց եւ ՇՄԱԳ փորձաքննությունից հետո ՍՊԸ-ն կզբաղվի հողատեսքի նշանակության փոփոխման ընթացակարգով:

Օրինականությունը, կարծեք, այս դեպքում փորձում են վերականգնել, եթե, իհարկե, նախորդ հանրային քննարկումներն իսկապես տեղի են ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, թեեւ տարակույսներ ենք լսում այդ առումով նույնպես: 

Ի դեպ, նշված օրենքի 26-րդ հոդվածը հանրային քննարկման առումով պարտականություններ է նախատեսում նաեւ պետական կառավարման տարածքային մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, լիազոր մարմնի համար:

Ըստ հանրային քննարկման ընդդիմախոսների՝ նախորդ երեք փուլը կազմակերպվել է ՀՀ կառավարության  N 1325-Ն որոշման 2-րդ բաժնի 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերի խախտմամբ, այն է՝ հայտարարությունը տեղադրված չէ կայքում, փակցված չէ, փորձ է արվել նաեւ համայնքապետարանից ստանալ փաստաթղթերը, սակայն այնտեղ առկա չեն եղել: Խախտվել են նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետի պահանջները:

Կա նաեւ տեղային հայրենասիրության  (եթե կարելի է այդպես անվանել) մի դրսեւորում՝ ինչո՞ւ պետք է քարի արդյունահանման մեջ ընդգրկվեն ոչ տեղացի տնտեսվարողներ կամ սուբյեկտներ:

Հասկանում ենք, խոսքը հնարավոր մրցակցության հնարավոր հետեւանքների մասին է, որ կարող է տեղական արտադրողին դուրս մղել:

Առայժմ չվերծանված այդ խոսակցությունը գուցե եւ չեզոքացվեր, եթե «ԱԱԲ» ՍՊ ընկերությունը սիսիանյան իր ծրագրերը բացահայտեր ու ներկայացներ հանրությանը, ինչպես ասել ենք Նորավանի ասֆալտի արտադրամասի կառուցման առիթով  (ըստ Սիսիանում շրջանառվող կարծիքի՝ «Բազալտ 7» ՍՊԸ-ի բաժնետեր են նաեւ այդ ընկերության երկու ներկայացուցիչ):

Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի կարծիքով՝ գյուղի քարի արտադրությամբ զբաղվող արտադրամասերի մասշտաբներն այնքան փոքր են, որ խոսք չի կարող լինել մեծ շահույթի մասին:

-Երկրում շինարարություն պիտի լինի, որ քարի արդյունահանումը պահանջված լինի, շահութաբեր լինի,- իր դիրքորոշումն այդպես հիմնավորեց Արմենակ Մարկոսյանը:

Բոլոր այդ կարծիքները, նկատառումները, հանգամանքները համադրելուց հստակ հետեւության ենք հանգում՝ նախ՝ տեղական արտադրողին պետք է հնարավորինս խրախուսել եւ պաշտպանել ոչ հավասար մրցակցությունից, քանի որ նրանք  (Անգեղակոթի պարագայում), կրկնում ենք, մոտ քսան ընտանիք են կերակրում:

Մյուս կողմից՝ այդ ամենը պետք է կատարվի գործող օրենքներին համահունչ, որը, ինչպես երեւում է, շրջանցվել է շատ դեպքերում:

Իմիջիայլոց, հնարավոր չէ պատկերացնել մի վիճակ, երբ գյուղացուն ասեն՝ քարհանքին առնչվող այս-այս փաստաթղթերը ձեռք բեր եւ նոր միայն աշխատիր, իսկ գյուղացին հրաժարվի ի մի բերել պահանջվող փաստաթղթերը: 

Ասողն էլ , իհարկե, համայնքային իշխանությունը պետք է լինի:

Որքան էլ զարմանալի է, այդ հարցերում չի երեւում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության դերը, չնայած առկա հարցերի մեծ մասը տվյալ նախարարության գործառույթների մեջ է մտնում:

Իսկ քարի արդյունահանումը  (քարհանքերից սկսած) ընդերքօգտագործում է, որը, ինչպես հիշեցնում է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, կարգավորվում է այդ բնագավառին առնչվող օրենսդրությամբ, ուրիշ ճանապարհ չկա…

Եվ գլխավոր հարցը՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Սիսիան համայնքի տարածքում, հատկապես հողային ռեսուրսի եւ ընդերքի օգտագործման  ոլորտում, անընդհատ բախվում ենք օրենքի շրջանցման փաստերի:

Պատահականությո՞ւն է դա, չիմացությո՞ւն, թե՞…

Սամվել Ալեքսանյան

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:10

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:06

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2026 11:05

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

12.08.2026 11:04

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 10:59

Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

12.08.2026 10:45

Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

12.08.2026 00:56

Տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում․ ԱԳՆ

11.08.2026 23:01

Իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք․ Նարեկ Կարապետյան

11.08.2026 17:46

Վթար Կապանում. 7 անձ տեղափոխվել է ԲԿ

11.08.2026 16:17

«Հայաստան» տաղավարը՝ Մոսկվայի ՎԴՆԽ-ի ամենապահանջված եռյակում

11.08.2026 16:05

Էներգաարդյունավետ ծրագիր՝ Գեղանուշ և Գոմարան գյուղերի բնակիչների համար

11.08.2026 15:25