Արևիք-Մեղրին եղել և մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության գլխավոր երաշխիքներից մեկը

23.11.2023 17:14
1269

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ս. թ. նոյեմբերի 17-18-ին Մեղրիում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Արևիք. պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» թեմայով։

Գիտաժողովը սկսելուց առաջ մասնակիցներն այցելել են Մեղրու վանք, Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Փոքր թաղի Սուրբ Սարգիս եկեղեցի, մոտիկից դիտել են Մեղրու բերդի դեռևս կանգուն աշտարակները, իսկ հաջորդ օրը շրջայցը շարունակել  Կարճևան գյուղում։

Միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը։

Նոյեմբերի 17-ին մենք հարցազրույցի հրավիրեցինք պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին։

- Պարոն Մելքոնյան, նախ կխնդրեինք համառոտ ներկայացնել այսօրվա գիտաժողովը:

- Պատմական Հայաստանի յուրաքանչյուր պատմաաշխարհագրական շրջան ուրույն ու ծանրակշիռ տեղ ունի հայոց պատմության մեջ և ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումների մեջ: Մենք սովոր ենք խոսել այն մասին, որ դրանք նահանգների, թագավորությունների մակարդակով են տեղի ունեցել, ինչը, անկասկած, ճշմարտություն է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր նահանգ ուներ առանձնահատուկ գավառներ, այսինքն՝ փոքրիկ տարածաշրջաններ, որոնք ոչ միայն նահանգային մակարդակով, այլ նաև ամբողջ Հայաստանի իմաստով շատ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն են ունեցել և ունեն:

Հայաստանի շուրջ այսօրվա զարգացումները մեզ բերում են համոզման, որ Սյունյաց աշխարհը, Արցախի հետ միասին, որ Գարեգին Նժդեհը համարում էր մեր պետականության ողնաշարը, շարունակում է այդպիսին մնալ։ Սյունիքը իր մեջ ունի գավառներ, որոնք առանձնահատուկ տեղ ու դեր ունեն: Այս դեպքում խոսքը Հայաստանի ամենահարավային գավառի՝ Արևիք-Մեղրու մասին է: Շատ հետաքրքրական է, որ պատմամշակութային առումով այս գավառն արտակարգ կարևորություն է ներկայացրել՝ գտնվելով Սյունիքի հարավում, մերձարևադարձային կլիմա ունեցող հյուսիսային գոտու շրջանում` ծովի մակերևույթից մոտ 600 մետր բարձր, Արաքսի երկայնքով, որից դեպի հարավ տարածվում է պատմական Վասպուրական աշխարհի Պարսպատունիք գավառը, այնուհետև՝ Սև լեռներ՝ Ղարադաղ օտար հնչեղությամբ գավառը, նրանից դեպի արևելք Կովսականն է, արևմուտք՝ Գողթն գավառը, հյուսիսում՝ Բաղքը։ Լեռներով ու Արաքս գետով եզերված Արևիքը դարձել է ոչ միայն Սյունիքի, այլ նաև ամբողջ Հայաստանի հարավային դարպասը:

Առավել ևս այսօր, երբ 400 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պատմական Հայաստանը սեղմվել է ընդամենը 29 հազար կիլոմետրի մեջ, Արևիքը շարունակում է իր բացառիկ դերը կատարել:

Երբ դիտարկում ենք պատմական կտրվածքով առաջին հիշատակությունները, որոնք առնչվում են այս տարածաշրջանին, նախաուրարտական շրջանին են վերաբերում: Այս տարածաշրջանը,  ամբողջ Սյունիքի հետ մեկտեղ, մաս է կազմել Ուրարտական թագավորության, Արտաշիսյան Հայաստանի, Երվանդունիների, Արշակունիների Հայաստանի: Եվ ինչն է հետաքրքրական, 428 թվականին հայոց պետականության անկումից հետո Սյունիքն այդ բեռը վերցնում է իր վրա, և պատահական չէ, որ նախարարական տների մեջ, թերևս միակը, որ իշխանաց իշխանի կարգավիճակ ուներ, Սյունյաց նախարարներն էին: Ու այդ պատճառով նրանց անվանում էին գահերեց իշխան, այսինքն՝ իշխան, որ փաստորեն գահ ուներ, թագավորին ամենամոտ իշխանավոր էր: Պատահական չէ, որ Վասակ Սյունուն նշանակեցին գահերեց իշխան-մարզպան, այսինքն՝ նա դարձավ ամբողջ Հայաստան աշխարհի պատասխանատուն Պարսից արքունիքի առջև: Նրան միայն պակասում էր թագը, ինչը նա, ինչպես Եղիշեն է վկայում, փորձում էր վերականգնել 450-451 թթ.՝ Վարդանանց պատերազմով: Այդ իմաստով Վասակ Սյունու կերպարի վերաբերյալ պատկերացումները պիտի փոխվեն:

- Այս համատեքստում կուզենայինք, որ անդրադարձ կատարեիք Սյունիքի թագավորությանը:

- Ինչ վերաբերում է Սյունիքի թագավորությանը, որ հռչակվել է 987 թվականին և գոյատևել մինչև 1170 թվականը՝ Բաղաբերդի անկումը, բացառիկ դերակատարություն է ունեցել: Լինելով հարավային գավառների միացություն՝ անառիկ էր իր դիրքով: Օտարի ասպատակությունների հետևանքով Ծղուկը, Վայոց ձորն անցել են թշնամու ձեռքը, հարավային  գավառները՝ Ձորքը, Բաղքը և հատկապես Արևիքը շարունակել են մնալ ինքնիշխան և մաս կազմել Սյունիքի թագավորությանը: Պատահական չէ, որ Սյունիքի թագավորությունից ամենավերջինն ընկավ Բաղաբերդը:

- Եվ այդ ամենը նկատի ունենալո՞վ որոշեցիք գիտաժողով կազմակերպել Արևիք-Մեղրիում:

- Միանգամայն ճշմարիտ եք: Գիտաժողովին մասնակցում են պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ, բանասերներ: Բոլորն այն համոզմանն էին, որ բավականին կուտակված նյութ կա, բայց մենք առավել ուշադրություն դարձնելով նահանգների պատմությանը, կոնկրետ փոքր գավառների պատմությունը մոռացության ենք մատնել։ Մինչդեռ ներկայիս քաղաքական զարգացումների պարագայում այս փոքրիկ տարածաշրջանը չափազանց կարևոր դեր ունի Հայաստան աշխարհի համար, փաստորեն, նրա պորտալարն է արտաքին աշխարհի հետ:

Պատմությունն ու ներկա քաղաքական  իրողությունները մեզ ստիպեցին, որ անդրադառնանք այս տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի ուժերով մենք՝ ճարտարապետության, հնագիտության, արվեստի, մանրանկարչության ոլորտների մասնագետներով, որոշեցինք այստեղ անցկացնել գիտաժողով, ինչպես 2021 թ. ապրիլի 27-ին նման գիտաժողով անցկացրինք Գորիսում՝ Լեռնահայաստանի 100-ամյակին նվիրված:

Մենք այնքան հարուստ պատմամշակութային ժառանգություն ունենք, որ կարող ենք գավառ առ գավառ նման միջոցառումներ կազմակերպել և դրանցում ընթերցված զեկուցումները հրատարակել առանձին հատորյակով: Այս գիտաժողովի ընթացքում բոլոր հնարավոր ոլորտներին անդրադառնում ենք, բայց այնպիսի մի ոլորտում, որպիսին տեղանվանաբանությունն է, ցավոք, լրջորեն թերացել ենք: Մեր արևելյան հարևանը, որ նոր է պատմության թատերաբեմ իջել, մեզ մեղադրում է այն բանում, թե իբր այս տարածաշրջանն Արևմտյան Ադրբեջան է և օրինակ է բերում օտարացած, թուրքացած բնակավայրերի անվանումները: Առանց մատնանշելու, որ դրանից առաջ ինչ է տեղի ունեցել: Միայն այս փոքրիկ գավառի 60 բնակավայրի վերաբերմամբ Ստեփանոս Օրբելյանը նշում է, թե որ գյուղը որքան հարկ է վճարել Տաթևի վանքին: Ասելս այն է, որ այդ 60 բնակավայրի մի մասի վերաբերյալ պատկերացում չունենք: Իսկ թուրքական տիրապետության ժամանակ հանկարծ հայտնվել են տեղանուններ, որոնք կապ չունեն հայ իրականության հետ։ Այսինքն՝ ուշ միջնադարում տեղանվանաբանական  օտարացման երևույթները հերքելու, մերժելու առումով պետք է գնանք դեպի ակունքներ, ինչի հնարավորությունը մեր պատմական աղբյուրները լիովին տալիս են:

- Որքան հասկացանք, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությունն է այս գիտաժողովը:

- Նախաձեռնությունն այդպիսին էր, հետո մեր գործընկերները միացան, Երևանի պետհամալսարանի հետ եկանք համաձայնության և համատեղ կազմակերպեցինք այս գիտաժողովը, որը ոչ միայն գիտական, այլ քաղաքական առումով շատ կարևոր է:

- Եվ որքա՞ն զեկուցում պիտի ներկայացվի:

- 30-ից ավելի զեկուցում, որ վերաբերում են պատմության, մշակույթի, բանասիրության զանազան ոլորտների: Յուրաքանչյուր զեկուցումից հետո քննարկումներ են լինում տարբեր հարցերի վերաբերյալ, և այդ առումով կարծում եմ՝ շատ օգտակար է տեղացի մասնագետների, ուսուցիչների, դպրոցների բարձր դասարանցիների համար:

-  Կարելի՞ է ենթադրել, որ այդ զեկուցումներում նոր խոսք կասվի Մեղրու տարածաշրջանի վերաբերյալ:

- Ես արդեն նշեցի, որ նահանգային պատմությունների ուսումնասիրման առումով լուրջ աշխատանք կատարվել է: Վերցնենք Սյունիքի թագավորության պատմությունը: Երջանկահիշատակ պատմաբան Գրիգոր Գրիգորյանն ահռելի  աշխատանք է կատարել, ժամանակին Ղևոնդ Ալիշանն է կատարել, էլ չեմ ասում Ստեփանոս Օրբելյանը... Այս ամբողջը հավաքվել է, բայց ջրի երես է հանվել միայն նահանգային պատմությունը: Փոքրիկ գավառների պատմությունը մնացել է ստվերում, և երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ հսկայական նյութ է երևան գալիս: Ամեն մի գյուղը, բնակավայրը, թուփը  մի պատմություն ունի, և այդ իմաստով, իրոք, կարելի է վստահաբար ասել՝ այս գիտաժողովի նյութերի մի զգալի մասը նորույթ է:

- Մեղրու տարածաշրջանին նվիրված նման գիտաժողով նախկինում, որքան հիշում ենք, չի անցկացվել:

- Ես նույնպես չեմ հիշում: Տեղացիները ևս վկայեցին, որ նման բան չի եղել։ Ուստի մեր առաջարկությունը մեծ ոգևորությամբ ընդունեց Մեղրու համայնքային իշխանությունը։

Մնում է ենթադրել, որ գիտաժողովում ընթերցված բոլոր նյութերը կհրապարակվեն: Այս համատեքստում պիտի նշեմ, որ «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը լավագույնս օժանդակում է այս գիտաժողովի կազմակերպմանը և անցկացմանը: Նաև Սյունիքի տարածաշրջանում, այդ թվում և Մեղրիում զբաղված է հուշարձանների վերականգնման խնդրով: Այդ կազմակերպությունը խոստացել է մի ստվար հատորով տպագրել Արևիք գավառի պատմության, մշակույթի, բանահյուսության վերաբերյալ այս գիտաժողովի նյութերը:

- Գիտաժողովների ընթացքում սովորաբար երևան են գալիս հարցեր, որոնք բարձրացնելու, լուծում տալու անհրաժեշտություն է առաջացնում։ Օրինակ, Դուք նշեցիք տեղանունների հարցը։ Այդ ամենը կկարողանա՞ք ներկայացնել կառավարությանը,  մյուս պատկան մարմիններին, որ գործնական ընթացք տրվի։

- Այս գիտաժողովի վերաբերմամբ  Մեղրիի համայնքապետարանի արձագանքը միանգամայն դրական էր։ Ինչ-որ իմաստով սա վերածվում է պետական պատվերի։ Երբ որ պետության կողմից գիտնականի առջև դրվում է որևէ խնդիր, դա նշանակում է, որ գիտությունը ծառայում է իր նպատակին։ Այլապես տպավորություն կա, որ գիտությունը և գիտնականի աշխատանքն ինքնանպատակ են, նա կատարում է մի բան, որն ի վերջո ստացվում է, թե իր համար է։ Բայց դա այդպես չէ։ Պետք է հանրային պահանջարկ լինի, և գիտությունը պետք է ծառայի նաև հանրային ու պետական խնդիրներին, շահերին։

- Նույն վերաբերմունքը, կարծում ենք, կլինի նաև այս գիտաժողովի նյութերի հանդեպ։

- Այո, օրինակ, նորույթ էր այն, որ ելույթներից մեկը վերաբերում էր խնդրին, թե ինչով  է պայմանավորված Սյունիք աշխարհի՝ Հայաստանի պետականության համար ողնաշար լինելը։ Արտաքին աշխարհից լեռնաշղթաներով, գետերով, ձորերով կտրված էր, ամրոցաշինության հատուկ ձեռագիր ունեցող, որ խոչընդոտում էր թշնամու մուտք գործելուն։ Նայում ես ամրոցաշինության աշխարհագրությանը և հասկանում, որ կարևորագույն կետերում ամրոցներ են կառուցել, և տարածաշրջանը դարձել էր անմատչելի։ Օրինակ, երբ 1104 թվականին սելջուկներն առաջին անգամ ներխուժեցին Սյունիքի կենտրոնական և հարավային շրջաններ՝ Հայաստանի Այրարատ աշխարհի մեծագույն մասն արդեն գրավել էին։ Անիի Բագրատունյաց թագավորությունը կործանել էին, բայց Սյունիքը մնացել էր անառիկ։ Ո՞րն էր պատճառը: Ճանապարհները փակել էին, պաշտպանական այնպիսի կառույցներ կային, որոնք հսկում էին բոլոր ձորերը, ինչի շնորհիվ թշնամին մուտք գործելու հնարավորություն չուներ։

Նոր միայն հասկանալի է դառնում, թե ինչպես եղավ, որ 1724 թվականին Մեղրիի պաշտպանությունից հետո միայն պարսից շահ Թահմազ Երկրորդը թույլ տվեց, որ Դավիթ Բեկը սեփական դրամ հատի Սյունիքում։ Այլևս չխոսելով այն մասին, որ Մեղրիի 1726-1727 թվականների ինքնապաշտպանության շնորհիվ թուրքերը հեռացան այս տարածաշրջանից, և Արևիքը մնաց անառիկ։ Սրան հավելեմ նաև Լեռնահայաստանը, որի վերջին պաշտպանական օջախը եղել է Արևիք-Մեղրի գավառը։ Չմոռանանք, որ Գարեգին Նժդեհը վերջինն այստեղից դուրս եկավ՝ 1921 թ. հուլիսի 13-ից 15-ն ընկած հատվածում։ Հյուսիսից 11-րդ կարմիր բանակը գրոհում էր, բայց անկախ Հայաստանը շարունակում էր կռվել այս տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետության վերջին անկախ օջախը եղել է Մեղրու տարածաշրջանը։

- Վերադառնանք մեր ժամանակներ, այսօր շահարկումներ կան Սյունիքի շուրջ, մասնավորապես այս տարածաշրջանի վերաբերմամբ։ Կուզենայինք պատմաբանի Ձեր նախազգուշացնող խոսքը լսել։

-  Գիտաժողովում ընդգծվեց այն հանգամանքը, որ Մեղրի-Արևիքը ոչ միայն Սյունյաց աշխարհի, այլ ամբողջ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և որևէ  սակարկություն հարավային դարպասի, Հայաստանի թոքերի հետ կապված չի կարող լինել թշնամու հետ։  Նույնիսկ Գարեգին Նժդեհը ժամանակին գիտակցում էր և 1919 թվականին ստեղծեց Կապարգողթի՝  այդ հայտնի զինական կառույցը (միավորելով Կապանը, Արևիքը և Գողթնը)։ Նա գիտակցում էր, որ արտաքին աշխարհ տանող ճանապարհն այստեղով է անցնում։

Նժդեհը նախ՝ Կապարգողթի հրամանատար դարձավ, հետո՝ 1920 թ.  դեկտեմբերի 25-ին, հռչակեց ինքնավար Սյունիքը, իսկ 1921 թ. ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանը, որը հետո՝ հունիսի 1-ին, հռչակվեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Սա նշանակում է, որ այս տարածաշրջանում կար պետականության ողնաշար, որը կոտրելուց հետո  անդառնալիորեն կկորցնենք ամեն ինչ։ Այդ պատճառով որևէ սակարկություն այս տարածաշրջանի վերաբերմամբ չի կարող լինել։ Երբ խոսում ենք այն մասին, թե Գարեգին Նժդեհի շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում, միանշանակ այդ միտքը  ճշմարտություն է։ Բայց մյուս կողմից՝ անգամ բոլշևիկները, որոնց ձեռքը ոչ մեկը չէր կարող բռնել Նժդեհի դուրս գալուց հետո, այս տարածաշրջանը չզիջեցին Ադրբեջանին։ Այն ժամանակվա բոլշևիկյան Ռուսաստանը լավ հասկացավ այս տարածաշրջանի կարևորությունն ու գոնե Զանգեզուրի հարցում կանգնեց Խորհրդային  Հայաստանի կողքին։ Եվ հիմա, վերապահումով եմ ասում, մեր ռազմավարական դաշնակիցը չի գիտակցում այդքան բան։ Ու եթե փորձեն մեզ պարտադրել ինչ-որ միջանցքներ այս տարածաշրջանում, ապա դա կնշանակի և՚ Հայաստանի Հանրապետության վերջը, և՚ Ռուսաստան երկրի աշխարհաքաղաքական ներկայության վերջն այս տարածաշրջանում։ Արցախցիները 19-րդ դարի սկզբին Քյուրաքչայի պայմանագրով  ռուսներին բերեցին մեր տարածաշրջան, արցախցիներով էլ գնալու են, եթե նրանք չգիտակցեն տարածաշրջանի կարևորությունը։

Դարձյալ մի քիչ շեղվենք օրվա թեմայից. այս օրերին մենք ազգային ողբերգություն ապրեցինք և  ապրում ենք, կորցրեցինք մեր պատմական  Արցախը, որ հազարամյակներով հայերով էր բնակեցված։ Մենք ակնկալում էինք, որ Գիտությունների ազգային ակադեմիան առաջինը պիտի ձայն բարձրացներ, այսպես ասած՝ կոչնակ հնչեցներ Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու դեմ, բայց...

- Քանիցս Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա նշանակում է անդառնալիորեն կորցնել Արցախը։ Բայց, փակագծերը բացելով ասեմ, մեր այդ պաշտոնական հայտարարությունները  խանդավառությամբ չընդունվեցին՝ այն պատճառաբանությամբ, որ  մենք՝ լինելով գիտական հաստատություն, չպետք է խառնվենք քաղաքական գործերին։ Մինչդեռ մենք խորապես հասկանում էինք դրա վտանգը... Այնպես որ՝ մեր խոսքը մնաց որպես ձայն բարբառո հանապատի, և ի վերջո կորցրեցինք Արցախ աշխարհը։

- Արդ, ո՞րն է ելքը, ո՞րն է պահի խնդիրը։

- Այն փնտրտուքը, որ դարեր շարունակ ունեցել ենք՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ՝ ճիշտ կողմնորոշում գտնելու իմաստով, մեզ  լավ տեղ չի տարել։ Կողմնորոշումը պիտի լինի հայկական, կողմնորոշում՝ դեպի հայ զինվորը, դեպի զենքը, պայքարը։ Մեր լկտի հարևանը՝ Ադրբեջանը, Հայաստանի Հանրապետության հանդեպ կհրաժարվի ոտնձգությունից այն դեպքում, երբ համոզվի, որ որևէ նոր ագրեսիայի դեպքում կարող է կորցնել տասնյակ և հարյուր հազարավոր զինվորներ։ Թե չէ ասել, որ Եվրոպան, Ռուսաստանը կամ այլ մի ուժ պիտի բռնեն նրա ձեռքը, կարծում եմ, արդյունք չի տա։ Մեր ուժը մեր զինվորների ձեռքին է, ինչն ապացուցվեց 1990-ական թվականներին։ Երբ հայ զինվորը կռվեց, հաղթեց... Մի խոսքով՝ անպայմանորեն Հայաստանի Հանրապետությունն անելանելի թվացող այս վիճակից կարող է դուրս գալ հենց այդ ճանապարհով։

- Արցախի պետականության պատառիկները  պահելու խնդիր ունենք, ի՞նչ անել։

- Կարծում եմ՝ քանի դեռ հունվարի 1-ը չի եկել, և այդ անօրինական, չարաբաստիկ որոշումը՝ Արցախի պետականությունը լուծարելու վերաբերյալ, դեռ կա, ամեն վայրկյան կարելի է չեղյալ համարել ու վտարանդի կառավարության մակարդակով (Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս) ապահովել արցախյան իշխանությունների գործունեությունը։ Ես չեմ կարծում, որ անդառնալիորեն Արցախի հարցը լուծված է, որովհետև այն ամբողջատիրական ուժերը, որ միավորվել են Արցախի դեմ, դա լինի Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան, թե Ադրբեջանը, մի օր փլվելու են, և, իմ համոզմամբ, ինչ-որ բան, փոխվելու է...

- Իմիջիայլոց, վերջին շրջանում  հասարակության մեջ կրքեր բորբոքեց յոթերորդ դասարանի դասագիրքը։ Ձեր տեսակետն այդ մասին։

- Մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք՝ դա անընդունելի չափորոշիչների հիման վրա գրված դասագիրք է... Դասագրքի ստեղծումը պիտի լիներ կոլեկտիվ աշխատանքի արդյունք, իսկ ապազգային ու անդեմ չափորոշիչներով դասագիրք գրելը պիտի բերեր այսպիսի հետևանքի, ինչը որ եղավ։

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

 

 

 

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգն սպառվեց

04.12.2024 11:41

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների. ջերմաստիճանն էապես չի փոխվի

04.12.2024 11:28

Նշվեց Սերո Խանզադյանի ծննդյան օրը

04.12.2024 11:02

Բախումներ, տուժածներ, ձերբակալություններ․հետընտրական Թբիլիսի

04.12.2024 10:44

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

04.12.2024 00:24

Նորաստեղծ լարային քառյակի առաջին բեմելը

03.12.2024 21:46

Սիսիանի համայնքապետը՝ համայնքային կազմակերպություններում

03.12.2024 21:26

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

03.12.2024 21:15

Կայացավ Քաջարան համայնքի ավագանու արտահերթ նիստը

03.12.2024 21:09

Հանրային քննարկում՝ Մեղրի համայնքի 2025 թ. բյուջեն հաստատելու վերաբերյալ

03.12.2024 21:04

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան

03.12.2024 18:43

Բռնի տեղահանցված արցախցիները Կապանում․ հարմարվելը դժվար է, հեշտ չէ, բայց փորձում ենք առաջ նայել»

03.12.2024 17:55