Արմեն Ղազարյան. «Պարզապես պետք է սիրես աշխատանքդ և տրվես նրան անմնացորդ»

19.12.2022 17:00
1299

Եթե ինձ իրավունք վերապահեին բոլոր ժամանակների ամենաարժանավոր ու վաստակաշատ հարյուր գորիսեցիներից մեկին առաջարկել, ես կտայի Արմեն Ղազարյանի անունը: Անցյալում անվանի ֆուտբոլիստ, ներկայումս մարզիչ Ղազարյանը, չտիրապետելով անհրաժեշտ միջոցների ու ենթակառուցվածքների, բացառապես անսահման նվիրման ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հասել է շատ տպավորիչ արդյունքների: Կարիերա, որ ավելի շատ հրաշքի է նման և դուրս է բոլոր տեսակի օրինաչափություններից: Եվ մարզչական որակավորումն էլ ստացել է, երբ արդեն բազմաթիվ հաջողություններ էր գրանցել: Ու եթե օբյեկտիվ լինենք, նա արել է անհնարինը. այցելում ես «Ուրարտու» ակումբի հիասքանչ, բոլոր տեսակի ենթակառուցվածքների տիրապետող մարզաբազա և զարմանում, թե ինչպե՞ս է կարողացել Արմեն Ղազարյանի «Բակունց» դպրոցահասակ աղջիկների թիմն այդպիսի բարձունքների հասնել՝ շրջանցելով և՛ «Ուրարտու»-ին, և՛ «Փյունիկ»-ին, որը նույնպես ունի հրաշալի մարզաբազա:

Երեսուներկու տարի առաջ այս օրերին Գորիսի ֆուտբոլասերները ցնծության մեջ էին: Քաղաքի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծարեցին Հայաստանի նորընծա չեմպիոն Գորիսի «Զանգեզուր» թիմին: Առանց չափազանցության, Գորիսի մարզական կյանքում դա մեծագույն նվաճումն էր, բարձունք, որ անհասանելի մնաց մինչ օրս: Ինչպես նշում է գորիսյան ֆուտբոլի լեգենդ, ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում քառասունմեկ գոլի հեղինակ Արթուր Մանուցյանը, չեմպիոնական թիմի ամենակարևոր, ամենաառանցքային խաղացողներից մեկը, ով նաև թիմի ոգին էր, հետո նաև՝ ավագը, Արմեն Ղազարյանն էր, ով հետո նաև պիտի փայլեր որպես մարզիչ:

- Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ,-հարցնում եմ նրան:

- 2015-ին մի ամերիկուհի, ով համագործակցում էր մեր ֆեդերացիայի հետ, այցելեց մարզեր՝ ծանոթանալու ֆուտբոլի դրվածքին: Գորիսում նա այցելում է Ա. Բակունցի անվան ավագ դպրոց, որտեղ հանդիպում է ինձ (Արմեն Ղազարյանը ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր.-Կ.Մ.) և հարցնում.

- Աղջիկները կարո՞ղ են ֆուտբոլ խաղալ:

- Իհարկե, կարող են,-  պատասխանում եմ:

Ներկա է լինում նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Քրիստինե Մանգասարյանը: Հյուրերն աղջիկների խաղից շատ են տպավորվում և առաջարկում են այցելել Երևան: Մայրաքաղաքում Գորիսի թիմին առաջարկում են հանդիպում անցկացնել տեղի թիմերից մեկի հետ, ինչը Ղազարյանի համար անակնկալ էր՝ խաղը պիտի անցկացվեր ոչ թե դահլիճում, այլ իսկական ֆուտբոլային խաղադաշտում: Գորիսեցիները պարտվում են 0-3 հաշվով: Արմեն Ղազարյանն առաջարկում է ևս մեկ խաղ անցկացնել: Վերադառնալով Գորիս՝ նա մի քանի օր տակտիկական պարապմունքներ է անցկացնում աղջիկների հետ, ու մեկ շաբաթ անց տեղի է ունենում երկրորդ հանդիպումը, որն ավարտվում է նույն հաշվով, միայն թե այս անգամ արդեն գորիսեցիների հաղթանակով: Ղազարյանին առաջարկում են խաղալ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում, և Գորիսի ու շրջակայքի գյուղերի աղջիկներից կազմված թիմը սկսում է մասնակցել առաջնությանը՝ ընդ որում՝ մի կերպ մարզահագուստ ու խաղակոշիկներ հայթայթելով:

- Երեխեք, մենք մեր առջև պետք է նպատակ դնենք այս մրցաշրջանում առաջին տեղը գրավել,-ասում է մարզիչն առաջնության ավարտից հետո:

 Նոր մրցաշրջանից առաջ մարզիչը թիմն ավելի ուժեղացնելու համար երկու խաղացողի է հրավիրում Կապանից: Ու մի կերպ՝ ընկերների, ծանոթների ու նվիրյալների օժանդակությամբ կազմակերպվում է թիմի մասնակցությունն առաջնությանը: Եվ աղջիկները դառնում են դպրոցահասակ աղջիկների առաջին խմբի չեմպիոն, նվաճում գավաթը: 2018 թվականն էր: Ու «Բակունց» անունը կրող աղջիկների թիմը մեծարվում է ԱՄՆ դեսպանատանը, որին ներկա էին դեսպանը, ՀՀ կառավարության անդամներ, պարգևատրումն էլ իրականացնում է Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Թիմը չեմպիոն է դառնում նաև հաջորդ երկու մրցաշրջաններում: Ու այսքանը՝ գերազանցապես մարզչի նվիրման ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ չունենալով ո՛չ հովանավոր, ո՛չ մշտական միջոցներ, երբեք չխաղալով սեփական հարկի տակ՝ զրկված լինելով, ինչպես ասում են, տասներկուերորդ խաղացողից

Հետո «Նորավանք» ակումբի սեփականատեր, ամերիկահայ գործարար Գարո Բալյանը ստանձնում է թիմի հովանավորի դերը: 2021-22 մրցաշրջանում «Բակունց»-ը դառնում է փոխչեմպիոն՝ զիջելով միայն Գյումրիի «Հայասա»-ին, որի կազմը համալրված էր գերազանցապես Ուկրաինայից հրավիրված լեգեոներներով՝ առաջ անցնելով «Փյունիկից», որի հիմնական կազմի մեծ մասը ՀՀ հավաքականի անդամներ էին:

Նշենք նաև, որ Արմեն Ղազարյանի սաներից Անուշ Առաքելյանը, Անահիտ Կարախանյանն ու Մարիամ Պետրոսյանը հրավիրվել են ՀՀ հավաքական, ոմանք՝ ֆուտզալի ՀՀ հավաքական: Շատ հեռանկարային խաղացող է Մարիամ Կարապետյանը, ով հանդես է գալիս մինչև 19 տարեկանների հավաքականում և շուտով կհրավիրվի ազգային հավաքական: Ղազարյանի մոտ պարապել է նաև արմատներով գորիսեցի, անվանի հայ ֆուտբոլիստուհի Մարալ Արթինը:

Շատ ջերմ, ուղղակի օրինակելի էին նաև հարաբերությունները, որ Ղազարյան մարզիչն ու մանկավարժը հյուսում էր սաների հետ, ովքեր էլ, իրենց հերթին, ուղղակի պաշտում էին իրենց մարզչին, և սիրո ու հարգանքի դրսևորումները երբեմն խիստ սրտառուչ էին դառնում. երբ աղջիկներից մեկն արդեն պիտի ամուսնանար, փեսացուն ասել է, որ ինքն անպայման պիտի գա ու ծանոթանա մարզչի հետ, տեսնի ո՞վ է նա, ում այդքան շատ է սիրում իր հարսնացուն: Ու նաև կնոջը խոստացել է, որ մի տարի իրենք երեխա չեն ունենա, որպեսզի կինը շարունակի խաղալ, օգնել թիմին: Հետո զույգը երեխա է ունեցել, մարզիչն այցելել է ծնողներին, շնորհավորելՈւ նա հոգատար էր բոլոր սաների նկատմամբ, որոնց պատճառով, ի դեպ, բազմաթիվ անգամներ կարմիր քարտ է ստացել:

Անվանի մասնագետը հոգոց է հանում տխուր, երբ հարցնում եմ Գորիսում մարզաձևի զարգացման հեռանկարի մասին.

- Մխիթարվելու քիչ բան կա, անգամ 40 x 20-ի վրա դաշտ չունենք՝ չխոսելով արդեն իսկական մարզադաշտի մասին, մինչդեռ առկա են պոտենցիալն ու անհրաժեշտությունը մարզաձևի զարգացման համար: Առավել ևս, որ աշխարհում մեծ մասսայականություն վայելող մարզաձևի տարածումը երեխաների համար նաև առողջ ապրելակերպի, վատ զբաղմունքներից հեռու մնալու գրավական կլիներ,-ասում է Արմեն Ղազարյանը:

- Գորիսի «Զանգեզուր»-ի հաջողությունների մեջ ու՞մ ներդրումը կառանձնացնեիր:

- Վազգեն Սարգսյանի և Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանի: Նրանք ամեն ինչ արել են, որ նորմալ պայմաններ լինեն, և թիմը կարողանա լիարժեքորեն մասնակցել առաջնությանը: Մի անգամ, երբ հանդիպել ու առկա խնդիրներն էինք քննարկում, Վազգենն ինձ հիշեցրեց, որ ժամանակին խաղացել ենք իրար դեմ (ինքը խաղում էր Արարատի «Ցեմենտ» թիմում):

Առանց ազգային հավաքականին անդրադառնալու, իհարկե, չէինք կարող եզրափակել մեր զրույցը: Առավել ևս, որ նորանշանակ մարզիչ Ռոման Բերեզովսկին Ղազարյանի հին ծանոթներից ու մտերիմներից է:

- Հավաքականի խաղը, հույս ունեմ, կբարելավվի, առավել ևս, որ Ռոմանը ծանոթ է մեր ֆուտբոլային միջավայրին, այնտեղից է սերում: Բայց կա մի կարևորագույն հարց՝ պետք է ուժեղ լինի մանկապատանեկան ֆուտբոլը, որ հնարավոր լինի կայուն առաջընթաց ակնկալել, հենց մանկապատանեկան ֆուտբոլն է, որ ազգային հավաքականին ռեսուրսներ պիտի մատակարարի: Այլ կերպ չի կարող լինել: Իսկ դրա համար, առաջին հերթին, ֆուտբոլային ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Նույնը նաև ակումբներին է վերաբերում՝ կհիշեք՝ ժամանակին մեր ակումբային ֆուտբոլում տոն տվողներից էին «Երևանը», «Միկան», «Գանձասարը», «Կիլիկիան», «Սևանը», «Լոռին», որոնց կորիզն էին կազմում հրավիրյալ ֆուտբոլիստներն ու լեգեոներները, իսկ այսօր արդեն նրանք չկան:

- Իսկ ո՞րն էր Ձեր դեպքում հաջողության բանալին:

- Պարզապես պետք է սիրես աշխատանքդ և տրվես նրան անմնացորդ:

Հ.Գ.

Ներկայումս Արմեն Ղազարյանը կանանց Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում ներկայացված Կապանի «Սյունիք» թիմի գլխավոր մարզիչն է: Թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:

Կարեն Միրզոյան

 

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10