Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան

16.07.2018 10:22
1179

ԱՐՑԱԽ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:

«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների: 

«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը դիտարկում է նաև քննարկվող վարկածներից այն, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց նշում է, որ պատերազմի վերսկսման այսպիսի վարկածները շատ են:

«Մարդկանց մի խումբ կա, որ համարում են, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որ կանգնեցրել էր Ադրբեջանին, որովհետև այն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի ազդեցությունն ու առաջնության նշանակությունը ադրբեջանական կողմը չէր կարող հաշվի չառնել»,- նշեց նախագահի խորհրդականը:

Արցախի և Ադրբեջանի սահմանին ամենամեծ լարվածությունը սկսվել է ապրիլի 12-ից ու տևել շուրջ մեկուկես ամիս: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է նշել, թե որ փուլում է վտանգի նվազում կամ աճ նկատվում: Պատերազմական լարված իրավիճակն Աբրահամյանը կապում է բանակցային գործընթացի բացակայության հետ:

«Ընդհանուր գործընթացներում պատերազմի հավանականությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես, որ բանակցային գործընթաց այս պահին չունենք, իսկ երբ բանակցային գործողություններ չկան, պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է»,- նշեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում լարվածության աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների բանակ զորակոչվելով պայմանավորելուն, Աբրահամյանը տվյալ հանգամանքն այս իրադարձությունների հետ չի կապում:

«Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանն է վարում, կիրառվում է վերջին գոնե մի քանի տասնամյակում, և բացարձակապես կախված չէ ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի որդիների ծառայությամբ, դա ուղղակի բխում է այդ երկրի քաղաքական շահերից»,- ասաց խորհրդականը:

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում պայմանավորված է միջազգային գործընկերներին որոշ բաներ ցույց տալու ցանկությամբ:

«Ստատուս-քվոյի պահպանման հետ կապված խնդիր կա, Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, որովհետև իրավիճակն անընդհատ լարված է»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալու հավանականությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, որ միջնորդ երկրներն այս հնարավորությունը տեսնում են երկրորդ փուլում, երբ սկսվեն խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացները, իսկ մինչև Արցախը բանակցային գործընթացում չներգրավվի, Արցախի ու Հայաստանի համար արդյունավետ լուծումներ լինել չեն կարող:

«Թեմայի էական առաջին շահառուն Արցախն է, իսկ եթե նա չկա բանակցային գործընթացում, ապա այդ բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, ի վերջո, որոշողը հենց Արցախի Հանրապետությունն է»,- ընդգծեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Նորայր Շողիկյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01