Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը պաշտոնական բողոք է հայտնել՝ խոր վրդովմունք և մտահոգություն արտահայտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոթի Հոսագրահարի Երևանի հայտարարության կապակցությամբ։ Վերջինս նշել էր, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման, վնասման կամ դրանց ինքնության խեղաթյուրման դեպքերի մասին։
Գործակալությունն ընդգծում է, որ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ ահազանգերը, լուսանկարչական ու արբանյակային նյութերը վաղուց ներկայացվում են հետազոտողների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Հայտարարությունում շեշտվում է, որ նման անտեղյակությունը լուրջ հարցեր է առաջացնում։
Կազմակերպությունը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել առկա փաստերը, ապահովել Արցախի հուշարձանների վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու հայկական եկեղեցիների հետագա ոչնչացումը։