Արցախյան վերջին պատերազմում սյունեցիների սխրանքին ու նահատակված սյունեցիներին նվիրված հիշատակարան է ստեղծվելու

04.02.2021 22:34
5445

«Սյունյաց երկիր» պարբերաթերթի խմբագրակազմը որոշել է հատուկ համար նվիրել Արցախյան վերջին գոյակռվում՝ Սյունիքի մասնակցությանը: Aravot.am-ի հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր, պատմաբան Սամվել Ալեքսանյանը նշում է, որ չնայած դժվար աշխատանք է, բայց թերթը որպես Լեռնահայաստանի ներկա ընթացքի տարեգիր՝ պարտավոր է դա անել, ստեղծելով յուրահատուկ մի հիշատակարան։

Ծրագրվող համարում, ըստ գլխավոր խմբագրի, արժանավայել ձեւով կներկայացվեն Արցախյան պատերազմում զոհված բոլոր սյունեցիները՝ անուն առ անուն: «Նրանց անունները պետք է փոխանցենք գալիքին, որպեսզի մեր սերունդները ոգու կրակ առնեն նրանց շիրիմներից, նրանց հիշատակից ու հերոսական կերպարից»,–ասում է Սամվել Ալեքսանյանը:

Մեր զրուցակցի խոսքով, չնայած հրաշքի ենք սպասում եւ աղոթում ենք անհետ կորածների վերադարձի համար, բայց Ալեքսանյանի համոզմամբ, «նրանց անհայտությունն ու չարչարանքները հանուն ողջերիս արված սխրագործություն են, հանուն Հայաստանի կատարած զոհաբերություն, ուստի նրանց անունները նույնպես պիտի տեղ գտնեն Սյունյաց աշխարհի փառքի մատյանում»։

Նախատեսվող համարում ներկայացվելու են նաեւ մեր քաջարի զինվորներին, հրամանատարներին, աշխարհազորայիններին, ովքեր կոնկրետ մարտական գործողությունների մասնակցելով՝ սխրանք են գործել եւ մինչեւ վերջ արժանապատվորեն կատարել հայոց զորականի սրբազան առաքելությունը:

Սյունիքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում ձեւավորվել են հայրենիքի նվիրյալների ջոկատներ, ապա մասնագիտությամբ պատմաբան Սամվել Ալեքսանյանը կարեւորում է նաեւ կամավորական–աշխարհազորային ջոկատներից յուրաքանչյուրին ըստ արժանվույն ներկայացնելը։

«Արցախյան պատերազմում ոչ սովորական առաքելություն էր բաժին ընկել Սյունիքի առողջապահական հաստատություններին, մարզի բժշկական համայնքը կարծես կրակագծում էր: Պարտավոր ենք արժանավայել ձեւով ներկայացնել առողջապահական այդ կազմակերպություններին, ամեն մի բժշկի, ինչու չէ նաեւ` դրսից Սյունիք ժամանած բժիշկներին, ովքեր իսկապես նվիրումով ու պարտքի բարձրագույն գիտակցմամբ պայքարեցին մարդկային ամեն մի կյանքի համար»,–ասում է Սամվել Ալեքսանյանն ու ավելացնում, որ հանգամանալից անդրադարձ կկատարվի նաեւ թիկունքի գործունեությանը:

Նախատեսված է նաեւ պարբերականի այդ համարում պատմել այն անհատների, կոլեկտիվների մասին, որոնք որեւէ նյութական աջակցություն են ցուցաբերել ռազմաճակատայիններին, պատերազմ մեկնած եւ մեկնող տղաներին, ջոկատներին, ովքեր մասնակցել են մարտական դիրքերում իրականացվող ամրաշինական աշխատանքներին: Հատուկ համարում տեղ կգտնեն նաեւ տարբեր լրատվամիջոցներով հրաապարակված այն նյութերը, որտեղ պատերազմի ընթացքում լուսաբանել են մարտական գործողություններ, թիկունքայինների աշխատանք, մարտական որեւէ ջոկատի, զինվորականի, հրամանատարի գործունեություն: Անդրադարձ կկատարվի մարզի պետական-կառավարչական հիմնարկների, կրթական հաստատությունների գործունեությանը, կպատմեն պատերազմական ծանր օրերին Սյունիքի մարզային զինկոմիսարիատի գործունեության մասին։ Առանձին բաժնով ներկայացվելու է Սյունիքում տեղաբաշխված բանակային 1-ին եւ 4-րդ կորպուսների մարտական գործողությունները, ինչպես նաեւ Սյունյաց թեմի հոգեւոր դասի աստվածահաճո գործունեությունը։ «Իրենց աղոթքներով ու այլ գործերով հոգեւորականները ե՛ւ ճակատում էին, ե՛ւ թիկունքում, ե՛ւ պանթեոններում, տաճարներում ու գերեզմանատներում՝ մեր հերոսների վերջին հրաժեշտը կազմակերպելիս»,–ասում է Սամվել Ալեքսանյանը:

Վերջինս նշում է, որ չեն կարող շրջանցել նաեւ այն իրադարձությունները, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան եւ տեղի են ունենում Սյունիքում ու Սյունիքի շուրջ: Արցախյան պատերազմը, մեր զրուցակցի խոսքով, իսկական հերոսներ ծնեց, նոր անուններ հայտնի դարձրեց ու Սյունիքը քաջարի հրամանատարներ տվեց։ «Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան հերոսամարտի հրամանատարների կողքին լեգենդար հրամանատարներ ունեցանք նոր սերնդից:

Նաեւ նրանց փառաբանելուն է միտված լինելու «Սյունյաց երկրի» նախատեսվող համարը»,–ասում է գլխավոր խմբագիրը: «Մի խոսքով՝ պարտավորվում ենք ամեն ինչ անել, որ Արցախյան երրորդ պատերազմին սյունեցիների մասնակցության որեւէ անհավաստի պատմություն, որեւէ կեղծ պատում չփոխանցվի սերունդներին: Նման համարի թողարկումը սովորական տուրք չի լինի մեր նորօրյա հերոսների հիշատակին, այլ կփորձենք հնարավորինս նպաստել սգից դուրս գալուն, հայոց ինքնիշխանությունը վերագտնելուն եւ վերանվաճելուն, հայ ժողովրդի կորսված միասնությունը վերականգնելու պատմական գործընթացին, պարտվածի՝ մեզ համակած հոգեվիճակը հաղթահարելուն»,–ասում է մեր զրուցակիցը:

Սամվել Ալեքսանյանը դեռ չի կարող ասել, թե ինչ ծավալ կունենա նախատեսվող հատուկ համարը։ Գուցե մի քանի համար տպագրեն։ Նաեւ ֆինասնական աղբյուրների մասին չի կարող նշել։ Հիմա կարեւորում են նյութերի հավաքագրման գործը՝ ակնկալելով բոլոր–բոլորի օժանդակությունը։ Թերթի խմբագրակազմը բոլորին խնդրում է հոդվածներով, լուսանկարներով, հուշերով, վկայություններով, տեսանյութերով, ձայնագրություններով օգնել իրենց՝ բարդ եւ պատասխանատու այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։

«Ընթերցողների, մարզի բնակիչների, պատերազմի մասնակիցների, զոհվածների, անհետ կորածների հարազատների, բոլոր–բոլորի աջակցությամբ պիտի հավաքագրենք նյութերը։ Ես միայն կարող եմ խոստանալ, որ մատուցելու ենք գիտականորեն հիմնավորված եւ արժանահավատ նյութեր՝ բարձրաճաշակ ձեւավորմամբ, լեզվաոճական պատշաճ ներդաշնակությամբ։ Բացառիկ այս համարը ամեն ինչից զատ, յուրօրինակ եւ անկրկնելի սկզբնաղբյուր կլինի Սյունիքի պատմությունն ուսումնասիրողների, Արցախյան երրորդ պատերազմում սյունեցիների հայրենապաշտ պահվածքն ու սխրանքները հետազոտողների եւ, իհարկե, տեղի ունեցածը գալիք սերունդներին փոխանցելու համար»,–Aravot.am–ի հետ զրույցում նշում է Սամվել Ալեքսանյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի. Ամստերդամ

21.06.2026 21:05

Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի

21.06.2026 20:54

Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի

21.06.2026 14:33

Վաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

20.06.2026 22:36

Թեհրանը չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև

20.06.2026 13:41

7 քաղաքական ուժի դիմումը ՍԴ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է իրավական, քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության․ Սուրեն Սուրենյանց

20.06.2026 00:30

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական վերջին զարգացումների մասին

19.06.2026 20:48

ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության

19.06.2026 20:08

Եվս 4 քաղաքական ուժ ՍԴ է դիմել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

19.06.2026 17:56

CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով

19.06.2026 17:45

«Հայաստան» դաշինքը ևս դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար

19.06.2026 17:40

ՍԴ ներկայացված դիմումը 84 էջից է, միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն քննությանը. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

19.06.2026 15:57