Առուստամ Առուստամյան. «Թող ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, որ հետո չասի՝ էս իշխանությունը վատն է… »

31.08.2016 11:00
1877

Գնում ենք Սիսիանի տարածաշրջանի Գորայք գյուղ: Գյուղապետարան տանող ճանապարհին մարդ-մուրդ չկա: Ամենուր անդորր է: Եվ օրվա մեջ ծորացողը խաղաղության օրհներգն է, որ մեղրի նման ծորալով ծալ-ծալ նստում է ժամանակի շերտերի մեջ, դառնում օրվա նկարագիրը. մարդիկ առավոտ կանուխ բանջարանոցներում են, դաշտերում, արտերում: Հիշում եմ ժողովրդական ասացվածքը. ամռան օրը տարի է կերակրում: Նույնիսկ երեխաներն են այս օրերին ծնողների կողքին: Դրա համար էլ շունչ-մունչ չկա գյուղում: Միայն մի կով, դունչը ծուլորեն մեկնել է դեպի խոտի դեզը եւ որոճում է: Թե ում դեզն է, դա կովի պետքը չէ, միայն նա խոտ ունենա այդ պահին: Կովի գեղեցիկ աչք-ունքը «գերեց» մեր լուսանկարիչ Արթուր Միրզոյանին. կովը հայտնվեց նրա լուսանկարչական օբյեկտիվում` տարբեր դիրքերից: Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը քթի տակ ժպտում է. այն կարելի է այսպես թարգմանել` լավ էլ աչք ունի Արթուրը, առիթն էլ բաց չի թողնում:

Վերջապես մի մարդ երեւաց, այն էլ հեռվում` սպիտակ վերնաշապիկով, ալեխառը մազերով, բեխերով: Այստեղ եկեք` ձայնեց նա: Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանն է: Հենց նա, ում հետ հանդիպելու համար Գորայք ենք ուղեւորվել: Նրա աշխատասենյակում ամեն ինչ կոկիկ է, վերանորոգված: Միայն չհրկիզվող պահարանն է հին-հին դարից հիշատակ մնացած: Կարդալով հայացքս ասում է` հաշվապահինն է: Նստել-վերկենալուց-խոսելուց երեւում է, որ կյանքի քուրայում եփված-թխված-թրծված մարդ է, հազար տեսակի մարդ ընդունած-ճանապարհած անձնավորություն: Ամերիկա էլ է հասել:

- Մեր խումբն Ամերիկայուն եղավ յոթ հանքավայրում: Հանքարդյունաբերությունում օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ, նրանք իրենց գործելակերպով աշխարհին ցույց են տալիս, որ հանքերի շահագործումը բնավ էլ էկոլոգիական աղետ չէ: Նրանք հանքանյութի մշակումից հետո ջուրն օգտագործում են բանջարանոցները, այգիները, դաշտերը ոռոգելու համար: Մեծ աղմուկ հանած Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամանակ նման տեխնոլոգիա է կիրառվելու: Ամենակարեւորը մարդու առողջությունն է, հետո՝ փողը: Այնպես որ, Ամուլսարի շահագործումը ոչ միայն իր մեջ վտանգներ չի պարունակում, այլեւ տարածաշրջանի բնակավայրերը վերելք կապրեն: Այդտեղ մեծ թվով մարդ պետք է աշխատի եւ դա նաեւ շուտով խոշորացվող մեր համայնքից, որի մեջ մտնում են Գորայքը, Ծղուկը, Սպանդարյանը, Սառնակունքը: Անասնապահությունը հետին պլան չի մղվի: Այդ ճյուղը գյուղացիների համար կդառնա (ինչպես եւ եղել է, կա) իրենց բարեկեցության աճն ապահովող հիմնական գործոնը:

Ամուլսարը խոշոր միջազգային ներդրումային ծրագիր է: Այն իրականացնում է բրիտանական «Լիդիան Ինտերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը` «Լիդիան Արմենիան»: Այս ընկերությունը տարեկան 121 միլիոն դրամ է վճարում Գորայքին` հողերը վարձակալելու դիմաց: Առհասարակ, Գորայքի գյուղապետարանի բյուջեն, կարելի է ասել, կայուն, հարուստ բյուջե է: Եվ դա ոչ միայն Ամուլսարի շնորհիվ, այլեւ Բազարչայի արոտավայրերը վարձակալությամբ տալու միջոցով: Գյուղապետի կարծիքով բյուջեն էլ ավելի շատ փող կմտներ, եթե...

- Վարձակալել շատերն են ուզում, ուղղակի մարդիկ փող չունեն, փող տվող չկա: Մարդկանց ցանկությունն ու գրպանը չեն բռնում իրար:

Կայուն բյուջեի շնորհիվ Գորայքի գյուղապետարանը 1 միլիոն 600 հազար դրամի սահմաններում ներդրում է կատարել Լորում՝ Համո Սահյանի տուն-թանգարանի նորոգման գործում: Գորայքի 1 միլիոն 900 հազար դրամ ներդրումով է կառուցվել Լեռնաշեն (Շենաթաղ) գյուղի խմելու ջրագիծը: Ներդրումների ուրիշ հասցեներ էլ կարելի է հիշել…

Համայնքի ավագանու որոշմամբ գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար ծնողին տրվում է միանվագ գումար` 50000 դրամ, իսկ ամուսնացող զույգին` 100 հազար դրամ:

- Եթե դուք ընտրվեք խոշորացվող համանքի ղեկավար, դարձյալ խրախուսելո՞ւ եք ամուսնությունները, նպաստելու ծնվող երեխաների սոցիալական վիճակի բարելավմանը` ձեր համայնքի մեջ մտնող նաեւ մյուս բնակավայրերում:

- Ծնողը չի կարող իր չորս երեխայից մեկին շոկոլադ տալ, մյուսներին` ոչ: Եթե կուզեք ճիշտն իմանալ, մյուս գյուղերն էլ կարող են նման նպատակների համար գումար գտնել: Ասել փող չկա ու մի կողմ քաշվել, ճիշտ չէ: Փողը պետք է ստեղծել: Այն մանանա չէ, որ երկնքից թափվի:

Խոսում ենք 1990-ականներին գյուղում իրականացված սեփականաշնորհման մասին:

- Այն ի սկզբանե սխալ էր իմ կարծիքով, ճիշտ հունով չի տարվել: Իմ մտածելակերպով հողը պիտի տային նրան, ով դրա լեզուն հասկանում է, անասունը՝ նրան, ով դրանից գլուխ է հանում: Ահա եւ դրա տխուր հետեւանքները, որ մինչեւ հիմա զգում ենք, եւ լավ արտահայտվում է մարդկանց սոցիալական նկարագրում: Եթե իմ ասած եղանակով ընթանար սեփականաշնորհումը, գյուղատնտեսությունը զարգացում կապրեր, գյուղացին հարուստ կլիներ եւ երեխայի ուսման վարձն էլ կտար, եւ հողի հարկն էլ:

- Համայքների խոշորացման փաստն ինչպե՞ս եք ընդունում:

- Ես դեմ եմ դրան: Գյուղերի ճակատագիրը մտահոգություն է առաջացնելու: Տա աստված, ես սխալվեմ: Գորայքն անհանգստանալու խնդիր չունի: Այն տիպային գյուղ է, զարգացման հեռանկարներ ունի, եթե նույնիսկ կենտրոն էլ չլինի, նրան ծերացում չի սպասվում: Բայց մյուս գյուղերը...

Եվ պատմում է: Իր՝ համայքի ղեկավար եղած ժամանակաշրջանում Գորայքը լրիվ ապահովվել է խմելու ջրով: Յուրաքանչյուր տուն ունի ջրի իր ծորակը: Նորոգել է կոյուղու ներքին ցանցը, կառուցել է կենցաղի տուն, երիտասարդության համար` ժամանցի կենտրոն, գյուղի փողոցներն ապահովված են գիշերային լուսավորությամբ: Այն գործում է մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Իսկ տոներին փողոցները լուսավորվում են ամբողջ գիշերը: Գյուղն ունի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Վերջին 5-6 տարում բնակչության աճ է գրանցվել: Այժմ գյուղում ապրում է 520 մարդ, իսկ առաջ` 420:

Առուստամ Առուստամյանը կուսակցական չէ: Գործին չի՞ վնասում, արդյոք, նման փաստը:

- Ոչ: Կուսակցական պատկանելությունն ինձ համար երկրորդական է առհասարակ: Ժողովուրդը կուսակցականության համար չի ընտրում քեզ: Ժողովուրդը քեզ ընտրում է, որ իր դարդին դարման անես: Մեր գյուղում Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները, առանց բացառության, իրենց անդամներն ունեն: Կինս երբեմն մտնում է «քաղաքական դաշտ» ու ասում` այսինչը ՀՀԿ-ին ձայն չի տվել, այնինչը քեզ չի ընտրել: Իսկ դու բոլորին հավասար աչքով ես նայում: Ասում եմ` այ կնիկ, երկու տղա ունես, եթե մեկը գործ է անում, մյուսը` ոչ, էդ գործ չանողը քո տղեն չի՞:

- Սեպտեմբերի 18-ին արդար ընտրության ակնկալիք ունե՞ս:

- Անշուշտ,մեր գյուղն ամենակուսակցականացվածն է: Մեզ մոտ միշտ էլ ընտրություններն արդար են անցնում, ահա մի փաստ. Գորայքը համապետական ընտրությունների ժամանակ դառնում է բարոմետր. որ կուսակցությունը մեր գյուղում քանի տոկոս ձայն հավաքեց, այդ նույն տոկոսն էլ արձանագրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

- Չորս գյուղի համայքապետ ես ուզում դառնալ, ծանո՞թ ես մնացածների խնդիրներին:

- Գիտեմ, ծանոթ եմ: Բոլոր գյուղերն էլ խնդիրների հաշվով համարյա նույն բովանդակությունն ունեն. խմելու եւ ոռոգման ջրի հարց, գյուղատնտեսական մթերքների իրացում, փողոցների գիշերային լուսավորություն, ներգյուղական անբարեկարգ փողոցներ, դժվարություններ` ձմռանը փողոցները մաքրելու գործում, իսկ Սպանդարյանի դպրոցի վիճակը խիստ մտահոգիչ է: Ամռանը Գորայքից 45 երեխա հանգստանում է ճամբարներում: Մյուս գյուղերի երեխաներին այդ հնարավորությունն ընձեռված չէ: Այդ երեխաները մեղք ունե՞ն, որ Գորայքում չեն ծնվել:

ՏԻՄ առաջիկա ընտրություններում Առուստամ Առուստամյանի մրցակիցը նրա ամենամոտ, ամենամտերիմ ընկերներից մեկն է` Մանուչարը: Ակամայից հիշում եմ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, թե ինչպես այնքան մոտ ընկերները` Սարոն եւ Անուշի եղբայրը` Մոսին, դարձան թշնամիներ: Պատճառն Անուշն էր: Սարոն, մոռանալով ադաթները, գետնեց Մոսուն...

Այս պարագայում աղջկա եւ ադաթի հարց չկա. այստեղ իրար «գետնելու» են համայնքապետի աթոռի համար: Արդյո՞ք, թշնամի կդառնան հին ու մտերիմ ընկերները, որ տարիներ շարունակ իրար հետ հաց են կիսել, լավ ու վատ օրերի իրար կողք կանգնել:

- Մանուչարը հոյակապ անձնավորություն է, հոյակապ աշխատող: Ես նրա հետ եմ աշխատելու: Եթե ժողովուրդն ինձ ընտրեց, ես դա հաղթանակ չեմ համարի, չէ՞ որ մրցակիցս իմ լավ ընկերն է: Ուղղակի կասեմ` ընտրվել եմ եւ ոչ թե հաղթել: Թող ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, որ հետո չասի` էս իշխանությունը վատն է, էս իշխանությունը...

- Ընտրվելու շանսեր ունե՞ս:

- Եթե չունենայի, մրցասպարեզ չէի մտնի: Ժողովրդի լեզուն լավ հասկանում եմ, մարդկանց երբեք սեփական հոգսերի հետ մենակ չեմ թողել ու չեմ թողնի: Ամեն մի մարդ մեր երկրի հարստությունն է:

Ահա ինչու ասում եմ` սիրելի ժողովուրդ, ճիշտ ընտրություն կատարեք: Ես ժողովրդին ցանկանում եմ առողջություն, երկրին` խաղաղություն եւ բարգավաճում, սահմանին կանգնած զինվորին` անպարտելիություն, մեզ էլ՝ ուժ ու եռանդ:

Ծանր է կրել չորս գյուղ ընդգրկող համայնքի ղեկավարի գլխարկը: Առուստամը դա գիտակցում է եւ գիտակցաբար առաջադրվել է համայնքապետի թեկնածու: Առաջադրվել է, որ բնակավայրերն ամրանան-զորանան, որ բնակավայրերը ներսից մեծանան-հզորանան` սեփական ուժին ապավինած: Չէ՞ որ մարդ գետնից բարձրանալիս սկզբում իր ծնկանն է հենվում: Առուստամ Առուստամյանն առաջադրվել է, որ բնակավայրերը զարգացման այն աստիճանն ունենան, որ նրանք իրենց ծնկանը հենված, առանց որեւէ մեկի օգնության, դառնան պատվար` հայոց պետականության զարգացման համար, դառնան արժանապատիվ մասնակից` հայոց աշխարհի ճակատագիրը դարբնելու գործում:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25