Արվեստի հայ դեսպանն Ուկրաինայում

11.11.2024 17:17
500

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի բնակիչների համար սեպտեմբերի 14-ը նշանակալից օր էր. նշվում էր քաղաքի հիմնադրման 225-ամյակը: Այդ օրը բացվում էր նաեւ 1930-ական թվականներին սովից մահացած հարյուր հազարավոր ուկրաինացիների եւ «հայր Ստալինի» կողմից բռնադատված ու աքսորված բազում մարդկանց հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը:

Համալիրը զբաղեցնում էր ավելի քան մեկ հեկտար տարածություն, որի շուրջը ծառապատված ու ծաղկապատված էր։ Հուշարձանի բացման պատիվը տրվել էր երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին։ Բոլորի հայացքները բեւեռված էին շուրջ 8 մետր բարձրություն ունեցող մի ամբողջական բաց վարդագույն գրանիտից կերտված հուշարձանին։ Այն վշտահեծ կնոջ արձան էր՝ սովից մահացած երեխան ձեռքերով առաջ պարզած։ Թախիծ կար կնոջ դեմքին, կոպերի տակ, անգամ զգեստի ծալքերում։

«Հուշարձանի հեղինակն է Ուկրաինայի պատվավոր քաղաքացի, վաստակավոր քանդակագործ, երկու անգամ «Տարվա մարդ» հռչակված, մարզի դափնեկիր Գառնիկ Խաչատրյանը», – հնչեց բարձրախոսից: Արարողության մասնակիցների մեջ էր նաեւ տաղանդավոր հայորդին։ Ի հիշատակ երեսնականների սովյալների ու բռնադատվածների՝ հուշարձանի առջեւ սկսվեց մոմավառությունը։ Իրար նման հարյուրավոր թասերի մեջ վառվող մոմերով մարմարե լայն հարթակի վրա նկարվեց մի հսկա խաչ: Ուկրաինայի նախագահից սկսած՝ բոլորն էլ նայում էին հուշարձանին, խոնարհ գլուխ տալիս, խաչակնքում ու վառվող մոմը դնում համապատասխան տեղում։ Երբ հուշարձանը պատվեց ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով, նախագահ Վ. Յուշչենկոն իր մոտ հրավիրեց քանդակագործին. «Իմ եւ բոլոր հավաքվածների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` այսպիսի հոյակապ հուշարձան կերտելու համար: Մեկ տարի առաջ իմ հրամանագրով Դուք արժանացաք Ուկրաինայի վաստակավոր քանդակագործի կոչման: Այսօրվանից Ձեզ համարում ենք Ուկրաինայի ժողովրդական քանդակագործ-նկարիչ: Ես կգնամ Կիեւ ու կստորագրեմ հրամանագիրը: Այն կստանաք մեր մայրաքաղաքում՝ հանդիսավոր պայմաններում»:

Հուշարձանի համար հայտարարված մրցույթին մասնակցել էին մի քանի տասնյակ ճանաչված քանդակագործներ։ Մրցույթը տեղի էր ունեցել երկու փուլով, եւ հաղթող էր ճանաչվել մեր հայրենակիցը: Ո՞վ է Գառնիկ Խաչատրյանը, ի՞նչ գիտեն նրա մասին Հայաստանում։ Գրեթե ոչինչ։ Երկու տարի առաջ, երբ Երեւանում նա հյուրընկալվել էր մեր անվանի դերասան Սոս Սարգսյանին, վերջինս ասել էր. «Ուր էլ լինես, բարձր պահիր հայի անունը, ազգը արվեստով է ճանաչվում»: Գ. Խաչատրյանը ծնունդով Սյունիքի Կապան քաղաքից է՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Աշոտ Խաչատրյանի եւ Քնարիկ Խաչատրյանի վեցերորդ զավակը։ Նրանց բազմանդամ ընտանիքն ապրում էր մեկ սենյականոց, հարմարությունից զուրկ բնակարանում, աղքատ պայմաններում։ Գառնիկը 4-5 տարեկանից սիրել է նկարել, կավից կենդանիների արձանիկներ պատրաստել, իսկ գունավոր մատիտներն ու նկարչական ալբոմը նրա համար թանկ հաճույք էին։ Երբ երրորդ դասարանում կորցրեց մորը, հայրը նրան ու նրանից փոքր քրոջն ուղարկեց գիշերօթիկ դպրոց։ Գառնիկի համար այդտեղ գունավոր մատիտների, ջրաներկի ու պլաստիլինի պակաս չկար։ Նկարում, արձանիկներ էր պատրաստում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, ավարտեց եւ զինվորական ծառայության մեկնեց Ուկրաինա։ Զինվորական պարտքը կատարելուց հետո ընդունվեց Խարկովի ակադեմիայի քանդակի բաժինը: Որպես դիպլոմային աշխատանք որոշել էր ներկայացնել Կոմիտասի արձանը։ Դասախոսները սկզբից չէին համաձայնում՝ պատճառաբանելով՝ չգիտեն նրան, բայց երբ կարդացել էր Արամ Խաչատրյանի՝ Կոմիտասին տված գնահատականը, չէին առարկել։ Ավարտելուց հետո ուղարկել էին Դնեպրոձերժինսկ՝ աշխատելու։

Նրա քանդակներում մարմնավորված շրջապատի մարդիկ՝ մետաղաձուլարանի բանվորներ, հանքափորներ, հողագործներ պատերազմի վետերաններ էին։ Դրանց կողքին էին նաեւ զանգեզուրցի կնոջ, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի արձանները: Թերթերը նրա մասին դրվատանքի խոսքեր գրեցին, իսկ ճանաչված քանդակագործներն ու արվեստագետները գովեցին՝ ասելով, որ Խաչատրյանն ունի իր ոճը, ինքնատիպ է, լավ քանդակագործ կդառնա։ Աշխատում էր առավոտից մինչեւ գիշեր, քնում արվեստանոցում հունցած կավի ու գիպսի հարեւանությամբ: Ոգեւորված էր առաջին ցուցահանդեսից, արվեստագետների, մամուլի ու հեռուստատեսության տված գնահատականներից: Ամեն տարի մասնակցում էր ցուցահանդեսներին, քանդակի սիմպոզիումներին, նաեւ ժամանակ էր գտնում լինելու Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում այցելելու նշանավոր քանդակագործների թանգարանները։ Քանդակագործին մեծ ճանաչում բերեց Տարաս Շեւչենկոյի հուշարձանի համար հայտարարված մրցույթում հաղթելը։ Այն մոնումենտալ ու պղնձաձույլ մի արձան է, որը տեղադրվեց Դնեպրոձերժինսկի քաղաքապետարանի դիմացի պուրակում եւ դարձավ քաղաքի սրբատեղիներից մեկը։ Բացմանը ներկա են եղել երկրի այն ժամանակվա նախագահ Լեոնիդ Կուչման, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, նախարարներ, արվեստի գործիչներ: Նազարբաեւին արձանն այնքան էր դուր եկել, որ Խաչատրյանին հրավիրել էր Ղազախստան՝ նմանատիպ մի արձան կերտելու: Իսկ Կիեւից եկած հանձնաժողովը, բարձր գնահատելով ստեղծագործությունը, նշել էր, որ աշխահում կա Տարաս Շեւչենկոյին նվիրված ավելի քան 400 արձան, եւ Խաչատրյանինը լավագույն տասնյակում է։ Քանդակագործին գնահատեցին երկրի ղեկավարները՝ նրան արժանացնելով Դնեպրոձերժինսկի պատվավոր քաղաքացու եւ «Տարվա մարդ» բարձր կոչումներին։ Խաչատրյանի համար Շեւչենկոն ազատության խորհրդանիշ է, Ուկրաինայի Պրոմեթեւսը։ Գ. Խաչատրյանին նկատեց եւ գնահատեց ԽՍՀՄ ժողովրդական քանդակագործ, մոսկվաբնակ Ի. Դ. Պերշուդչեւը եւ նրան հրավիրեց միասին աշխատելու: Սակայն Խաչատրյանը չգնաց՝ համարելով, որ ամեն արվեստագետ ինքը պետք է հարթի իր ճանապարհը, ունենա իր ասելիքն ու ոճը: Երբ 2001-ին Կիեւում լույս ընծայվեց «20-րդ դարի Ուկրաինայի նշանավոր մարդիկ» գիրքը, որը կոչվում է նաեւ «Ոսկե գիրք», այնտեղ զգալի տեղ հատկացվեց նաեւ տաղանդավոր հայորդուն։ Նրան նվիրված կինոնկար նկարահանվեց։

Շուրջ 30 տարի է` Խաչատրյանն ապրում ու ստեղծագործում է Ուկրաինայում եւ այդ ժամանակահատվածում ստեղծել է 150-ից ավելի մեծ ու փոքր արձաններ, որոնցից 50-ը հանգրվանել են Կիեւի, Դնեպրոպետրովսկի, Դնեպրոձերժինսկի, Կրիվոյ Ռոգի, Խարկովի եւ այլ քաղաքների հրապարակներում, պուրակներում, պատկերասրահներում, արձաններ կան նաեւ անհատ մարդկանց հավաքածուներում։ Նա իր ստեղծագործություններում հաշվի է առնում ոչ միայն արտաքին նմանությունը, այլեւ մարդու մասնագիտությունը, խառնվածքը, ազգայինը։ Նրա համար քանդակագործության գագաթներ են Միքելանջելոն, Ռոդենը, Հակոբ Գյուրջյանն ու Երվանդ Քոչարը։ Խաչատրյանի ուշադրությունից երբեք չեն վրիպել հայ մեծությունները` Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Փարաջանովը, Շարլ Ազնավուրը, Պարույր Սեւակը, Սոս Սարգսյանը։ Շուտով նրանց կողքին կհայտնվեն Մինաս Ավետիսյանի, Մհեր Մկրտչյանի, Սիլվա Կապուտիկյանի կիսանդրիները։ Նա ծրագրել է քանդակել նաեւ Գարեգին Նժդեհի, Արմեն Ջիգարխանյանի, Ջիվան Գասպարյանի արձանները: Խաչատրյանն արյունով ու արմատներով կապված է Հայաստանին, իր ծննդավայր Կապանին, ուր հաճախ է այցելում եւ լիցքավորված վերադառնում Ուկրաինա՝ մարմնավորելու իր մտահղացումները։ Նա արվեստի հայ դեսպանն է Ուկրաինայում, սիրված ու փառաբանված է, սակայն, ցավոք, Հայաստանում նրա մասին քչերը գիտեն:

ԼԵՆԴՐՈՇ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2008 Թ.

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34