Նման թեմաներ էին քննարկվում միջոցառմանը, որտեղ հավաքվել էին ռուսաց լեզվի ուսուցման ոլորտի ավելի քան 50 մասնագետներ։ 45 քաղաքների ներկայացուցիչներ, ոգեշնչված երեխաների ուսուցումը զվարճալի և արդյունավետ դարձնելու ցանկությամբ, եկել էին լսելու Ռուսաստանի և Հայաստանի առաջատար փորձագետներին «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմքեր» անվճար խորացված դասընթացը, որը կազմակերպվել էր «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից։
«Ոմանց համար ռուսաց լեզվի անվճար դասընթացները անիրական են թվում, կարծում են, թե դա միֆ է, որ դրանք անհնար է իրականացնել, բայց այսօր արդյունքները կրկին խոսում են այն մասին, որ այս նախագիծը իրական է և հաջողությամբ իրականացվում է։ Այն իրագործվում է արդեն մի քանի տարի, ամեն անգամ ավելի շատ մարդ է ձգտում սովորել ռուսերեն, և այդ ցանկությունը մեզ ոգեշնչում է շարունակել մեր աշխատանքը ու զարգացնել մեր նախաձեռնությունները՝ ուսուցիչներին մասնագիտական աճի նոր հնարավորություններ տալով»,- ասաց միջոցառման նախաձեռնող, «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց աջակցության համար. «Ծրագրի իրականացման մեջ մեծ վաստակ ունեն տեղի իշխանությունները, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Հայաստանում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Նրանց մշտական աջակցության շնորհիվ մեր նախագծերը հաջողությամբ զարգանում են»։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Միխայիլ Վոժդաևը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին աշակերտների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար։
«Դուք շատ կարևոր գործ եք անում, երբ ամեն օր գնում եք դասի, երեխաներին փոխանցելով ոչ միայն ռուսաց լեզվի իմացությունը, այլև մեր ընդհանուր մշակույթն ու ավանդույթները: Երեխաները նայում են ձեզ փայլող աչքերով և ձեր միջոցով նրանք ստանում են ավելին, քան պարզապես գիտելիք: Մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ»,- ասաց նա։
Խորհրդականը հույս հայտնեց, որ դասընթացները կօգնեն ուսուցիչներին ատեստավորում անցնելու և որակավորում ստանալու ժամանակ, ինչպես նաև մասնագիտական աճի արդյունքում՝ բարեկեցության հասնելու հարցում; ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ ընթացիկ դասընթացների անցկացումը համահունչ է նախարարության քաղաքականությանը։ «Սա կարևոր ծրագիր է, հատկապես հաշվի առնելով, որ այն լի է այլ երկրներ ուղևորություններով և արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակմամբ»,- նշել է Սարգսյանը։
Դասախոսությունների առաջին րոպեներից մասնակիցները հայտնվեցին նորարարության մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր բառ և գաղափար խոստանում էին հեղափոխել սովորելու ավանդական մոտեցումները:
Լրացուցիչ մասնագիտական կրթության «Ալֆա-Դիալոգ» կենտրոնի մեթոդիստ, բանասիրական կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Մարինա Բոգդանովան պատմեց, թե ինչպես արդյունավետ օգտագործել ինտելեկտը դասավանդման մեջ՝ ընդգծելով, որ նեյրոնային ցանցերը կարող են լավ օգնական դառնալ ուսուցչի համար, նշելով, որ այն չի փոխարինի ուսուցչին քանի որ հարկավոր է կատարել մարդու կողմից ստուգումներ և ճշգրտումներ:
Հաջորդ դասախոսությունը վերաբերում էր ուսումնական նյութերի թարմացմանը: Ուսումնական ծրագրի մեթոդիստ և ռուսաց լեզվի դասընթացների համակարգող Ալլա Դավթյանը ներկայացրեց նոր նյութեր՝ «Առողջ ապրելակերպ» և «Ճանապարհորդություն» թեմաներով, ինչպես նաև տեսահոլովակներ, երգեր, հանելուկներ, շուտասելուկներ և քերականական առաջադրանքներ։ Նշելով, որ ռուսաց լեզվի ժամանակակից և ինտերակտիվ ուսուցման այս բոլոր նորամուծությունները պատրաստվել են «Ալֆա-Դիալոգ» շարունակական մասնագիտական կրթության կենտրոնի հետ համատեղ։
Բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսաց լեզվի և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը ուրախ էր, որ ամբիոնի բազմաթիվ նախկին ուսանողներ հավաքվել էին վերապատրաստման խորացված դասընթացին։ Նա ներկայացրեց մանկավարժական արհեստանոցը՝ պարզաբանելով, որ այս տեխնոլոգիան ուսուցիչներին թույլ է տալիս դասը կառուցել նոր ձևով՝ կենտրոնանալով ուսանողների մտավոր և ստեղծագործական գործունեության ու ինքնադրսեւորման հնարավորությունների վրա։
«Երեխաներն ավելի լավ են սովորում, երբ իրենց հասկանում և ընդունում են, և մենք պետք է միշտ հիշենք, որ երեխաները սովորում են մեր օրինակով»,- այս խոսքերով դասընթացը սկսեց հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Ալինա Մանուկյանը։
Շատերը սպասում էին հոգեբանի դասախոսությանը, հուզող թեմաների քննարկման համար։ ինչպե՞ս ստեղծել հաճելի և անվտանգ մթնոլորտ դասարանում և ի՞նչ է նշանակում աջակցել երեխաների հուզական ինտելեկտին:
Խաղերի ուսուցման մեթոդները, այդ թվում՝ առանց սարքավորումների խաղերը, ներկայացրեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Լեզվի թեստավորման կենտրոնի (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան) մեթոդիստ, ռուսերենը որպես օտար լեզվու առարկայի ուսուցիչ Տաիսյա Իգորևնան։
Բանասիրական գիտությունների թեկնածու, Ի.Ն. Ուլյանովի անվան Ուլյանովսկի պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ Ելենա Զախարովան խոսեց Ուլյանովսկի համալսարանի փորձի մասին՝ օտարերկրացիներին ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու առանձնահատկություններից։ Նա ընդգծեց, որ ուսանողների աշխարհագրությունը լայն է՝ հարևան երկրներից մինչև Ասիա, Աֆրիկա և Հեռավոր Արևելք։
Դասընթացի մասնակիցները մեզ հետ կիսվեցին միջոցառման վերաբերյալ իրենց տպավորություններով և հույզերով։
Աշոցքցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինե Միքայելյանը նշեց, որ հոգեբանի դասախոսությունը տեղին էր, քանի որ նոր սերունդը ժամանակակից մոտեցումների կարիք ունի։
Իսկ մեղրեցի Մարիամ Միքայելյանը, ով 7-8 ժամ ճանապարհ էր անցել, ասաց. «Դասընթացների թեմաները արդիական են, մեր մասնագիտությունը պահանջում է ժամանակին համընթաց լինել։ Երեխաները հետաքրքրված են արհեստական բանականությամբ, և մենք պետք է նրանց հետ մի ալիքի վրա լինենք»:
Հագեցած օրվա ավարտին տեղի ունեցավ դասընթացի ամփոփում և վկայականների հանձնման արարողություն, որին մասնակցում էր նաև հայազգի աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը։ «Ես բախտ ունեմ տեսնել ձեր կատարած ահռելի աշխատանքը, սա հսկայածավալ պատասխանատու աշխատանք է՝ ձեզանից յուրաքանչյուրը գիտելիքի տարածման մարտիկ է, նա կրակ է վառում երեխաների սրտերում։ Ժամանակները փոխվում են, բայց ուսուցիչները միշտ պահանջված են, քանի որ նրանք են պատասխանատու սերունդների ապագայի համար»,- նշեց Ռուզան Սարյանը և տեղեկացրեց, որ Սարյանի թանգարանը պատրաստվում է գիրք հրատարակել Վարպետի ծննդյան 145-ամյակի առիթով։ Գիրքը նվիրված է բանաստեղծներին, ովքեր ոգեշնչվել են Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններով։
Հիշեցնենք, որ ավելի քան 50 ուսուցիչներ Հայաստանի ավելի քան 45 քաղաքներից 2025 թվականի հունվարի 25-ին Երևանում հավաքվել էին «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմունքներ» խորացված անվճար դասընթացին, որը կազմակերպվել էր «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից։