Աշխարհի 2 չեմպիոն, ռեկորդ ու տպավորիչ ելույթներ. հայ ծանրորդները փայլեցին ԱԱ-ում

27.09.2019 17:11
1192

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց փայլուն ելույթները թաիլանդական Պատտայա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում: Տոկիո-2020-ի համար վարկանիշային այս մրցաշարում մեր երկիրը հանդես եկավ 9 ներկայացուցչով, նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը  100 երկրի պայքարում գրավեց 2-րդ տեղը ու զիջեց միայն Չինաստանին, որը 5 ոսկե մեդալ է նվաճել:

Նշենք՝ Հայաստանը դարձավ միակ երկիրը Չինաստանից հետո, որն աշխարհի 2 չեմպիոն ունեցավ այս առաջնությունում:
 
Մեր երկրի համար առաջին մեդալը, այն էլ՝ չեմպիոնական, նվաճեց 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Եվրոպայի գործող չեմպիոնը ուժեղագույնն էր նաև աշխարհում. գյումրեցի ծանրորդն արեց առավելագույնն ու երկամարտում գրանցած 375 կգ (167+208) արդյունքով չեմպիոն հռչակվեց:
Պոկում վարժությունում Մկրտչյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

22-ամյա մարզիկը ԱԱ-ում նվաճած ոսկե մեդալը նվիրեց որդուն, որը մի քանի ամսից լույս աշխարհ կգա:

Ինչպես հայտնի է, 89 կգ քաշային կարգը ոչ օլիմպիական է: Մկրտչյանը նշում է, որ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունից հետո մտադիր է փոխել քաշն ու հանդես գալ 96 կգ  քաշային կարգում, որն օլիմպիական է: Գյումրեցի ծանրորդը վստահեցնում է՝ հոգեբանորեն պատրաստ է այդ փոփոխությանը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 355 կգ (160+195) արդյունքով գրավեց 12-րդ տեղը:

Աղջիկների պայքարում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունեցավ. 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը 14-րդ տեղը զբաղեցրեց, իսկ 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը՝ 10-րդ:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչպես և սպասվում էր, պաշտպանեց 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը՝ երկամարտի 429 կգ (199+230) արդյունքով:

Մեր հզոր մարզիկը նաև երկու փոքր ոսկի նվաճեց. պոկում վարժությունում Սիմոնն աշխարհի ռեկորդ սահմանեց՝ գլխավերևում պահելով 199 կգ ծանրաձողը: Հրում վարժությունում ևս մեր մարզիկը չուներ հավասարը. բոլոր ծանրորդները ավարտեցին իրենց մրցելույթները և նոր միայն Սիմոնը եկավ իր առաջին մոտեցմանը՝ հաջողությամբ բարձրացնելով 230 կգ-ը, և երկու մոտեցմամբ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

22-ամյա մարզիկը հաղթանակից հետո նշեց, որ նախորդ չեմպիոնությունից հետո ապացուցելու բան ուներ. ապացուցեց, որ ինքն է ուժեղագույնը 109 կգ քաշային կարգում: Սիմոն Մարտիրոսյանը ԱԱ-ում իր չեմպիոնությունը, որպես մխիթարանք, նվիրեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի առաջին չեմպիոն Աղասի Աղասյանի հիշատակին, որը 30 տարեկան հասակում հեռացավ կյանքից:


Այս աշխարհի առաջնությունում հիանալի հանդես եկան նաև մեր գերծանր քաշային ծանրորդները: Անգերազանցելի ու «գերմարդ» Լաշա Տալախաձեի հետ պայքարում հայ ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը կանգնեցին պատվո հարթակին. Մինասյանը, որը պարզապես փայլուն հանդես եկավ, 3 արծաթե մեդալ նվաճեց ու երկամարտում գրանցած 460 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը, երկամարտի 437 կգ արդյունքով նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը: Ի դեպ, Ալեքսանյանի համար սա առաջին մեդալն էր մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Ցավոք, պոկում վարժությունում Ալեքսանյանը ձախողեց առաջին երկու մոտեցումները, սակայն ուժերի լարումով ու բարձր կամային որակների շնորհիվ երրորդ փորձից բարձրացրեց 192 կգ ծանրաձողը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի համար մեդալ նվաճեց նաև Եվրոպայի փոխչեմպիոն, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը՝ պոկում վարժությունում արժանանալով փոքր բրոնզե մեդալի:

Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցեց 390 կգ (178+212) արդյունք ու զբաղեցրեց 5-րդ տեղը: Հրում վարժությունում մեր ծանրորդը 6-րդն էր:

ԱԱ-ում փոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը. 

Պոկում վարժության առաջին մոտեցման ընթացքում Անդրանիկը գլխավերևում պահեց 168 կգ կշռող ծանրաձողը, բայց հետո չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ-ն: Հայ ծանրորդը նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունը ցավալի ավարտ ունեցավ Անդրանիկ Կարապետյանի համար: Հայ ծանրորդը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացրեցնելով 195 կգ ծանրաձողը ու 0 ստացավ:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Առաջին ալիքի ուղիղ եթերում իր գոհունակությունը հայտնեց մեր մարզիկներից՝ ավարտված ԱԱ-ում մեր հավաքականի ելույթները գնահատելով «գերազանց»:

Նա նաև նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե 2020-ին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ծանրամարտի Հայաստանի հավաքականը քանի ուղեգիր կունենա: Այդուհանդերձ, Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությունն Օլիմպիական խաղերին հաստատված է: 

Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծեց, որ իրենց պարզապես մասնակցությունը չի բավարարի:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի սեպտեմբերի 29-ին` ժամը 23։30-ին, Կիև-Երևան չվերթով:

armsport.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08