Աշխատաժողով՝ նվիրված պղնձի արդյունահանման արդի վիճակին և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրներին

03.06.2024 16:20
912

Գիտություն-արտադրություն կապը սերտացնելու, կամ որ միևնույնն է՝ արտադրությունն արդիականացնելու խնդիրները հրատապ են եղել բոլոր ժամանակներում: Դա առավել ևս վերաբերում է լեռնահանքային արդյունաբերությանը, որի հետ բնապահպանական ռիսկեր են կապված: Այս համատեքստում առավել քան սպասված էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացված «ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակը և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրները» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Ձեռնարկության հյուրերն էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչներ, ամբիոնների վարիչներ, ՀԱՊՀ դասախոսներ, լեռնային արդյունաբերության ոլորտի առաջատար մասնագետներ, գիտաշխատողներ:

Տանտիրոջ իրավունքով ներկաներին ողջունեց կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին. «Մեծ պատիվ է գիտության ներկայացուցիչներին ընդունել մեր կոլեկտիվում: Պիտի ասեմ, որ յուրաքանչյուր արտադրություն սկսվում է գիտությամբ և ավարտվում նրանով: Մենք որոշակի ժամանակաշրջանում այդ մասին մոռացել էինք կամ դրան քիչ տեղ էինք հատկացրել: Եթե մեր առջև խնդիր ենք դրել ունենալ ամենաբարձր ցուցանիշներով ձեռնարկություն՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ բնապահպանական, թե՛ կառավարման, թե՛ կորպորատիվ պատասխանատվության առումներով, ուրեմն այսօր ճիշտ վայրում և ոլորտին տիրապետող իսկական մարդկանց հետ ենք: Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականում դա այդպես է»:

Ռ. Խուդոլին բարեմաղթանքի խոսքում ի մասնավորի անդրադարձավ «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, ներդրումային վիճակի բարելավմանը:

«Հայաստանում լեռնամետալուրգիական արդյունաբերության զարգացման հնարավորությունների գնահատականը» զեկուցումով հանդես եկավ ՀԱՊՀ լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը:

Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը հանդես եկավ կոմբինատի գործունեության և տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հակիրճ տեղեկատվությամբ: Մասնավորապես,  ձեռնարկությունը տարեկան վերամշակում է 22 միլիոն տոննա հանքաքար, 2023 թվականին պետությանն է վճարել 200 միլիոն դոլար հարկ, կոմբինատի արտադրանքը կազմել է հանրապետության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,2%-ը, ձեռնարկության աշխատողների թիվը 4660 է, միջին աշխատավարձը՝ 683.000 դրամ (ի դեպ, այս թվի մեջ ներառված չեն հավելավճարները): Հընթացս բանախոսը մանրամասնեց պետությանը վճարվող հարկերի դինամիկան:

Աշխատաժողովի մասնակիցները հարցեր ուղղեցին նրան, մասնավորապես. «Ի՞նչ եք մտածում պոչամբարը որպես տեխնածին հանքավայր ուսումնասիրելու և նրանում եղած պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ» հարցին Վարդան Ջհանյանը պատասխանեց, որ դա առայժմ տնտեսապես և ֆինանսապես անիրականանալի է: Եվ համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր չկան: Նոր պոչամբար կառուցելու հարցադրմանը հավելեց, որ առաջիկա հինգ տարվա կտրվածքով պոչամբարը բավարար է, իսկ երկարաժամկետ ծրագրերում նոր պոչամբարի կառուցումը ներառված է: Տնտեսագետներին, օրինակ, հետաքրքրում էր, թե ինչպես են կարողանում առաջընթաց ապահովել մետաղական բորսայում՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի գների տատանումների պայմաններում:

Աշխատաժողովի մասնակիցներն այցելեցին կոմբինատի բացահանք և ջարդիչ կայան:

Աշխատաժողովի երկրորդ օրը զեկուցումներ ներկայացվեցին «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարները» (Վարդան Ալեքսանյան, ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ) և «Պղնձի արդյունահանման տիպերը, ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակը» (Սուրեն Ներսեսյան, ԵՊՀ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ) թեմաներով:

Զեկուցումներից հետո իր նկատառումները հայտնեց Ռոման Խուդոլիյը. «Միջազգային շուկայում պղնձի պահանջարկն արտադրության ոլորտում այլ խնդիրներ են առաջ բերում: Ուստի հանքաքարից մետաղների կորզման տեխնոլոգիաներն առաջընթաց պիտի ապրեն: Եթե գիտական առումով մեզ աջակցություն չլինի, չենք կարող այս հանքավայրի արդյունավետ շահագործում ակնկալել»:

Այնուհետև աշխատաժողովի մասնակիցներն ըստ մասնագիտությունների և հետաքրքրությունների շրջանակի խմբերի բաժանվեցին ու եղան կոմբինատի ղեկավար օղակների աշխատասենյակներում: Տնտեսագետները, օրինակ, հավաքվեցին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի մոտ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանը: Զրույցի ընթացքում, մասնավորապես, Վարդան Ջհանյանը ներկայացրեց ձեռնարկության արտադրանքի առաքումը սպառողին, որը Չինաստանն է, և այդ արտադրանքի առաքման առանձնահատկությունները:

Ինչ վերաբերում է երկու կողմի համագործակցությանը, դրա դրսևորումներից մեկն այն կլինի, որ կոմբինատը պատրաստակամություն հայտնի՝ Երևանի պետհամալսարանի «Լեռնային գործ» մասնագիտությամբ ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան անցկացնել կոմբինատում, ընդ որում՝ բոլոր ծախսերը վերցնելով իր վրա:

Հյուրերը տպավորված հեռացան կոմբինատից:

– Ավելի տպավորիչ էին կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի արտահայտած տեսակետները կոմբինատի զարգացման համատեքստում: Պարոն Խուդոլին նախանշեց այն ուղղությունները, որ պիտի որդեգրի կոմբինատն առաջիկա տարիներին: Դրանցից՝ մեկն առնչվում էր երկրաբանական-որոնողական աշխատանքներին: Շոշափվեց նաև հանքաքարի արդյունահանման ու վերամշակման նոր տեխնոլոգիաների ներդրման խնդիրը: Ամփոփելով այս ամբողջը՝ կարելի է փաստել, որ կառուցողական ու արդյունավետ էր աշխատաժողովը, քանզի և՛ կոմբինատի, և՛ գիտական համայնքի համար պարզ դարձան այն ուղղությունները, որով պիտի առաջնորդվեն հետագայում,– «Սյունյաց երկրին» իր տպավորությունները ներկայացրեց  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Բաղդասարյանը:

Աշխատաժողովի՝ Երևանից ժամանած հյուրերի այցն ավարտվեց կոմբինատի պոչամբար այցելություն կատարելով:

 

Վահամ Օրբելյան

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10