Աշոտ Հայրապետյան. «Չեմ հիշում, թե երբեւէ Ձեր թերթն ինձ նման հարցեր ուղղած լինի… »

25.05.2017 14:48
2616

(Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պատասխանել է «Սյունյաց երկրի» հարցերին)


- Պարոն Հայրապետյան, ե՛ւ ՏԻՄ ընտրությունների շեմին՝ 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, ե՛ւ 2017թ. ԱԺ ընտրությունների առիթով բավականին շատ խոստումներ տրվեցին կապանցիներին:

Եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ Դուք էիք ապագա անելիքների ուրվագիծը ներկայացնում, ապա ԱԺ ընտրությունների ժամանակ՝ պատգամավորի թեկնածուները թիվ 12 ընտրատարածքի վարկանիշային ցուցակից:

Կարո՞ղ ենք հիմա՝ հանգիստ մթնոլորտում, ամփոփել՝ ի՞նչ կարեւոր խոստումներ հնչեցին այդ ժամանակ՝ Կապանին առնչվող եւ որքանո՞վ են դրանք իրատեսական ու պահանջված:

- Կոնկրետ ՏԻՄ ընտրությունների ընթացքում տրված խոստումները տեղ են գտել հետագայում ընդունված՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում, այնպես որ դրանք չեն մնացել զուտ իբրեւ խոստումներ կամ նախընտրական ծրագիր, այլ ամրագրվել են առավել լուրջ փաստաթղթով, մյուսներն էլ մեր ամենօրյա աշխատանքի մասն են կամ ընթացիկ տարվա անելիքներից:

Ինչ վերաբերում է պահանջվածությանը. դրանք ի հայտ են եկել ոչ թե պարզապես մեր ցանկությամբ կամ նախընտրությամբ, այլ՝ բնակչության հետ տարբեր հանդիպումների, նաեւ մեր աշխատանքի ընթացքում:

Օրինակ, երբ 4 տարի առաջ ձեռնամուխ եղանք քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությանը, դա պահանջված էր եւ կարեւոր, սակայն քաղաքացիները նման ձեւակերպմամբ չէին բարձրացրել հարցը, երեւի շատերը չէին էլ գիտակցում, թե որն է իրենց խնդիրների աղբյուրը, բայց ամեն մեկի անձնական հարցադրմանը ծանոթանալով՝ եկանք համոզման, որ դրա անհրաժեշտությունը կա:

Հիմա նույնկերպ, եթե մարդը գալիս է քաղաքապետարան եւ ասում, որ տանիքը կաթում է, վերելակը չի աշխատում կամ մուտքը նորոգման կարիք ունի, ինքն իր անձնական կամ առավելագույնն իր շենքի խնդիրն է բարձրացնում: Իսկ մեր առաջարկած փոփոխության ձեւակերպումն ու տված խոստումը վերաբերում էին խնդրի համակարգային լուծմանը, այն է՝ պիտի այլընտրանք լինի բազմաբնակարան շենքերի կառավարման չարդարացված մոդելին՝ համատիրությանը: Բայց փոփոխության ձգտելիս՝ բախվեցինք իրողությանը, որ բնակշահագործման տեղամաս ստեղծել չենք կարող, քանզի օրենքով գործող կառավարման միակ տարբերակը մնում է համատիրությունը: Ուստի, նախեւառաջ օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ, դրա համար էլ այս հարցը փորձում ենք հասցնել ավելի վերին օղակներ: Մինչեւ գործող այս կառույցները չլուծարվեն, մեկ այլ կառույց չի կարող նրանց լիազորությունները ստանձնել:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները (հիմնականում) տեղ են գտել համայնքի զարգացման հնգամյա ծրագրի մեջ: Եվ, եթե կարելի է, համառոտ ներկայացրեք, խնդրեմ, համայնքի զարգացման հնգամյա ծրագրի կառուցվածքն ու բովանդակությունը:

- Արդեն մասամբ պատասխանեցի, այո՛, համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը կազմելիս՝ առաջնորդվել ենք նաեւ իմ նախընտրական ծրագրի դրույթներով, որովհետեւ, ի վերջո, այդ երկու փաստաթղթերի առանցքում էլ այն Կապանն է, որը ցանկանում եմ տեսնել:

Նշեմ, որ այդ ծրագրի կառուցվածքն ու բովանդակությունը համայնքն ինքը չի մշակում, այլ կան ՀՀ կառավարության կողմից հստակ մշակված կառուցվածք ու բովանդակային կետեր, որոնք պարտադիր են բոլոր համայնքների համար: Ընդ որում, 2017-ի ծրագիրը կազմվեց լրիվ նոր մեթոդաբանությամբ, որն առավել խիստ է, իրատեսական եւ կոնկրետություն պահանջող: Այն զուտ ցանկությունների փաստաթուղթ չէ, այլ՝ հիմնավորված:

Կառուցվածքի մասին հարցազրույցում հնարավոր չէ մանրամասն խոսել, ասեմ, որ ծրագրում ընդգրկված են համայնքում առկա իրավիճակը՝ ըստ տարբեր ոլորտների, նախատեսվող ծրագրերը, որոնց ֆինանսավորումն ակնկալվում է պետբյուջեից, համայնքային բյուջեից, տեղական եւ միջազգային դոնորներից, ընդ որում, յուրաքանչյուր ծրագիր հիմնավորվում է համայնքի համար դրա անհրաժեշտությամբ, ակնկալվող արդյունքներով:

Կա նաեւ կանխատեսումների բաժին, որտեղ ֆինանսական եւ համայնքային կյանքին վերաբերող վերլուծություններ են, անդրադարձ կա զարգացման խոչընդոտներին եւ դժվարություններին, համայնքի ուժեղ եւ թույլ կողմերին, հակիրճ ձեւակերպված է համայնքի զարգացման տեսլականը եւ այլն:

- Ենթադրում ենք, որ զարգացման հնգամյա ծրագրի յուրաքանչյուր կետ ֆինանսական ստույգ հիմնավորում ունի. արդյո՞ք այդպես է:

- Ծրագրում կան ե՛ւ հստակ գործողություններ, որոնք պարտադիր են եւ ունեն կոնկրետ ժամկետներ ու ֆինանսավորման աղբյուրներ, ե՛ւ ցանկալի գործողություններ, որոնք համայնքը կարեւորում է, բայց ֆինանսավորման աղբյուրը դեռեւս գտնված չէ:

Եվ նոր մեթոդաբանությամբ պետք է կատարվի նաեւ մոնիտորինգ, այսինքն՝ ծրագիրը հենց այնպես չես գրում ու թղթին թողնում, ամեն կետի համար համայնքը պատասխանատվություն է կրում:

- ԱԺ ընտրությունների նախօրեին կապանցիներին խոստացան, հավաստիացրին վերագործարկել մարզկենտրոնի օդակայանը, եւ մարդիկ սպասում են անհամբեր…

Ի՞նչ ընթացքի մեջ է այդ խոստման կատարումը, ե՞րբ կարող է իրականություն դառնալ ծրագիրը եւ ի՞նչ միջոցներով: Հետաքրքիր է՝ ի՞նչ արժե այդ հաճույքը:

- Տրված խոստման ուղղությամբ տարբեր աշխատանքներ են ընթանում, որին զուգահեռ քննարկվում են օդանավակայանի վերագործարկման տարբեր մանրամասներ, մի քանի անգամ հրավիրված մասնագետների խումբը տեղում աշխատել է:

Հստակեցվում է նաեւ օդանավակայանի համար անհրաժեշտ մակերեսը, որովհետեւ այնտեղ գույքը համայնքային սեփականություն է, դրա տակ եղած հողի մի մասը՝ Կապանի, մյուս մասը Սյունիք համայնքի վարչական սահմաններում է:

Նախնական շինարարական աշխատանքներ են ընթանում, քաղաքապետարանի կողմից արդեն տրվել են նախկինում կառուցված շինությունների քանդման թույլտվությունները:

Ներկայումս նաեւ բանակցություններ են ընթանում «Բաշկիրիայի ավիաուղիների» հետ՝ օդանավակայանի պայմաններին եւ ենթադրվող ուղեւորների քանակին համապատասխան ինքնաթիռներ ձեռք բերելու համար: Քաղավիացիայի մասնագետներն ուսումնասիրում են նրանց ֆոնդում առկա՝ առաջարկված ինքնաթիռները:

Մյուս մանրամասները, կարծում եմ, կարող է հայտնել վերագործարկման ծրագրի նախաձեռնողն ու իրականացնողը՝ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը:

- ԱԺ ընտրությունների ժամանակ Կապանում շրջանառվում էր մի հարց, որ պատասխան չտրվեց:

Հարցն այսպիսին էր՝ Աշոտ Հայրապետյանն այն անձնավորությունն է, ով, դատելով 2012 եւ 2016թթ. ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, ամենամեծ ընտրազանգվածն ունի Կապան քաղաքում: Եվ նման ընտրազանգված ունեցող անձնավորությունը չառաջադրվեց պատգամավորի թեկնածու: Ոմանք դա գնահատեցին ՀՀԿ-ի բաց թողնված շանսը Կապանում: Եվ, այդ բոլորով հանդերձ, ինչո՞ւ կուսակցությունը Ձեզ չառաջադրեց պատգամավոր թեկնածու, իսկ միգուցե Դուք հրաժարվեցի՞ք ընդգրկվել թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակում:

- Նախ նշեմ, որ ՏԻՄ եւ համապետական ընտրությունները տարբերվում են. ՏԻՄ ընտրությունները, քաղաքական լինելով հանդերձ, քիչ քաղաքականացված են, ԱԺ ընտրությունները լրիվ քաղաքականացված են, թեեւ փոքր համայնքներում, այնուամենայնիվ,  մարդիկ առաջնորդվում են ոչ թե գաղափարներով, այլ անձերով:

Ընտրությունների ընթացքում դու միայն ինքդ քեզ կամ քո թիմի քարոզչությունը ներկայացնելու խնդիր չես լուծում. յուրաքանչյուր քաղաքական ուժ ակնկալում է ձեռքբերումներ, եւ թիմում ընդգրկված ամեն անդամ փորձում է ոչ միայն ունեցած հավանական ընտրազանգվածն իր հետեւից տանել, այլ նաեւ ձեռք բերել այն ընտրողների քվեն, որոնց կողմնորոշումը նախապես տեսանելի չէ: Ուստի, եթե դա կարող ես անել նաեւ առանց ասպարեզ դուրս գալու, ամրագրում ես այն, ինչը անձնապես քոնը չի կոչվում, բայց քո թիմինն է:

Եթե ես արդեն իսկ գիտեմ՝ ովքեր են իմ կողմնակիցները, ովքեր ընտրություններին ակտիվ են լինելու, սատարելու են իմ թիմին իմ կոչով, հորդորով, խնդրանքով, պարտադիր չեմ համարում, որ թեկնածուներից մեկը լինեմ: Այդ մարդիկ իմ կողքին էին՝ անկախ իմ թեկնածու լինել-չլինելու հանգամանքից, եւ եթե ինքս հանդես եմ եկել կոչով, նրանք գիտեին իմ կողմնորոշումը, դրանով իսկ ես իմ դերակատարությունն ունեցա:

Մարդիկ, ովքեր ինձ վստահել էին ամիսներ առաջ, էլի վստահեցին՝ արդեն համընդհանուր՝ իմ թիմի շահի համար, եւ թե՛ իմ, թե՛ համախոհների կատարած աշխատանքների արդյունքներից գոհ եմ:

- Վերջին ընտրություններին առնչվող հարցերը միգուցե եւ հրատապ չլինեին այսօր, եթե ապրիլի 2-ի արդյունքները մարզկենտրոնում, մեղմ ասած, մտահոգիչ չլինեին ՀՀԿ-ի համար:

Ապրիլի 2-ի քվեարկությանը մասնակցած կապանցիների մոտ 40 տոկոսն է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Առաջին հայացքից դա վատ ցուցանիշ չէ, բայց եթե համեմատում ենք նախորդ տարիների ընտրությունների արդյունքների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն Կապանում իր դիրքերը բավականին զիջել է: Ինչո՞վ եք պայմանավորում այդ նահանջը:

- Նախ ասեմ, որ «Սյունյաց երկիր» թերթի հրապարակման մեջ, որը վերաբերում էր Կապանում ՀՀԿ-ի՝ իբր արձանագրած նահանջին, բերված թվերն աղավաղված են, եւ համեմատությունները՝ ոչ տեղին: Վերլուծականում սխալներ կան, եւ անկեղծ ասած, ակնկալում էի, որ արձագանքողներ կլինեն, սակայն, ցավոք, չեղան:

Ամեն դեպքում ընտրողների տված քվեների տոկոսը հաշվարկվում է վավեր քվեաթերթիկների թվից, իսկ թերթի հոդվածում մի դեպքում վերցված է ընդհանուր ընտրողների թիվը, մի դեպքում՝ վավեր քվեաթերթիկների, ինչն էլ համեմատության իրական հիմք չի ապահովում: Այդ ամենով հանդերձ, իրական չեն նաեւ նշված թվերն ու Կապանում ՀՀԿ-ի հավաքած ձայների տոկոսները:

Ինձ մոտ առկա են թերթում նշված տարեթվերի ընտրությունների արդյունքները, եւ ինքս նորից կներկայացնեմ ՀՀԿ-ի գրանցած տոկոսները:

Եվ մեկ կարեւոր դիտարկում. համեմատություններն արվում են նույն ձեւաչափով, նույն հարթության մեջ գտնվող երեւույթների միջեւ. այս դեպքում չի կարելի ԱԺ ներկա համամասնական ընտրակարգի ցուցանիշները համեմատել նախկին մեծամասնական ընտրության ՀՀԿ թեկնածուի հավաքած ձայների տոկոսների հետ… Ընդ որում, եղել է մեծամասնական ընտրություն, երբ թեկնածուն անգամ մրցակից չի ունեցել, իսկ 2017-ին պայքարում էր 9 կուսակցություն եւ դաշինք, նրանցում ծնունդով կապանցի թեկնածուներն էլ 20-ից ավելին էին, եւ կապանցիների ձայները պետք է բաշխվեին այդ բոլոր ուժերի միջեւ… Այդ ամենով հանդերձ, ՀՀԿ-ն ոչ թե նահանջել է, այլ ավելի քիչ մասնակցության, նման մեծ մրցակցության պարագաներում, տոկոսային աճ եւ առաջընթաց արձանագրել:

Նախ՝ 2017-ին Կապանում ոչ թե 19507, այլ 19580 ընտրող է եկել քվեարկության, անվավեր է եղել 127 քվեաթերթիկ: ՀՀԿ-ի օգտին ոչ թե 7839, այլ 8852 մարդ է քվեարկել, այսինքն՝ ձեր նշած 40.2 տոկոսի փոխարեն՝ Կապանում ՀՀԿ-ն ստացել է 46 տոկոս ձայն, կրկնում եմ՝ տոկոսը հաշվարկվել է վավեր քվեաթերթիկների թվից:

2007թ. ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով Կապան քաղաքը ՀՀԿ-ին 19842 ընտրողների 19247 վավեր քվեաթերթիկներից տվեց 8143 ձայն՝ 42.3 տոկոս:

2012թ. ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով Կապան քաղաքը ՀՀԿ-ին 20 938 ընտրողից տվեց վավեր 20089 քվեներից 8680 կամ 43.2 տոկոս ձայն:

Մեծամասնական ընտրության թվերի հետ թերթի համեմատությանը չեմ անդրադառնում, անիմաստ է, ինչպես վերեւում նշեցի, լրիվ տարբեր ընտրակարգեր են, նույնկերպ անիմաստ եմ համարում ՏԻՄ ընտրությունների հետ համեմատելը, երբ մարդիկ ձայն են տալիս ոչ թե քաղաքական ուժի, այլ անհատի, չնայած այդտեղ էլ Ձեր նշած տոկոսները ստույգ չեն:

Ունեմ նույն ԱԺ համամասնական ընտրությունների տոկոսները հաշվարկված՝ նաեւ առանց զինվորների թվի, նույնիսկ այդ դեպքում էլ տոկոսային առաջընթացն ակնհայտ է… Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ եւ ընթերցողներին:

- Ապրիլի 2-ի նախօրեին Կապան ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը, ըստ շրջանառվող խոսակցությունների, մարզի ոչ բոլոր քաղաքապետերի հետ է առանձնազրույց ունեցել: Բայց Ձեզ հետ, որքանով տեղյակ ենք, համեմատաբար երկար զրույց է ունեցել: Կարող եք չասել, թե ինչ հարցերի շուրջ է եղել զրույցը: Բայց մի բան, անտարակույս, հետաքրքրում է կապանցիներին՝ ի՞նչ հարցեր արծարծվեցին Կապանին առնչվող, քանզի միշտ չէ, որ երկրի ղեկավարն առանձնազրույց է ունենում հանրապետության որեւէ համայնքի ղեկավարի հետ:

- Չեմ կարծում, թե որեւէ մեկը ժամանակաչափով հաշվել է, թե ով որքան է զրուցել ՀՀ նախագահի հետ… Բայց չեմ կարող չասել, թե որն էր զրույցի թեման, որովհետեւ ես որպես համայնքի ղեկավար եմ հանդիպում ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այլ ոչ որպես մասնավոր անձ, հետեւաբար՝ խոսակցության առանցքը եղել են ԱԺ ընտրությունները եւ հարցեր, որոնք վերաբերում են Կապան համայնքի հիմնախնդիրներին:

- Ըստ էության, որոշակիացվել է Սյունիքի մարզի համայնքների խոշորացման հետագա ծրագիրը: Շրջանառվող ծրագրի համաձայն՝ կխոշորացվի նաեւ Կապան համայնքը: Բացի Քաջարան քաղաքից եւ մերձակա Քաջարան, Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ գյուղերից, տարածաշրջանի մյուս բնակավայրերը կմիավորվեն Կապան քաղաքի հետ:

Ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացման ծրագրին:

Հիշեցնենք, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում ոչ միանշանակ կարծիք կա համայնքների խոշորացման առումով:

- Առհասարակ, խոշորացման ծրագրին դրականորեն եմ վերաբերվում, բայց դա, ըստ իս, պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ խոշորացման արդյունքում մեկ համայնքում միավորված բնակավայրերը, դրանց բնակիչները պիտի առավել շահեկան վիճակում հայտնվեն:

Տեղական ինքնակառավարում ասելով՝ ես առաջին հերթին հասկանում եմ սուբյեկտի՝ համայնքի եւ քաղաքացու իրավունքների իրացումը: Նշանակում է՝ խոշորացված համայնքն իր իրավունքներն առավել արդյունավետորեն իրացնելու հնարավորություն պետք է ունենա:

Խոշորացումը չի նշանակում ընդամենը աշխարհագրորեն վարչական սահմանները փոփոխել ու սահմանել, որ այսուհետ սա է համայնքը: Դա ենթադրում է քաղաքացու, տնտեսվարողի, խոշորացված համայնքի լիազորությունների եւ իրավասությունների ընդլայնում, հետեւաբար՝ նախեւառաջ՝ օրենսդրական փոփոխություններ:

Հնարավոր տարբերակ կարող էր լինել նաեւ խոշորացմանը զուգահեռ միջհամայնքային միությունների ստեղծումը, որովհետեւ խոսքը նաեւ ծառայությունների կենտրոնացման մասին է, իսկ կան համայնքներ, որ մինչ խոշորացումը չեն էլ կարողացել օգտվել այդ ծառայություններից: Դա ենթադրում է նոր համայնքի համար նոր ռեսուրսների, նոր հնարավորությունների անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է Կապանին, ապա այս տարիներին, երբ հարցը սրությամբ քննարկվում էր այլ համայնքներում, ես չեմ հիշում, որ որեւէ համայնքի ղեկավար կամ բնակիչ վատ ընդուներ այս լուրը: Չմոռանանք՝ Կապանը ստեղծվել է շրջակա գյուղերի բնակչության ներքին միգրացիայի հաշվին՝ պայմանավորված Կապանում առկա աշխատատեղերով: Իսկ յուրաքանչյուր կապանցի էլ արմատներով նախկին Կապանի շրջանի որեւէ գյուղից է: Եվ մեզ մոտ միմյանց ըստ գյուղերի զատելու սովորություն, տեղային մտածելակերպ չկա: Այսօր էլ Կապանում այդ 32 գյուղից առանց հաշվառման բնակվում են հազարավոր մարդիկ, ովքեր ընտրությունից ընտրություն են հայրենի գյուղ գնում: Եվ այդ գյուղերի որեւէ բնակչի եթե դրսում հարցնում են՝ որտեղացի՞ է, ասում է՝ կապանցի եմ, չի նշում գյուղը: Այնպես որ, միանալ-չմիանալու խնդիրն այստեղ սուր չի դրված, շրջանի ամեն գյուղացի էլ իրեն համարում է կապանցի ու Կապանը՝ իր քաղաքը եւ ունի դրա լրիվ իրավունքը: Այլ հարց է, թե խոշորացման արդյունքում գյուղն ինչ է շահելու:

- Արդեն իսկ կարելի է ասել, որ 2017-ը ՏԻՄ ընտրությունների տարի կլինի ե՛ւ Կապանում, ե՛ւ Սիսիանում:

Միգուցե եւ վաղ է հարցնել, բայց շատերին է հետաքրքրում՝ Աշոտ Հայրապետյանը կառաջադրվի՞ խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու, թե՞ ոչ:

Դուք տարօրինակ մի համարեք, երբ որոշ վկայակոչումներ անելիս հղում ենք կատարում հանրության մեջ շրջանառվող կարծիքին կամ խոսակցությանը. դա բխում է պաշտոնական տեղեկատվության բացակայությունից: Այդպիսի մի խոսակցության համաձայն էլ՝ ՀՀ նախագահի հետ Ձեր առանձնազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը գոհություն է հայտնել Կապանի քաղաքապետի գործունեության վերաբերյալ: Եվ իբր հենց այդ հանդիպման ժամանակ բարձր երաշխավորություն եք ստացել՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու բազմաբնակավայր Կապան համայնքի ղեկավարի թեկնածու: Հավաստի՞ են արդյոք այդ խոսակցությունները:

- Ես ներկայացնում եմ կոնկրետ քաղաքական թիմ, եւ առաջին անգամ չէ, որ ընտրությունից առաջ նման հարցին նման պատասխան եմ տալիս. ընտրությունը քաղաքական գործընթաց եւ զարգացում է, ուստի ժամանակից առաջ չընկնենք, այդ մասին կխոսենք համապատասխան ժամանակահատվածում:

- Դուք Ձեր տեղում շատ վստահ եւ ինքնուրույն գործչի տպավորություն եք թողնում, եւ դա գնահատելի է:

Բայց Կապանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վերաբերյալ Ձեր պաշտոնական դիրքորոշումը, որքան էլ սպասված է, չի երեւում…

Օրինակ, Կապանի հիվանդանոցի եւ Պոլիտեխնիկի մասնաճյուղի ղեկավարի անսպասելի փոփոխությունը, որ մինչեւ այսօր էլ ըստ պատշաճի չի հիմնավորվել ու հանրությանը չի ներկայացվել:

Իհարկե, դրանք Ձեր ղեկավարման տիրույթից դուրս հարցեր են, բայց ինչպե՞ս կարող է մարզկենտրոնի ընտրյալ ղեկավարն անտարբեր հայեցողի դերում գտնվել այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք հիվանդանոցի ղեկավարի եւ միակ պետական բուհի ղեկավարի փոփոխությունն է:

- Չեմ հիշում, թե երբեւէ Ձեր թերթը ինձ նման հարցեր ուղղած լինի, երբ փոխվում են Կապանի հարկային տեսչության պետը, մարզի դատախազը, ոստիկանության բաժնի կամ վարչության պետը եւ շատ այլ կառույցների ղեկավարներ, որոնք նույնպես շատ կարեւոր դերակատարում ունեն մեր համայնքի եւ նրա բնակիչների կյանքի համար:

Ինքս, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն ունենալով հանդերձ, ինձ թույլ չեմ տա գնահատականներ տալ, որովհետեւ միեւնույն է՝ դա հնչելու է զուտ իբրեւ սուբյեկտիվ կարծիք, թեեւ նշեմ, որ Ձեր թվարկած կառույցների ղեկավարների փոփոխությանը զուգահեռ զարգացումները հանրությանը ներկայացվել, պատճառաբանվել, մեկնաբանվել են իրավասու մարմինների կողմից:

- Մի քանի ամիս է, ինչ հանրապետության իշխանական համակարգից՝ ամենատարբեր մակարդակով, ներդրումային ծրագրեր են մեզ խոստանում, նույնիսկ թվեր են մատնանշում՝ ներդրվելիք գումարներն արտացոլող: Տարվա հինգերորդ ամսում ենք արդեն, հետաքրքիր է՝ այդ ընթացքում ովքեր եւ ինչ ներդրումներ են կատարել մարզի ամենախոշոր բնակավայրում՝ Կապանում:

- Մասնավոր ընկերությունների կողմից համայնքում ներդրումների չափը հասանելի է մեզ այնքան, որքան որ հանրությանը, ԶԼՄ-ներին, երբ որ դրանք իրենց ցանկությամբ հրապարակվում են կամ հաշվետություններ են ներկայացնում: Մենք այդ գործընթացներին մասնակցում ենք այն սահմանագծում, որում որ դրանք առնչվում են համայնքային կյանքին, քաղաքի հիմնախնդիրների լուծման ոլորտում մեր համագործակցությանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր կողմից կամ անմիջապես մեզ հետ տարվող աշխատանքներին, մեր գործունեությունը բաց է, ժամանակ առ ժամանակ հանդես ենք գալիս հաշվետվություններով, իսկ համայնքում իրականացվող ամեն մեծ ու փոքր աշխատանքի մասին տեղեկատվություն է տրվում: Մեզ առնչվող ամենախոշոր ներդրումներից ես կառանձնացնեի «Բնապահպանական մարտահրավերները հնարավորությունների վերածելով` պլաստիկ աղբից շինանյութերի ներմուծում» ծրագիրը, որն իրականացնում է համայնքապետարանը՝ տեղական այլ ՀԿ-ների հետ՝ Եվրամիության եւ ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ՝ մեր ֆինանսական ներդրմամբ: Այս ծրագրով Կապանում հիմնվում է տարածաշրջանից հավաքված պլաստիկ թափոններից շինանյութի արտադրություն, որն իր տեսակով նորություն է Հայաստանում:

- 2016թ. նոյեմբերի 4-ին Գորիսում, կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, հայտարարվեց, որ «արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը»: Ճիշտն ասած մենք ծանոթ չենք այդ փաստաթղթին, քանի որ չի հրապարակվել: Բայց կուզենայինք իմանալ՝ Կապանին առնչվող ի՞նչ սկզբունքային հարցեր են տեղ գտել այդ փաստաթղթում:

- Փաստաթուղթը հրապարակվել է, եւ Կապանում դրա վերաբերյալ հանրային քննարկում է եղել, որին անդրադարձել է նաեւ Ձեր թերթը: Այն դեռեւս նախագծի կարգավիճակում է, ուղարկվել է համապատասխան գերատեսչությունների հաստատմանը: Դա 2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարությունն է՝ ներկա իրավիճակի վերլուծությամբ, ընդհանրացված ուղղություններով, հիմնախնդիրներով, գործողությունների առաջարկով, բնականաբար, յուրաքանչյուր փոքր խնդիր եւ ծրագիր այնտեղ առանձնացված չէ, այն չպետք է նույնացնել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հետ, այնտեղ կոնկրետ Կապանի մասով ընդգրկված են 2 խոշոր ծրագրեր՝ օդանավակայանի գործարկումը եւ վերոնշյալ՝ պլաստիկից շինանյութ ստանալու ծրագիրը:

- Այդ օրը հայտարարվեց նաեւ՝ «առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր». Կապանում ստեղծվե՞ց այդ ծառայությունը, թե՞ ոչ:

- Կապանում վթարավերականգնողական ծառայությունն արդեն իսկ քանի տարի է գործում է՝ իբրեւ կոմունալ ծառայության 4 բաժիններից մեկը՝ իր հստակ գործառույթներով: Այլ հարց է, որ այստեղ կա մշտապես տեխնիկական վերազինման, աշխատանքների ընդլայնման եւ առավել արդյունավետության խնդիր, որի ուղղությամբ աշխատանք է տարվում:

- Ի դեպ, նույն հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ աշխատանքներ են տարվում «Կապանում ռետինե նյութերի վերամշակման եւ խողովակների արտադրության երկու գործարան հիմնելու համար», որոնք եւս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Վեց ամիս անց կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ է կատարվել այդ ուղղությամբ:

- Ինչ վերաբերում է այդ ուղղությամբ մեր գործառույթներին,  քաղաքապետարանի կողմից եւ մասնավոր անձի կողմից դրա համար տրամադրվեցին հողատարածքներ, եւ որքանով տեղյակ եմ՝ գործարանի մոդուլային կոնստրուկցիաները պատվիրված են: Մյուս մանրամասները կարող է հայտնել Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը:

Խմբագրության կողմից

«Սյունյաց երկիր» թերթի հարցերի պատասխանները, քաղաքապետարանի առաջարկությամբ, գրի է առել քաղաքապետարանի աշխատակիցը՝ առանց մեր լրագրողի մասնակցության. հրապարակում ենք առանց որեւէ միջամտության: Թվերի մի քանի աղավաղում պարունակող պատասխաններին կանդրադառնանք՝ ժամանակ լինելուն պես:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25