Ասք Կապանի օդակայանի մասին

22.03.2018 16:24
1438

Ահա մեկ տարի է, ինչ Սյունիքի մարզպետը գիշեր-ցերեկ, գրեթե բոլոր հանդիպումներում, զրույցներում, նաեւ քարոզչական պաստառներով շեփորահարում-թմբկահարում է, որ 2018-ի ապրիլին գործարկվելու է Կապանի օդակայանը:

Խոստովանենք՝ օդակայանի վերագործարկման գաղափարն արժանի է դրվատանքի: 

Բայց այդ ծրագրի նշանակությունը, ինչպես տեսնում ենք, փոքր-ինչ գերագնահատվում է ու անհարկի շահարկվում, ծառայեցվում մարզպետի չեղած վարկանիշի բարձրացմանը:

Իրականում (ուզենք-չուզենք) օդակայանի վերաբացման նշանակությունը դուրս չի գալիս Կապանի սահմաններից եւ այն համասյունիքյան իրադարձություն (ձեռնարկում) համարելու նվազագույն հիմքեր, ցավոք, չկան: Սիսիանից եւ Գորիսից դժվար թե հասնեն Կապան՝ Երեւան թռչելու համար: Մարզկենտրոն հասնելու փոխարեն, գրեթե նույն ժամանակամիջոցում (Թասի պես լեռնանցք չհաղթահարելով), կհասնեն մայրաքաղաք: Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի իրագործման դեպքում էլ Մեղրիից ու Կապանից ավտոմեքենայով Երեւան հասնելը մի քանի անգամ ձեռնտու եւ հաճելի կդառնա:

Սուտ է կիսագրագետ տղեկների պնդումը, թե իբր ներդրողները Սյունիքից խուսափում են հեռավորության պատճառով, թե իբր օդային երթուղին կխթանի ներդրողներին՝ ավելի հաճույքով առնչվելու Սյունիքին:

Մեր հանրապետությունն այնքան փոքր է, որ հարավից-հյուսիս կարելի է հասնել ժամերի ընթացքում եւ Երեւանից Կապան կամ Մեղրի հասնելը հավելյալ ջանք կամ խիզախություն չի պահանջում որեւէ նորմալ մարդու համար:

Օդակայանի վերագործարկման կարեւորությունն ավելի ընդգծելու համար հիմա էլ նոր դրույթ է շրջանառության մեջ դրվել՝ «մարզից հիվանդին շտապ տեղափոխելու համար օդանավը տալիս է հնարավորություն՝ հոգալ ժողովրդի առողջական խնդիրները»: 

Նախ՝ օդանավով աշխարհի ոչ մի երկրում ժողովրդի առողջական խնդիրներ չեն լուծում, դա անհեթեթ եւ շինծու տրամաբանություն է, բայց դա՝ մի կողմ:

Ըստ այդ «տեսության» հեղինակների՝ Երեւանում կայանած ինքնաթիռը, որ Երեւան-Կապան-Երեւան ամենօրյա թռիչքներ չի ունենալու, իմանալով, որ Կապանում մի ծանր հիվանդ կա, անմիջապես թռչելու է Կապան՝ նրան մայրաքաղաք տեղափոխելու համար: Մաշալա՜… Բա Սիսիանի, Գորիսի, Մեղրու հիվանդների՞ խնդիրը:

Իսկ ավելի լուրջ՝ հանրության լայն զանգվածների համար ոչ մատչելի սակագների պայմաններում Երեւան-Կապան-Երեւան ինքնաթիռային թռիչքը ձեռնտու է լինելու հատկապես Երեւանից բերված ու Քաջարանի կոմբինատում եւ Սյունիքի մարզպետարանում ներդրված ձրիակերների բույլին:

Դա ձեռնտու է լինելու մարզպետին. ուղղաթիռային մեկ թռիչքի համար ներկայումս վճարում է մոտ 700 հազար դրամ (միակողմանի), իսկ ինքնաթիռային թռիչքի դեպքում (միակողմանի) կվճարի 400 հազար դրամ:

Բացի միջոցների խնայողությունից, որն այս դեպքում ամենեւին էլ կարեւոր չէ նրա համար, լեգիտիմացվելու է աշխատանքի հաճախելու վահեհակոբյանական կերպը:

Ամեն դեպքում գնահատելի կլիներ, եթե Կապանի շրջանի բնակչության գոնե 10 տոկոսը դառնար այդ ծրագրի շահառու:

Չի կարելի չնկատել, որ Կապանի օդակայանի վերաբացման ծրագիրն էն գլխից դարձավ պրոպագանդայի նյութ: Ի սկզբանե կարեւորվեց ոչ թե բուն աշխատանքների ընթացքը, այլ պրոպագանդան, տեսիլը, պատրանքը:

Ի՞նչ խնդիրներ են դրված պրոպագանդիստների առջեւ:

Նախ՝ փորձ է արվում պատրանք ստեղծել, թե Վահե Հակոբյանն այնքան էլ անգործունակ ու անբան չէ, որ նա աշխատում է նաեւ:

Այնուհետեւ՝ փորձ է արվում հանրության մեջ սերմանել տեսակետ, որ ասպատակների կամ գաստարբայտերների խումբը դեռ երկար է Սյունիքում գաղութատիրություն անելու:

Նաեւ փորձ է արվել ու արվում՝ ցույց տալու, որ օրվա մարզպետը մտահոգված է սյունիքյան խնդիրներով, լուծում է մարզի առջեւ ծառացած հույժ կարեւոր եւ  հրատապ մի հարց:

Ասենք, սակայն, որ պրոպագանդիստական այդ հնարքները լուրջ ընկալումի չեն արժանանում:

Հիշենք գիտական հայտնի ճշմարտությունը՝ ամեն մի գործի կամ իրադարձության անհրաժեշտություն ու հրատապություն պետք է դիտարկել կոնկրետ ժամանակի մեջ, ժամանակից դուրս ոչինչ չկա բնության մեջ:

Ուրեմն, եթե օդակայանի վերագործարկման գաղափարը դիտարկում ենք մեր օրերում Կապանի առջեւ ծառացած հիմնախնդիրների ֆոնի վրա, ապա դրա անհրաժեշտությունն ինքնըստինքյան հետ է մղվում եւ որեւէ կերպ չի տեղավորվում առաջնահերթ խնդիրների մեջ: Կապանում այնքան շատ ու հրատապ հարցեր կան լուծման կարոտ, որոնցից ուղղակիորեն կախված է տեղի բնակչության կյանքի ու առողջության անվտանգությունը, բայց ասպատակները խնամքով շրջանցում են դրանք:

Պրոպագանդայի ընթացքում աստիճանաբար ու հիմնովին սրբագրվում է նաեւ վաղօրոք հայտարարված ծրագիրը՝ պայմանավորված քաղաքական կոնյունկտուրայով: 

Մի քանի անգամ փոխվեց օդակայանի վերագործարկման ժամկետը՝ ապրիլից տեղափոխվեց հուլիս:

Ասում էին՝ երթուղին լինելու է Կապան-Երեւան-Կապան, հիմա ասում են՝ Երեւան-Կապան-Երեւան:

Ասում էին՝ լինելու է ամենօրյա չվերթ, հիմա ասում են՝ Կապանի օդակայանից կանոնավոր թռիչքներ չեն նախատեսվում:

Ինչեւէ, օդակայանը պատրաստվում է վերագործարկման, ու բոլորս սպասում ենք հաճելի այդ իրադարձությանը: 

Օդակայանի թեման, սակայն, վերջին օրերին հայտնվել է ֆինանսական ինչ-ինչ անհասկանալի-անբացատրելի սխեմաների կիզակետում: Կրակը մարելու համար ոտքի են հանվել մայրաքաղաքային հայտնի լրատվամիջոցներ եւս, մինչդեռ առկա հարցերից գոնե մեկի պատասխանը չի տրվել դեռեւս, ու փոքր-ինչ անգամ չի նահանջել տարակույսների մշուշը:

2017թ. հոկտեմբերին մարզպետը հայտարարեց՝ Կապանի օդակայանում ընթացիկ տարում ներդրվել է 8 մլն դոլար, որից՝ 2.5-ը՝ բուն օդակայանի աշխատանքների վրա, 5.5-ը՝ օդանավի ձեռք բերման վրա:

Ընդունենք, որ 2017-ին իսկապես 8 մլն դոլար է ներդրվել Կապանի օդակայանում, թեեւ դա ներդրում կոչելու հարցում գրեթե բոլոր տնտեսագետները ձեռնպահ են:

2018-ի մարտի 7-ին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանեց Սյունիք, մարզպետը հայտարարեց, որ ընթացիկ տարում 4.5 մլրդ դրամ է ներդրվելու Կապանի օդակայանում:

Առաջին հարցը, որ ծագեց դրանից հետո, հետեւյալն է՝ որքա՞ն գումար ենք դրել (դնում) Կապանի օդակայանում՝ ո՞ւթ մլն դոլար, թե՞ 16 մլն դոլար:

Հարցը կարելի է  եւ այսպես ձեւակերպել՝ իսկապե՞ս 2017-ին Կապանի օդակայանում դրվել է 8 մլն դոլար, ինչի մասին մարզպետը զեկուցել է հանրությանը:

Իսկ միգուցե 2017-ին դրված 8 մլն դոլարը (եթե, իհարկե, դրվել է) հիմա էլ ցույց ենք տալիս իբրեւ ներդրում 2018-ի ընթացքում՝ դրամական փոխարժեքով՝ 4.5 մլրդ դրամ:

Բայց եկեք 5.5 մլն դոլարը մի կողմ թողնենք եւ գնանք Կապանի օդակայան՝ տեսնելու, համոզվելու, թե 2.5 մլն դոլարով ի՞նչ աշխատանքներ են կատարվել այնտեղ 2017-ի ընթացքում եւ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում:

Մի սպասասրահի կառուցում, որի ավարտը դեռ չի երեւում (լուսանկարը՝ սույն հրապարակման մեջ), խորհրդային տարիներին՝ Ռաֆիկ Մինասյանի նախաձեռնությամբ բավականին որակով կառուցված թռիչքուղու առանձին հատվածները նոր-նոր կարկատելու փորձ, թռիչքուղուն կից անվտանգության գոտու հողային հարթ շերտի անհարկի վերահարթեցում…

Եվ այդ ամենը, ըստ մասնագետների, հազիվ թե պահանջած լինի 100 հազար դոլարին համարժեք գումար:

Մասնագետների պնդումը, սակայն, հաճույքով կհերքենք, եթե լիազորված որեւէ մեկը հանրությանը ներկայացնի, թե 2017-ի ընթացքում, այնուամենայնիվ, ինչ կոնկրետ գործեր են կատարվել օդակայանում, որի վրա իբր ծախսվել է 2.5 մլն դոլար:

Հիմա՝ ինքնաթիռի մասին…

Հետեւելով վահեհակոբյանական ծանծաղ պրոպագանդային՝ տպավորություն ենք ստանում, որ օդակայանի վերագործարկման գաղափարի անվերջ տարփողումն ավելի շատ արվում է ինչ-որ ինքնաթիռի ձեռքբերումն արդարացնելու, հիմնավորելու համար:

Եվ հերթական պարզագույն հարցն է ծագում՝ Կապանի օդակայանի վերագործարկումն իրո՞ք պայմանավորված է սեփական ինքնաթիռ ունենալով:

Ասել եւ պնդում ենք՝ այլ բան է օդակայան շահագործել, մեկ այլ բան՝ այդ օդակայանից բեռներ կամ ուղեւորներ փոխադրել:

Այնպես որ՝ Կապանի օդակայանի գործարկումն ու սեփական ինքնաթիռի ձեռքբերումն իրար հետ կապ չունեցող գործարքներ կամ ձեռնարկումներ են:

Ասվածն ավելի պարզեցնենք՝ եթե իսկապես Երեւան-Կապան-Երեւան օդային երթուղին պահանջված է, ապա ուրեմն բիզնեսի առումով գրավիչ է, շահեկան է, ուստի եւ ցանկացած փոխադրող մեծագույն հաճույքով կստանձնի այդ երթուղու սպասարկումը:

Իսկ եթե երթուղին պահանջված չէ, եթե դրա կարիքն այս պահին չկա, եթե անհրաժեշտ քանակությամբ ուղեւորներ չկան, ուրեմն եւ վնասով աշխատող երթուղին որեւէ մեկին չի հետաքրքրի: Անգամ սեփական ինքնաթիռ ունենալու դեպքում տվյալ երթուղու շահագործումն անիմաստ կդառնա:

Այնպես որ՝ ե՛ւ շահութաբեր, ե՛ւ ոչ շահութաբեր լինելու պարագայում, սեփական ինքնաթիռ ունենալն ածանցյալ հարց է, եթե ոչ անիմաստ:

Հետեւաբար՝ ինչո՞ւ անպայման 5.5 մլն դոլար տալ եւ Կապանի օդակայանի անվամբ սեփական ինքնաթիռ ձեռք բերել:

Այդ ծախսն առավել տարակուսելի եւ անտրամաբանական է թվում, երբ հիշում ենք մեր երկրի՝ գրեթե պատերազմական վիճակում գտնվելու իրողությունը, երբ հիշում ենք, որ անգամ նվազագույն աշխատավարձ ստացող հայաստանցին ամսական հազար դրամ է վճարում՝ հօգուտ ազգային բանակի:

Եթե որեւէ մեկը մեզ հակադարձի, թե դա Քաջարանի կոմբինատի փողն է եւ սեփականատիրոջ գործն է, ապա ստիպված կլինենք հիշեցնել ակնհայտը՝ Քաջարանի կոմբինատը եւս Հայաստանի Հանրապետությանն  է, եւ անհարկի ու աննպատակ ծախսեր անելով՝ պետությանը տրվող հարկաբաժինն է նվազում:

Մյուս կողմից, եթե Քաջարանն այդքան միջոցներ ունի, ապա թող նվազեցնի իր մահասփյուռ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ ամսական մի քանի հոգով պակասեցնի անժամանակ մահացողների կամ հիվանդացողների քանակը տարածաշրջանում:

Եթե Քաջարանն այդքան միջոցներ ունի, ապա թող մարզում սոցիալական ծրագրերի  իրականացման ծավալը հասցնի գոնե Մաքսիմ Հակոբյանի օրերի 10 տոկոսի չափին:

Ուրիշ հարց էլ  կա. եթե նույնիսկ ձեռք ենք բերում ինքնաթիռ կամ օդակայան վերագործարկում, ապա ի՞նչ կապ ունի այդ ամենը Վահե մարզպետի հետ:

Եթե պետական միջոցներով ենք այդ ամենն անում, ապա դա կառավարության գործն է: 

Եթե Քաջարանի կոմբինատն է ինքնաթիռ ձեռք բերում կամ գործարկում թռիչքադաշտը, ապա դա եւս կառավարության ու սեփականատերերի խնդիրն է:

Երկու դեպքում էլ մարզպետը կապ չունի, բայց ինքը եւ իր պրոպագանդիստներն այդ ամենն անպայման կապում են մարզպետի հետ: Եթե այդպես է, ապա ի՞նչ մանդատ ունի Վահե Հակոբյանը գնումների սույն գործընթացում: Մի տեսակ տարօրինակ վիճակ է՝ նա հանդես է գալիս ե՛ւ պետության անունից, ե՛ւ Քաջարանի սեփականատերերի անունից, ե՛ւ անգամ ինքնաթիռ վաճառողների անունից:

Քանիցս հայտարարվել է՝ Կապանի օդակայանի վերագործարկման, ինքնաթիռի ձեռքբերման գործում մասնաբաժին ունի Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը, որի սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Այդ դեպքում ինքնաթիռի ձեռքբերումը, նաեւ օդակայանում կատարվող շինաշխատանքները (նախագծումից սկսած) պետք է իրականացվեին գնումների գործընթացի մասին հանրապետությունում գործող կարգի համաձայն: Հետաքրքիր է՝ ե՞րբ եւ որտե՞ղ են հայտարարվել նշված աշխատանքները կատարելու ու ապրանքը ձեռք բերելու համար մրցույթները: Եվ արդյո՞ք գործող կարգի համաձայն իրականացվել են համապատասխան միջոցառումներ: Այլ պարագայում, անկեղծ լինենք, գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ:

Եվ այսպես՝ ինչո՞ւ ենք մեր սուղ միջոցներից 5.5 մլն դոլար հատկացնում մի ինքնաթիռի ձեռք բերման համար, որն իրականում կապ չունի Կապանի օդակայանի վերագործարկման հետ:

Ինչո՞ւ ենք անընդհատ ասում, որ 2.5 մլն դոլար ենք ծախսել օդակայանում, բայց չենք ասում, թե կոնկրետ ինչ աշխատանքներ ենք արել:

Ինչո՞ւ ենք 2017-ին հայտարարել՝ օդակայանում կատարվել է 8 մլն դոլարի ներդրում, հիմա էլ ասում ենք՝ 2018-ին դնում ենք 4.5 մլրդ դրամ:

Արդյո՞ք այդ ամենը կատարվել է գնումների գործընթացի մասին ՀՀ օրենքին համահունչ:

Հարցերի պատասխանը դեռեւս չկա, ինչն էլ ճանապարհ է բացում ամենատարբեր ասեկոսեների համար՝ մի կողմից կոռուպցիայի «բույր», մյուս կողմից Քաջարանի կոմբինատը սնանկացման ճանապարհով մինչեւ վերջ տանելու համառություն…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01