Ավելի քան վստահ եմ, որ մենք պարտվել ենք ոչ թե թուրքին և ադրբեջանցուն, այլ՝ ինքներս մեզ․ Արցախի ԱԳ նախարար

01.04.2021 23:52
712

Tert.am-ը Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, Հայաստանի և սփյուռքի հետ հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին պատեկացումների վերաբերյալ զրուցել է Արցախ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։  Նրա խոսքով՝ իրենց համար գերխնդիր է, Արցախի Հանրապետութան սուբյեկտայնությունը, աշխարհաքաղաքական գործոնի, խաղացողի իրենց դերը պահպանելը։

«Դա կարևորագույն խնդիր է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև՝ պետականաշինության համար։ Դրա համար մենք ունենք համապատասխան ներուժ։ Նախևառաջ դա մեր աշխարհագրական դիրքն է։ Նույնիսկ այս մասնատված վիճակում Արցախը շարունակում է դերակատարություն ունենալ, որովհետև մի բան է Անդրկովկասն առանց հայոց Արցախի, մեկ էլ այն բան է, որ այդպիսի կազմավորում չլինի»,- ասում է նա։

-Պարո՛ն Բաբայան, պատերազմից հետո Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությունում առաջնահերթությունները որո՞նք են դարձել։

-Բնական է, որ կան արտաքին քաղաքական գերխնդիրներ, որոնք ավանդական են, եղել են, կան և կմնան։ Դրանք են՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, տարբեր երկրների և այլ սուբյեկտերի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը և դրանց թվի ընդլայնումը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Բացի դրանցից՝ հիմա մեզ համար գերխնդիր է, և որից կախված է նաև մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը, Արցախի Հանրապետութան սուբյեկտայնությունը, որպես աշխարհաքաղաքական գործոնի, խաղացողի  դերի պահպանումը։ Դա կարևորագույն խնդիր է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև՝ պետականաշինության համար։ Դրա համար մենք ունենք համապատասխան ներուժ։ Նախևառաջ դա մեր աշխարհագրական դիրքն է։ Նույնիսկ այս մասնատված վիճակում Արցախը շարունակում է դերակատարություն ունենալ, որովհետև մի բան է Անդրկովկասը առանց հայոց Արցախի, մեկ էլ այն բան է, որ այդպիսի կազմավորում չլինի։ Բայց դա ունենալով էլ՝ մենք կարող ենք վերածվել աշխարհաքաղաքական օբյեկտի։ Որպեսզի սուբյեկտ լինենք, շատ կարևոր է, որ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում Արցախը գերագույն արժեքներից մեկը լինի հայության համար և Արցախի դերակատարությունը վճռորոշ լինի թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքում։ Սա չի նշանակում, որ Արցախը պետք է ամեն մի մանրուքի մեջ ներգրավվի և դրանով իր ներուժը վատնի, բայց ամենակարևոր հարցերում Արցախի ձայնը պետք է լինի վճռորոշ։ Այ դա կապահովի մեր սուբյեկտայնությունը։

-Արդյոք 2020 թվականի արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը, ինչ-որ առումով չի բարդույթավորու՞մ արցախյան իշխանություններին, Հայաստանին, սփյուռքին։

-Ընդհանրապես բարդույթավորումը հայ ժողովրդի համար կարևոր հարցերից է եղել տարիներ շարունակ։ Մենք, ապրելով մեր տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, դարեր շարունակ եղել ենք ճորտացած տարբեր նվաճողների կողմից։ Դա բարդույթ էր առաջացնում հայ ժողովրդի ենթագիտակցության և աշխարհընկալման մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, երբ կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը, մեր մշակութային ժառանգությունը։ Սփյուռքում հայկականության պահպանումն էլ մեծապես կապված է եղել Ցեղասպանության մասին հիշողություններից։ Դա էլ ինքնին զոհի բարդույթի մի ձև էր։ Այդ բարդույթով էին տառապում նաև հենց Հայաստանում ապրող հայերը, և հենց արցախյան առաջին պատերազմում, ապրիլյան պատերազմում տարած մեր հաղթանակները մեզ թույլ տվեցին կամաց-կամաց այդ բարդույթից հրաժարվել, ձերբազատվել։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ բարդույթ չառաջանա նրանից հետո, ինչ եղավ մեզ հետ վերջերս։ Այս անգամ բարդույթ կարող է լինել այն, որ մեզ մոտ, Աստված մի արասցե, ստեղծվի կարծիք, որ մեր ազգային պետականությունը հանդիսանում է մեր ժողովրդի գոյության ամենամեծ սպառնալիքը։ Սա չպետք է թույլ տանք։ Շատ ծանր, վճռորոշ ժամանակահատվածում ենք մենք գտնվում, հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ այս արհավիրքը միասնական ուժերով հաղթահարենք։

Ավելի քան վստահ եմ, որ մենք պարտվել ենք ոչ թե թուրքին և ադրբեջանցուն, այլ՝ ինքներս մեզ․ այ դա մեզ համար և՛ դժվարացնում է պատվածի բարդույթը հաղթահարելը, և՛ հեշտացնում։

-Սփյուռքը մշտապես աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Հիմա ակնհայտ է՝ կա որոշակի հիասթափություն հայաստայան իշխանությունների նկատմամբ արցախյան պատերազմում մեր պարտվելու պատճառով։ Ինչպե՞ս եք պատկերացնում Դուք սփյուռքի հետ աշխատանքը։

-Իհարկե, շատ ակտիվ շփումներ ենք ունենում սփյուռքի մեր քույրերի և եղբայների, տարբեր կազմակերպությունների հետ։ Ես չեմ ուզում մանրամասներ բարձրաձայնել։ Ընդհանրապես մեր արտաքին քաղաքական ռազմավարության համար մի այսպիսի կարգախոս ենք որդեգրել․ քիչ աղմուկ, մեծ աշխատանք։ Փիարով չենք զբաղվելու, չենք գովազդելու, թե ինչ ենք անում, ում հետ ենք հանդիպում։ Դա հատկապես հիմա վնասում է մեզ։ Բայց շփվելով սփյուռքի հետ՝ կարող եմ ասել, որ իհարկե կա այդ սարսափելի վերքը այն ամենից հետո, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, սակայն Արցախը, որպես գերագույն արժեք, իր դիրքը սփյուռքում չի կորցրել։ Դա շատ կարևոր հանգամանք է, որը մենք պարտավոր ենք պահպանել։

-Խոսենք Հայաստան-Արցախ արտաքին քաղաքական հարաբերություններից։ Հիմա ինչպիսի՞ն են դրանք։

-Ինչպես նշեցի՝ մեր աշխարհաքաղաքական դերի բարձրացման և սուբյեկտայնության պահպանման կարևոր գործոններից է նաև Արցախի տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում։ Տվյալ դեպքում, մենք, իհարկե, համագործակցում ենք ՀՀ ԱԳՆ-ի հետ։ Շատ բարձր եմ գնահատում այդ համագործակցության ներկա մակարդակը՝ և՛ նախարար պարոն Այվազյանի, և՛ ԱԳՆ աշխատակիցների, և թե տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունների հետ։ Այդպես էլ պետք է շարունակենք։

-Պարոն Բաբայան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանը, օրերս խոսելով պատերազմում մեր կորուստների մասին, հայտարարեց, թե Քարվաճառը մերը չէր։ Իսկ սա որքանո՞վ կարող է օգնել մեզ արտաքին ճակատում մեր շահերն առաջ տանելու գործընթացում, ի՞նչ վերաբերմունք ունեք այդ հայտարարության մասին։

-Սա շատ ցավոտ հարց է ինձ համար անձնապես, որովհետև իմ աշխատանքի ամենասիրելի հատվածը կապված է եղել Քարվաճառի հետ։ Նորից հիշեցնում եմ մարդկանց, որոնք մոռանում են ումն է Քարվաճառը և չգիտեն, թե ինչ կարևորություն ունի այդ շրջանը մեր երկրի, այդ թվում նաև իրենց, իրենց կյանքի համար․ Քարվաճառը ջրային դոնոր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Ներկայիս Արցախի Հանրապետության ջրային պաշարների 98 տոկոսը սկիզբ է առնում Քարվաճառից, Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը և փրկում են այն չորանալուց, սկիզբ են առնում Քարվաճառում՝ ՀՀ սահմանից 5-6 կմ խորք՝ դեպի Քարվաճառ։ Այս պահի դրությամբ ադրբեջանական դարձած Քարվաճառը կարող է օգտագործվել թշնամու կողմից ցեղասպանություն իրականացնելու համար, որովհետև եթե թունավորեն Արփայի և Որոտանի ակունքները, նույնիսկ Երևանն է թունավորվելու է։

Քարվաճառն այն տարածքն է, որն առաջին տեղն է զբաղեցնում ամբողջ պատմական Հայաստանի համար 1 քառակուսի կիլոմետրի վրա առկա պատմամշակութային կոթողների քանակով։ Այստեղ է Դադիվանքը, այստեղ են բազաթիվ այլ կոթողներ։ Նույնիսկ Ադրբեջանը չի համարձակվում Դադիվանքը համարել արդբեջանական, ասում է՝ աղվանական է։ Իսկ այդ մարդն ասում է ադրբեջանական է։

Պարզ է, որ մենք բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց ես ուզում եմ նորից կրնել, որ չպետք է այնպես անենք, որ մեր երկրում, մեր ժողովրդի մոտ առաջանա բարդույթ, որ մեր անկախ պետականությունը ամենամեծ վտանգը կարող է լինել մեր ժողովրդի գոյության։

-Ադրբեջանի համար արցախյան հիմնախնդիրը զուտ տարածքային վեճ էր, և վերջին պատերազմում կարողացավ իր առջև դրված խնդիրը լուծել։ Հիմա էլ հպարտանում է, որ հիմնախնդիրն այլևս լուծված է։ Բայց դեռ որոշված չէ Արցախի կարգավիճակի հարցը, որի շուրջ պետք է բանակցություններ լինեն։ Ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ և ինչպե՞ս կարող են վերսկսվել բանակցություններ։

-Բանակցությունը երկարատև, բարդ գործընթաց է՝ անկախ ամեն ինչից։ Բնական է՝ մենք ունենք տարբեր և իրարամերժ մոտեցումներ ապագայի մասին․ Ադրբեջանը Արցախը և նաև Երևանը, Զանգեզուրը, Սևանը համարում է իր տարածքը, իսկ մեզ համար դա անընդունելի է։

-Բայց տեսնու՞մ եք հնարավորություն բանակցությունների վերսկսման, որը նաև կներառի Արցախի կարգավիճակի որոշման հարցը։

-Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Իհարկե, Ադրբեջանը հիմա խոչընդոտում է բանակցությունների վերսկսմանը։ Պետք է աշխատենք, այլ տարբերակ չունենք։

-Հայաստանյան այսօրվա իշխանություններն ի սկզբանե հայտարարում էին Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին, և դա նաև, շատերի կարծիքով, դարձավ պատրվակ, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Ի՞նչ եք կարծում՝ այդ հարցը նորից պետք է բարձրացվի, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի մասնակցությունը հիմնախնդրի հնարավոր կարգավորման գործընթացում։

-Արցախի մասնակցության հարցը երբևէ օրակարգից դուրս չի եղել։ 1992 թվականից առ այսօր մենք մասնակցում ենք այդ գործընթացին։ Ճիշտ է, երկար ժամանակ է՝ լիարժեք ձևով չենք մասնակցում, բայց այնուամենայնիվ, տարբեր հարթակներում մասնակցում ենք։ Պետք է ձգտենք, որ այն լինի լիարժեք։

-Այսինքն՝ Հայաստանն այդ հարցը նորից պետք է բարձրացնի՞։

-Հայաստանը միշտ էլ այդ հարցը բարձրաձայնում էր, և միշտ էլ դա պետք է անի։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ հարցը բարձրացվել է։

-Պատերազմը դադարեցնելու հայտարարությունը եռակողմ է, կազմվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ մամուլի ասուլիսին հայտատարեց, որ կարիք կա ուժեղացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Դուք ի՞նչ եք կարծում կարգավորման գործընթացի ձևաչափի մասին։ Մինսկի խմբի կարիքը կա՞, ինչպե՞ս այն պետք է իրեն դրսևորի։

-Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբն իր ներուժը չի սպառել, և կարծում ենք, որ պետք է շարունակի իր լիազորությունները եռանախագահությունը։ Դրա մասին խոսում են նաև Մինսկի խումբը համանախագահող երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

-Դուք Ձեր խոսքում կարևորել եք Ռուսաստանի դերը Արցախի անվտանգության հարցում։ Ինչպիսի՞ հեռանկար ունեն Ռուսաստան-Արցախ հարաբերությունները։ Համագործակցությունը սահմանափակվելու է միայն Արցախյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում, տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությա՞մբ, թե՞ հնարավոր են այլ ձևաչափեր ևս։

-Մենք պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականությունը չպետք է կտրված լինի իրականությունից։ Երբ այդպես չի լինում, առաջանում են լուրջ խնդիրներ։ Ռուսաստանը եղբայրական երկիրը է, ռուս ժողովուրդը եղբայրական է, ով դա չի հասկանում, ուրեմն չունի համապատասխան գիտելիք։ Ես կարծում եմ, որ հայրենասիրությունը միայն գոռգոռալով, նացիոնալիստական լոզունգներով չի որոշվում։ Հայրենասիրությունն ավելի խորը երևույթ է։ Ամբոխը կարող է լինել ազգայնամոլ, հասարակությունը պետք է հայրենասեր լինի։

Մենք ոչ միայն Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ կապված ենք բազմադարյա մշակութային, կրոնական, տնտեսական կապերով, այլ նաև՝ Ռուսաստանը կարևոր գործոն է տարածաշրջանում, այդ թվում, ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Այս պահի դրությամբ այն Արցախի անվտանգության ամենամեծ գրավականներից մեկն է։ Եթե չլինեին ռուսաստանյան խաղաղապահ ուժերը այստեղ, հայ չէր մնա։ Արցախը շատ ծանր վիրավոր վիճակում է, մենք հիմա գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, և ցանկացած սպեկուլիացիան այս իրավիճակում, ես պարզապես անբարոյականություն եմ համարում։

Բացի այդ, երբ մենք ասում ենք՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, չպետք է միայն կենացների համար անենք։ Դա պետք է նաև աշխարհաքաղաքական կարևոր մարմնավորում ստանա։ Մենք պարտավոր ենք եղբայրական լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ ունենք հայկական սփյուռք։ Ռուսաստանում է մեր ամենամեծ սփյուռքը՝ 3 միլիոնից ավելի հայ կա, ավելի շատ, քան Հայաստանի բնակչությունն է։ Նրանց պատկառելի մասը՝ մոտ 1 միլիոնը, արմատներով Արցախից են, ավելի շատ, քան Արցախում և Հայաստանում։ Ի՞նչ է, մենք պետք է ավելի վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ։ Ու՞մ քմահաճույքով պետք  առաջնորդվենք։ Հերիք եղավ, պետք է հեռու մնանք դեմագոգներից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ունեցող մարդկանցից։

-Մոտ ապագայում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախն արտաքին աշխարհում։

-Մենք պետք է ակտիվ լինենք և երբեք չտառապենք չճանաչվածության բարդույթով, որովհետև աշխարհաքաղաքականությունը և արտաքին քաղաքականությունը միայն պաշտոնական, դե յուրե ճանաչումը չէ։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Պետք է ակտիվ քայլեր անենք՝ քիչ աղմուկ, բարձր արդյունավետություն գաղափարախոսությամբ պետք է առաջնորդվենք։

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19