Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ժողովուրդ

02.05.2020 19:14
934

Այդ բազմաչարչար գոյական անունը՝ ժողովո՜ւրդ... Սիրելի եւ անծանոթ, հազարադեմ ու դիմազուրկ, սրբազան խաչ ու պղնձե մանրադրամ...

Ոչ ոք չի տեսել ժողովրդին՝ իր հավաքականության մեջ եւ ոչ ոք չի լսել նրա հավաքական ձայնը։

- Բայց մի՞թե դա խանգարում է, որ վկայակոչենք նրան, խոսենք, մեր միտքը հավաստենք, ընդդիմախոսենք, երբեմն նաեւ սպառնանք՝ նորին գերազանցություն ժողովրդի անունով. «Պետք է լսել ժողովրդի կարծիքը, իսկ նա մտածում է ահա այսպե՛ս», «ժողովուրդը ճիշտ չի հասկանա», «ժողովրդի գերագույն շահն է այս պահանջում...»։

ժողովրդի անունից խոսում են նվիրյալները՝ հազվադեպ, վերապահ, կցկտուր։ Եվ ոգու առեւտրականներն են խոսում-պատեհ-անպատեհ, վստահ, միանշանակ։ Լիներ անհնարինը, մեր խորհրդարանի նախագահողը մի օր հանկարծ հայտարարեր. «Ձայնը տրվում է հայ ժողովրդին։ Միացրեք... հինգերորդ խոսափողը...»։ Բնական է, խորհրդարանը կքարանար զարմանքից, թեեւ կարծում եմ, որ մեկնումեկը հարց կուղղեր նախագահողին. «Իսկ ժողովուրդը պատգամավո՞ր է, թե՞ հրավիրված։ Եթե հրավիրված է, նրան ձայն տալու հարցը, ըստ կանոնակարգի, պիտի քվեարկությամբ որոշել»։

Չգիտեմ, եթե քվեարկության դրվեր, ձայն կստանա՞ր, արդյոք, «հրավիրված» ժողովուրդը...

1. Ժողովո՜ւրդ... Հազար անհայտով հավասարում։ Չավելացնենք եղած անհայտների թիվը։ Աշխարհը չի ճանաչել մեզ, միայն ինքներս ենք գիտակցել մեր ժողովրդի վեհությունը, այդ գիտակցումը դարձնելով ինքնապաշտպանության վահան, եւ դա այնքան ենք կրկնել, որ մեզ թվացել է, թե աշխարհն է գիտակցել մեր գինը։ Ավա՜ղ... Չխաբենք ինքներս մեզ, նոր փափուկ բարձեր չդնենք ժողովուրդ կոչվածի հավաքական գլխի տակ, հակառակը, որոշ փափուկ բարձեր փորձենք հանել։ Ինքներս մեզ չքնեցնենք քաղցր, բայց հուսահատ «օրորոցայինով». «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»։ ճիշտ է, այդ բառերի ներսի քաղցր թույնը կռահելով, մեծ բանաստեղծը հաջորդ իսկ տողում հաստատում է, թե «մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում», բայց ընդունենք առանց երեսպաշտության, որ, մանավանդ, պարզ ժողովուրդը նախ առաջին տողին է զնգուն արձագանքում։ Քիչ լինելը տխրելու պատճառ չի, բայց արժանիք էլ չդարձնենք։ Քի՛չ ենք, ուրեմն, շատանանք։ Ամրապնդվենք մեր հայրենիքից իրապես մեզ մնացած հողակտորին։ Նաեւ ամենուր, որտեղ ապրում ենք, կանք։ Եվ, եթե չենք էլ շատանում, ապա մեր ինտելեկտով, գործով, մշակույթով, ազգային միասնականությամբ աշխարհին պարտադրենք մեր ներկայությունը։

Մեզ չշոյենք, չփայփայենք նաեւ «ինչու սեղմեցիք, որ մենք ստիպված ադամանդ դառնանք» բանաստեղծական, բայց դժբախտ բառախաղով։ Ինչ մեղքս թաքցնեմ - «ադամանդ ազգի» ինքնախաբեությանը ես կնախընտրեի «քարածուխ ազգի» գոյավիճակը։ Քարածուխն ավելի կայուն է ու տարածական, քարածուխը պետք է ամենքին եւ մեզ ավելի դաշնակից կբերեր, իսկ ադամանդը շատ-շատ թանկարժեք ակ կարող է ծառայել, այն էլ, մեծ մասամբ, ուրիշի պետության թագուհու մատանուն կամ ապարանջանին։

Եվ հանկարծ լրջորեն չհավատանք, մանավանդ, «մենք համաշխարհային ժողովուրդ ենք» ինքնահնար բանաձեւին՝ ծնված այս անգամ ոչ թե բանաստեղծի, այլ մերօրյա պետական գործչի երեւակայության մեջ։ Գոնե ասեինք, թե մենք էլ երեւի ոչ քիչ հիմքեր ունենք համաշխարհային ժողովուրդ լինելու, թե մենք էլ պիտի ձգտենք դեպի այդ «համաշխարհայինը», դրա համար զորակոչելով մեր մտքի ու մկանների ուժը, մեր հողի եւ ինտելեկտի թաքնված գանձերը։ Եվ դրա փոխարեն... Այդ ո՞ր հաշվարկով ենք «համաշխարհային», որովհետեւ հայության երկու երրորդն ապրում է հայրենիքից դուրս, ցաքուցրիվ՝ ողջ աշխարհում այդ տրամաբանությամբ՝ ինչո՛ւ «համաշխարհային ժողովուրդ» չեն նաեւ սիրելի, ռոմանտիկ գնչուները¤։ Կրկնում եմ՝ նոր, փափուկ բարձեր չդնենք մեր հավաքական գլխի տակ, այլ հները փորձենք հանել, թույլ չտանք, որ երանության թմբիրին մատնվի մեր մկանների ու մտքի զգաստությունը։

Եվ, ի վերջո։ Մեր ազգի հավիտենականության վավերական մանդատ չհամարենք անգամ Վիլյամ Սարոյանի լացի չափ հուզիչ բառերը։ Հիշո՞ւմ եք «Հայը եւ հայը» պատմվածքի վերջին տողերը. «Փորձեցեք կործանել այս ցեղը... Կործանեցեք Հայաստանը, տեսեք կկարողանա՞ք։ Իրենց տներից քշեցեք անապատ... կրակի տակ տվեք իրենց ու իրենց Աստծո տները։ Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայր լեզվով»։ Փորձել են եւ կործանել են։ Եղել է, այդ ամենն էլ ցավոք, եղել է. կրակի են տվել մեր եւ մեր Աստծո տները, քշել են մեր հազարամյա բնօրրաններից, եւ այդ եղել է ոչ միայն երեկ, 1896-ին, 1915-ին, 1920-ին, այլեւ այսօր 1988-ին, 1989-ին, 1990-ին, 1991... Եվ մեզ արդեն մնացել է մեր հողի վերջին, ամենավերջին պատառը։ Բայց մեկ է՝ ցեղը չի՛ կործանվել... Փառք Աստծո։ Բայց կարող էինք, չէ՞, զորեղ գոյություն լինել, հող ու պետություն։ Եվ ժողովուրդ, որով աշխարհը կհետաքրքրվեր ոչ միայն եղեռնի, երկրաշարժի կամ բռնագաղթի առիթներով, այլ համաշխարհային քաղաքակրթության մեր իրական, մեր ինքնադրոշմ ոտնահետքերով։

Ես գիտեմ, որ իմ այս ցավատանջ մտորումները եւս ժողովուրդը գուցե «ճիշտ չհասկանա», կարող է, մանավանդ, կրակի տակ առնվել մեջբերածս կարգախոսների իմ մեկնաբանությունը։ Թող ներեն ինձ Պ. Սեւակը, Վ. Սարոյանը, Գ. էմինը, թող ների ինձ վարչապետը. ես մազաչափ իսկ կասկած չունեմ նրանց գրգիռների անկեղծությանը։ Պարզապես պիտի մտածենք, թե իրականում ինչ արձագանք կարող է ունենալ մեր խոսքը ժողովրդի հավաքական գիտակցության մեջ։ Կընկալվի ա՞յն, որ մենք ենք դնում այդ բառերի ենթատեքստում, թե՛ ճշմարտության միայն առաջին, տեսանելի կամ ձեռնտու շերտը։ Չգիտեմ։ Ամեն դեպքում՝ զգույշ վարվենք բառերի ու կարգախոսների հետ։ Հիշենք ռուս բանաստեղծի ազնիվ խոստովանությունը:

2. «Մենք՝ ժողովուրդս...» կարծեմ այս բառերով է, որ սկսվում է Ազատության մեծ խարտիան՝ ԱՄՆ-ի սահմանադրությունը։ Մե՞նք, ժողովուրդս... Լեզվական ի՜նչ անգրագիտություն-կտարակուսի քերականության պրոֆեսորը, որովհետեւ ըստ իմացած կանոնների՝ պիտի լիներ կամ՝ ես, ժողովուրդս, կամ-մենք՝ ժողովուրդներս։ Այդ «սխալի» մեջ սակայն վերին ճշմարտության խտացումը կա. ժողովուրդը չի կարող «ես» լինել, այլ միայն «Մենք», որովհետեւ ժողովուրդը բազում «ես»-երի միահյուսումն է, գումարը, արդյունքը։ Այդ «Մենք»-ն, իհարկե, չի ենթադրում անհատականությունների ձուլարան, մարդկային տեսակների համահարթեցում կամ գազոն, ենթադրում է ընդամենը, որ մարդկանց, նրանց հայացքների ու մտածողության տարբերությունները ստորադասվում են ժողովրդի գերագույն շահի տրամաբանությանը։ Այդ «Մենք»ը, եթե կուզեք, կառուցվածք է, որի մեջ կամովին մտնում-միավորվում են մարդիկ, դրանով իսկ տարածությունը Հայրենիք՝ եւ բնակչությանը ժողովուրդ դարձնելով։ Եվ այդ գիտակցությունն է, որ գենետիկորեն անցնելով սերնդից սերունդ, անխաթար է պահում հիմնականը - ժողովուրդ եւ պետություն։ Վկան, թեկուզ, ԱՄՆ-ի երկուհարյուրամյա պատմությունը, անհատի ազատության, մարդկային հայացքների տարբերությունների համարյա սանձարձակ հրավառություն եւ պետական-ժողովրդական հզոր, անխորտակ, համարյա չփոփոխվող կառույց, սահմանադրություն, որի մեջ երկու հարյուր տարում համարյա ոչ մի սկզբունք չի վերանայվել։

Կգա՞, արդյոք, օրը, երբ հայությունը նույնպես կկարողանա իրեն ենթարկել համանման բանաձեւի, աշխարհին ազդարարելով՝ «Մենք, հայ ժողովուրդս...»։ Չգիտեմ։ Առայժմ մենք ավելի «ես»-երի շարան ենք, ընդ որում, համարյա ամեն «ես» վստահ է, թե հենց իր մի կաթիլի մեջ է ճշգրիտ արտացոլվում ժողովրդի «Մենքը»։

Թեպետ... Թեպետ մեր պատմության մեջ եւս կան, եղել են այդ «Մենք»-ի հզոր պայթյուններ։

Ավարա՜յր... Սարդարապա՜տ... Կարողացանք հաղթել, որովհետեւ կարողացանք համախմբվել գերագույն մի գաղափարի շուրջ եւ թեկուզեւ առժամանակ մի կողմ դրվեցին տարբերություններ ու տարաձայնություններ, փոխադարձ անվստահություն եւ կենտրոնախույս եսամոլություն։

***

Եվ ի՞նչ... Ես հիմա ինչպե՞ս որոշեմ ժողովրդի «ոսկե միջինը», ո՞ւմ կարծիքը համարեմ ժողովրդի կարծիք։ Օ՜, եթե հնարավոր լիներ անհնարինը՝ իրար գումարել բոլորին-ազնիվ ու անազնիվ, չար ու բարի, խելոք ու պարզունակ, հետո կարողանայինք բաժանել այդ «գումարը» առեղծվածային մի թվի վրա եւ քանորդում ստանայինք այդ «ոսկե միջինը»։ Չկա, չի կարող լինել նման «միջին», որովհետեւ երեկ էլ, այսօր էլ «Մենք» ենք, թեպետ այսօր, երբ ավելի դժվար ու բախտորոշ օրեր են, թվում է, ավելի պիտի սիրենք ու խնայենք իրար։ Չբաժանենք, չհակադրենք իրար մեր ժողովրդի տարբեր գույները։

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25