Այս իրավիճակում Հայաստանը պետք է շատ գիտակից ու նուրբ դիվանագիտություն ունենա, ինչը միշտ չէ, որ ունի․ Վիգեն Չըթըրյան

11.12.2024 14:42
529

Հայաստանում և մի շարք այլ երկրներում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։

Սիրիայում իշխանությունն այժմ ստանձնել է Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը։ Խմբավորման առաջնորդը՝ Աբու Մոհամեդ Ալ-Ջուլանին, Դամասկոսում է, իսկ 2000 թվականից երկիրը կառավարող և 13 տարի տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում իր իշխանությունը պաշտպանած Բաշար Ասադը՝ Մոսկվայում։

Թե ի՞նչ ազդեցություն կունենան սիրիական զարգացումները մեր տարածաշրջանի վրա՝ անդրադառնում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգեն Չըթըրյանը։

Քաղաքագետն ի պատասխան՝ արձանագրեց․ «Ամբողջ տարածաշրջանը շարունակելու է ապրել անկայուն շրջան․ եկող տարիներում լինելու են պատերազմներ թե՛ Հայաստանի հյուսիսում, թե՛ հարավում։ Այդ ալեկոծ երկու օվկիանոսների միջև Հայաստանը պետք է կարողանա ղեկավարել իր գոյությունը՝ մանավանդ, որ ՀՀ շուրջ մեծ պետությունների միջև հարաբերությունները փոփոխական են ու շատ բարդ (Թուրքիա, ՌԴ, ԱՄՆ, Իրան), Հայաստանը պետք է շատ գիտակից ու նուրբ դիվանագիտություն ունենա, ինչը միշտ չէ, որ Հայաստանն ունի»։

Վիգեն Չըթըրյանը նաև նշեց Դամասկոսի հեղաշրջումից հետո տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման մասին՝ հատկապես Իրանի ու Ռուսաստանի թուլացման ֆոնին։

Հարցին, թե ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը, եթե խոսվում է Իրանի ու Ռուսաստանի թուլացման մասին, իսկ Արևմուտքն էլ ասում է, որ տարածաշրջանում իր ներկայացուցիչը Թուրքիան է, մեր զրուցակիցը պատասխանեց նկատառմամբ․ «Արևմուտքի ներկայացուցիչը Թուրքիան չէ․ Թուրքիան ազատ խաղացող է։ Մեծ մասամբ Թուրքիան հենվում էԱրևմուտքի վրա, բայց ոչ միշտ․ օրինակ, այսօր պրոամերիկյան ամենամեծ ուժերը Սիրիայում քրդական ուժերն են։

Իսկ Հայաստանը պետք է կարողանա այդ տարբեր մեծ պետությունների հետ տարբեր կերպ աշխատել։ Այսօր հստակ է, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ թողեց 2020 թվականից հետո, և Հայաստանը չի կարող վստահել Ռուսաստանին, բայց այնպես էլ չէ, որ պետք է ամբողջովին անտեսել Ռուսաստանին։  Հայաստանը պետք է փորձի շատ լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ և միևնույն ժամանակ՝ ոչ վատ հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ, ինչպես նաև՝ փորձի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Վերջինը  30 տարի շարունակ չստացվեց․ Հայաստանը փորձեց հարաբերություններ ստեղծել, Թուրքիան է, որ մերժում է»։

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե ընկալումներ կան նաև, որ հենց Հայաստանն է առաջինը լքել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, և, որ այս համատեքստում մատնանշում են ՀՀ գործող իշխանությունների կողմից հնչող տարատեսակ հայտարարությունները, և պատասխանելով հարցին՝ այդտեղ կա՞ նաև Հայաստանի խնդիրը, Վիգեն Չըթըրյանը նկատեց․

«Հայաստանի խնդիրը մեծ է, ու այն կապված չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարութունների հետ․ Հայաստանն իր բոլոր հույսերը կապեց Ռուսաստանի հետ։ Այդ քաղաքականությունը, որ սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ և շատ ուժեղացավ Ռոբերտ Քոչարյանի տարիներին, արդեն իր պրոբլեմները ցույց տվեց Սերժ Սարգսյանի իշխանավարման շրջանում․ Երևանն ու Մոսկվան մի շարք հարցերի շուրջ անհամաձայնություն ունեին։

Ամբողջովին վստահել և հիմնվել ՌԴ-ի վրա, երբ ունես անկախ պետություն, դա էր սխալը, և դա բերեց նրան, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի դաշնակիցը որոշեց, որ ինքը դաշնակից չէ, այլ միջնորդ»։

Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Սիրիայում, և ինչպե՞ս Թուրքիան, որ կանգնած էր սիրիական զարգացումների հետևում, կկարողանա լուծել քրդերի խնդիրը՝  հարցադրումների շուրջ իր դիտարկումներում էլ քաղաքագետը նշեց, որ Սիրիայում իրավիճակը դեռ երկար ժամանակ կմնա անկայուն։

Մասնագետը հիշեցրեց նաև՝ քրդական հարցը միայն Սիրիայում ապրող քրդերի հարցը չէ, այլ Թուրքիայում և Իրաքի հյուսիսում գոյություն ունեցող քրդական ուժերի։

«Թուրքիան այս մեծ հարձակումից առաջ փորձում էր մեղմացնել իր հարաբերությունները քրդերի հետ՝ հույս ունենալով, որ այս հարձակումը կհաջողի։ Այժմ, երբ այս հեղաշրջումը հաջողվեց Սիրիայում, Թուրքիան շատ ավելի ուժեղ դիրքերում է և կարիք չունի քրդերի հետ ավելի մեղմ, հանդարտ քաղաքականություն վարելու, ուրեմն պատերազմական դրությունը շարունակվելու է»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ մի քանի օրերում 13 տարվա պայքարը զրոյացնելու «հաջողության» համար երկու պատճառներ կային՝ միջազգային տարբեր ուժերի հավասարակշռությունը և Ասադի ռեժիմի հյուծված լինելը։

«Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանը թուլացած է, և չկային ռուսական ռազմական հնարավորությունները Սիրիայում մեծ պայքար տանելու համար, մյուս կողմից՝ նաև «Հըզբոլլահի» և Իրանի հնարավորությունները՝ իսրայելական հարվածներից հետո։

Երկրորդ՝ Ասադի ռեժիմը հյուծված էր․ Ասադը չկարողացավ պատերազմից հետո որևէ քաղաքական քայլ անել, այդ ավերակներից դուրս գալ և կերտել նոր իրականություն, նոր տնտեսություն, և հույս կար, որ այդ բոլոր պատերազմներից, զոհաբերություններից հետո կարելի է նորմալ կյանք սպասել։ Այդ մարդիկ, որոնք տարիներով կռվեցին այդ ռեժիմը պահելու համար, հոգնած էին և շատ դժգոհ էին Ասադի ղեկավարումից։ Այդ է պատճառը,  որ իր բանակը նորից չկռվեց, որ առաջին հարձակումի առջև՝ Հալեպի ուղղությամբ փոքր դիմադրություն ցույց տվեցին»,- մանրամասնեց Վիգեն Չըթըրյանը։

Նա հույս չունի, թե սիրիական նոր իշխանությունը կկարողանա ժողովրդի այդ սպասումներն իրագործել, քանի որ առկա են իդեոլոգիական ծայրահեղ դրսևորումներ, և քանի որ իշխանությունը ստանձնած մարդիկ միայն պատերազմ են տեսել ու չգիտեն՝ ինչպես պետություն ղեկավարել։

«Սիրիայում  դարձյալ դժվար տարիեր են սպասվում»,- շեշտեց քաղաքագետը։

Այսինքն՝ նաև ճիշտ է, որ հայերը վերջնականապես լքե՞ն Սիրիան՝ մինչև ռեգիոնում կհստակեցվի, թե ինչ է սպասում՝ հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։

Վիգեն Չըթըրյանն ասաց, որ այնտեղ ապրող ամեն հայ պետք է անհատական որոշում կայացնի, սակայն կարևորեց պետության դերն այդ երկրում հայկական ժառանգության պահպանման հարցում։

Ըստ նրա՝ առաջին անգամը չէ, որ Միջին Արևելքի հայ համայնքները կանգնում են նման խնդրի առջև, հետևաբար՝ պետք է մշակվեր ռազմավարություն, թե ինչպես վարվել մեր դպրոցների, կալվածքների, եկեղեցիների հետ։

«Եթե այսօր այդտեղ իրավիճակը դժվար է, ապա տասնյակ տարիներ հետո կարող է փոխվել, և պետք  չէ լքել այդ հսկայական արժեքները, բայց նման մտածողություն չկա Հայաստանում, իսկ սփյուռքում այդ հնարավորություններն ունեցողները չկան»,- պարզաբանեց քաղաքագետը։

168.аm

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00