«Այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը չի ստանա նույնիսկ այն, ինչ մերժվել էր Սերժ Սարգսյանի կողմից». Շահնազարյան

23.01.2019 22:19
790

Հարցազրույց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ

Պարոն Շահնազարյան, հայաստանյան ներքաղաքական բուռն իրադարձությունները կարծես ստվերել են զարգացումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ իրավիճակը բավականին հետաքրքիր է: Հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցավ նախարարական 4-րդ հանդիպումը, որից հետո հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ կողմերը համաձայնության են եկել ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Նախորդ նախարարական հանդիպման արդյունքները ևս բարձր էին գնահատվել ադրբեջանական կողմից, եղան ուշագրավ հայտարարություններ Ադրբեջանից, ՌԴ ԱԳ նախարար Լավրովից: Ընդհանուր առմամբ` ինչպե՞ս եք գնահատում վերջին մի քանի ամիսների բանակցային գործընթացը:

– Ինձ համար որևէ անսպասելի բան տեղի չի ունեցել: Դուք գիտեք, որ ես բազմիցս մամուլով անդրադարձել եմ բանակցային գործընթացին: Փարիզի հանդիպումը հերթական անգամ ապացուցեց իմ բոլոր նախորդ պնդումները: Եկեք միանգամից արձանագրենք` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը, որը վերաբերում էր շփման գծում, այսինքն` Արցախ-Ադրբեջան շփման գծում զինադադարն ամրապնդելու միջոցառումներին, չկա:

Երկրորդ` միջազգային իրավունքի երեք սկզբունքներն ամրագրված էին նույն Մադրիդյան փաստաթղթում՝ որպես կարգավորման հիմք, և այդ երեքից մեկը, ինչպես հիշում եք, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր, դրա մասին նույնպես որևէ բառ գոյություն չունի: Եռանախագահողների բոլոր հայտարարություններում, սկսած մայիս ամսից` Հայաստանում, այսպես կոչված, թավշյա իշխանափոխությունից հետո արված բոլոր հայտարարություններում, այս հարցերի վերաբերյալ ակնարկ անգամ չկա:

Ավելացնեմ երրորդ դիտարկումը` Դուշանբեի վերելակային հանդիպումը, որը տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի միջև, ընդ որում՝ Ալիևի նախաձեռնությամբ, որովհետև Ալիևն էր մոտեցել, ըստ էության, դարձել է հիմք զինադադարի պահպանման ներկայիս ռեժիմի համար:

Չորրորդ` փաստ է, որ Հայաստանը բանակցում է՝ Արցախի Հանրապետության փոխարեն: Բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել էին վարչապետի կողմից, իրականությունից շատ և շատ հեռու են: Փարիզում, ակնհայտ է, որ տեղի են ունեցել բովանդակային, լուրջ բանակցություններ, և, ըստ էության, բոլոր չորս նախորդող հանդիպումներում էլ: Հիշեցնեմ, որ ԱԳ նախարարների առաջին հանդիպումը Բրյուսելում էր, այնուհետև` Նյու Յորքում, ապա՝ Միլանում, իսկ վերջինը` Փարիզում, որոնք բովանդակային բանակցություններ էին: Ակնհայտ է, որ Փարիզում եղել են լուրջ համաձայնություններ, որովհետև Փարիզի հանդիպումից հետո, դուք տեսաք, որ միջազգային հանրության շատ լուրջ ներկայացուցիչներ դրական գնահատեցին այդ համաձայնությունը, և ըստ էության դրանից հետո սկսվեց Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքների տարափը վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ակնհայտ է նաև, որ նրանք շատ ավելի տեղեկացված են հանդիպման արդյունքների վերաբերյալ, քան մեր հանրությունը, որովհետև ներկայիս իշխանություններն այդ բանակցային գործընթացը պահում են խիստ գաղտնի փակի տակ և երբեմն նույնիսկ իրարամերժ հայտարարություններ անում. ասացին, որ մտքեր են փոխանակվել, բայց եղել են լրջագույն պայմանավորվածություններ:

Անդրադառնամ Լավրովի հայտարարությանը` առաջին անգամ Ռուսաստանը` հանձին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, խախտեց պարիտետը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև ասաց, որ սատարում է Ադրբեջանի` հակամարտությունը կարգավորելու մոտեցումներին` հուսալով, որ Հայաստանի ընկերները դրան փոխադարձաբար կարձագանքեն:

Ես չեմ հիշում որևէ դեպք, որ ՌԴ-ի կողմից այսպես խախտված լինի պարիտետը: Երկրորդ` Լավրովն այդ հայտարարությունն արեց, երբ Փարիզում բանակցությունները նույնիսկ չէին սկսվել` հունվարի 16-ի առավոտյան, բանակցությունները դեռ չէին սկսվել, որովհետև, եթե հիշում եք, ԱԳ նախարարները եռանախագահներին հանդիպեցին նախ՝ առանձին-առանձին, և երեկոյան նոր հանդիպեցին միմյանց: Մյուս ապացույցը, որ լրջագույն պայմանավորվածությունների են եկել. եթե պայմանավորվածություններ չեն լինում, ապա Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը չէր ընդունի, հանդիպում չէր լինի, և, դրանից բացի, չէր լինի ևս մեկ հանդիպում Ելիսեյան պալատում նախագահ Մակրոնի արտաքին և դիվանագիտական բարձր խորհրդականների կողմից:

Այսինքն` ՀՀ իշխանություններն իրականում թաքցնում են, թե ինչ գործընթաց է գնում: Դա բազմաթիվ այլ ապացույցներ ևս ունի, որ լուրջ, բովանդակային բանակցային գործընթաց է գնում:

Ավելացնեմ հինգերորդ կետը, եթե նախկինում եռանախագահողներն իրենց հայտարարություններն ընդհանրապես չէին համաձայնեցնում կողմերի հետ, ապա Միլանից սկսած՝ ԱԳ նախարարներն այդ տեքստին համաձայնություն են տալիս, ինչի վկայությունն ԱԳ նախարարի ելույթն էր, որ ոգևորված է, որ հաջողվեց ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համաձայնության գալ այս տեքստի շուրջ, որտեղ արդեն նշված էր Դուշանբեի վերելակային դիվանագիտության մասին: Ավելի քան վստահ եմ, որ գործընթացն արագանալու է, բոլորը շտապում են, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ևս շտապում են, և եռանախագահողները հայտարարել են, որ պետք է այցելեն մայրաքաղաքներ, և արդեն նախապատրաստում են բարձր մակարդակով հանդիպում` Փաշինյան-Ալիև հանդիպում, իսկ սովորաբար նման հանդիպումներն արդեն նմանատիպ գործընթացներից հետո կազմակերպվում են, որպեսզի ամենաբարձր մակարդակով հաստատեն արդյունքները:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեկ այլ հարցի վրա, որը կար Փարիզի հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարություններում, այն է՝ կողմերը պետք է ժողովուրդներին պատրաստեն խաղաղության: Ո՞ր ժողովուրդներին: Եթե ՀՀ իշխանությունները շարունակում են մնալ հենց սկզբից ամրագրված սկզբունքում, որ սա ինքնորոշման հարց է, այդ դեպքում պետք է պատրաստել խաղաղության Արցախի Հանրապետության հասարակությանը, մինչդեռ ՀՀ իշխանությանը սատարող որոշ գործիչներ հարց են բարձրացնում, որ, օրինակ, Հայաստանում ևս պետք է լինի հանրաքվե: Հասկանում եմ, որ իրենք տանում են սա տարածքային վեճի ուղիով, եթե Հայաստանում ևս պետք է հանրաքվե լինի, այնինչ դա պետք է բացառված լիներ:

Ինչպես տեսնում եմ, արդեն Հայաստանում գնում են, այսպես կոչված, խաղաղության: Այն, ինչ հիմա բանակցվում է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ ընդամենն այն բանաձևն է, որի մասին ես բազմիցս ասել եմ, այսինքն` տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճակի դիմաց:

Ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ տիպի անվտանգություն, ամեն դեպքում դա կարգավիճակ չէ, այսինքն` սա խնդրի քաղաքական լուծումը չէ, և իրենք հիմա, ես վստահ եմ, որ առնվազն եռանախագահողները շատ լրջորեն աշխատում են այդ պայմանագրի տեքստի վրա, եթե արդեն չեն ավարտել, ապա դա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Ավելացնեմ, որ ըստ էության սա 1997թ., այսպես կոչված՝ փուլ առ փուլ կարգավորումն է, չնայած վերջնական կարգավորումը չէ, այդ տարբերակի փիլիսոփայությունն է:

Ինչ-որ տարրեր կարող է փոխված լինեն, բայց փիլիսոփայությունը նույնն է, այսինքն` ստատուս-քվոյի փոփոխություն, ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ անվտանգության դիմաց ընդամենը, ո՛չ կարգավիճակի:

– Ձեր նշած՝ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևի վերաբերյալ հստակություն մտցնեմ` Զոհրաբ Մնացականյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ հայկական կողմի համար կարևոր է Արցախի անվտանգությունը, որը պետք է ապահովվի կարգավիճակի միջոցով: Այս դիվանագիտական ձևակերպումն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ես չեմ հիշում, թե դա որտեղ է ասել: Ես շատ լավ հիշում եմ Զ. Մնացականյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ նա շարունակում էր տարանջատել այս երկու հասկացողությունները: Հիշեցնեմ, որ կա Մադրիդյան փաստաթուղթ, որտեղ կան երեք սկզբունքներ, որոնցից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, և կան վեց տարրեր` արդեն հինգ տարի առաջ տեղի ունեցած խմբագրման համաձայն: Հաղորդավարի կողմից հարց հնչեց հետևյալ կերպ. «Մադրիդյան երեք սկզբունքները մնո՞ւմ են ուժի մեջ, թե՞ ոչ», իսկ պատասխանը, մեղմ ասած, խիստ անորոշ էր: Ես իշխանություններին մեղադրել եմ, որ, երբ նրանք այս երկու հասկացողությունները տարանջատում են, դա նշանակում է, որ սկզբից՝ անվտանգությունը, իսկ կարգավիճակն էլ՝ դե, տեսնենք՝ հետագայում ինչ կլինի, և խոսք չկա նաև այն մասին, թե ինչ կարգավիճակ, գուցե սա Մադրիդյան փաստաթղթում նշված Արցախի Հանրապետության միջանկյալ կարգավիճա՞կն է, կամ մեկ ա՞յլ բան, բայց երբ ասվում է՝ կարգավիճակ (որովհետև նախկին իշխանություններն էին ասում՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց), դա իր մեջ պարունակում է անվտանգություն: Սա է խնդիրը, և այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում:

Հարց եմ բարձրացնում` ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ լրջորեն քննարկվել է և ինչ-որ իմաստով համաձայնություններ են ձեռք բերվել, որպեսզի ստեղծվեն համակեցության գոտիներ: Դիմում եմ ՀՀ կառավարությանը` թող հաստատեն կամ հերքեն այդ լուրերը: Այն, ինչ ես ասացի, հիմնվում է բաց փաստաթղթերի վրա, և ոչ թե՝ այն տեղեկությունների վրա, որ ես ունեմ:

– Համակեցության գոտիներ ո՞ր հատվածներում` սահմանի՞, շփման գծի՞:

– Դա նշանակում է, որ հայերն ու ադրբեջանցիները մի բնակավայրում պետք է միասին գոյակցեն: Գիտե՞ք ինչ, բանակցային գործընթացում սրանք առաջնային հարցեր չեն, որ քննարկվեն, որովհետև սովորաբար այս հարցը… եթե իրականություն է իմ ասածը, իսկ ես հիմք ունեմ պնդելու, որ բավական լուրջ աղբյուրներից ունեմ այս տեղեկությունը, ինչպես և շատ այլ տեղեկություններ: Տրամաբանությունը հուշում է, որ սա պետք է քննարկվի փախստականների վերադարձի կոնտեքստում: Ես իշխանություններից պահանջում եմ մեկնաբանել՝ սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, և պահանջում եմ տեղեկացնել հասարակությանը, որովհետև ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հիմա նրանք բանակցում են՝ Արցախի Հանրապետության փոխարեն:

– Անդրադառնալով Ղարաբաղյան թեմատիկայի շուրջ այս մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստվերային գործընթաց չկա, նույնիսկ ինքը որևէ լուրջ բանակցություն դեռ չի ունեցել Ալիևի հետ, միայն կոմունիկացիոն կապն է հաստատվել: Ինչո՞վ է ձեռնտու Ձեր նշած գաղտնի գործընթացը ՀՀ իշխանություններին:

– Այդ հարցին թող իրենք պատասխանեն: Նշանակում է, որ իրենք ինչ-որ շատ վատ բան են անում, որ թաքցնում են հասարակությունից: Այն, որ ինքը չի մասնակցել բանակցությունների, երկու անգամ հայտարարել է արդեն, որ՝ ես դեռ ոչ մի բառ չեմ բանակցել: Ես երրորդ անգամ ստիպված եմ հակադարձել նրան և հիշեցնել, որ ինքը բանակցում է 2018թ. մայիսի 8-ից սկսած, երբ դարձել է վարչապետ: Շատ եմ ցավում, որ այս շատ պարզ իրողությունները ներկայիս իշխանությունները չեն կարողանում հասկանալ, երկու անգամ նա կրկնել է այդ աբսուրդը:

– Դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ըստ Ձեզ` հայկական կողմը լիովի՞ն հրաժարվել է այս օրակարգից: Սա ի՞նչ է նշանակում:

– ՀՀ ԱԳ նախարարը մի քանի անգամ հայտարարել է, որ դա մեր օրակարգում կա: Բայց ի՞նչ է նշանակում՝ մեր օրակարգում կա: Կարևոր է, որ դա լինի եռանախագահողների օրակարգում: Այո, Ադրբեջանը չէր ընդունում այդ երեք սկզբունքները, քանի որ այնտեղ կար նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բայց դա չէր խանգարում, որպեսզի եռանախագահողներն իրենց հայտարարություններում անընդհատ այդ երեք սկզբունքները նշեին: Քիչ առաջ ասացի, որ հիմա նաև փոխվել է հայտարարություններ անելու ձևաչափը՝ սկսած Միլանից, կամ գուցե ավելի վաղուց, երկու ԱԳ նախարարները պետք է համաձայնություն տան տեքստին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա գնում է Ադրբեջանի սցենարով: Ավելին, այն տարբերակը, որը մերժվել էր Սերժ Սարգսյանի կողմից, այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա չի ստանալու, այլ ստանալու է շատ ավելի քիչ:

– Այսինքն` Ձեր նշած փուլ առ փուլ կարգավորման շուրջ կա համաձայնություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից, քանի որ…

– Գիտեք ինչ, միջնորդների գործը ո՞րն է: Եթե նույնիսկ փոքր, չնչին հարցում կա համաձայնություն, իրենք դա համարում են առաջընթաց: Ինչին էլ կողմերը համաձայնեն, միջնորդները, միջնորդ եռանախագահող երկրները, միջազգային հանրությունը կողջունեն, ինչի էլ համաձայնեն: Այստեղ խնդիրն այն է, որ ներկայիս Կառավարությունը համաձայնում է այն ամենին, ինչը մերժվել է նախորդների կողմից, և ավելին, սա լրիվ այլ գործընթաց է. Փաշինյանը սկսել է բոլորովին այլ գործընթաց, որն ամբողջապես համընկնում է ադրբեջանական սցենարին, և դա ոչ միայն ադրբեջանական հայտարարություններից եմ ասում:

Մի պարզ հարց` Փաշինյանը մի քանի անգամ ասել էր, թե պետք է հասկանալ` եթե Հայաստանը պատրաստ է ինչ-որ զիջումների, ապա Ադրբեջա՞նն ինչ զիջումների է պատրաստ: Դա պարզ չէ: Հիմա այդ հարցը տալիս եմ նրան` եթե Դուք այսքան առաջ եք շարժվել, ի՞նչ է զիջել Ադրբեջանն իր նախորդ դիրքորոշումից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ոչինչ:

Կա նաև կարծիք, որ այս ամենով ՀՀ իշխանությունները փորձում են ժամանակ շահել, և այս խաղաղության ձևակերպումները հետագա բանակցությունների համար մթնոլորտ ձևավորելու համար են, Դուք բացառո՞ւմ եք, որ կա ժամանակ շահելու քաղաքականություն:

– Ես բազմաթիվ փաստարկներ բերեցի, որ ընդհակառակը՝ գործընթացն արագանում է, և արագությունները մեծանում են, դրա համար բազմաթիվ ապացույցներ կան: Մի փաստ ևս ավելացնեմ` մենք ե՞րբ իմացանք Փարիզի հանդիպման մասին: Այն ժամանակ, երբ Փաշինյանը հաստատվեց՝ որպես վարչապետ, դրանից անմիջապես հետո, մի քանի ժամի տարբերությամբ: Ակնհայտ է, չէ՞, որ այդ պայմանավորվածությունները վաղուց էին եղել, բայց արվեցին դրանից հետո: Մի անգամ էլ կրկնեմ, շնորհավորանքների տեղատարափները սկսվեցին Փարիզի հանդիպումից հետո: Նորից եմ ասում, որ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ լավ տեղեկացված են` ինչ պայմանավորվածություններ են եղել:

Իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն Արցախի փոխարեն են բանակցում, այլև յոթ կնիքի տակ գաղտնի են պահում այս լրջագույն բանակցային բովանդակային գործընթացը:

Իմիջիայլոց` ՀՀ իշխանությունները կարծես թե սկսել են, այսպես ասած, խաղաղության պատրաստել ժողովրդին, օրինակ՝ դատելով նրանից, որ օրերս Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման ռեպորտաժներից մեկում ԼՂ հակամարտությունը ներկայացվեց՝ որպես տարածքային հակամարտություն: Ի՞նչ են շահում իրենք, իրենք լավ կիմանան: Ավելին՝ ես վստահ չեմ, որ իրենք Արցախի իշխանություններին մանրամասն տեղյակ են պահում այս բանակցային գործընթացի մասին: Վստահ չեմ, մեղմ ասած:

Հ.Գ. Նշենք, որ Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել հունվարի 22-ին Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:

168.am

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19