Այսօր՝ հունվարի 6-ին, գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանը կդառնար 80 տարեկան

06.01.2017 11:38
2724

Մոտ օրերս լույս կտեսնի «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար՝ նվիրված ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի 80-ամյակին:


 

 

 

 

 

 

Բացթողումը լրացնելու ժամանակն է...

(Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի հիշատակին)

Սյունյաց աշխարհի մերօրյա եւ ոչ վաղ անցյալի հոգեւոր-մշակութային կյանքին հայացք գցելիս անհնար է այդ ամենում չնկատել Ռոբերտ Կամոյան գեղանկարչի ինքնատիպ արվեստը, նրա թողած հարուստ ժառանգությունն ու լուսավոր հետքը, որոնք այսօր, համոզված եմ նաեւ ապագայում, խորը ոգեշնչման աղբյուր են հանդիսանալու մեր գալիք ստեղծագործ սերունդների համար:

Մեծապես ափսոսում եմ, որ անձնապես ծանոթ չեմ եղել Ռոբերտ Կամոյանի հետ, բայց նաեւ ուրախ եմ, որ նրա թողած հետագծին՝ մեծարժեք կտավներին, բովանդակ հարցազրույցներին, հոդվածներին, նրա մասին ակնարկներին ծանոթանալով, կարող եմ փաստել շատերի կողմից հնչեցվող գնահատականն այն մասին, որ Ռոբերտ Կամոյանը հանդիսանում է Հայաստանի տաղանդավոր արվեստագետներից մեկը:

Պատահական չէ, որ չունենալով կոչումներ, պարգեւներ, չլինելով ստեղծագործական որեւէ միության ու ընկերակցության անդամ, նա արժանացել էր թերեւս յուրաքանչյուր արվեստագետի համար ամենաբաղձալի կոչմանը՝ ժողովրդի գնահատանքին ու մաքուր սիրուն: Բավական է միայն հիշենք, որ իր ժամանակակիցները նրան Ուսուցիչ էին անվանում:

Ցավոք, Ռոբերտ Կամոյանի 80-ամյակը նշում ենք առանց իրեն: Բայց մեզ համար մեծ սփոփանք է, որ ապրում ենք նրա կերտած կամոյանական աշխարհում՝ յուրօրինակ փիլիսոփայությամբ, սեփական ոճով, զերծ ավելորդ ազդեցություններից ու համեմված պարզությամբ: Թեկուզեւ հպանցիկ ծանոթ լինելով Ռոբերտ Կամոյանի ձեռագրին, հնարավոր չէ չզգալ նրա սերը Սյունյաց լեռնաշխարհի նկատմամբ, ներդաշնակությունը՝ ազգային արվեստի հետ:

Ճիշտ են նկատում Ռոբերտ Կամոյանի արվեստը գնահատողները, երբ նշում են, որ չնայած նրա զրույցը Բարձրյալի հետ էր, բայց այն երկրային թեմաներով էր: Նրա կտավների կենտրոնում իրական կյանքն էր, հասարակ մարդն ու բնությունը: Զարմանալի չէ, որ նա ոչ միայն առաջ էր նայում, այլ իր ստեղծագործություններով մարդուն էր առաջնորդում դեպի կատարելություն ու մաքրություն:

Ռոբերտ Կամոյանին հաջողվել է կերտել հակադրությունների ինքնատիպ ներդաշնակություն: Նրա արվեստի անբաժան մասն է մշտական կռիվը հակադիր բեւեռների միջեւ. կռիվ, որում միշտ հաղթել է լույսը, բարին: Կարծում եմ՝ նման խորը աշխարհայացք ու պատկերացումներ ունենալու պատճառներից մեկն էլ այն է, որ Կամոյանը սեփականից ու ազգայինից զատ, հրաշալիորեն նաեւ տիրապետում էր ինչպես համաշխարհային արվեստին, այնպես էլ համաշխարհային գրականության մեջ արտացոլված համամարդկային արժեքներին:

Այսօր հպարտությամբ ենք փաստում, որ Ռոբերտ Կամոյանն իր Սյունյաց աշխարհի անխոնջ նվիրյալն էր: Տաղանդավոր նկարչի վրձնով են ներկայացված մեր մեծերից շատերի փառահեղ կերպարները («Սյունյաց երկիր» թերթի պատվերով), որոնց թվում են՝ Սուրբ Գրիգոր Տաթեւացին, Ակսել Բակունցը, Համո Սահյանը, Մելիք Հայկազն երկրորդը, Նիկողայոս Ադոնցն ու ուրիշներ:

Մեծ վարպետությամբ Ռոբերտ Կամոյանը գեղարվեստորեն վերարտադրել է մեր լեռնաշխարհի մի քանի ուշագրավ իրադարձություններ՝ Վահանավանքի նավակատիքը 1100 տարի առաջ, Հաբանդի (Ձագեձորի) բերդի կառուցումը Հայկ Նահապետի սերունդների կողմից...

Բազմաթիվ թատերական ներկայացումների նկարչական ձեւավորումներից, բնանկարներից, հավաքածուներից, նատյուրմորտներից, դիմանկարներից ու գրաֆիկական աշխատանքներից զատ Կամոյանը նաեւ իր ուժերը փորձեց որմնանկարչության ասպարեզում՝ Գեղանուշի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու խորանի պատին պատկերելով սրբանկարների շարք, որոնցում Հովհաննես Մկրտիչն առաքյալներին ու հրեշտակներին ուղղորդում է մարդկության փրկության խորհրդանշի՝ Հիսուս Քրիստոսի կողմը:

Աչքներիս առաջ ունենալով այս ամենը՝ Ռոբերտ Կամոյանի 80-ամյակը մեզ համար առիթ է խորհրդածելու նրա ժառանգությունը պահպանելու եւ հանրությանն առավել ճանաչելի դարձնելու կարեւորության շուրջ: Տեղյակ եմ, որ նրա արվեստանոցում են մոտ 300 յուղաներկ ու շուրջ երկու հազարից ավելի գրաֆիկական (գծանկար) կտավները: Տեղյակ եմ նաեւ պահպանության ոչ պատշաճ պայմանների մասին: Միանշանակ է, որ համայնքային իշխանությունն իր հնարավորությունների սահմաններում պետք է հոգ տանի պայմանների բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ կարեւորելով այն հանգամանքը, որ Կամոյանի ստեղծագործությունները պետք է ցուցադրվեն ոչ միայն մարզկենտրոնում կամ մարզի այլ քաղաքներում, այլ նաեւ մայրաքաղաքում: Գերակայություններից պետք է լինի նաեւ նրա ստեղծագործությունների ամբողջական հավաքածուի ստեղծումը:

Եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով Ռոբերտ Կամոյանի անձն ու նրա ժառանգությունը պատշաճ գնահատականի չեն արժանացել, ապա հիմա այդ բացթողումը լրացնելու ժամանակն է: Չէ՞, որ Ռոբերտ Կամոյան արվեստագետն այն տեսակն է, ում ժառանգությունը դեռեւս խորքային ու պատճաշ ուսումնասիրության կարիք ունի:

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ Սյունիքի մարզպետ

***

Դավիթ Կամոյան. «Հայրս ո՛չ նախկինում, ո՛չ էլ ներկայումս ըստ արժանվույն չի գնահատվում»

Կապանցի նշանավոր գեղանկարիչ, ցավոք, հանրության եւ նեղ մասնագիտական շրջանակներում ըստ արժանվույն չգնահատված Ռոբերտ Կամոյանի 80-ամյակի առթիվ «Սյունյաց երկիր» թերթի հատուկ թողարկման շրջանակներում մասնավորապես նրա թողած ժառանգության պահպանման մասին զրուցեցինք գեղանկարչի որդու՝ Դավիթ Կամոյանի հետ:

- Համառոտ ներկայացրեք Ռոբերտ Կամոյանի ժառանգներին:

- Մենք երկու եղբայր ենք՝ Լեւոնը եւ ես: Երկուսս էլ հորիցս ժառանգել ենք նկարելու ձիրքը. եղբայրս ավարտել է Երեւանի գեղարվեստի ակադեմիան եւ այժմ բնակվում ու ստեղծագործում է մայրաքաղաք Երեւանում: Նա կայացած նկարիչ է՝ իր ուրույն գեղագիտական ճաշակով ու ներաշխարհով: Հիշում եմ՝ հորս մի անգամ հարցրին, թե չի՞ կարծում, որ որդին՝ Լեւոնը, կարող է իր արվեստով հորը գերազանցել: Հայրս պատասխանել է, որ, Լեւոնի աշխատանքներին նայելով, կարող է ասել, որ ամեն ինչ էլ հնարավոր է:

Ես նույնպես նկարում եմ, բայց կրթությունս կիսատ եմ թողել: Այժմ բնակվում եմ ՌԴ-ում՝ միաժամանակ զբաղվելով զբոսաշրջային բիզնեսով: Որդիս չի նկարում, իսկ 4-ամյա դուստրս ամբողջ օրը նկարում է եւ, կարծում եմ, հետագայում անպայման պապիկի գործի շարունակողներից կլինի:

- Լեւոն Կամոյանը զբաղվո՞ւմ է Կամոյանի ժառանգությունը հանրությանը ճանաչելի դարձնելու աշխատանքներով:

- Եղբայրս հորիցս ժառանգել է նաեւ իր ուրույն աշխարհով ապրելու հատկանիշը, բնավորությամբ ավելի ինքնամփոփ է: Ինչպես հայրս, նա էլ սիրում է կրկնել. «Ես նկարիչ եմ, ինձ այլ աշխատանքներով մի՛ ծանրաբեռնեք, մի՛ խանգարեք ստեղծագործելուս»: Իհարկե, եթե հատկապես գեղանկարչության հետ կապված հարցեր են առաջանում ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներում, նա ինձ աջակցում է: Ի դեպ, նախատեսում եմ գարնանը Կապանում Լեւոնի աշխատանքների ցուցահանդես կազմակերպել. եթե իհարկե ամեն ինչ հաջողությամբ ընթանա, մոտ 50 կտավ կցուցադրվի:

- Ձեր արվեստի վրա ազդեցություն ունեցե՞լ է հայրիկի արվեստը:

- Բնականաբար: Ինչ աչք ենք բացել, տեսել ենք նրա նկարները, ոգեշնչվել դրանով, իհարկե, հետագայում ուրույն արվեստ ստեղծելով:

- Այս պահին որտե՞ղ է պահվում Կամոյանի ժառանգությունը:

- Կամոյանի արվեստանոցում են գտնվում բոլոր կտավները՝ մոտ 300 յուղաներկ եւ 2000-2500 գրաֆիկա (գծանկար): Համապատասխան պայմաններ փորձում ենք ապահովել դրանք չփչանալու համար, բայց դրանք պետք է մշտական հանգրվան գտնեն: Ցավոք, նվիրաբերված կամ վաճառված շատ կտավների լուսանկարները չկան: Մի ժամանակ Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում հինգ կտավ մշտական ցուցադրվում էր, ներկայումս նույնպես նման առաջարկ կա: «Անդրանիկ զորավարի մուտքը Պղնձե քաղաք» կտավը ցանկանում էին երեւանյան թանգարաններից մեկում ցուցադրել, բայց այդ հարցն այդպես էլ լուծում չստացավ: Եթե առաջարկներ լինեն, շատ լավ աշխատանքներ կան, որոնք սիրով կնվիրաբերեմ որեւիցե թանգարանի:

- Իսկ ի՞նչ եղան Կամոյանի տուն-թանգարան կառուցելու երբեմնի խոսակցությունները:

- Այդպես էլ իրականություն չդարձան: Այնպես չէ, որ ես ասում եմ Կամոյանի տուն-թանգարան կառուցեն միայն, կարելի է այդ հարցը նաեւ այլ կերպ լուծել. թանգարան ստեղծել, որտեղ կներկայացվեն կապանցի նշանավոր գեղանկարիչների աշխատանքները: Խնդիրն այն է, որ քաղաքում թեկուզ ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու համար ցուցասրահի համար համապատասխան տարածք չկա: Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի շենքն էլ վերանորոգման կարիք ունի: Մանավանդ մեծ գործեր ցուցադրելու համար գրեթե ոչ մի տարածքում պայմաններ չկան:

- Իսկ պատկան մարմիններին դիմե՞լ եք այդ հարցերով:

- Ես այն կարծիքին չեմ, որ պետք է գնաս ասես՝ արի քո քաղաքի երեւելի մարդկանց սիրիր, գնահատի՛ր: Դրանում, նախեւառաջ, իրենք պետք է շահագրգռված լինեն, քանի որ նաեւ մշակութային արժեքներով են քաղաքդ ճանաչում:

- 80-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառում եք նախատեսում անցկացնել:

- «Կապան մոլ»-ի սրահներից մեկում հունվարի 16-ին կամ 17-ին տեղի կունենա Կամոյանի կտավների ցուցահանդես՝ մեկ շաբաթ տեւողությամբ, որին կներկայացնենք 80 գործ՝ 50 յուղաներկ, 30 գրաֆիկա:  ՌԴ-ի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կրասնոդար քաղաքներում նույնպես ցուցահանդես կլինի, արդեն մոտ 80 կտավ տեղափոխել եմ՝ 30 յուղաներկ, 50  գրաֆիկա: Արտասահմանյան որոշ քաղաքներում ցուցահանդեսներ կազմակերպելու առաջարկներ կան, բայց դրանց համար նյութական մեծ միջոցներ են հարկավոր՝ տեղափոխման եւ մի շարք այլ կազմակերպական խնդիրներ լուծելու համար:

- Ձեր կարծիքով՝ ըստ արժանվո՞ւյն է գնահատվում հայրիկի արվեստը:

- Գնահատվում է, բայց ոչ ըստ արժանվույն: Ցավով պիտի նշեմ, որ ինչպես Ռոբերտ Կամոյանին, այնպես էլ մի շարք այլ նկարիչների, արտասահմանում ավելի բարձր են գնահատում:

-  Կամոյանն այդպես էլ նկարիչների միության անդամ չդարձավ, չնայած որ շատ-շատերից բարձր է իր ստեղծած արժեքներով: Նա կոչումներ էլ չունեցավ, ինչո՞վ էր դա բացատրում:

- Դե նկարիչը չպետք է գնա ասի՝ ինձ կոչումներ տվեք, պարգեւների արժանացրեք: Յուրաքանչյուր արվեստագետի արժանի գնահատական պետք է տա միայն ու միայն ժողովուրդը: Բնավ նշանակություն չունի, թե դու նկարիչների միության անդամ ես կամ ոչ, կարեւորն արվեստի բնագավառում արժեքավոր գործեր թողնելն է: Ձեր թերթին տված հարցազրույցում նա այսպես էր պատասխանել հարցին. «Ոչ մի կոչում չունեմ, Կապանում ո՞նց հնարավոր է, որ կոչում ստանամ: Ո՞վ իմ մասին գիտի, որ կոչման արժանացնեն: Կապանում ո՞վ է հետաքրքրվում Կամոյանով: Ոչ մի բան չեմ ուզում, ինձ հանգիստ թողնեն, իմ գործով զբաղվեմ»: Այսօր նկարչությունը նույնպես բիզնես է, ով փող ունի, նա է նկարիչ, բայց, համոզված եմ, ժամանակի ընթացքում իսկական նկարիչներն իրենց ուրույն տեղը կգտնեն, այդ թվում նաեւ՝ Ռոբերտ Կամոյանը:

- Ժամանակին նա տարբեր քաղաքներից հետաքրքիր առաջարկներ է ստացել, որոնք ավելի մեծ հեռանկար էին խոստանում:

- Ռիգայից, Սանկտ-Պետերբուրգից ժամանակին առաջարկել են տեղափոխվել այնտեղ՝ գործունեություն ծավալելու համար, բայց նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ իր ներշնչման աղբյուրը հայրենի քաղաքում է, իսկ այնտեղ ամեն ինչ խորթ է իրեն:

-  Կամոյանը հաճախ էր սիրում կրկնել, որ մահվանից հետո պարզ կլինի՝ իր գործերը հաջողվե՞լ են, թե՞ ոչ:

- Ինձ թվում է՝ նա շատ վաղուց է կայացել եւ իր մնայուն տեղը գրավել թե՛ ազգային, թե՛ համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ: Այդ խոսքերով նա ավելի շատ ուզում էր շեշտել մնայուն կամ հավերժական արժեքներ ստեղծելու գաղափարը:

- Հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ երազում է գլուխգործոց ստեղծել: Հաջողվե՞ց նրան երազանքն իրականություն դարձնել:

- Ինձ թվում է՝ նա իր ստեղծած որեւէ կտավ այդպես էլ գլուխգործոց չհամարեց: Իմ կարծիքով՝ նրա բոլոր գործերն էլ յուրովի գլուխգործոց են: Իսկ թե որն է նրա երազած գլուխգործոցը, կարծում եմ, արվեստասեր հասարակությունը, հանրությունը ժամանակի ընթացքում կորոշեն:

- Արտասահմանյան որոշ քաղաքներում ունեցած ցուցահանդեսներից նա վերադարձել է առանց կտավների, կարելի է ասել «ձեռնունայն»: Ինչո՞ւ:

- Հիշում եմ՝ մենք փոքր էինք, երբ մորս հետ միասին Մերձբալթիկայում ունեցած ցուցահանդեսից վերադարձան՝ մեզ համար շատ խաղալիքներ բերելով: ԽՍՀՄ մի շարք քաղաքների ցուցահանդեսներից հետո բոլոր կտավները կա՛մ վաճառվել էին, կա՛մ նվիրել էր ընկերներին ու մտերիմներին: Բացի դրանից՝ Յուրմալայում մասնակցել էր մրցույթի եւ մոտ 800 գեղանկարիչներից նա էր արժանացել առաջին մրցանակի:

- Հնարավո՞ր է, որ հասնենք մի հանգրվանի, որ բոլոր կտավները վաճառվեն:

- Իհարկե ոչ: Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում կան մեծարժեք կտավներ, որոնք ոչ մի դեպքում չեմ վաճառի, քանի որ նրանք միայն ու միայն թանգարանային նմուշներ են:

- Արվեստաբանները որքանո՞վ են հետաքրքվում նրա արվեստով:

- Առանձնապես հետաքրքրվածություն համենայն դեպս ներկայումս եւ նախկինում չի զգացվել: Նախ՝ որովհետեւ ինքն էլ առանձնապես տեղ չի տվել դրան: Ժամանակին բուկլետ են տպագրել նրա մասին, գիրք հրատարակելու մտադրություն էլ կար, բայց այդպես էլ իրականություն չդարձավ: Ասում էր. «Ինչ նկարում եմ, հոգուս խորքից է բխում, լավ կանեմ, թե վատ, ժողովուրդը թող որոշի: Աստված այդ ձիրքն ինձ պարգեւել է, իսկ իմ գործերը հաջողվել են, թե ոչ, իմ մահից հետո կերեւա, թե ինչ եմ թողել: Հիմա դա ոչ մեկը չի կարող որոշել»:

- Մարդու ամենամեծ արժանիքը նա կիսվելն էր համարում: Ի՞նչ ի նկատի ուներ:

- Հայրս կոչ էր անում կիսվել գիտելիքով, փորձով, ունեցվածքով: Իսկ կտավներից բաժանվում էր սիրով, առանց ափսոսանքի, ոչ մեկի համար ախ չէր քաշում. սա եւս ունեցածը կիսելու նրա լավագույն հատկանիշի մասին է վկայում:

- Հաճա՞խ էր քննադատում ձեզ:

- Հատկապես ծուլությանս համար միշտ դիտողություն էր անում, ասում էր՝ ընդունակ ես, ճաշակով, կարող ես ավելին անել: Ցավում եմ, որ աշխատանքի բերումով երկար ժամանակով բացակայել եմ մեր երկրից, հորիցս չեմ կարողացել ավելին վերցնել:

- Ապագայի, գալիքի մասին հաճախ էր խոսում՝ նշելով՝ ապագայի համար ենք նկարում:

- Յուրաքանչյուր նկարչի համար ապագան այն է, որ իրենից հետո էլ մարդիկ գնահատեն նրա արվեստը: Բայց սիրում էր կրկնել՝ ինձնից հետո կարող են ավելի լավ նկարիչներ լինել, որդիներս կարող են ինձ գերազանցել: Չնայած ես կարծում եմ, որ մենք չենք գերազանցի հորս:

- Ինչի՞ց էր նեղվում:

- Նեղվում էր, որ միջոցներ չունի ներկ գնելու համար:

- Զավակներին ի՞նչ էր խորհուրդ տալիս:

- Լսի՛ր միայն հոգուդ եւ սրտիդ ձայնը, այն քեզ չի խաբի, կտավներում ցո՛ւյց տուր այն, ինչ կուտակված է ներսումդ, ստեղծի՛ր քո յուրահատուկ աշխարհը՝ առանց ուրիշներին նմանակելու:

- Իր տաղանդը սերում էր…

- Վաչագանից, մայր բնությունից, մայրական գեներից, Հայաստանի գույներից… Հետաքրքիր է, որ հատկապես արտասահմանցին, երբ դիտում է նրա կտավները, ասում է՝ բնության մեջ այդպիսի գույներ չկան, բայց պարզվում է՝ կան…

- Մի քանի տարի հետո Ռոբերտ Կամոյանին ըստ արժանվույն գնահատված տեսնելու համար ի՞նչ կուզեիք մեր քաղաքում ավելացած տեսնել:

- Նախեւառաջ, շատ կցանկանայի, որ Կապանում լիներ մի այնպիսի թանգարան, որտեղ ցուցադրվեին հատկապես կապանցի ժամանակակից գեղանկարիչների աշխատանքները: Իսկ Ռոբերտ Կամոյանի արվեստն ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար իմ ուժերի չափով աշխատանքներ իրականացնում եմ, կցանկանայի, որ դրանում շահագրգռված լինեն նաեւ այլ անձինք, ովքեր իսկապես կարող են գնահատել նրա ժառանգությունը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25