Այսօր Մելիքսեթ Պողոսյանի ծննդյան օրն է

31.08.2023 14:29
900

2020 թ. օգոստոսի 31-ին, երբ Մելիքսեթ Պողոսյանը դարձել էր 60 տարեկան, «Սյունյաց երկիրը» հոբելյանի առիթով հարցազրույց ունեցավ նրա հետ. թերթի հատուկ համար թողարկելու մտադրություն ունեինք։ Սակայն վերահաս պատերազմը մեր մտադրությունն ի չիք դարձրեց։

Այսօր, նրա ծննդյան հերթական տարեդարձի առիթով, նպատակահարմար գտանք հրապարակել երեք տարի առաջ պատրաստված հարցազրույցը, որը վերնագրել էինք Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ «Սպարապետ Վազգենն ինձ համար Հայաստան էր…»։

***

- Պարոն գնդապետ, ահա և դարձաք 60 տարեկան։ Ի՞նչ զգացողություններով դիմավորեցիք հոբելյանը, ինչպե՞ս ընդունեցիք փաստը, որ արդեն 60 տարեկան եք։

- Ճիշտն ասած` որպես զինվորական, որպես մարտական ուղի անցած մարդ` սկզբից դժվար էր ընկալել փաստը։ Երբ օգոստոսի 31-ին նստեցինք տոնական սեղանի շուրջ, նաև տոնական տորթ մատուցեցին` 60 թվանշանով, նախ` չկարողացա հարմարվել իրականության հետ, բայց հետո մտքերս ու հուշերս ինձ տեղափոխեցին պատերազմական տարիները։ Հիշեցի մարտական ընկերներիս` ողջ և զոհված, պատերազմական դրվագներ, անմոռանալի և ճակատագրական իրադարձություններ։ Ինքս ինձ հարց ուղղեցի` ինչպե՞ս հասար վեց տասնամյակի սահմանագծին…

Կարծում եմ` արժանապատվորեն եմ անցել այդ ճանապարհը, մեկը չկա, որից խռոված լինեմ, չկա մեկը, որ հետևիցս չարախոսի (համոզմունքս է). չեմ կարծում, որ մեկին վատություն  եմ արել։ Անհնարին է։ Պատահել է` ծառայությանս ժամանակ բարկացել եմ այս կամ այն զինվորի վրա։

Ի՞նչն է ուշագրավ. այդ զինվորներն ավելի հաճախ են զանգահարում, հետաքրքրվում ինձնով, ավելի մտերմական կապի մեջ են ինձ հետ։ Ահա այսպես էլ անցել են տարիները…

- Մենք էլ մեր համոզմունքն ունենք` ճշմարիտ ճանապարհ եք անցել իսկապես, բայց եթե մի հրաշքով նորից սկսվեր Ձեր կյանքը, արդյո՞ք նույն ուղին կընտրեիք։

- Դարեր շարունակ պետականություն չենք ունեցել. հետևաբար և զորք ու բանակ չենք ունեցել։ Ուստի և` որտեղ ու երբ էլ ծնվեի, այս մտածելակերպը, հայրենիքի հանդեպ նույն վերաբերմունքը կունենայի։

Հայաստան երկիրը, Արցախ աշխարհը սիրելով` չէի կարող ուրիշ տեղ ապրել։ Որտեղ էլ լինեի` պիտի գայի այստեղ` այս հողի վրա կառուցելու տունն ու կերտելու իմ կենսագրությունս։

Երբ հայ մարդը տարիների գործունեության արդյունքում հետք չի թողնում, ուրեմն սխալ է ապրել, այդպես եմ համարում։ Այսինքն` եթե նորից ծնվեի, երկրիս պաշտպանության համար մի բան պիտի անեի։ Ընդ որում ձգտել եմ միշտ յուրահատուկ բան անել։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի ժամանակ ռազմավարական տեսակետից կարևոր առաջին բարձունքը մեր ջոկատն է գրավել։

Դարեր շարունակ միշտ կորցրել ենք, և փառք Աստծո, այս անգամ հաղթեցինք, մեր սերնդին հաջողվեց հայոց պատմական տարածքներն ազատագրել։

Փառք ու պատիվ մեր ծնողներին, որ մեզ հայրենասիրական ոգով են դաստիարակվել։

- Հարգանք ու պատիվ նաև Ձեզ, որ 60-ամյակի օրը հիշում եք ծնողներին, հետադարձ հայացք ձգում Ձեր ակունքներին, արմատներին։ Գիտենք` Ձեր հայրը Մեծ հայրենականի վետերան էր, մայրդ` հյուրասեր, օջախի կրակը վառ պահող կին, ում նաև զինվորականությունն էր հարգում և ընդունում։

- Երբ գնում էինք մարտադաշտ, միշտ մայրս աղանձ էր պատրաստում, բաժանում տղաներին, նաև խորհուրդներ տալիս` միշտ արթուն եղեք, չլինի քնով անցնենք, զգոն պահեք ձեզ, ուժեղ ու միասնական, - այսպիսի պատգամներ էր հղում ջոկատիս զինվորներին։ Իմիջիայլոց ասած` նրան գյուղում «ստարշինա» էին ասում։ Եվ հիմա, երբ ծնողներս չկան, անհուն կարոտով եմ հիշում նրանց։ Ողորմի բոլոր ննջեցյալներին։ Մայրս պարզ ու հասարակ կին էր։ Զրահաբաճկոնը, որ հագնում էի, նռնակներ էի դնում գրպանը, ասում էր. «Մելո, հանկարծ գերի չընկնես, մի նռնակը քեզ համար պահիր»։ Հյուրասեր կին էր, միշտ հարգում էր մարտական ընկերներիս, իրեն լավ էր զգում նրանց հյուրասիրելով, հարգելով, պատվելով։ Ուրախանում էր` տանը հյուրեր ընդունելով։ Երբ զանգահարում էի, թե գալիս ենք, իսկույն հարցնում էր` հա՞վ, գա՞ռ, թե՞ հինդուհավ մորթեմ։ Նրա դաստիարակությամբ այլ կերպ չէի կարող ապրել ու գործել…

- Եվ, այնուամենայնիվ, ո՞րն եք համարում Ձեր անցած ճանապարհի գլխավոր արդյունքը։

- Այսպիսի մի համեմատություն անեմ, կյանքը մի բաժակ է, կաթիլ առ կաթիլ լցնում ես։ Դա քո ապրած կյանքն է, քո կենսագրությունն է, քո քրտինքը, քո կռիվը, ամեն-ամեն ինչ։ Բաժակը թափելը, դատարկելն ամենահեշտ բանն է, մի վայրկյանում կարող ես անել։ Պահելն է դժվար` հայ մնալ-չմնալու, հասարակության մեջ մարդ մնալու, օջախում արժանապատիվ զավակ կամ ծնող լինել-չլինելու... Մարդիկ կան, որ անբավ հարստություն են դիզել, ո՞ւմ է պետք, որ սրտանց բարև տվող չկա։ Մարդ պիտի ճշմարիտ կյանքով ապրի, հպարտ` որպես իսկական հայ։ Հաճույքով եմ նկատում, երբ մտնում եմ մարդկանց մեջ, աջ ձեռքս բարձրացնում եմ և բարձրաձայնում` ողջո`ւյն, ու տարբեր կողմերից ողջո`ւյն, ողջո`ւյն արձագանքներ եմ լսում։ Ինձ համար ամենամեծ հարստությունը դա է, որ սրտանց են բարևս առնում, որովհետև ոչ մեկին չեմ վիրավորել, վատություն չեմ արել. միշտ կրկնել եմ` ավելի լավ է հինգ տարի վագրի պես ապրել, այլ ոչ թե հարյուր տարի որպես կատու։ Եվ շարունակելու եմ արժանապատիվ կյանքով ապրել, որքան նախախնամությունն է սահմանել։

- Ձեր կենսագրության մեջ մի ցավալի դեպք կա, որ տխուր մտորումների տեղիք է տալիս, նաև վկայում Ձեր կամքի մասին։ 1992-ին էր, կռվում էիք Հոչազում, չկարողացաք մասնակցել մանկահասակ որդուդ հուղարկավորությանը։ Կներեք, որ հիշեցնում ենք այդ տխուր դեպքը։

- Իմ շտաբը տեղակայված էր քարանձավի մեջ` ապահովության համար, այդտեղ էլ լսեցի այդ գույժը։ Հեռակապով խոսեցի մորս հետ։ Մայրս ասաց` բա ճիշտ կլինի՞, որ դու չգաս, պատասխանեցի` հաշվիր Գևորգը մեծացել է, 18 տարեկան դարձել, հոր հրամանատարության ներքո կռվել է ու զոհվել։ «Եթե կրակագծից դուրս գամ, տասը դիակ կարող է գյուղ մտնել», - այսպես մորս ներկայացրի իրավիճակը։  Մայրս ինձ հասկացավ…

Որպես հայր, որպես ծնող առանձնացել եմ ու ողբով թեթևացրել սիրտս։

Եթե հրամանատարը թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին թողնի իր դիրքը, ջոկատը չի կարող կռվել, բոլորը քեզ են նայում, քո անձնական կեցվածքով ու վարքով պիտի օրինակ ծառայես մյուսներին։

Ես կռվի դաշտում զոհ չեմ տվել։ Հիմա էլ հայոց բանակում ամեն ինչ անում են, որ կարգապահությունն ու մարտական պատրաստականությունն ամուր հիմքերի վրա լինեն։ Բայց իմ ջոկատում ե՛ւ կարգապահությունը, ե՛ւ ամեն ինչ ամուր հիմքերի վրա են եղել։

- Պարոն գնդապետ, վերջին ժամանակներս Արցախյան գոյամարտին տրվում են հակասական գնահատականներ, որը հատկապես մեր` այդ պատերազմը տեսած և վերապրած սերնդի համար տարօրինակ է։ Միգուցե փորձ է արվում արժեքային համակարգ փոխել, չգիտենք, բայց միանշանակ կարող ենք ասել` դա այն հերոսամարտն էր, որ երբեք չի մոռացվի, ինչպես Ավարայրը, Սարդարապատը… Կուզեինք լսել Ձեր գնահատականն Արցախյան հերոսամարտի վերարժևորման փորձերի առնչությամբ։

- Ով հերոս է եղել ինձ համար, հերոս էլ մնում է։ Ով անցել է Արցախյան պատերազմի քուրայով, ով համազգեստ է մաշել, Արցախյան գոյամարտի արժեքը գիտի, հարգանքի և գնահատանքի է արժանի։ Ոչ մեկը մյուսին իրավունք չունի դատելու` ինչի համար ես կռվել կամ ինչու ես հերոս դարձել։ Ժամանակն ամենաարդար դատավորն է, այն ամեն ինչ իր տեղը կդնի։ Շատ չեմ ուզում խորանալ այդ խնդրի մեջ, մի բան կարող եմ ասել` ովքեր զենք են վերցրել ու մեր սրբազան հայրենիքը պաշտպանել, իրենց ցավը տանեմ։ Դարեր շարունակ միշտ կորցրել ենք, 20-րդ դարավերջին կարողացանք մեր պատմական տարածքների մի մասն ազատագրել։ Ի՞նչ կապ ունի, թե մարդ հանրապետության որ նախագահի օրոք է խրախուսման արժանացել։ Մենք պատերազմը դեռ չենք ավարտել, պետք չէ բաժան-բաժան անել։ Մեր մարդկային ռեսուրսներն այնքան քիչ են, որ խելացի քայլեր պիտի անենք միայն, միմյանց տեղն իմանանք։ Ով Հայաստանի համար մի բան արել է, պիտի հարգանքի արժանանա…

- Պարոն Պողոսյան, Դուք այն մարդկանցից եք, որ շփվել եք Վազգեն Սարգսյանի հետ։ Կուզեինք Ձեր պատկերացրած Վազգեն Սարգսյանը ներկայացնեիք ընթերցողին։

- Վազգեն Սարգսյանը Նժդեհի պես Սյունիքը շատ էր սիրում և Գորիսից էր ղեկավարում պատերազմական գործողությունները։ Բոլորին անհատապես գիտեր` հրամանատարներին, կռվողներին։ Երբ հրադադար հաստատվեց, նրան դիմեցի` ասելով, թե կռիվն ավարտվել է, տղաներով ցանկանում ենք անցնել խաղաղ աշխատանքի։ Ասաց` Մելո, հիմա էլ բանակաշինությամբ պիտի զբաղվենք, լավագույն հրամանատարները պիտի մնան բանակում։ Քո ջոկատում պիտի խորհրդակցություն անցկացնես, ովքեր ցանկանում են ծառայությունը շարունակել, անունները ներկայացնում ես նախարարության կադրերի վարչություն, դու էլ առաջնագծում մի գումարտակ կա, գնում և հրամանատարությունն ընդունում ես։ Այդպես էլ եղավ։

Խորնարհվում եմ նրա շիրմի ու հիշատակի առջև։ Սպարապետի անհատականությունը և մեծությունը մոռանալ չի կարելի։ Նրա մահով մեր ընթացքը հարյուր տարով հետ ընկավ։ Եթե նա ողջ մնար Կարեն Դեմիրճյանի հետ, մեր երկիրն ուրիշ երկիր կլիներ։ Ազնիվ մարդ էր, նվիրված մարդ, ճշմարիտ մարդ… Հոկտեմբերի 27-ը հարյուր տարով հետ գցեց մեր երկրի ընթացքը։

Անձամբ ես շատ-շատ մեծ բան եմ կորցրել, նրա մասին խոսելիս մեծ ցավ եմ ապրում։ Վազգենն ինձ համար Հայաստան էր…

- Չե՞ք կարծում, որ մերօրյա ազատամարտի շատ մասնակիցներ, մասնավորապես, վիրավոր ազատամարտիկներ, մենակ մնացին իրենց հոգսերի հետ։ Մինչդեռ նրանք առանձնահատուկ վերաբերմունքի էին արժանի։

- Մի քանի անգամ կրկնել եմ, նաև այսպիսի հարցազրույցների ժամանակ, որ մինչև իսկ հանրապետության առաջին դեմքը լսի։ Տղաները, ովքեր մարտական ուղի են անցել, պիտի մենակ չմնան իրենց հոգսերի հետ։ Խնդիրն այլ հարթությունում է. կան տղաներ, ովքեր ոչ մի տեղ չեն գրանցվել, կամավոր են միացել հայրենիքի պաշտպանությանը. նրանցից մեկը զոհվել է, մյուսը` վիրավորվել, երրորդը ողջ-առողջ է վերադարձել մարտի դաշտից. նրանց կարգավիճակը պետությունը պիտի ճշտի, գնահատի մարդուն, այլապես ջուրն իր առվով չի գնա։ Իմ ջոկատի մարտիկներից մեկին, ով գլխից վիրավորվել է և զրկվել մատերից, թոշակը կտրել են։ Մի՞թե հայրենի հողի համար արյուն թափած մարդու հետ կարելի է նման ձևով վարվել…

Դա, ներող եղեք, խուլիգանություն է։

- Գյուղում մեծացած տղան հանկարծ հայտնվում է պատերազմական թոհուբոհի մեջ. նաև ռազմական կրթության ստացած հրամանատարների շարքում… Շատ-շատերի հետ եք շփվել, ո՞վ է այն զորահրամանատարը, որ Ձեզ համար ընդօրինակման արժանի է եղել, որից Դուք օրինակ եք վերցրել, խորհուրդ եք հարցրել, ովքեր Ձեր պատկերացմամբ իսկական զորավարներ են եղել, հրամանատար։ Ի վերջո մարտի դաշտում եք հմտություններ, գիտելիքներ, փորձ ձեռք բերել…

- Որքան հնարավոր է` գիտելիքներ և հմտություններ ձեռք եմ բերել մարտի դաշտում, բայց որ պրոֆեսիոնալ զինվորական եմ դարձել և մարտական գործողություններում ոչ մի խնդիր չեմ ունեցել, պարտական եմ Յուրի Խաչատուրովին։ Շատերի հետ եմ շփվել, խոսքս զինվորական պրոֆեսիոնալների մասին է, բայց այդ համաստեղությունից կառանձնացնեի հենց նրան։ Հանգամանքների բերումով շատերի հետ եմ շփվել, գեներալներ Հրաչ Անդրեասյան, Մուրազ Սարգսյան, այլ ճանաչված զինվորականներ։ Բայց զինվորական կյանքի ուսուցիչ համարում եմ Յուրի Խաչատուրովին։

- 1994-ի զինադադարից հետո Դուք չշտապեցիք զինվորական համազգեստը դնել պահարանում, մասնակցեցիք բանակաշինությանը, Ձեզ տեսել ենք տարբեր զորամասերի հրամանատարի, Գորիսի զինկոմի դերում։ Կուզեինք փոքրիկ անդրադարձ կատարել Ձեր գործունեության այդ դրվագներին։

- Նախ` դժվարությամբ համաձայնեցի ստանձնել Նորավանի տանկային զորամասի հրամանատարությունը։ Ուզում էի դիրքերում մնալ իմ տղաների հետ։ Վազգեն Սարգսյանի հորդորով ստանձնեցի  այդ պատասխանատու պոստը. Սպարապետի խոսքը հստակ էր` դու պիտի լինես հրամանատարը։ Ես էլ հակադարձեցի` թե տանկիստ չեմ, որքանով է դա արդարացված։ Միանգամից ասեմ` վիճակ չկար այդ զորամասում, շատ բան կար շտկելու։ Շինարարական կազմակերպությունից տեխնիկա խնդրեցի, վեց ամսում օրինակելի զորամաս դարձրի, հանրապետության զինված ուժերի լավագույն զորամասերից մեկը եղավ, զինվորների մարտական պատրաստականությանն էլ մեծ ուշադրություն դարձվեց։ Եթե 1992-ին այդպիսի մի զորամաս ունենայինք, առանց որևէ դժվարության կհասնեինք Բաքու։

Ուզում եմ մի դրվագ ներկայացնել` Սպարապետ Վազգեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանին բերեց Նորավանի զորամաս` ասելով` եթե ուզում ես հայոց բանակը տեսնես, արի ցույց տամ։ Կարեն Դեմիրճյանի աչքերին ուրախության և հպարտության արցունք նկատվեց` զորամասի տեխնիկային, կարգ ու կանոնին ծանոթանալուց հետո։ Կարեն Դեմիրճյանն ասաց` Մելո, ես աշխարհ շրջած մարդ եմ, բայց տեսածս ինձ զարմացրեց։ Իսկ երբ Երևան հասան, Վազգեն Սարգսյանը զանգահարեց և շնորհակալություն հայտնեց, ասելով` մինչև Երևան հասնելը Կարեն Դեմիրճյանը քո և զորամասի մասին էր խոսում։

Տանկիստի օրվան նվիրված ՀՀ զինված ուժերի մրցմանը խաղարկվող գավաթը մեր զորամասն է նվաճել։ Բոլոր վարժություններից մեր զինվորները բարձր ցուցանիշներ գրանցեցին` գոհացնելով թե ժյուրիի անդամներին, թե ինձ։

- Ինչպե՞ս եղավ, որ ստանձնեցիք Գորիսի զորամասի հրամանատարի պաշտոնը։

- Օրերից մի օր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ եկավ Նորավանի զորամաս։ Ասացին` Մելո, դու այստեղ այլևս բան չունես անելու, պիտի լինես Արարատի գնդի հրամանատար, այնտեղ վիճակը վատ է։

Զինվորական եմ` պատրաստ կատարելու ամեն մի հրաման, բայց… Այնպես ստացվեց, որ միասին եկանք Գորիսի զորամաս. ծանոթացան ներքին կարգ ու կանոնին, զինվորների կենցաղային և ժամանցի պայմաններին ու չափազանց դժգոհ մնացին։ Որտեղ մտան, դրական բան չտեսան։ Ես էլ չհամբերեցի ու ասացի` պարոն նախարար, ինձ համար ավելի նպատակահարմար է մնալ այստեղ, ինձ համար պատիվ կլինի Գորիսի զորամասը ոտքի կանգնեցնելը։ Նախարարը միանշանակ տվեց իր համաձայնությունը։

 Առաջինը հանդիպեցի զորամասի սպայակազմի հետ, լուրջ զրույց եղավ զորամասում ստեղծված վիճակի վերաբերյալ, նախանշվեցին անելիքները և դրանց իրականացման ժամկետները։ Ահագին ջանք թափվեց մինչև զորամասի մարտական պատրաստությունը հասցրեցի պատշաճ մակարդակի։ Այդտեղից էլ 2007 թվականին տեղափոխվեցի  Գորիսի զինկոմիսարիատ` ստանձնելով զինկոմի պաշտոնը։ Այդ պաշտոնում էլ մի քանի անգամ անվանական զենքի արժանացա` որպես լավագույն զինկոմ։

Լրացավ ծառայությանս ժամանակը, երկարամյա զինվորական ծառայությունից հետո անցա կենսաթոշակի։

- Ի դեպ, զինկոմիսարիատի համակարգում վերաձևումներ կատարվեցին վերջին տարիներին։ Նախկին շրջանային զինկոմիսարիատները լուծարվեցին, ստեղծվեց Սյունիքի մարզային զինկոմիսարիատ (նստավայրը` Գորիս քաղաք), ինչը միանշանակ չընդունվեց, մամուլում եղան հրապարակումներ, կատարվածի վերաբերյալ կողմ և դեմ կարծիքներ հնչեցին։ Ձեր նկատառումը։

- Որքան վերլուծում եմ, ընդունելի էր նախկին ձևը, զորակոչային աշխատանքն ավելի օպերատիվ էր կատարվում, տեղերում գիտեին մարդկանց, պատկերացնում էին զորակոչային ռեսուրսները։ Ավելի արդյունավետ աշխատանք կար ե՛ւ զինակոչիկի, ե՛ւ զինապարտի հետ, հարկ եղած դեպքում կարելի էր զորքերն ավելի արագ ու արդյունավետ համալրել։

- Ձեր կենսագրության անմոռանալի էջերից է 2016 թ. ապրիլյան պատերազմը, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Ձեզ տեսավ առաջնագծի ամենադժվարին տեղամասերից մեկում` Եղնիկներում, խրամատի մեջ, այդ օրերի վավերագրական լուսանկարները պահպանվում են… Կուզենայինք հետադարձ հայացքով անդրադառնայիք Ապրիլյան պատերազմին։

- Պատերազմի վտանգը միշտ էլ կա, պարզապես համապատասխան օղակները մեզ պիտի տեղեկություններ հաղորդեն։ Պատերազմում հաջողությունը նրա կողմում է, ով ժամանակին տիրապետում է տեղեկատվությանը։

Երբ ադրբեջանցիները 2016 թ. ապրիլին ամբողջ ճակատով հարձակվեցին և իրենց ուզած հաջողությանը չհասան, շնորհակալ պիտի լինենք մեր սպաներին և զինվորներին, որ կարողացան դիմակայել հակառակորդի հուժկու գրոհին ու հետ շպրտել։ Մեր բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է, բայց ծառայություններ կան, որ ավելի զգոն պիտի լինեին և պատասխանատու` իրենց առջև դրված խնդիրները կատարելու առումով։

Երկրապահներն էլ գնացին` իրենց որդիների մոտ կանգնելու։

Դժվար է գերագնահատել կամավորների այդ պահվածքը, որ սրտի և կամքի կանչով առաջնագիծ մեկնեցին։

- Պարոն հրամանատար, կուզեինք ներկայացնել Ձեր նկատառումները մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին, որպես հայրենիքի ապագա պաշտպանի։

Այս խնդրում (հատկապես վերջերս) հետընթաց ունենք, մի մասը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Նորություն ասած չեմ լինի` դպրոցում է ձևավորում հայրենասիրության, վարվելակերպի, կուլտուրայի դրվածքը, ինչպես նաև պատանու ֆիզիկական ու մարտական պատրաստականության դրվածքը։

Ուզում եմ նշել մի բաղադրիչի մասին` կրակային պատրաստություն։ Նախնական զինվորական պատրաստության դասերին մեծ ուշադրություն պիտի դարձնել այդ հանգամանքին։ Պիտի ասեմ, որ պետությունն այս ուղղությամբ մեծ ծախսեր է արել, դպրոցներում վարժասարքեր են տեղադրվել, բայց աշակերտներին նաև հրաձգարաններ պիտի տանել։ Եթե աշակերտը հրաձգային դասընթացի պահանջները  կատարի, բանակում խնդիր չի ունենա։ Իսկ ընդհանրապես դպրոցում պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման ուղղությամբ անելիքներ շատ ունենք։

- Հայոց բանակի Ձեր տեսլականը. ի՞նչն է դուր գալիս հայոց բանակաշինության մեջ, ինչո՞ւմ ենք թերանում։ Դուք ե՛ւ զորամաս եք ղեկավարել, ե՛ւ զինկոմիսարիատ։ Ավելի լավ, քան Դուք, հարցի պատասխանը չեն կարող տալ։

Բանակը լավագույն սպաներով համալրելու խնդիր կա։ Ցավալի է խոստովանել` ռազմական ուսումնարաններ դիմողների թիվն է քչացել։ Անհրաժեշտ է նաև սպաների, կռված տղաների կենսապայմանները բարելավել, որ, ասենք, հարևանը տեսնի ու իր երեխային ռազմական ուսումնարան ուղարկի։ Հիմա սպաները վարկերի ու հոգսերի մեջ են, Արցախյան գոյամարտի մասնակիցները դժվար են ապրում ու այսպես շարունակ։ Վերջերս Արցախյան պատերազմի մի մասնակից է վախճանվել, հուղարկավորության ծախսերը երկրապահ կամավորներով ենք հոգացել։ Եթե դու քո սպային և զինվորին չես կերակրում, նրա կենսապայմանները չես բարելավում, ինչպե՞ս կարող է մարդու մեջ ցանկություն առաջանա դիմելու ռազմական ուսումնարան։

- Արցախյան գոյամարտի ճշմարիտ պատմությունը կարողացե՞լ ենք ներկայացնել գրքերով, ֆիլմերով և այլն, թե՞, ասենք, ով ուզում, ինչ ձևով ուզում` ներկայացնում է` սուբյեկտիվ ընկալումներից ելնելով։

- Դա շատ լուրջ խնդիր է, երբեմն աղավաղվում է մերօրյա ազատամարտի պատմությունը։ Գործից անտեղյակ մարդիկ այսօր գիրք են գրում, անթույլատրելի է։ Եթե մասնագետը գիրք գրի, կիմանա ումից և ինչից սկսի։ Իսկ Արցախյան պատերազմին առնչվող որոշ գրքեր կարդալիս պարզապես հիասթափություն ես ապրում. ոչ մի կապ իրական պատերազմի և այդ գրքերի միջև։ Այսպես են մտածում երբեմն` փող ունենք` կգրենք։ Դատապարտելի է նման գործելակերպը։

- Տեղափոխվենք մի այլ ոլորտ. այսօր Դուք ղեկավարում եք Երկրապահ կամավորականների միության մարզային կառույցը, որի մասին էլ կուզեինք մանրամասնել։

- Սյունիքի ԵԿՄ կառույցը եղել է, կա ու գործում է։ Կուզեի, որոշ հաստիքների խնդիր լուծվեր, Երկրապահին նաև տիրություն պետք է անել. այսօր մենք հավաքարարին, օպերատորին չենք կարողանում վճարել, սոցիալական ոչ մի հարց չենք կարողանում լուծել։

- Հիմա աշխարհազորի մասին օրենք են մշակում, հնարավո՞ր է, որ երկրապահին պետական կարգավիճակ շնորհվի` աշխարհազորի անվան տակ։

- Ծանոթ չեմ աշխարհազորի մասին օրենսդրական նախաձեռնությանը, բայց... Երկրապահ կամավորականների միությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցն է, եթե ուզում են այդ անունը չլինի, կարող են վերացնել երկրապահը, ինչն անթույլատրելի բան է։

- Նախորդ հարցի տրամաբանության մեջ տեղավորվող ևս մեկ հարց։ Հայաստանում Արցախյան պատերազմի մասնակիցների չորս-հինգ կազմակերպություն կա, միգուցե դրանց միավորո՞ւմը նախ իրականացնենք։

- Անշուտ, դրանց միավորելը ճիշտ կլինի։ Եթե նույնիսկ հասարակական կազմակերպություն է, պիտի մտնի օրենքի ու պետական կարգավորման դաշտ։ Պիտի գործի օրենքի տառին և ոգուն համապատասխան։ ԵԿՄ վերջին խորհրդակցության ժամանակ իմ առաջարկություններն արել եմ. Մեղրուց մինչև Գորայք բոլոր կռված տղերքին գիտեմ, նրանց մտահոգություններն էլ գիտեմ… Մեր անելիքները ճշտել ենք, եթե, Աստված մի արասցե, 2016 թ. ապրիլին տեղի ունեցածի նման մի բան լինի։ Խաղաղ ժամանակ պիտի ճիշտ պլանավորես, որ պատերազմի ժամանակ խնդիր չառաջանա։ Դա վերաբերվում է նաև Արցախյան պատերազմի մասնակիցներին միավորող բոլոր կազմակերպություններին։

- Դուք Ձեզ գնահատվա՞ծ եք համարում։

- Ես մարդկային այն տեսակը չեմ, որ մեր հաղթանակած պետությունից, մեր պատմական տարածքներն ազատագրած բանակից, մեր արարող ու հպարտ ժողովրդից դժգոհ լինեմ։ Ինչքան էլ ինձ համար դժվար լինի, տրտնջալը և բողոքելն իմ գործելակերպը չէ։ Դժվարին օրեր եմ տեսել, բազում ընկերներ եմ կորցրել, միայն մի բան եմ ցանկանում, որ այն տղաների, ովքեր պատերազմական քուրայով են անցել, արժանապատվությանը չդիպչեն, նրանք ուշադրության կենտրոնում լինեն։ Նրանք դուրս եկան իրենց հայրենիքը պաշտպանելու` առանց որևէ ակնկալիքի, եթե զոհվել է` փառքի արժանացնենք, եթե վիրավորվել է` վերաբերմունք ցույց տանք, որ գոնե հասարակության մեջ նվաստացած չլինի, գնահատված լինի իշխանությունների կողմից։ Ասում եմ այն ամենի համատեքստում, որ մեր հակառակորդ երկիր Ադրբեջանը մեր երկրի դեմ կռվելու համար պրոֆեսիոնալ վարձկաններ է բերում, մինչդեռ մեր նվիրյալ տղաներն ինչ-որ տեղ անտեսված են։

- 2020 թ. հուլիսյան օրերին «Սյունյաց երկրի» էլեկտրոնային տարբերակում զետեղեցինք Ձեր հայտարարությունը, որ երկրապահներով պատրաստակամություն եք հայտնել մասնակցել Տավուշյան դեպքերին։ Այդ մասին` մի քանի խոսք։ Այսպիսի մի հարցի պատասխան էլ կուզենայինք լսել. ռազմական տեխնիկայի անընդհատ արդիականացման պայմաններում երկրապահը կարո՞ղ է իր նախկին դերը խաղալ, թե՞ անընդհատ պիտի վերապատրաստվի։

- Վերապատրաստումը միշտ էլ անհրաժեշտ է։ Ապրիլյան քառօրյայից հետո մարտավարությունը փոխվեց. տեսա՞ք, թե ինչպես Սիսիանի տղաներին կորցրեցինք։ Կարծում եմ` հետախուզությունը թերացել է այս պարագայում։ Այն պիտի ինֆորմացիա տար, որ ջոկատների տեղաշարժը ճիշտ կազմակերպվեր։ Իսկ Տավուշյան դեպքերն այն մասշտաբը չունեին, որ երկրապահը մասնակցեր դրան, թեև մենք պատրաստ էինք. առհասարակ երկրապահը միշտ պատրաստ է կանգնել բանակի կողքին։

- Բոլոր մարտերը զինվորի հրամանատարի համար կարևոր են լինում, բայց դրանց թվում լինում է մեկը, որ գլխավոր է լինում, Ձեզ համար, մարտական գործողությունների շղթայում, ո՞րն է այդ մեկը` գլխավորը։

- Լավ կռիվ, վատ կռիվ չի լինում։ Բայց ռազմական լուրջ օպերացիան, որ անձամբ մշակել և ավարտին եմ հասցրել, Թուրուսի խութի գրավումն էր։ Շատ բարդ օպերացիա էր։ Մի քանի փորձառու զինվորականներից խորհուրդ էի հարցրել, ասել էին` Մելո, 35-40 զոհ ես տալու։

Իսկ ի՞նչը ստիպեց, որ անհապաղ ձեռնարկեմ այդ օպերացիան։ Եկա գյուղ, տեսա` երեք դիակ կա, ինքս ինձ հետ կռիվ տվեցի, ասի` Մելո, որպես հրամանատար, ինչպե՞ս ես հաշտվում այդ վիճակի հետ։ Գնացի հետախուզության` երկու մարտիկներիս հետ, ինձ անհրաժեշտ էր ադրբեջանցիների անուններ իմանալ, ականապատված հատվածները ճշտել, թե հակառակորդի հերթափոխը որտեղով է անցնում։ Ինչևէ, հաջողվեց այդքան ինֆորմացիա հայթայթել…

Հետախուզությունից հետո` մայիսի 16-ի վաղ առավոտյան, Խնածախի կողմից գիշերային անցում կատարելով թշնամու թիկունքը և հանկարծակիի բերելով թշնամուն, սկսեցինք մարտը։ Թուրուսի խութի մարտում ընդամենը չորս վիրավոր եմ տվել։ Եղել են դեպքեր, երբ շատ ավելի թուրքեր ենք ոչնչացրել, բայց Թուրուսի խութն այն ռազմավարական բարձունքն էր, որ անհապաղ գրավել էր պետք, քանզի այդտեղից թշնամին կրակ էր թափում շրջակա հայկական գյուղերի վրա։

- Դե ինչ, հարգելի Մելո, պարոն գնդապետ, մեր վաղեմի բարեկամ ու ընկեր Մելիքսեթ Պողոսյան, ծնունդդ շնորհավոր, քեզ` քաջառողջություն և փորձդ, իմացությունդ մեր պատանիներին ու աղջիկներին փոխանցելու հետևողականություն։ Եվ, իհարկե, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։

Զրույցը` Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

 

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06