Այցելեցինք Աչաղու գյուղի հնադարյան սրբավայրերը

08.05.2026 15:32
312

Կապան քաղաքի թաղամասի կարգավիճակ ստացած այդ գյուղում մեր ստեղծագործական խումբը եղավ 2026 թ մայիսի 4-ին՝ հիանալի մի անձնավորության՝ Շամիր Ղուկասյանի ուղեկցությամբ։

Թաղամաս–գյուղը ներկայումս կրում է Արցախյան առաջին գոյամարտի հերոսներից մեկի՝ Համլետ Քոչարյանի անունը։

Իսկ մատենագիտության մեջ բնակավայրը հիշատակվում է տարբեր անուններով՝ Աչախլու, Աշաղլու, Աչաղվա գետ, Աչաղուն, Աչըխլու և այլն։ Ճիշտը, կարծում ենք, Ստեփանոս պատմիչի գործածած ձևն է, որն էլ հիմք ենք ընդունում Աչաղլու:

Ռոբերտ Գրիգորյան–Էջանանցին միակն էր, որ փորձել է ստուգաբանել Աչաղու գյուղանունը՝ նշելով «Գյուղանունը, ակներևաբար, ունի աչ և աղու արմատները, որոնք բնորոշ են Սյունիքի՝ հեթանոս շրջանից ավանդված տեղանուններին»։

Ալիշանը սխալմամբ Աչաղու գյուղը նույնացնում է Աջիլուի հետ, որն այլևս ակնհայտ է:

Գյուղի հյուսիսային հատվածում է գտնվում Հայաստանի ամենաբարձր ջրվեժը (բարձրությունը՝ 106 մ)։

Ջրվեժը, որ սնվում է Կատար լեռան աղբյուրներից, սեզոնային է և հոսում է հիմնականում գարնան ամիսներին։

Մենք չբարձրացանք ջրվեժ, բայց, ինչպես ասում են տեղանքին քաջածանոթները, ջրվեժ կարելի է հասնել ոտքով։ Եվ մենք ընթացիկ տարում անպայման կմոտենանք բնության այդ հրաշքին:

Մինչդեռ հեռվից դիտեցինք բանաստեղծական ներշնչանք բերող ջրվեժի հեքիաթային խաղը։

Գյուղի հյուսիսային հատվածում (ջրվեժից փոքր  ինչ արևմուտք) է գտնվում Աչաղվա բերդը։

18-րդ դարասկզբին Դավիթ Բեկը վերանորոգել է այն և դարձրել իր ամրոցներից մեկը։

1727 թվականին՝ թուրքերի հարձակումների ժամանակ, բերդը պաշտպանում էին Մելիք Ղուկասի և Մելիք Այվազի զորականները։

Սակայն բերդի անվան և տեղագրության շուրջ կա որոշակի շփոթ, որի շուրջ կուզենայինք պարզություն մտցնել։

Նախ՝ տեղանքին քաջածանոթ մարդիկ համաձայն են մեր տեսակետին, որ Աչաղվա բերդը կամ Աչաղուի բերդը չի կարելի նույնացնել Աղջկա բերդի հետ, որը Շահարջիկից կամ Շեկքից հյուսիս է գտնվում, ինչին անդրադարձել ենք մեր նախորդ ուխտագնացությունից հետո։

Այնուհետև՝ մեր մեծ երախտավորներ Րաֆֆին ու Ալիշանն այդ բերդը կոչում են Ղըրղալա անվամբ, որը, այնուամենայնիվ, չի կարող բերդի հին անունը լինել։

Կարծում ենք՝ Աչաղուի բերդը նույնական է Կկոց բերդի կամ Կկոց քարի կամ Կկվո քարի կամ Կկվաքարի հետ։ Իսկ բերդի գտնվելու վայրը ոչ թե Աչաղու գյուղից արևելք է, այլև հյուսիս։

Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» թարգմանության, ներածության և ծանոթագրությունների հեղինակ Ա. Աբրահամյանն էլ, կարծեք, նույնն է պնդում. «Գտնվում է Գիրաթաղ գետակի ձախ կողմում»:

***

Սակայն Աչաղու գնալու մեր նպատակը գյուղի սրբավայրերին ծանոթանալն էր։

Առաջինը ծանոթացանք երբեմնի ավերված եկեղեցու հետ, որ վերականգնել է այս կողմերում ճանաչված Սարո Թադևոսյանի կրտսեր որդին՝ Արսեն Թադևոսյանը։

Եկեղեցու մերձակայքում կանգնեցված խաչքարի ներքևի մասում այսպիսի արձանագրություն է քանդակված՝ «Նորոգեցաւ եկեղեցիս 17-րդ դարու բարերարութեամբ Արսենի Թադեւոսեան ի փառս Աստուծոյ ի պահպանութիւն ազգիս հայոց և ի բարօրութիւն գերդաստանի իւրոյ։ Շնորհք և ողորմութիւն տեառն լիտի ի վերայ հաւատացելոց և եկեղեցւոյս այսորիկ այժմ և միշտ։ Ամէն»։

Դե ինչ, հարգանք Արսեն Թադևոսյանին, որ միջնադարյան ավերված եկեղեցուն նոր կյանք է տվել։

Հաջորդ սրբավայրը գյուղի խոնարհված եկեղեցին է, որը, դատելով ճարտարապետական լուծումներից, 10-13-րդ դարի կառույց կարող ենք համարել։

Այդ եկեղեցին մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Աչաղուի վանք անվամբ։

Վթարային վիճակում հայտնված սրբավայրի մուտքը ծածկված էր մացառաթփերով և, ցավոք, անհնար էր ներս մտնել։

Հույս ունենք, որ կգտնվեն բարերարներ և կփորձեն հնադարյան եկեղեցին փրկել ամբողջական փլուզումից։

***

Աչաղուն Կապան մայրաքաղաքի դիմաց էր և, ըստ հին հարկացուցակի, ութ հարկաչափով մտնում էր Բաղք-Աճանանի վիճակի մեջ։

Աչաղու գյուղի մասին իմանում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքից։

Պատմիչը նշում է, որ Վահանավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցուն (911 թվական) հատկացվում է կալվածքի բաժին։ Այդ թվում՝ «Տանձափարախի կողմից՝ մեծ բնաձորը, որ սկիզբ է առնում լեռնից ու իջնում մինչև գետը, և վանքի դիմացի գյուղերը՝ Աչաղուն, Աչաղվա գետը, Արավայրը, Շեկքը, ինչպես և եկեղեցու ուրիշ շատ նվիրատվություններ ու տիրույթներ՝ հաստատվելով անխախտ որոշմամբ» (էջ 217)։

Պատմիչն Աչաղուին անդրադառնում է  մեկ այլ առիթով ևս «Վեց հարյուր տասնինը թվականին Աստված կրկին բարկացավ մեր Բաղաց աշխարհի ու Սյունյաց նահանգի վրա և բոլորի ապավեն ու ապաստան անառիկ Բաղաբերդ ամրոցը մատնեց Իսմայելի՝ անիծյալ ու գիշակեր մարդու ձեռքը, որը բազմաքանակ զորքերով եկավ, բայց չկարողացավ ոչինչ անել։ Այնուհետև խաբեկան խոսքերով խաբեց աչաղվացի պարզամիտ քրիստոնյա մարդկանց ու նրանց միջոցով նախ գրավեց Կկոց քարը, ապա գիշերը նույն մարդկանց միջոցով հափշտակեց և Բաղաբերդը, որը գրավելով սաստիկ կոտորած կատարեց» (էջ 279)։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00