Բանաստեղծ, որ գալիս է լեռներից … (Բանաստեղծ, ՀԳՄ Վայոց Ձորի բաժանմունքի ղեկավար Վարդգես Խանոյանի ծննդյան 70 ամյակի առթիվ)

11.12.2019 17:38
890

Ես լեռներից եմ գալիս,

մանկությանս ձայնն եմ՝

լեռան աղբյուրի պես ղողանջող …

Ես լեռներից եմ գալիս՝

նախահայրերիս ձայներն

իմ երակներում.

առասպելվող դարերը

կոպերիս վրա…

         Այսպես նա ազդարարեց իր մուտքը գրական աշխարհ, թեեւ բարձրահունչ, բայց ազնիվ ու անկեղծ ելեւէջներով: Իր ներշնչանքի ակունքը հայրենի բնաշխարհն էր գեղահրաշ Վայոց ձորով, լեռնահովտում ծաղկած  Շատին ծննդավայրով, որտեղ հյուսած մանկության ու պատանեկության երազներով  թեւավորված վերջնականապես հանգրվանեց Ջերմուկ ոստանում: Եվ շարունակվեց կյանքի ճանապարհը, որ գրական- ստեղծագործական հետագիծ ունի, նույնքան եւ ավելի շուրջ կեսդարյա աշխատանքային գործունեություն հայրենի քաղաքի  առողջարարական համակարգում՝ վաստակելով համընդհանուր հարգանք ու ճանաչում : «Մեր բանաստեղծն է», - հետաքրքրվելիս՝ նրա մասին սիրով կարձագանքեն վայոցձորցիները: Եվ Վարդգես Խանոյանը՝ մեր նորօրյա գրականության այդ համեստ աշխատավորը (եթե կարելի է այդպես ասել), արդեն քանի՛ տասնամյակ, առանց թմբուկ-շեփորային ծնծղաների, բացել է ստեղծագործական մի փոքրիկ կածան,  որ, այո՛, սկիզբ է առել հայրենի բնաշխարհից, շարունակվել-զորացել Վայոց ձորի   լեռ-քարափների  զգացողական տարերքո, Արփա գետի քնարական շշուններով  Ջերմուկի հեքիաթային ջրվեժի արեւաձայն ցոլքերով: Հենց այս գույներից էլ ծնվել է իր առաջին` «Արեւի ձայն» բանաստեղծական ժողովածուն, ինչ-որ տեղ սահյանական բնակերտ աշխարհի ազդեցության նշաններով, բայց եւ ինքնուրույն ճանապարհով քայլելու հայտարարագրումով: Էականն այն բնաբուխ  միջուկ-տարերքն էր, որ վայոցձորյան տաք արեւի շողերով էր պարուրում ընթերցողի հոգին: Հետո ծնվեց «Հրաշալի քաղաքացին» պոեմը իր հայրենի ոստանը շենացնող , արարող մարդու մասին, ով ոչ միայն պահպանու, այլեւ  ամենօրյա հոգածությամբ հարստացնում-բազմապատկում է բնաշխարհի գեղեցկությունը: Գիրքը ժամանակին լայն արձագանք գտավ հատկապես Վայոց Ձորի դպրոցների սաների շրջանում, հաստատելով այն ճշմարտությունը, որ իսկական գրականությունը ճանաչողական-դաստիարակչական մնայուն հետագիծ պետք է թողնի սերունդների ճանապարհին: Եվ ինքն էլ խոստովանում է. «Երեխաների   հետ հանդիպումների ժամանակ զգացի, որ նրանք մանկական լավ գրքերի կարիք ունեն: Այդպես սկսեցի բանաստեղծություններ  գրել նաեւ նրանց մասին նրանց համար»: Փոքրիկների հոգեբանությանն  ու մտածողությանը համահունչ զգացումների ծնունդ է Խանոյանի «Արեւի  ճանապարհով՛» գիրքը, որում ամփոփված գողտրիկ երգերը երեխաներին տոգորում են հայրենի բնաշխարհի հանդեպ ջերմ սիրով, ապրելիք կյանքի ճանապարհին բարի ու լուսավոր հետագիծ թողնելու, մարդկային մնայուն արժեքներով առաջնորդվելու զգացումներով: Եվ այդ ամենը՝ պարզ, դյուրամատչելի ոճական հյուսվածքով, պատկերավոր, զվարթ տարերքով: 

         Մանկապատանեկան աշխարհին էր, ըստ էության, նաեւ հասցեագրված Խանոյանի հերթական գիրքը՝ «Քաջերը մահ չունեն» գեղարվեստա-վավերապատումների ժողովածուն Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված ջերմուկցիների սխրանքների մասին : Հիմա այդ գիրքը նույպես ուսուցչի հետ դպրոց է ՛՛ մտնում ՛՛ ՝ երեխաներին ավանդելու հայրենասիրության ու հերոսության դասեր:

     Եվ վերջապես՝ կրկին «վերադարձ՛» բանաստեղծական արարումների աշխարհ՝ «Թախծի ծառ» խորհրդավոր խորագիրը կրող ժողովածուով: Նրանում ներառված բանաստեղծությունների գլխավոր «հերոսը»  նույն անկեղծ ու անանց սերն է՝ հայրենի բնաշխարհը՝ իր անկրկնելի գույներով ու ձայներով, նաեւ՝ հոգին պարուրած ալեբախությունների, ժամանակի տագնապների, նորօրյա մարդու ցավերի ու նաեւ՝ անլքելի հույսի ու հավատի պատկերախոս անդրադարձներով: Եվ այս ամենի հետ ու այս ամենի մեջ «թախծի ծառ»՝ գրքի համանուն «հերոսը», այն իրական, լեգենդար ծառը, որ վշտահար խոնարհվել է Ջերմուկի անդնդախոր ձորի ժայռապռնկին. Լեգենդ չէ ի՞նչ է. դարերի պատմություն է՝ իբրեւ թե ծառին փարված մեկ ուրիշին է եղել, կայծակը դաժանորեն հարվածել , ճյուղակոտոր է արել: Եվ ահա Աստծու ամեն օր վշտահար ու մենակյաց «թախծի ծառը» սգում է իր «ընկերուհու» կորուստը ՝ տերեւներում պահած վաղորդյան արցունքը  ցողելով Արփայի ջրերում: Եվ բանաստեղծն այսպես է վերաիմաստավորել հավերժական սիրո առեղծվածը.

Թախծի իմ ծառ,

քեզ քան՞ի միլիոն տարի է պետք,

որ քո սվսվոցը դառնա բառ,

կեղեւդ դառնա մաշկագույն,

տերեւներդ դառնան հարդարված մազեր,

ոստրերդ դառնան ոսկրե մատներ,

արմատներդ ոտնաթաթեր դառնան.

հայացքդ լցվի թախծի լույսով,

եւ դու ելնես , գնաս քո սիրո ետեւից.

Քեզ քանի՞ միլիոն տարի է պետ ,

Թախծի իմ ծառ…

       Խնկարկում հայրենի բնաշխարհին, բայց ամենից ավել ՝ ցավազգացություն ու սեր այդ բնաշխարհում ապրող, արարող նաեւ կյանքի բավիղներում այդպես էլ իր տեղը չգտած, շրջապատից մեկուսացած-արհամարված մարդու հանդեպ: Մարդկային խոր ողբերգության, հեգեխռով զգացումների  ինչպիսի` վառ դրսեվորում է: Պոեմի արժեք ունեցող «Մուրոյի մասին ցավալի մի հուշ»  քնարապատումը՝ աշխարհում միայնակ ու խենթ մի մարդու մասին, որ կյանքում ոչինչ չունի, մոռացված է բոլորի կողմից, ու երբ հեռանում է կյանքից, մարդիկ նոր են հիշում նրան ու գերեզմանի շիրմատախտակին գրում «Էսքանն իմն է»: Չէ, Մուրոն գիժ չէր ու լավ գիտեր, որ «աշխարհում  ինչ էլ լինի, էդքան հող, մեկ է, կհասնի իրեն»: Ասք չէ, ի՞նչ է…

        Եվ, այնուամենայնիվ, «Թախծի ծառի» ճյուղերից  «կախված» ամեն մի կանաչ տերեւ-երգից նաեւ լույս է ճառագում , կարոտ ու հավատ, ապրելու, արարելու, այս արեւի տակ իր տեղը գտնելու, հաստատելու հույս: Լույս՝ ի հակադիր կյանքում ու մարդկանց հոգիներում անթեղված ցավի, սեր՝ աշխարհում միակ երազային էակի հանդեպ, անսահման սեր՝ հայրենի բնաշխարհի ու նրան իր սրտում փայփայող վայոցձորցի շինականի հանդեպ, կարոտ՝ լավի ու բարու…

    Ու եթե առանձին բանաստեղծություններում հենց թախծի մրմունջներ էլ են հնչում , ապա միայն մեր կյանքում, մարդու՛ կյանքում լավի ու բարու, սիրո ու հավատի պակասից: Ժողովածուի խոհափիլիսոփայական տարերքի զարկերակները հենց այս խորհրդանիշներով են բաբախում:

    Վկա նաեւ գրքի բաժինների խորագրերը՝ «Սիրո ճյուղեր», «Հայրենի արմատներ», «Ծաղիկ ու պտուղ», «Թախծի ծառին իջած թռչուններ»…

            Վարդգես Խանոյանի ստեղծագործական դիմանկարի միայն մի քանի նրբագիծ ներկայացնող սույն հոդվածով փորձեցի նաեւ ինչ-որ չափով քավել իմ եւ գրականագետ գործընկերներիս «մեղքը», որ ոչ միշտ ենք մեր հայացքը սեւեռում մայրաքաղաքից դուրս՝ մարզերում ապրող գրողների աշխարհին: Իմ նպատակը համեստ էր՝ պարզապես հոբելյանական առիթն օգտագործելով՝ ընթերցողներին հրավիրել հեռավոր Ջերմուկում ապրող-ստեղծագործող բանաստեղծի աշխարհ, համոզված, որ նրա «Թախծի ծառը» լուսավոր, բարի հետագիծ կթողնի նրանց հոգում: Այս զգացումներով շնորհավորում եմ «լեռներից եկող» բանաստեղծի ծննդյան հոբելյանը եւ արդեն հրատարակության պատրաստ նոր գրքերի սպասումով ստորագրում՝                            

                                                                                                    

Լյուդվիգ Կարապետյան

Բանասիրական գիտությունների դոկտոր

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03