Բաքվում և Մոսկվայում կոշտ են արձագանքում Փաշինյանի ելույթին, Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս

18.10.2023 16:53
844

Եվրախորհրդարանում վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթին արձագանքել են և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում, երկուսն էլ՝ կոշտ։

Փաշինյանը շատ արագ տեմպով գնում է Ուկրաինայի նախագահի հետքերով, պետական ТАСС-ին ասել է ռուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում։

«Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես այն մասով, որ վերաբերում է Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին», - ասել է գործակալության զրուցակիցը:

Երեկ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անվտանգային ոլորտի դաշնակիցները չեն օգնել, փոխարենը Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել։

«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», - ասել է Հայաստանի վարչապետը:

«Տեսնում ենք՝ ինչպես են փորձում Հայաստանը դարձնել Ուկրաինա», - ասել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ովքեր են փորձում և ինչպես։

Բաքուն էլ, արձագանքելով Հայաստանի վարչապետի ելույթին, պնդել է, թե այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է՝ «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։

Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում ասվում է, թե իբր Հայաստանը չի հրաժարվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»։

Մինչդեռ Հայաստանի վարչապետը երեկ Եվրախորհրդարանի ամբիոնից հայատարել էր, թե եկել է խաղաղության ուղերձով և շարունակելու է այդ օրակարգը։ Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանը դեմ է արտատարածքային միջանցքին, բայց պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը։

Վարչապետը երեկ եվրոպական ամբիոնից մտավախություն էր հայտնել, որ Իլհամ Ալիևը մինչ օրս չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և «միջանցքի» հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ։

Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին պնդել է, թե իբր Հայաստանը չի ուզում մասնակցել տարածաշրջանի ապաշրջափակման նախագծերին։ «Հայաստանը քաջատեղյակ է, որ պարտավորվել է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անխոչընդոտ շարժը և անվտանգությունը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Ցավոք, բաց է թողնում այդ հնարավորությունը»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը

Հայաստանի և տարածաշրջանի համար ոչ-ցանկալի սցենարներից զգուշացնում է նաև Վրաստանի նախկին նախագահը։ Միխեիլ Սաակաշվիլին այսօր դիմել Փաշինյանին՝ հորդորելով արագորեն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։

«Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Մերձբալթյան երկրների պես՝ բաց սահմաններով», - գրել է Սաակաշվիլին, չհստակեցնելով՝ պատրա՞ստ է դրան Ադրբեջանը, և արդյոք միայն Փաշինյանի հայտարարությունն է պակասում այդ հեռանկարին։

Այս ամսվա սկզբին՝ Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից ու հայաթափումից հետո Սաակաշվիլին սոցիալական ցանցերում շնորհավորել էր Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ և պնդել, թե հիմա՝ Արցախի ինքնալուծարումից հետո, տարածաշրջանում նոր հեռանկարներ են բացվել։ Նույնը նա գրել է նաև այսօր՝ Հայաստանի վարչապետին հասցեագրված բաց նամակում։

«Դուք պետք է պահանջեք, որ ռուսական բազան անհապաղ հեռանա Հայաստանից, դուրս գաք ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից և հայտ ներկայացնեք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Պետք է շտապեք, ցանկացած կասկած մի կողմ դնեք, գնաք վա-բանկ», - պնդել է Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ ազատազրկված է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։

https://www.azatutyun.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40