Բաց նամակ բանաստեղծ Վարդգես Խանոյանին՝ ծննդյան 70-ամյակի առիթով

25.07.2023 16:51
865

Բարև, թանկագի՛ն Վարդգես. գիտես՝ մեր առօրյա հեռախոսային փոխադարձ ողջույնն է՝ «հարյուր տարվա» անաղարտ ընկերության լուսավոր զգացումով: Եվ հաջորդող «ի՞նչ կա-չկա» սովորական հարցին էլ՝ այլոց կողմից նույնպես բազմիցս հոլովվող պատասխանների հուսավառ կամ տագնապալի սպասում: Բայց այս անգամ և քո պարագայում ուրիշ է. բացվել է քո 70-ամյակի առավոտը, և ես ուզում եմ հենց այսպես՝ անկեղծ զգացումների նույնաքանակ հորդումով՝ այս բաց նամակով սրտանց ողջունել քեզ՝ շնորհավոր դժվարանց ճանապարհով, ցավի, հուսո ու հավատի, ի վերջո լույսի հանգրվաններով պսակված հոբելյանդ, իմ հրաշալի բարեկամ և ընկեր Վարդգես Խանոյան:

Այս բարձրահունչ նախաբանում «ճանապարհ» բառը ինչպես բոլորիս, այնպես էլ քեզ համար աշխարհ գալու խորհրդանիշ ակունք է՝ Աստծո օրհնանքով մեզ պարգևած կյանքի սկիզբ, այնուհետև՝ ժամանակի հոլովույթում օր օրի, տարեցտարի, վերելք-վայրէջքներով, արգելք-հաղթահարումներով կերտվող ճակատագիր, որի ճշմարիտ շարունակություն-ընթացքը գերազանցապես մեզնից, մեր անսխալ որոշում-վճիռներից է կախված, և ամեն վրիպում-սայթաքում կարող է հենց ճակատագրական լինել: «Ճանապարհ» և «ճակատագիր» բառերը քո պարագայում նույնպես խորհրդանշական իմաստավորում ունեն:

Այս խոհափիլիսոփայական տարերքից ազատվելով՝ հիմա մտորում եմ, որ քո ծննդավայր Վայոց ձորի Շատին ոստանի գեղատեսիլ բնությունն էր առաջին հերթին կնիք դրել քո ճանապարհի ու ճակատագրի վրա, նվիրական լեռնահովտից ակունքվող ճանապարհ, որ շարունակության մեջ հաստատագրվեց ծննդավայրի դպրոցի շրջանավարտի, զինվորական ծառայության, Լենինգրադում ուսանելու վկայագրերով, ապա և արդեն քանի՜ տասնամյակ աշխատանքային հավատավոր գործունեություն Ջերմուկ քաղաքի առողջարանային համակարգում: Վերջին տարիներին զուգահեռ՝ նաև Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մարզային բաժանմունքի նախագահի պաշտոնում: Եվ հենց այս քաղաքն էլ եղավ և մնում է քո գրողական ճակատագրի կերտողը, քո ստեղծագործության ոգեղեն ու բնաբուխ աղբյուրը, սիրո, ոգեշնչումի մի հեքիաթային աշխարհ, որի հորիզոններում ծիածանվում են Վայոց ձոր կոչվող Հայոց ձորի ծաղկանկար գույներն ու զրնգուն ձայները, որ քո երգերում հնչում են այսպիսի ներհուն ելևէջներով.

Ես լեռներից եմ գալիս,

մանկությանս ձայնն եմ՝

լեռան աղբյուրի պես ղողանջող...

Ես լեռներից եմ գալիս՝

նախահայրերիս ձայներն

իմ երակներում,

առասպելվող դարերը

կոպերիս վրա...

Եվ երախտագետ որդու այսպիսի խոնարհում իր հայրենի եզերքին.

Քո լեռները ժպտադեմ

Արևի գիրկն են առել,

Աղբյուրներդ արծաթե

Զնգուն լարեր են դառել...

Ահա այսպես՝ հարազատ ու նվիրական այս հայրենաշխարհն էլ կանխորոշեց քո՝ Վարդգես Խանոյան բանաստեղծի ճանապարհն ու ճակատագիրը՝ դեռևս դպրոցական նստարանից հյուսվող դողդոջուն տողերից մինչև հասուն տարիքում երկրի մամուլի էջերից արդեն տպագիր խոսքով ընթերցողի հետ «խոսող» խոստումնալի բանաստեղծ, մինչև առաջին «Արևի ձայն» ժողովածու, ապա և իրար հաջորդող նոր գրքեր՝ «Հրաշալի քաղաքացին», «Քաջերը մահ չունեն», «Արևի ճանապարհով», «Թախծի ծառ», գրքեր, որոնք քո կենսադավանանքի յուրովի խորհրդանիշներն են: Տուրք չտալով ընկերական զգացումներին (որ տասնամյակներ առաջ ակունքվել է քո Ջերմուկում և անխաթար շարունակվում է մինչև այսօր) և ունկնդրելով գրականագետի իմ խղճին՝ հոբելյանիդ առիթով նորից պիտի հաստատագրեմ, որ մեր պոեզիայի մայրուղու արժեքներին հ

ամաձույլ քո ինքնատիպ կածանը, թեև գրական ճանապարհիդ սկզբում ինչ-ինչ «թելերով» հատվում էր Համո Սահյան մեծ քնարերգուի բնաբուխ տարերքին, բայց երևութական ազդեցությունը հետագայում տարանջատվեց, և դու արդեն խոսեցիր քո զուլալված, անեղծ «արևի ձայնով», որ ունի ուրիշ հնչեղություն ու նրբերանգներ: Եվ քո «հրաշալի քաղաքացին» էլ ոչ միայն հայրենի բնության գեղեցկությունների վայելողն է, այլ դրանց պահպանողն ու բազմապատկողը՝ իր արարումով ու տիրոջ զգացումով, և քո փառաբանած «անմահ քաջերն» էլ Ջերմուկ աշխարհի այն զավակներն են, ովքեր կյանքը զոհաբերեցին Արցախյան ազատամարտում, որ մեր սերունդները ապրեն խաղաղության լույսի մեջ, «արևի ճանապարհով» քայլեն դեպի գալիք:

Սիրելի՛ Վարդգես, այս նամակում շարունակելով ապավինել քո իսկ գրքերի էությունից բխող խորհրդանիշ խորագրերին՝ մտնում եմ այն ժողովածուի աշխարհը, որ անվանել ես «Թախծի ծառ»: Այս գիրքը քո ստեղծագործության բարձրակետն է, որում ներառված բանաստեղծությունները հոգիդ պարուրած ալեբախությունների և ժամանակի տագնապների, նոր իրականության խաչմերուկներում «մոլորված» մարդու ցավերի ու նաև անլքելի հույսի ու հավատի յուրօրինակ անդրադարձներ են: Եվ գրքի համանուն «հերոսն» էլ իրական, լեգենդար այն դարավոր ծառն է, որ վշտահար խոնարհվել է Ջերմուկի գեղահրաշ ձորի ժայռապռնկին: Հիշո՞ւմ ես, տարիներ առաջ, երբ միասին անցնում էինք այդ վայրով, ինքդ մի առավոտ ծանոթացրիր նրա հետ. «Թախծի ծառն է, միակը մեր ձորում,- և՛ զարմանքս փարատելով՝ բանաստեղծորեն շարունակեցիր,- տեսնո՞ւմ ես, գիշերամթին կծկված տերևների մեջ վաղորդյան ցողն է թաքցնում, իսկ երբ արևը դուրս է գալիս, տերևներն իրենց ափերը բացում, ցողը ներքև է թափվում, և ծառն ասես լաց է լինում: Ձորի գեղեցկություններով հմայված անցորդներից ոչ ոք ծառ ասես չի նկատում: Ու նա էլ ահա թախծում է: Բայց նրա վշտի պատճառն ուրիշ է...»: Այս «քնարական» բացատրությունից հետո պատմեցիր մայր բնության հյուսած մի լեգենդ, թե իբրև այդ ծառի կողքին մի ուրիշ ծառ է եղել, կայծակը դաժանորեն խփել, ճյուղակոտոր է արել: Եվ ահա Աստծո ամեն օր վշտահոգ ու մենակյաց «թախծի ծառը» սգում է իր ընկերուհու կորուստը, ապա հավատով նայում է սևացած կոճղարմատից ծլարձակած միակ կանաչ ճյուղին և սպասում սիրո հարությանը: Ասք չէ, ի՞նչ է: Եվ դու, իմ բարեկա՛մ, հենց «Թախծի ծառ» անվանակիր գրքում այսպես ես վերաիմաստավորել հավերժական սիրո լեգենդը.

Թախծի իմ ծառ,

քեզ քանի՞ միլիոն տարի է պետք,

որ քո սվսվոցը դառնա բառ,

կեղևդ դառնա մաշկագույն,

տերևներդ դառնան հարդարված մազեր,

ոստերդ դառնան ոսկրե մատներ,

արմատներդ ոտնաթաթեր դառնան,

հայացքդ լցվի թախծի լույսով,

և դու ելնես, գնաս քո սիրո ետևից...

Քեզ քանի՞ միլիոն տարի է պետք,

Թախծի իմ ծառ...

Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ քո «Թախծի ծառի» ճյուղերից «կախված» ամեն մի կանաչ տերև-երգից նաև լույս է ճառագում, կարոտ ու հավատ, ապրելու, այս արևի տակ իր տեղը գտնելու, հաստատելու, հարատևելու հույս: Լույս՝ իր հակադիր կյանքում ու մարդկանց հոգիներում անթեղված ցավի, սեր՝ աշխարհում միակ երազային էակի հանդեպ, անսահման սեր՝ հայրենի բնաշխարհի ու նրան իր սրտում փայփայող վայոցձորցի շինականի հանդեպ, կարոտ լավի ու բարու... Ու եթե քո գրքի առանձին բանաստեղծություններում հենց թախծի մրմունջներ էլ են հնչում, ապա միայն մեր կյանքում, մարդու կյանքում լավի ու բարու, սիրո ու հավատի պակասից: ժողովածուի խոհափիլիսոփայական տարերքի զարկերակները հենց այս խորհրդանիշներով են բաբախում: Վկա՝ նաև բաժինների խորագրերը՝ «Սիրո ճյուղեր», «Հայրենի արմատներ», «Ծաղիկ ու պտուղ», «Թախծի ծառին իջած թռչուններ»... Ու այս ամենի հետ ու այս ամենի մեջ, բնության վերքերի հանդեպ ցավազգացությունից ավելի քեզ հուզում է մարդու ճակատագիրը, ցավն ու տագնապը մարդու մեջ մարդկայինի կորստի հանդեպ: Վկա՝ նաև ներհուն պոեմի արժեք ունեցող «Մուրոյի մասին ցավալի մի հուշ» խոհերգը, մի հուզիչ քնարական պատում, ընդամենը 60 տող, բայց խորքում մարդկային խոր ողբերգության ինչպիսի՜ նրբագծային հոգեխռով դրսևորում: Պատում Մուրո անունով այս աշխարհում միայնակ ու խենթ մի մարդու մասին, որ ոչինչ չունի և, այնուամենայնիվ, «մի երկու գրկաչափ թևերը պարզում, ինքն իրեն ասում է՝ էսքանն իմն է...»: Ու երբ բոլորի կողմից մոռացված Մուրոն հեռանում է կյանքից, մարդիկ նոր են հիշում նրան ու գերեզմանի շիրմատախտակին գրում. «էսքանն իմն է»: Եվ իր պարզությամբ ու խորքով ցնցող վերջաբան.

Մուրոն գիժ չէր,

Մուրոն լավ գիտեր,

Որ աշխարհում ինչ էլ լինի,

էդքան հող, մեկ է, կհասնի իրեն:

Վարդգե՛ս, սիրելի՛ս, տեսնո՞ւմ ես՝ ինչից սկսեցի և ուր հասա՝ առանց գերագնահատելու, քո ստեղծագործական աշխատանքի միայն մի քանի գուներանգ ներկայացնելով բարեմիտ ընթերցողիդ՝ դրանով իսկ ինչ-որ չափով նաև քավելով իմ և գրականագետ-գործընկերներիս «մեղքը», որ ոչ միշտ են իրենց հայացքը սևեռում մայրաքաղաքից դուրս՝ մարզերում ապրող տաղանդավոր գրողների ստեղծագործական քայլերին: Իմ նպատակը համեստ էր. պարզապես հոբելյանական առիթն օգտագործելով՝ ընթերցողներին հրավիրել հեռավոր Ջերմուկում ապրող, ստեղծագործող բանաստեղծի աշխարհ՝ համոզված, որ այդ աշխարհին ծանոթանալիս գնահատանքի այս խոսքը նույն զգացումներով շատերը կկիսեն, և քո «թածխի ծառը» լուսավոր, բարի հետագիծ կթողնի նրանց հոգում:

***

Երեք տարի առաջ բանաստեղծի 70-ամյակի առիթով նրա ստեղծագործական ճանապարհի մասին մեր դիտարկումները մնում են ուժի մեջ նաև այս ժողովածուի պարագայում: Մանավանդ, որ նրանում նոր բանաստեղծությունների հետ ներառված են նաև երգեր նախորդ գրքերից: Այդ առումով «Ես գալիս եմ լեռներից» ժողովածուն Վարդգես Խանոյանի, այսպես ասենք՝ «ստեղծագործական հաշվետվությունն է» ընթերցողին, նրա գրական ուղու գեղապատկերը: Բանաստեղծի նորօրյա երգերում ժամանակի տագնապալի իրադարձությունների խռովահույզ արձագանքն է, հայրենի երկրի, մայր ժողովրդի ճակատագրով մտահոգությունը, ինչը, ի վերջո, ապագայի հանդեպ հուսո ու հավատի տեսլականով է դրսևորվում: Բանաստեղծը կրկին և մշտապես իր հարազատ բնաշխարհի, իր Վայոց ձորի սիրո ու կարոտի տարերքով է հոգին պարուրել, և այդ զգացումների ներշնչանքից ծնվելու են նոր թևավոր երգեր:

Այդ համոզմունքով էլ ստորագրում եմ՝

Լյուդվիգ Կարապետյան

Բանասիրական գիտությունների դոկտոր

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

07.11.2025 20:54

Շնորհավորանք՝ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրության եւ անդրանիկ պատարագի տարեդարձի առթիվ

07.11.2025 19:02

Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար․ ՌԴ ԱԳՆ

07.11.2025 17:20

Վախճանվել է Կապանի նշանավոր զավակ Դերենիկ Մարգարյանը

07.11.2025 17:07

Ադրբեջանը հայկական ևս չորս գյուղի նկատմամբ պահանջներ է ներկայացրել

07.11.2025 17:00

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո

07.11.2025 15:51

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է TRIPP-ը, որը կապահովի «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցումը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

07.11.2025 15:46

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. ԱԳՆ խոսնակ

07.11.2025 15:44

2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի անարգել երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև. Հաջիզադե

07.11.2025 15:43

Եթե անձրև չգա, ջրի պաշարները կսպառվեն, և մենք ստիպված կլինենք տարհանել Թեհրանը. Փեզեշքիան

07.11.2025 15:42

Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է․ ադրբեջանցի պրոֆեսոր

07.11.2025 15:40

Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել տարածքներ գրավել. Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից

07.11.2025 15:40