Բայանդուր-Վաղատուր գյուղի մասին

13.04.2018 15:07
4196

Բայանդուրը հայկական հին գյուղ է, ապացույցը գյուղում եղած երկու եկեղեցին է:

1918թ. գարնանը Բայանդուրում ապրող թուրքերը թողեցին գյուղը եւ տեղափոխվեցին Ադրբեջանի Հանրապետություն: 

1917թ. Զանգեզուր գավառի Մինքենդ, Զեյվա եւ Ալիղուլի գյուղերի հայերը գաղթեցին իրենց գյուղերից ու բնակություն հաստատեցին Գորիսի շրջանի տարբեր գյուղերում: Երբ 1918թ. գարնանը Բայանդուրի թուրքերը թողեցին գյուղը եւ հեռացան Ադրբեջան, Մինքենդի, Զեյվայի եւ Ալիղուլի գյուղերի հայերը տեղափոխվեցին Բայանդուր եւ այնտեղ հաստատեցին մշտական բնակություն: 

Բայանդուրն ունի լավ սարեր՝ անասնապահության համար, հացահատիկային բերքատու դաշտեր, բավականաչափ ջրեր: Մի խոսքով՝ կային պայմաններ աշխատելու եւ ապրելու համար: 

Գյուղը բաղկացած էր երկու մասից՝ Հալաքից եւ Բայանդուրից: 

Գյուղը զուրկ էր ժամանակակից ճանապարհներից: Ավտոմեքենայի, կոմբայնի մասին խոսք լինել չէր կարող: Տրանսպորտի միջոցը ձին, ջորին եւ ավանակն էին: Անգամ սայլեր չկային: Չկար դպրոց, գյուղացին զուրկ էր էլեկտրական լույսից, ռադիոյից:

Գյուղում կար մեկ սենյակ, որ պատկանում էր մոլլա Մահմեդին, Հալաքում էլ մի կիսասենյակ, որ պատկանում էր մոլլա Հազուն, մնացածները քարատակեր են եղել, որտեղ ապրել են մարդիկ ու պահել անասունները: 

Մինքենդցիները, զեյվացիները եւ ալիղուլցիները 1918թ. մայիսին Բայանդուր գյուղի քարատակերն ընտրեցին իրենց ապրելու վայր. լուսավոր սենյակի մասին չէին էլ մտածում, միայն ապրելու տեղ ունենային, թեկուզ՝ քարատակ: 

Այսպիսի պայմաններում սկսեցին ապրել երեք գյուղի գաղթական հայերը:

1919 թվականը շատ նպաստավոր տարի էր գյուղատնտեսության համար: Դաշտերում աճել էր լավ հացահատիկ՝ չնայած մեծ մասը տարեկան էր, մարգագետիներում էլ բավարար անասնակեր կար: Գյուղի հասարակությունն ընտրեց մի հանձնաժողով, որը պարտավոր էր հացահատիկի ցանքատարածությունները եւ խոտատեղերը բաշխել եկած բնակիչներին: Համաձայն հանձնաժողովի որոշման՝ հացահատիկի դաշտերը եւ խոտատեղերը բաշխվեցին ըստ շնչի:

Գյուղացիները ձեռք բերեցին մանգաղ, գերանդի, կամնը եւ այլ գործիքներ` հացահատիկի արտերը հնձելու եւ խոտը քաղելու համար: 5-6 ընտանիք էլ միացան ու ձեռք բերեցին մեկ գութան՝ վարուցանքսի համար: Աշնանացանի համար կատարեցին ցել: Ժամանակին հավաքեցին իրենց բաժին հասած խոտատեղի խոտը, հնձեցին ցորենի դաշտերը եւ կատարեցին աշնանացան: Գյուղում սկիզբ առավ սովորական գյուղական կյանք: 

Զանգեզուրի գավառում եւ նրա շրջաններում, գյուղերում դաշնակցությունը ստեղծեց իր օրգանները: Զանգեզուրի տերն ու տնօրենը 1918-1920թթ. դաշնակ Մելիք Յոլչյանն էր, Դրոն, Նժդեհը եւ այլն: Բայանդուր գյուղում նշանակել էին վաշտապետ-կոմիսար, ում միջոցով իրականացնում էին իրենց քաղաքականությունը: Կազմակերպել էին հեծելազորի մի խումբ՝ ղարաբաղցի Աղաջանի հրամանատարությամբ, ով պետք է պաշտպաներ Խանածախ, Խոզնավար եւ Բայանդուր գյուղերն ու պետական սահմանը: 

Գյուղացիները նախապատրաստված եւ կազմավորված անցկացրին 1919-ի գարնանացանը: Հետագայում կատարեցին բերքահավաքը, պատրաստվեցին ձմռանը: Գյուղացիները մտածում էին իրենց երեխաների պաշտպանության եւ խաղաղ կյանքի համար: Նրանք չէին մտածում իրենց հարեւան թուրքական գյուղերը նվաճելու եւ կողոպտելու մասին: Մարդկանց հարկավոր էր խաղաղ կյանք ու աշխատանք: 

Խմբապետ Աղաջանը Հալաքի արեւմտյան մասում հողամաս էր վերցրել, որտեղ պահում էր իր հեծելազորը: Մի քանի անգամ հարձակվեց հարեւան թուրքաբնակ գյուղերի վրա՝ նրանց անասունները թալանելու համար: Վերջապես հաջողվեց մի անգամ ոչխարների մեկ հոտ թալանել, որի մեջ հաշվում էր մի քանի հարյուր գլուխ ոչխար: Խմբապետ Աղաջանը թուրքերին կողոպտում էր, հայերից էլ վերցնում հաց, վառելիք, անասնակեր եւ այլն ու այդպես պահում իր զորքը: 

Գորիսի շրջանի գյուղերին շրջապատող թուրքաբնակ գյուղերի հետ ստեղծվել էր շատ վատ եւ վտանգավոր դրություն: Ամեն օր ընդհարումներ, կողոպուտ, իրար վրա հարձակում…

9 հոկտեմբերի  1919թ.

Լուսաբացին Խոզնավար գյուղի կողմից՝ սահմանից, սկսեցին գործել թնդանոթներն ու գնդացիրները: Մուսավաթական բանակը հարձակվեց Զանգեզուրի վրա՝ այն նվաճելու համար: Ռազմաճակատի գիծն էր՝ Կոռնիձոր-Տեղ-Արավուս-Բայանդուր-Խոզնավար-Վերիշեն (Քաչալ դաղ): Ծանր դրություն էր ստեղծվել սահմանային այդ գյուղերի եւ Զանգեզուրի համար ընդհանրապես: Խոզնավար եւ Բայանդուր գյուղերը պետք է պաշտպաներ խմբապետ Աղաջանը: Խոզնավար գյուղի սահմանը պահում էին իրենք՝ խոզնավարցիները, իսկ բայանդուրցիների համար նշանակված էին դիրքեր: Երբ մուսավաթներն առանց պատերազմը հայտարարելու հարձակվեցին Զանգեզուրի վրա, զենքի ընդունակ մարդիկ ոտքի կանգնեցին իրենց երկրամասը պաշտպանելու համար: 

Հոկտեմբերի 9-ին բոլոր տղամարդկանց հանեցին ռազմաճակատ: Բայց չկարողացան դիմադրել, թշնամին ուժեղ էր, մուսավաթական կադրային զորամասեր էին կռվում: Օրվա վերջում խմբապետ Աղաջանն իր հեծելազորով Հալաքի առաջին ճանապարհով փախավ: Մուսավաթական բանակը նույն օրը գրավեց Խոզնավարը, մի քանի մարդ սպանեցին եւ ժողովրդին լրիվ թալանեցին: Խոզնավարցիները եկան Բայանդուր: Թուրքական բանակը շարունակեց հարձակումը Բայանդուրի ուղղությամբ: Գործում էին թնդանոթները, գնդացիրները, հրացանները: Խոզնավարի եւ Բայանդուրի բնակիչների համար ստեղծվել էր սարսափելի դրություն: Մուսավաթական բանակին հակահարված չէր տրվում: Խոզնավարի եւ Բայանդուրի բնակչությունը՝ տղամարդ, կին, անասուններ՝ խառնված իրար, գաղթեցին դեպի Խանածախ՝ թողնելով ամեն ինչ իրենց տներում: Թուրքերը հրդեհեցին խմբապետ Աղաջանի խոտի դեզը, որը լուսավորում էր Հալաքի ձորը եւ ավելի մեծ սարսափ տարածում: Խոզնավարի եւ Բայանդուրի գաղթականներն ուշ երեկոյան հասան Խանածախ, բայց այնտեղ էլ չմնացին ու շարժվեցին դեպի Քարաշեն: 

Զանգեզուրի ամբողջ ժողովուրդը զենքի դիմեց: Սիսիանի շրջանից հետեւակ, հեծելազոր շարժվեցին դեպի Քաչալ դաղ-սարը, նրանց օգնության հասան Թոփչի Սիմոնի լեռնային թնդանոթները, շրջանի մյուս գյուղերի զինված ուժերն օգնության հասան Տեղին, Կոռնիձորին: Սկսվեց իսկական հերոսամարտ: Թուրքական զորքը գլխովին ջարդվեց եւ նահանջեց: 

Դաշնակցական կառավարությունը Գորիսում ուներ լեռնային չորս թնդանոթ, գնդացրային մի գումարտակ եւ հեծելազոր՝ բաղկացած 100 հեծյալից: 

Աշուն էր, սկսվել էին անձրեւները եւ ցրտերը: Խոզնավարի եւ Բայանդուրի գաղթականները չէին կարող մնալ Քարաշենի ու Խոզնավարի դաշտերում եւ վերադարձան իրենց գյուղեր: Մուսավաթականները փախել էին, հայերի վրա այլեւս կրակող չկար: Խոզնավարցիք եւ բայանդուրցիք իրենց գյուղերում ավերակ տեսան, մի քանի օրվա ընթացքում հրոսակները թալանել եւ ամեն ինչ տարել էին: Քարատակերը չէին վառվել եւ մնացել էին այնպես, ինչպես եղել են, իսկ դրանցում եղածը՝ քնելու պարագաները, մթերքը եւ այլ իրերը տարել էին թուրքերը:

Մի կողմից՝ վախից, մյուս կողմից՝ միջոցներ չունենալով, գյուղացիները չվերադարձան Բայանդուր եւ Խոզնավար: Ձմռանը մնացին Գորիսի շրջանի տարբեր գյուղերում: Հալաքում 1919-1920թթ. ձմռանը երկու ընտանիք կար. Օհանյան Իսայի եւ Թորոսյան Բոզիի ընտանիքներն էին, իսկ մոլլա Հազու գոմ-քարատակում իրենց անասուններն էին պահում Վաղարշակ եւ Արշավիր Սարգսյանները, Միքայել Բադամյանը, Գրիգոր Արզումանյանը, Ռուբեն Սարգսյանը: Նրանք ապրում էին գոմում եւ քնելու տեղն էլ անասունների մսուրն էր: 

Անցավ 1919-1920 թվականների ձմեռը: Եկավ գարուն:

Գաղթական բայանդուրցիները վերադարձան իրենց գյուղ: Բոլորն աշնանացան էին կատարել: Մնում էր կատարել գարնանացան: Գորիսի շրջանի գյուղերից պարտքով եւ այլ միջոցներով գարնան ցորենի եւ գարու ու հաճարի սերմացու ձեռք բերեցին եւ կատարեցին գարնանացան: 

Չնայած դրությունը հանգիստ չէր, բայց գյուղացիները պարապ չէին եւ զբաղվում էին վարուցանքով ու անասնապահությամբ: 

Մայիս-հունիս 1920թ. 

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության գաղափարը հասել էր նաեւ Զանգեզուր: Մարդիկ գիտեին, որ Ադրբեջանում հաստատվել է սովետական կարգեր եւ կարմիր բանակի զորամասերը հասել են Ղարաբաղ ու շարժվում են դեպի Զանգեզուր: 

1920թ. մայիս-հունիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր: Գավառում հաստատվեց սովետական կարգեր:

Զանգեզուրի վրա ծածանվել էր սոցիալիստական հեղափոխության դրոշը: 

1920թ. հունիսին Բայանդուր գյուղում ստեղծվեց գյուղական հեղկոմ, որը ղեկավարում էր Պետրոս Արզումանյանը: Գյուղհեղկոմն իր շուրջը համախմբեց ակտիվ, որը պայքարում էր սովետական կարգերի ամրացման համար: 

Բայանդուրցիք խաղաղ պայմաններում հավաքեցին բերքը, կուտակեցին անասնակեր եւ սկսեցին ապրել առանց վախի: 

Կարմիր բանակին էլ օգնում էին հացով, մսով, ձիերի համար տեղափոխում էին խոտ, գարի: 

1920թ. նոյեմբերին Գորիսի շրջանի դաշնակցական կազմակերպություններն իշխանությունը վերցրին իրենց ձեռքը: Կարմիր բանակի զորամասերը նահանջեցին դեպի Ադրբեջան: Գյուղի հեղկոմը տեղյակ չէր խռովության մասին եւ չկարողացավ անցնել Ադրբեջան: Դաշնակցական կառավարությունը գյուղերում ստեղծեց իր օրգանները: Բայանդուր գյուղում իշխում էր դաշնակների վաշտապետը-կոմիսարը:

Դաշնակները հետապնդում էին գյուղհեղկոմի անդամներին եւ գյուղի ակտիվին, ովքեր օգնել էին սովետներին ու կարմիր բանակին, բայց դաշնակներին չհաջողվեց նրանց ոչնչացնել: Դաշնակների տիրապետության օրոք ավելի վատացավ գյուղացիների դրությունը: 

Գյուղում տարածվեց քոս հիվանդությունը, եւ ոչ մի բուժում չկար: Չկային նավթ, կտորեղեն, շաքար, լուցկի եւ այլն: Գյուղացիների համար ստեղծվել էր շատ ծանր դրություն: Զանգեզուրը կտրվել էր դրսի աշխարհից: 

Հունիս-հուլիս 1921թ.

1921թ. ապրիլին Հայաստանում ջախջախվեցին դաշնակցական կառավարության մնացորդները: Հայաստանում ամրապնդվեցին սովետական կարգերը: 

1921թ. հունիսին կարմիր բանակի զորամասերը Սովետական Հայաստանից եւ Սովետական Ադրբեջանից հարձակվեցին Զանգեզուրի զորամասերի վրա: 

Երկրամասի վրա վերջնականապես ծածանվեց սոցիալիստական հեղափոխության դրոշը: 

Բայանդուրի գյուղացիները պատրաստվում էին աղ ու հացով դիմավորել կարմիր բանակի զորամասերին: Հունիսի վերջին հուլիսի սկզբներին արեւոտ օրեր էին, մարդկանց տրամադրությունը բարձր էր: Այդ ժամանակ Հալաք են գալիս խոզնավարցիները: Հասկանալի չէր, թե ինչ է կատարվում: Գաղթական խոզնավարցիները հայտնեցին, որ կարմիր բանակ չկա, իրենց վրա հարձակվել են ինչ-որ թուրքական խմբեր եւ սկսել կոտորել ու թալանել: Բայանդուրում ստեղծվեց տագնապալի դրություն, բնակչության մեջ տարածվեց ահ ու սարսափ: 

Բայանդուրցիները խոզնավարցիների հետ դիմեցին փախուստի: Թողեցին ամեն ինչ՝ անասուն, տուն, իրեր եւ մտածեցին իրենց կյանքը փրկելու համար: Հասան մինչեւ Քարաշեն. ապրում էին բաց դաշտում, սոված, ծարավ: Տանջալի օրեր էին այդ երկու գյուղի մարդկանց համար: Ստիպված ուտում էին ամեն տեսակ կանաչ: Բարեբախտաբար ամառ էր, եղանակը՝ տաք: Այդ ժամանակ Խոզնավար եւ Բայանդուր ներխուժած զինված խմբերը թալանում են գյուղացիների ամբողջ ունեցվածքը եւ դարձնում գյուղերն ավերակ: Խոզնավարի եւ Բայանդուրի վրա հարձակման լուրը երբ հասնում է Զանգեզուրի գավառային հեղկոմ, անմիջապես միջոցներ են ձեռք առնում: Գյուղացիները վերադառնում են իրենց գյուղեր եւ տեսնում դատարկ ու ավերված քարատակեր: Վերջում պարզվեց, որ կարմիր բանակի անվան տակ հարեւան թուրքաբնակ գյուղերից մի զինված խումբ հարձակվել է Խոզնավարի եւ Բայանդուրի վրա՝ գյուղացիներին թալանելու եւ գյուղերն ավերելու համար: 

Բայանդուրցիները վերադարձան գյուղ: Վերջացան ահն ու սարսափը, ազգամիջյան կոտորածները, թշնամությունը հայերի ու թուրքերի միջեւ: 

Կոմբջիջի եւ կոմսոմոլի բջիջների ստեղծումը

1921թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գյուղում ստեղծվեց կոմբջիջ: Գյուղ էր եկել կուսշրջկոմի հրահանգիչը: Հալաքի եկեղեցու մոտ՝ կալում, հրավիրվեց գյուղացիների ընդհանուր ժողով: Կուսշրջկոմի հրահանգիչը զեկուցեց կոմունիստական կուսակցության դերի ու անելիքների, ապա գյուղում կոմբջիջ կազմակերպելու մասին: Եղան հարցեր գյուղացիների կողմից, որին պատասխանեց հրահանգիչը: Գյուղացիներից 34 հոգի ցուցակագրվեց կոմունիստական կուսակցության շարքերը մտնելու համար: 

Կոմբջիջի քարտուղարի համար եղան մի քանի թեկնածու: Ընտրվեց Սիմոն Առուշանյանը: Այսպիսով՝ գյուղհեղկոմի հետ սկսեց աշխատել նաեւ գյուղի կոմբջիջը: 

1921թ. վերջում անցկացվեց կուսշարքերի զտում: Բայանդուր գյուղում կուսշարքերի զտումը սկսվեց 1921թ. նոյեմբերին: Կուսակցության շարքերից հեռացվեց 12 հոգի: 

Կոմբջիջի ստեղծումից հետո կազմակերպվեց նաեւ կոմսոմոլի բջիջ: Գյուղի երիտասարդների առաջին ժողովը, որին մասնակցում էր ավելի քան 40 հոգի, որոշեց ստեղծել կոմսոմոլի բջիջ: Ցուցակագրվել էին 30-ից ավելի երիտասարդ: Կոմսոմոլի բջիջի քարտուղար ընտրվեց Շմավոն Առուշանյանը, ով աշխատեց մինչեւ 1925 թվականը: 

Ինչպես կոմբջիջի, այնպես էլ կոմսոմոլի բջիջի կազմում ոչ մի կին կամ աղջիկ այն ժամանակ չկար: Հետագայում կանայք եւ աղջիկները սկսեցին մտնել կուսակցության եւ կոմսոմոլի շարքերը:

Այսպիսով՝ 1921թ. երկրորդ կեսին Բայանդուր գյուղում ստեղծվեցին հեղկոմ, կոմբջիջ եւ կոմսոմոլի բջիջ: Երեք կազմակերպությունը միասին ծավալեցին քաղաքական-մասսայական աշխատանք գյուղի աշխատավորների շրջանում եւ նրանց համախմբեցին կոմունիստակամ կուսակցության եւ սովետական կառավարության շուրջը: Այն ժամանակ գյուղի առջեւ դրված էին նաեւ այլ խնդիրներ: Գլխավոր խնդիրն էր վերականգնել քայքայված տնտեսությունը, բարձրացնել գյուղատնտեսությունը: 

Բայանդուրցիները սկսեցին անասուններ ձեռք բերել, վարուցանքս անել եւ աշխատում էին բարձրացնել իրենց տնտեսությունը: Այդ նրանց հաջողվեց: Բայց գյուղացիները մնում էին նույն քարատակերում, չկային ճանապարհներ, էլեկտրական լույս, ռադիո, դպրոց եւ այլն: Մարդիկ մտածում էին միայն շատ անասուններ ունենալ, վարուցանքս կատարել եւ ապրել ու սոված չմնալ: 

Գյուղի կազմակերպությունների առջեւ դրված էր նաեւ այլ խնդիր՝ ժամանակին հավաքել հարկերը, կարիքավորներին օգնել վարկերով՝ անասուններ եւ սերմացու գնելու համար: 

Գյուղհեղկոմն աշխատեց մինչեւ 1922 թվականը: Այդ ժամանակ անցկացվեց սովետների ընտրություններ: Բայանդուր գյուղում ընտրվեց գյուղական սովետ: Հեղկոմը դադարեց գոյություն ունենալուց: Սովետների ընտրությունները կատարվում էին բաց՝ գյուղացիների ընդհանուր ժողովում, շրջանային, գավառային համագումարներում եւ այլն:

Գյուղական սովետի, կոմբջիջի եւ կոմսոմոլի բջիջի առջեւ յուրաքանչյուր տարի նոր խնդիրներ էին դրվում: Առաջնահերթ խնդիրներից մեկը գյուղում անգրագիտության վերացումն էր: Գյուղացիների մեծ մասն անգրագետ էր: Գյուղում 4-5 հոգի ունեին հինգդասյա կրթություն: Չկային գրականություն, գրենական պիտույքներ: 

Անգրագիտության վերացման համար գյուղում առաջին փորձն արվեց 1923 թվականին: Գյուղսովետը եւ կոմբջիջը որոշեցին գյուղում կազմակերպել անգրագիտության վերացման կետ՝ լիկկայան: Գյուղի միակ սենյակը (մոլլա Մահմեդի սենյակը), որը զբաղեցնում էր Բաբայան Զաքարը, հատկացվեց լիկկայանին: Սեղան-նստարան չկային: Տախտակից պատրաստվեցին նստարաններ: Ձեռք բերվեցին տետրեր, մատիտներ եւ առաջին դասարանի համար գրքեր: Պարապմունքներն սկսեցին գյուղում եղած հինգդասյա կրթություն ունեցողները: Ավելի քան երեսուն հոգի ընդգրկված էր լիկկայանում. բոլորը երիտասարդներ էին: Յուրաքանչյուր ոք ցանկանում էր սովորել, բայց չկային պայմաններ: Լիկկայանով հիմք դրվեց անգրագիտության վերացմանը…

Այսպիսին է եղել անցյալը, այսինքն՝ մինչեւ այն ժամանակ, երբ գյուղում ստեղծվեց դպրոց, եկան բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ: 

Գյուղում 1923 թվականից սկզբնավորվեց նաեւ կոմունիստների, կոմերիտականների եւ անկուսակցական մարդկանց քաղուսուցման գործը: Կազմակերպվեց քաղաքական ուսուցման խմբակ, որտեղ ընդգրկված էին բոլոր կոմունիստները, կոմերիտականները եւ անկուսակցական ակտիվը: Պարապմունքներն ընթանում էին երեկոյան՝ լիկկայանին հատկացված սենյակում, նավթի ճրագի լույսի տակ:

Գյուղում այդ ժամանակ կոլխոզ չկար, կազմակերպվել էր փոխադարձ օգնության կոմիտե, որը կարիքավոր գյուղացիներին օգնում էր ձեռք բերելու անասուններ, սերմացու եւ այլն: Գյուղացիները զբաղվում էին անասնապահությամբ, վարուցանքով: 

1922 թվականից գյուղացիները սկսեցին նաեւ զբաղվել այգեգործությամբ:                                                

                                                                    ***

Չկա հին Բայանդուրը, կա նոր Վաղատուրը՝ վերափոխված: Գյուղում կա կոլտնտեսություն, կաթի-պանրի գործարան, ութամյա դպրոց, ակումբ: Գյուղն ունի ավտոճանապարհ: Աշխատում են մարդատար եւ ապրանքատար մեքենաները: Ոչ ոք չի ապրում քարատակում: Վաղատուրի բնակիչներն ապրում են լուսավոր բնակարաններում, որտեղ կան էլեկտրական լույս, ռադիո, շուտով կլինի նաեւ հեռուստատեսություն: 

 

ՇՄԱՎՈՆ ԱՌՈւՇԱՆՅԱՆ

13.10.1970

Խմբագրության կողմից

Հոդվածը տպագրվում է վաղատուրցիների խնդրանքով՝ գյուղի վերաբնակեցման 100-ամյակի առիթով: 

Հոդվածի հատկապես գաղափարական ուղղվածության առնչությամբ վերապահումներ ունենք: Սակայն դա չի անդրադառնում նյութի սկզբնաղբյուրային նշանակության վրա:

Հոդվածի հեղինակը հայտնի կուսակցական-պետական գործիչ Շմավոն Առուշանյանն է, ով 1954-63թթ. եղել է Հայաստանի գերագույն խորհրդի նախագահության նախագահ, ավելի վաղ՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, հանրապետության հողագործության, ավտոտրանսպորտի նախարար, Լենինականի քաղկոմի 1-ին քարտուղար:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25