Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02
117

Նոյեմբերի 3-ին ուխտագնացություն կատարեցինք Բիրդինանց եկեղեցու ավերակներ, որ գտնվում է Գեղանուշ գյուղի տարածքում, բնակավայրից մոտ 7 կմ արևմուտք։

Կարող էինք սրբավայր այցելել Գեղանուշից, բայց նպատակահարմար գտանք ուխտագնացությունը սկսել Բաղաբուրջից։

Մեր բարեկամ Անդրեաս Գասպարյանը՝ այդ տարածքների բացառիկ ու քաջ գիտակը, ով այս անգամ էլ մեր ուղեկիցն էր, տվյալ երթուղին ավելի հարմար ու բարեհաջող համարեց։

Առավոտյան ժամը 9-ին՝ երկու ձիով, դուրս եկանք գյուղից․․․

Գնացինք անտառամիջյան արահետներով՝ համարյա Բաղաբուրջ–Նավչա ճանապարհին զուգահեռ, որ համեմատաբար ավելի կարճ էր։

Այնուհետև՝ լեռան գագաթից, թեքվեցինք դեպի հարավ–արևելք։

Մոտ 7 կմ երկարության ճանապարհը հաղթահարեցինք երկու ժամում։ Շարժվում էինք խոնավ ծմակով՝ աշնանային ցողից քրտնած արահետները հաղթահարելով:

Միգուցե և շուտ հասնեինք սրբավայր, բայց․․․ Ճանապարհին բախվեցինք չնախատեսված դժվարությունների։ Նախ՝ արահետի մի հատվածում խոշոր փլվածք էր առաջացել, շրջանցելու տեղ  չկար։ Միայն Անդրեաս Գասպարյանի հնարամտության և համարձակության շնորհիվ կարողացանք ձիերն անցկացնել այդ փլվածքով։

Այնուհետև՝ երեք տեղ, հսկա ծառերն ընկել ու փակել էին արահետը՝ դարձնելով անանցանելի։

Անդրեաս Գասպարյանի ցաքատն այդ իրավիճակում անզոր էր արահետն անցանելի դարձնելու համար։ Եվ ստիպված շրջանցող երթուղիներ բացեց...

***

Այդպես էլ հասանք Բիրդինանց եկեղեցու ավերակներ․․․

Այդտեղ՝ անտառի խորքում, դարավոր ընկուզենիներով շրջապատված տարածքում, ննջում է երբեմնի սրբավայրը՝ ավերակների վերածված, մոտավոր չափսը՝ 7 x 5 մ։

Ինչպես մեր շատ սրբավայրեր՝ այս մեկն էլ մոռացված ու մերժված է, անարգված։

Դարեր առաջ ավերված–լքված եկեղեցու մամռակալած քարերը, կարծեք, հառաչում էին ցավից, հոգոց հանում, դարերի շնչառությունն էինք լսում...

Եվ մենք ողջունեցինք Աստծո երբեմնի այդ տաճարին, հպվեցինք նրա մասունք–քարերին, հավատացրինք՝ կգա ժամանակ, երբ գոնե արահետները կբացվեն, և ուխտավորները կհասնեն այդտեղ, նորից խնկի բույր կտարածվի, աղոթք կառաքվի առ Աստված։

Մամուռներով պատված երկու կանգուն քար, բազմաթիվ տապանաքարերի, կանգուն կամ խոնարհված քարերի մեջ, ուշադրություն գրավեց ակամա։

Մամուռից մաքրեցինք այդ քարերը և․․․ երկու չքնաղ խաչքար, որոնք (կարծեք) վերստին լույս աշխարհ եկան։

Մի խոնարհված խաչքար էլ սրբավայրի արևմտահայաց դռան մոտ էր։

Եկեղեցու տարածքում մնացինք մոտ մեկ ժամ։

Ձիերին արածելու–հանգստանալու հնարավորություն տվեցինք։

Անդրեասը նախ սրբավայրը մաքրեց թփերից ու թեղի ծառի ճյուղերից, այնուհետև շրջեց իրեն ծանոթ այդ վայրում, խնձոր, զկեռ ու ալոճ հավաքեց, որ մենք վայելեցինք։

***

Երբ եկեղեցու ավերակներում էինք, և Անդրեասն իր գործն էր անում՝ հարավային կողմում գտնվող ձորից ինչ–որ անսովոր բառաչ լսեցինք մի քանի անգամ։

Անդրեասը բացատրեց՝ կխտարի ձայն է կամ տագնապի հաչոց, հավանաբար վտանգ է զգացել։ Այդ երևույթը տեղացիներն անվանում են այսպիսի արտահայտությամբ՝ «կխտարը բխկցնում է»։

Իսկ ինչի՞ց պետք է կխտարը տագնապ զգար։ Միգուցե մեզ նկատե՞լ է, միգուցե ինչ–որ գազանի՞ է հանդիպել․․․

Բոլոր հարցերում ինձ խնայող Անդրեասը հանկարծ դիմեց. «Արջից վախենո՞ւմ ես»։

– Արջեր տեսել եմ իմ մանկության օրերում՝ Որոտանի կիրճում, – պատասխանում եմ ։

– Եվ առիթ ունեցե՞լ եք դեմ առ դեմ հայտնվելու, պաշտպանվելու։

– Չէ, նման իրավիճակներում չեմ եղել․․․

Պարզվում է՝ այդ կողմերում արջեր շատ են լինում։ Եվ հնարամիտ ընկերս ինձ աստիճանաբար հարմարեցնում էր այդ մտքին, թեև քիչ հավանական համարեց, որ մեր ներկայությունից, ձիերի ներկայությունից արջը կմոտենա մեզ։

***

Անհնար էր տպավորություններ չստանալ անտառում՝ մոտ վեց ժամ այնտեղ գտնվելով։

Իսկապես, մի ուրիշ աշխարհ է անտառը, այն էլ՝ աշնանը, երբ տերևաթափ է, երբ ծառերն ու թփերը պատվել են բնության մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ գույներով։

Մաքրություն էր ծորում անտառից, ամենուրեք անտառի բուրմունքն էր։

Ժամանակ առ ժամանակ հանդիպում էինք պտուղներով բեռնված ծառերի ու թփերի։

Բերքառատ էին հատկապես մասրենիները, որոնց բերքն այդպես էլ չի հավաքվում։

Կարծեք՝ նման իրավիճակն էր բնութագրում Համո Սահյանը, երբ գրում էր՝

«Պտուղդ քաղող չկա,

Մասրենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի։

Ասում են՝ էլ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի»։

***

Հետդարձի համար որոշեցինք այլ երթուղի ընտրել, քանի որ դժվար կլիներ նորից հաղթահարել արահետի հայտնի քանդվածքը, արահետների վրա փռված–տապալված հաստաբուն ծառերը։

Անդրեասը բազմաթիվ այլ երթուղիներ գիտեր և ընտրեց ամենահարմարը։

Շարժվեցինք դեպի երբեմնի Սրհակ կամ Սրահակ գյուղատեղի։

Սրբավայրի մոտակայքում՝ տեղ–տեղ, իրարից հեռու, ավերված տների հետքեր կային, որոշ դեպքերում պատերի մի մասը կանգուն էր։

Կարելի է ենթադրել, որ Բիրդանանց եկեղեցու մերձակայքում գյուղ է եղել, որի անվանումը չհաջողվեց գտնել մատենագիտության մեջ։

Հոգնած էինք և Սրահակ գյուղատեղի մտնելու ծրագիրը թողեցինք հետագայի համար։

Ու թեքվեցինք դեպի հյուսիս-արևելք․․․

Անտառով՝ մաշված կածանների թելը բռնած, մեկ ժամ անց հասանք Գագավանք կամ Վանք, որտեղ եղել էինք օրեր առաջ, որտեղից Բաղաբուրջ ճանապարհը ծանոթ էր նաև մեզ։

Առավոտվանից անտառամերձ գագաթներին մոլորված ամպի քուլաները կեսօրին արդեն իրար էին հավաքվել, և անձրևի կաթիլները որոշել էին մեզ մենակ չթողնել հետդարձի ճանապարհին․․․

 

Սամվել Ալեքսանյան

 

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21

Իրանը տեղեկատվական-քարոզչական հարված է հասցրել Բաքվի վարչախմբին. Վարդան Ոսկանյան

04.11.2026 14:44

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին

04.11.2026 14:22

ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

04.11.2026 14:04

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

04.11.2026 12:29

Կաթնամթերքը թանկացել է․ որոնք են պատճառները

04.11.2026 12:20