Բնապահպանության նախարարը տեղյա՞կ է, թե ինչ գործարան է կառուցվում Սիսիան համայնքի Նորավան գյուղում եւ ով է կառուցում

20.09.2018 12:58
1567

Սյունիքում հիմա գործազրկության եւ աղքատության այնպիսի վիճակ է, չլուծված խնդիրների այնպիսի հանդես է, որ որեւէ աշխատանք կատարելը, որեւէ հարց լուծելը՝ փոքր-ինչ հանրային նշանակությամբ, ոգեւորությամբ է ընդունվում:

Նորավան գյուղի բնակիչներն էլ (մեծամասամբ) ուրախությամբ են ընդունել գյուղի մերձակայքում ասֆալտի գործարան հիմնելու նորությունը, մանավանդ որ նախաձեռնության հեղինակները հավաստիացրել են, թե ասֆալտ եւ խիճ արտադրող այդ ձեռնարկությունում մոտ 70 աշխատատեղ է բացվելու, մանավանդ որ գործարան հիմնող կազմակերպությունը փորձում է բարեկարգել Մ2 մայրուղուց Նորավան ձգվող ավտոճանապարհը, որ տարիներ շարունակ խայտառակ վիճակում է գտնվում:

Իհարկե, խոստումներն ու սպասելիքները չափազանցված են ինչ-որ չափով, հատկապես ենթադրվող աշխատատեղերի առումով. ոլորտի մասնագետները տարակուսում եւ չեն պատկերացնում, թե նման արտադրամասում ինչպե՞ս  կարող է յոթ տասնյակ աշխատողի պահանջ լինել:

Եւ, այնուհանդերձ, մթնոլորտը հօգուտ կառուցողի է, ինչում համոզվեցինք գյուղաբնակների հետ սեպտեմբերի 15-ի հանդիպման ժամանակ:

Ինչպես բոլոր դեպքերում եւ բոլոր տեղերում, Նորավանում նույնպես հնարավոր չէր միակարծություն ակնկալել. մի քանի հոգի նախապես էին դիմել ,Սյունյաց երկրիե խմբագրություն՝ լրագրող գործուղելու եւ տեղում իրենց մտահոգություններին ծանոթանալու խնդրանքով:

Նախաձեռնության ընդդիմախոսները կարծում են, թե ասֆալտի գործարանի հարեւանությամբ այլեւս անհնարին կլինի նորմալ կյանք վարել գյուղում, եւ հատկապես այն դեպքում, եթե գործարանն աշխատի մազութով ու ոչ թե գազով:

Կա նաեւ հողերի խնդիր. գործարանի համար անհրաժեշտ մոտ երեք հա հողատարածքը, թեեւ համայնքային ֆոնդից է լինելու, ներկայումս օգտագործվում է գյուղացիների կողմից:

Այդ եւ մյուս հարցերի պատասխանն իմանալու համար նախեւառաջ եղանք կառույցում:

Մոտ հազար քառակուսի մետր տարածքի վրա հողային աշխատանքներ են կատարվել:

Կանգնած էին տարբեր մեխանիզմներ, բայց առավոտվա ժամը 10-ի դրությամբ դեռ չէին աշխատում (նախորդ ու հաջորդ օրերին էլ չեն աշխատել):

Աշխատանքների պատասխանատուն, ինչպես ներկայացրին, Դավիթ Ավետիսյան անուն- ազգանունով երիտասարդն էր:

Սակայն գործընկերների հորդորով նա հրաժարվեց զրուցել մեզ հետ, երբ իմացավ, որ լրագրող ենք եւ կոնկրետ լրատվամիջոց ենք ներկայացնում:

Պահանջվեց մեր ինքնությունը հաստատող փաստաթղթեր, իսկ փաստաթղթեր չէինք վերցրել՝ համոզված լինելով, որ Սյունիքի բոլոր բնակավայրերում մեզ ճանաչում են: Բայց այնտեղ ոչ տեղացիներ էին եւ, բնականաբար, մեզ չէին ճանաչում:

Մի խոսքով՝ կառույցի աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին, նույնիսկ չասացին, թե ով կամ որ կազմակերպությունն է Նորավանում ասֆալտի գործարան հիմնում:

-Եկեք երկու-երեք օր հետո, երբ մեր ղեկավարներն այստեղ կլինեն,- ասաց ներկաներից մեկը:

Մեզ մտահոգող հարցերի պատասխանը փորձեցինք գտնել գյուղում:

Զրուցեցինք նորավանցիների հետ…Առավել փաստարկված զրույց տեղի ունեցավ գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանի հետ:

Պարզվում է՝ գյուղի վարչական ղեկավարն էլ չգիտի, թե ով կամ որ կազմակերպությունն է իր ղեկավարած բնակավայրի անմիջական հարեւանությամբ ասֆալտի գործարան հիմնում:

Ըստ վարչական ղեկավարի՝ աշխատանքներն առայժմ կատարվել են մոտ հազար քառակուսի մետր հողատարածքի վրա, որ համայնքային է՝ վարձակալությամբ գյուղացիներից մեկին տրված, եւ ունի գյուղատնտեսական նշանակություն: Վարչական ղեկավարին հատկապես այդ նախաձեռնության բնապահպանական հետեւանքներն են հետաքրքրում, որի վերաբերյալ, համոզված է, սպառիչ տեղեկություններ կստանա հանրային քննարկման ժամանակ, ինչը դեռեւս տեղի չի ունեցել:

Սլավիկ Պապյանը, ինչպես եւ մյուս գյուղացիները, տեղյակ չեն՝ կա՞ օրինական հողհատկացում, թե՞ ոչ, կա՞ քաղաքաշինական թույլտվություն, թե՞ ոչ, կա՞ հողի կատեգորիայի փոփոխություն, թե՞ ոչ, կատարվե՞լ է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության փորձաքննություն, թե՞ ոչ:

Վարչական ղեկավարին մասնավորապես ուրախացնում է, որ ավտոմայրուղուց գյուղ ձգվող ճանապարհին (մարզային ենթակայության է) նախաձեռնության հեղինակները փորձում են աշխատանքներ կատարել (տեղ-տեղ երեւում է գրեյդերի աշխատանքի հետքը, որոշ տեղերում ինչ-որ խիճ էր թափված կամ փռված):

-Քանի դեռ մեզ վնաս չեն տալիս եւ քանի դեռ մեր ճանապարհն են ուզում կարգի բերել, ես ձգտում եմ չխառնվել՝ սպասելով նաեւ, որ մտահոգող բոլոր հարցերի պատասխանը կտրվի հանրային քննարկման ժամանակ, ի վերջո որոշիչ խոսքը բնակիչներինն է լինելու, եւ մենք մեր խոսքը կասենք,- զրույցն այդպես եզրափակեց Սլավիկ Պապյանը:

Ըստ գյուղացիների՝ գործարանը հիմնողները չէին կարող աշխատանքները սկսել առանց համայնքային իշխանության օրինական կամ անօրինական թույլտվության ու երաշխավորության:

Դատելով հանրապետությունում ընթացող նմանատիպ գործընթացներից, կարելի է ենթադրել, որ բնապահպանական բնույթի ամեն մի աղմուկի հիմքում, այնուամենայնիվ, ինչ-որ շահերի բախում է եւ ուրիշ ոչինչ:

Արդյո՞ք նորավանյան խնդրի հիմքում նույնպես շահերի բախում է:

Եթե անգամ այդպես չէ, ապա ինչպե՞ս բացատրել իրողությունը, որ Սիսիանում վաղուց գոյություն ունեցող համանման երեք գործարանի կողքին եւս մեկն էլ պիտի կառուցենք: Իսկապե՞ս դրա պահանջարկը կա, իսկ միգուցե արտադրվող ասֆալտը մեր երեւակայության ուժով ուրիշ տարածաշրջաննե՞ր ենք տեղափոխելու:

Նորի՞ց ազդեցության ոլորտների կռիվ է, նորի՞ց ինչ-որ մեկին ուզում ենք խաղից հանել, թե՞ ազնիվ մրցակցություն է:

Իսկ տեղական իշխանությունը, որի թուլտվությամբ ու երաշխավորությամբ կառուցվում է նորավանյան արտադրամասը, ի՞նչ բացատրություն ունի. ազնիվ մրցակցության համա՞ր է ճանապարհ հարթվում, թե՞ ինչ-որ մեկի ճանապարհն է փակվում:

Եվ այդ հարցերը, նաեւ խորհրդավորությունը կարող է մեկ րոպեում հօդս ցնդել, եթե նախաձեռնության հեղինակ կազմակերպությունը բացի փակագծերը եւ իր ծրագրերը ներկայացնի:

Ասում են՝ գործարան կառուցող կազմակերպությունը «ԱԱԲ» ՍՊ ընկերությունն է (տնօրեն՝ Արմեն Բադալյան):

Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ ժամանակը ցույց կտա…

Ի դեպ, Սյունիքի մարզպետարանն էլ կարող է լույս սփռել այդ ամենի վրա, քանի դեռ համայնքային իշխանությունը ջուրը բերանն է առել:

Իսկ մինչ այդ բնապահպանության նախարարը կարո՞ղ է ասել՝ տեղյա՞կ է, թե ինչ գործարան է կառուցվում Սիսիան համայնքի Նորավան գյուղում եւ ո՞վ է կառուցում:

Կողմերի մի փոքր անկեղծություն, օրինապահություն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան

03.12.2024 18:43

Բռնի տեղահանցված արցախցիները Կապանում․ հարմարվելը դժվար է, հեշտ չէ, բայց փորձում ենք առաջ նայել»

03.12.2024 17:55

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 22 սմ-ով

03.12.2024 16:50

Օրվանը պատշաճող ցերեկույթ՝ կրթահամալիրում

03.12.2024 16:32

Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն հետաձգել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը․ Պեսկով

03.12.2024 16:25

Բեռնատարը փակել էր Տաթև-Լծեն ճանապարհը

03.12.2024 16:12

Հայրենատիրությունը ստեղծագործ աշխատանք է ենթադրում․ Ալեն Դավթյանի գործունեությունը՝ ահավասիկ

03.12.2024 14:31

18 վարորդ ազատվել է աշխատանքից․ քաղաքապետի խոսնակ

03.12.2024 12:54

Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ Աղազարյան

03.12.2024 12:53

Ավինյանը 7 միլիոն 600 000 դրամով ԱՄՆ է մեկնում. էդ փողով քանի՞ հատ անվադող կգնեին. Արթուր Չախոյան

03.12.2024 12:52

Թող տեսնեն՝ ուր են գնացել էդ փողերը, որ մենակ վարորդներին են մեղադրում. Մանուկ Սուքիասյան

03.12.2024 12:50

Ամեն ինչում վարորդն է մեղավոր. վարորդը հոլի պես ֆռռում է, հաց չուտի՞. վարորդ

03.12.2024 12:46