Բռնակոթյան այդ օջախում ակնածանքով են հիշում պատումները Պողոս Տեր-Դավթյանի մասին

13.05.2022 10:38
4233

Բռնակոթ գյուղը որոշակի տեղ է զբաղեցնում Սյունյաց աշխարհի փառապանծ զավակ, 1918-20 թվականներին Լեռնահայաստանի գոյամարտի հերոս Պողոս Տեր-Դավթյանի կենսագրության մեջ:

Այդտեղ էր որոշ ժամանակ տեղակայված Սիսիանի տարածաշրջանի ինքնապաշտպանական զորամասը, որի հրամանատարն էր ինքը 1918 թ. հոկտեմբերից կամ նոյեմբերից:

Այդտեղ էր տեղակայված Սիսիանի տարածաշրջանի միակ գործող բժշկական կենտրոնը, որտեղ երկրային կյանքի վերջին երկու շաբաթվա ընթացքում բժշկական օգնություն էր ստանում Պողոս Տեր-Դավթյանը:

Այդտեղ է Քաջ Պողոսը կնքել իր մահկանացուն ու այդտեղի զինվորականության նախաձեռնությամբ ու ջանքերով է հերոսի աճյունը տեղափոխվել Վերին Խոտանան:

Պողոս Տեր-Դավթյանը շատ զինակիցներ է ունեցել Բռնակոթ գյուղից, որոնց թվում էր լուսահոգի Արտեմ Բալյանը (1893-1988 թթ.), ով նաեւ հրամանատարի համհարզն էր, սուրհանդակը՝ կատարելով նրա ամենատարբեր հանձնարարությունները:

Մեզ տեղեկություններ էր հասել, թե Արտեմ Բալյանը մինչեւ կյանքի վերջը մեծ երախտագիտությամբ է հարգել հրամանատարի հիշատակը եւ ժամանակ առ ժամանակ հուշեր պատմել նրա մասին:

Ու որոշեցինք այցելել Բռնակոթ՝ Արտեմ Բալյանի օջախ, որտեղ ներկայումս բնակվում է նրա որդին՝ Արարատ Համբարձումյանը (ծնված 1936-ին)՝ ընտանիքով:

Բռնակոթ այցելեցինք 2022 թ. ապրիլի 22-ին՝ ընկերակցությամբ Սամվել Սահակյանի (1975-94 թթ. Բռնակոթի դպրոցի տնօրենն էր, 1999-2002 թվականներին՝ Բռնակոթի գյուղապետը) եւ Մարատ Ասլանյանի («Սիսիանի նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն):

Արարատ Համբարձումյանն ու նրա տիկինը՝ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության նախկին ուսուցչուհի Էմմա Սաֆյանը (1941 թ. ծնված), նաեւ ընտանիքի թոռները մեզ ջերմությամբ ընդունեցին, քանզի խոսք պիտի գնար այդ օջախի համար պաշտելի Պողոս Տեր-Դավթյանի մասին:

Բայց մինչեւ տանտերերի հետ զրույցը սկսելը՝ Սամվել Սահակյանը բարձր գնահատեց «Սյունյաց երկրի» հետաքրքրվածությունը՝  Զանգեզուր աշխարհի հերոս Պողոս Տեր-Դավթյանի կյանքի ու գործունեության հանդեպ: Եվ հավելեց՝ «Պողոս Տեր-Դավթյանը մինչեւ հիմա էլ  պաշտելի անուն է Սիսիանում, մինչև հիմա էլ մեծ հարգանք ու սեր է վայելում ամբողջ տարածաշրջանում, այսօր էլ նրա քաջագործությունների մասին զրույցներ են շրջանառվում: Սիսիանի ներկա ու գալիք սերունդները չեն կարող մոռանալ այն քաջորդուն, ում հրամանատարությամբ 1918-20 թթ. շրջանի բնակչությունը քանիցս հետ մղեց թուրք ասպատակներին»:

Սամվել Սահակյանը վերհիշեց տարածված զրույցներից մեկը, որն առնչվում է 1918 թվականի աշնանային դեպքերին՝ Բարձրավան գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտին:

-Ուժերն անհավասար էին, թուրքերի բազմապատիկ անգամ գերակշռող ուժերի դեմ Պողոսի գլխավորած քաջերի ջոկատն էր, -պատմում է Սամվել Սահակյանը: -Ռազմական համարձակ գործողությունների հետ մեկտեղ հրամանատարը կիրառեց նաեւ հոգեբանական հնարք. Բռնակոթում Աղսո անունով քաջ ու անվախ մի կին կար, հանձնարարեց նրան՝ ոտքի հանել գյուղի բոլոր տղամարդկանց եւ անգամ տղա երեխաներին (վերջիններիս՝ մեծահասակներին պատշաճող հագուստով): Ու երբ այդ «զորաշարքը» Աղսոն առաջնորդեց դեպի Բարձրավանի մատույցները, թուրքերը դա ընկալեցին իբրեւ հայերին օգնության եկող նոր զորաջոկատ եւ իրենց զորքը հետ քաշեցին…

Սամվել Սահակյանի վկայությամբ՝ մինչեւ հիմա գյուղում պատկառանքով են հիշում նաեւ այն բռնակոթցիների անունները, ովքեր զինվորագրվել են Պողոս Տեր-Դավթյանին:

Իսկ Արարատ Համբարձումյանը նախ ցույց տվեց հոր՝ Արտեմ Բալյանի սենյակը՝ թախտով եւ մյուս պարագաներով: Ցույց տվեց այն պատը, որին տասնամյակներ շարունակ փակցված էր սիրելի հրամանատարի նկարը: Եվ այդպես՝ մինչեւ կյանքի վերջը…

- Պողոս Տեր-Դավթյանը Բաքվում ջերմ հարաբերություններ է ունեցել Ստեփան Շահումյանի հետ, ով էլ ժամանակին հորդորել է Պողոսին՝ վերադառնալ Զանգեզուր եւ իր ռազմական գիտելիքներով ու փորձով նպաստել երկրամասի պաշտպանությանը, -պատմում է Արարատ Համբարձումյանը:

Բազմաթիվ են Պողոս Տեր-Դավթյանի քաջագործությունների մասին պատումները: Դրանցից մեկը 1919 թ. նոյեմբերի առաջին օրերին Քաչալ դաղ կոչվող լեռան եւ Իշխանասարի հերոսամարտին է առնչվում:

Պողոս Տեր-Դավթյանի զորքին օգնության է հասել հանրահայտ Թոփչի Սիմոնը՝ թնդանոթով: Եվ, ի վերջո, հաջողվել է ձախողել Քաչալ դաղի բարձունքներից դեպի Եռաբլրի սարահարթ մտնելու թուրքական ծրագիրը, որի շնորհիվ կասեցվել է ե՛ւ Գորիսի շրջափակումը, ե՛ւ թուրքերի առաջխաղացումը դեպի Սիսիան…

Արարատ Համբարձումյանն առանձնակի հուզմունքով է պատմում Ուզի (Ույծի) հերոսամարտի մասին (5 նոյեմբերի 1920 թ.), որի ընթացքում քունքոսկրից ծանր վիրավորում ստացավ Պողոս Տեր-Դավթյանը:

Հրամանատարը վիրավորվեց Արտեմ Բալյանի ներկայությամբ:

Արտեմ Բալյանը հուշեր է պատմել նաեւ հրամանատարի՝ իրեն տրված հանձնարարություններից մի քանիսի մասին: Մի անգամ էլ, իբրեւ սուրհանդակ, ինչ-որ նամակ է հասցրել Վերին Խոտանան, որտեղ նրան հարգանքով են ընդունել (որպես Պողոսի կողմից եկած զինվորականի), սակայն տան մեծ տատը վտանգ է զգացել, որ Պողոսի պատճառով կարող են իրենց վնաս տալ: Ու այդ ընտանիքի անդորրը չխախտելու համար Արտեմը գիշերել է գոմում…

1920 թ.  նոյեմբերի 20-ին Բռնակոթում մահկանացուն է կնքել Պողոս Տեր-Դավթյանը: Եվ տեղի զինվորականությունը կազմակերպել է փառապանծ հրամանատարի աճյունի տեղափոխումը ծննդավայր՝ Վերին Խոտանան: Ինքը՝ Արտեմ Բալյանը եւ հեծյալ  հարյուրյակի հրամանատար Երվանդ Աղայանը նվիրական այդ գործի կազմակերպիչներից էին: Ու թեեւ ձմեռը շուտ էր վրա հասել եւ ճանապարհները դժվարանցանելի էին, զինակիցները Պողոս Տեր-Դավթյանի աճյունը մինջեւ վերջ տարան իրենց ուսերի  վրա՝ իբրեւ հարգանքի ու երախտագիտության անօրինակ դրսեւորում:

Կյանքի ամբողջ ընթացքում Արտեմ Բալյանը (ինչպես նշեցինք) վառ է պահել հրամանատարի հիշատակը, ժամանակ առ ժամանակ այցելել նրա գերեզմանին:

-Պողոսի անունով էր երդվում,-հիշում է տիկին Էմման:

Բայց օրերից մի օր Արտեմ Բալյանը տեղեկություն է ստանում, թե Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանը պղծելու դեպքեր են եղել Վերին Խոտանանում. «Ցերեկը գերեզմանաքարը կանգնեցնում են, գիշերը՝ վայր գցում»: Դա, ըստ Էմմա Սաֆյանի՝ «1978 թվականին էր, նոր-նոր էր սկեսուրս՝ Արտեմի կինը, մահացել»:

Եվ Արտեմ Բալյանը հուզված, փոթորկված (առանց տնեցիներին տեղյակ պահելու, ձեռնափայտով, տնային շորերով) մեկնում է Կապան: Գնում է կուսակցության շրջկոմ: Երբ իմանում են, որ Պողոս Տեր-Դավթյանի զինակից ընկերն է՝ Սիսիանի Բռնակոթից, հարգալից վերաբերմունք են ցույց տալիս: Շրջկոմի քարտուղարը (անունը չեն հիշում) հավաստիացնում է, որ Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանը  նորից չեն պղծել եւ ամեն ինչ կարգին վիճակում է: Շրջկոմի քատուղարի հանձնարարությամբ էլ նրան տանում են Վերին Խոտանան, այց է կատարում հրամանատարի գերեզման: Գյուղում մեկ գիշեր մնալուց հետո ճանապարհում են Բռնակոթ:

Արարատ Համբարձումյանը եւ Էմմա Սաֆյանը շարունակում են օջախում վառ պահել հիշողությունը, որ թողել է իրենց ավագն ու ծնողը՝ Արտեմ Բալյանը:

Մի անգամ էլ ուխտագնացություն են կատարել Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանին: Դա 2011 թ. օգոստոսի 20-ին էր. ուխտագնացությունը կազմակերպել էր Սիսիանի Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը:

Ահա այսպիսի հուշեր, որ թողել է բռնակոթցի Արտեմ Բալյանը՝ իր հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի մասին…

Հարգանք Արտեմ Բալյանի եւ, իհարկե, լեգենդար Պողոս Տեր-Դավթյանի հիշատակին…

Հ.Գ.

2022 թ. մայիսի 5-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Դարբաս գյուղում էր: Եվ պատահաբար հայտնվեցինք մի միջավայրում, որտեղ զրուցում էին Պողոս Տեր-Դավթյանի մասին, քանի որ Պողոսը զինվորներ է ունեցել նաեւ այդ գյուղից:

Գնդապետ Արթուր Գրիգորյանը, ով Բռնակոթից է, պատմում էր գյուղի տարեցներից լսած զրույցը, թե Պողոս Տեր-Դավթյանի աճյունը Բռնակոթից Վերին Խոտանան են տեղափոխել մեկ օրում՝ հիմնականում գիշերային ժամերին, թեեւ ցրտաշունչ ձմեռ էր:

Դրա համար առնվազն երկու պատճառ կար. նախ՝ թշնամին չպետք է իմանար Սիսիանի հրամանատարի մահվան մասին, այնուհետեւ՝ աճյունի տեղափոխումն անվտանգության առումով ռիսկեր չպիտի պարունակեր. Ժամանակներն այդպիսին էին:

Ըստ զրուցակցի՝ հերոսի աճյունը տեղափոխելու երթուղին էլ ինչ-որ չափով հայտնի է՝ Բռնակոթից իջել են Ուրուտ եւ շարունակել….

Այդ զրույցը լսելուց հետո, բնականաբար, մեզանում տարակույսներ առաջացան տարածված այն տեղեկատվության շուրջ, թե Պողոս Տեր-Դավթյանի աճյունը հողին է հանձնվել դեկտեմբերի 4-ին՝ մահվանից 14 օր հետո:

Սույն հոդվածաշարը սկսելուց մենք խոստացել էինք  առայժմ ձեռնպահ մնալ բանավիճային հարցերը քննարկելուց, ինչին եւ հավատարիմ ենք: Պարզապես փաստում ենք՝ Պողոս Տեր-Դավթյանի մահվան օրը (20 նոյեմբերի 1920 թ.) եւ թաղման օրը (4 դեկտեմբերի 1920 թ.) ճշտման կարիք ունեն:

 

Սամվել Ալեքսանյան

 

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31