Չհասցրեց վայելել մանկան թոթովանքի բերկրանքը

11.03.2021 12:02
6757

Արցախյան երրորդ պատերազմը խլեց մեր զավակներից լավագույններին: Ահավոր դժվար է գրիչ վերցնել՝ նրանց ցավալիորեն անժամանակ ընդհատված կյանքի ուղու մասին գրելու, մանավանդ, երբ նահատակներից մեկը քո տարեկից, հին ու բարի ժամանակներից մտերիմ ընկեր Լեւոն Մարգարյանի Գարիկ կրտսեր որդին է: Սփոփանքի բոլոր բառերն  ու արտահայտություններն անդառնալիորեն մաշված ու ժամանակավրեպ են դառնում...

Արցախյան առաջին պատերազմի ժամանակաշրջանում է ծնվել Գարիկ Մարգարյանը՝ 1993 թ. հունիսի 11-ին: Պատերազմի օրերին քաղաքը հրետակոծվում էր, ծննդատունը տեղափոխվել էր փոքրիշատե անվտանգ վայր՝ Կապանի ծայրամասը՝ հոգեբուժարան:

Մանկուց Գարիկը շատ աշխույժ երեխա էր, մեկ տարի շուտ է գնացել դպրոց, քանզի մանկապարտեզում այլեւս անելիք չուներ: Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը: Թեեւ փոքր-մոքր, բայց շատ համարձակ, խիզախ երեխա էր, նաեւ կատակասեր՝ ժպիտը դեմքին: Ամենատխուր պատմությունը կպատմեր ժպիտը երեսին:

«Մի անգամ - վերհիշում է հայրը՝ Լեւոն Մարգարյանը, - «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղն էի դիտում եւ հընթացս հարցերին պատասխանում: Գարիկը՝ մեկ էլ թե՝ մի հարց էլ ես տամ՝ Այվազովսկին ինչո՞ւ նկարելիս «այս մատը» չի օգտագործել եւ ցուցադրեց իր ցուցամատը: Պահանջվող մեկ րոպեն անցավ, եւ չկարողացա պատասխանել: Ասաց, հայրիկ, հեչ տրամաբանող չես: Այվազովսկին ինչպե՞ս կարող էր այդ մատն օգտագործել, երբ դա իմն է»:

«Ողջ կյանքում եղել է ինքնուրույն. երբ հարցնում էի, - ինչո՞ւ չես այս բանը սովորել, - պատասխանում էր՝ ինչ-որ պետք է՝ ես սովորել եմ», - սա էլ հոր խոստովանանքն է:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, մեկ տարի սովորելուց հետո մեկնել զինվորական ծառայության, որի ավարտից հետո շարունակել բուհական կրթությունը:

Պատերազմի առաջին օրերից առաջնագծում էր, թեեւ հարազատների հեռախոսազանգերին պատասխանում էր՝ դեռ Գորիսում եմ:

Հոկտեմբերի 15-ին ծանր վիրավորվեց գլխից, առաջին վիրահատությունը Գորիսում էր, հետո՝ մայրաքաղաքում: Բայց այդպես էլ կոմայից դուրս չեկավ, եւ անմահացավ հոկտեմբերի 29-ին:

Ամուսնացած էր, ավա՜ղ, այդպես էլ չհասցրեց վայելել մանկական թոթովանքի բերկրանքը...

Գարիկի մարդ տեսակի մասին լավագույնս ներկայացրին նրան դասավանդած ուսուցիչները: Կրթօջախի տնօրեն Արուս Միրզոյանի աշխատասենյակում հանդիպեցի նրանց: Ընդգծված ափսոսանք կար նրանց խոսքում, նաեւ վիշտ ու ցավ: Բայց գրավիչն այն էր, որ ականատեսի խոսքեր էին՝ պարզ ու անմիջական, ուստի հարմար գտա դրանք մեջբերել նույնությամբ:

Պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյան:

Գարիկը մեր լույս տղաներից էր, աչքերը ծիծաղում էին, քիչ է պատահում, որ տղա երեխայի աչքերն այդքան ծիծաղկոտ լինեն: Շատ շարժուն երեխա էր, տեղը նստել չուներ. անընդհատ՝ աջ-ձախ: Չափազանց հետաքրքասեր էր. հիշում եմ՝ Ակոռիի ճակատամարտի ուժերի հարաբերակցությունը ներկայացրի, զորքերի թվաքանակը, այն է՝ մեր 400 ռազմիկը մի քանի հազարի դեմ էր կռվում: Ընդդիմացավ՝ չեմ հավատում: Ասացի, Գարիկ ջան, այդպես էլ է լինում, հայրենիքի համար էին կռվում, տեղանքը լավ ծանոթ էր հայերին: Մտածեց, մտածեց, ասաց՝ ճիշտ եք ասում, այ հիմա հավատում եմ: Ինձ թվում է՝ այդ հավատն իրեն տարավ մարտադաշտ: Միշտ կրկնում էր՝ այդ տղաներն ընկան հայրենիքը սրտում: Այլ բան պետք չէ մտածել: Երբեմն  դասապրոցեսում (այն ժամանակվա պահանջները մի քիչ ուրիշ էին) ինքը գեղարվեստական գիրք էր կարդում: Այդպիսի հետաքրքիր երեխա էր Գարիկը: Դասը պատմում էր գեղեցիկ, տրամաբանված, ասում էր՝ ընկեր Ալավերդյան, Դուք միշտ ասում եք՝ պատմական գրագիտություն, ես ձգտում եմ դրան: Գիտեմ, Գարիկ, - պատասխանում էի, -դրա համար գնահատում եմ քո ձգտումը: Խելացի, լավ աշակերտ էր, ուստի կատարվածի համար անչափ ափսոսում եմ...

Մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Աբրահամյան:

Չորրորդ դասարանից մինչեւ 10-րդ դասարան Գարիկին մաթեմատիկա եմ պարապել: Նա շատ պայծառ երեխա էր, նպատակասլաց, ընկերասեր, մարդկային, շփվող, նաեւ՝ համարձակ: Հիշում եմ. մի անգամ մշակույթի կենտրոնում միջոցառում էր, Երեւանից էին եկել, հարցրին՝ ովքե՞ր կարող են բեմ բարձրանալ: Ինքը դահլիճից թռած գնաց բեմ: Սրանով ես նրա ռիսկի գործոնն եմ  նշում: Մաթեմատիկայից չէր փայլում, բայց մարդ տեսակով իրեն սիրել էր տալիս: Դպրոցն ավարտելուց հետո, որտեղ տեսնում էր, ինձ հարազատի պես էր վերաբերվում: Մյուս մայթից, որ տեսներ, կանցներ փողոցը՝ կգար՝ կգրկեր: Շատ-Շատ եմ ափսոսում նրա մահվան համար, Գարիկ անունը լսելիս անընդհատ հուզվում եմ: Իր նման շատ-շատ նահատակներ ունեցանք, բոլորի համար խորունկ ցավ եմ ապրում: Առավել եւս ցավում եմ, որ իմ զավակի պես ընդունել եմ Գարիկին: Այդ նույն չափ վշտանում եմ իմ աշակերտ Շանթ Խաչատրյանի համար, որի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ. անհետ կորած է համարվում: Գարիկի խոսքերը շատ գեղեցիկ էին, զգացվում էր, որ բանասերի որդի է՝ առոգանությունը, հնչեցրած խոսքը, միջոցառումների ժամանակ դա էլ է խիստ տպավորվել իմ մեջ: Նրա կորստով լուսավոր մի կետ պակասեց մեր կյանքից: Իմ ափսոսանքը չափ ու սահման չունի...

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Նուրիջանյան:

Գարիկը հայրենապաշտ ու ընկերասեր անձնավորություն էր: Անգիրներ էի հանձնարարում, հատկապես ընտրում էր հայրենիքին նվիրված բանաստեղծությունները: Եթե պահանջվող թեման հայրենասիրությունը չէր, հարցնում էր՝ կարելի՞ է հայրենիքին նվիրված բանաստեղծություններ սովորեմ: Նրա կուռքը՝ Շիրազն էր, պոետի՝ հայրենիքին եւ մորը նվիրված բանաստեղծություններն էր սիրում անգիր անել: Քչախոս, հավասարակշռված անձնավորություն էր, դա հաստատապես կարող եմ ասել: Մեկ էլ այն, որ մեր հերոս տղաների ճախրանքն անավարտ չի մնա, նրանց հիշատակը չի խամրի...

Կենսաբանության ուսուցչուհի Լիլիթ Դավթյան:

Գարիկի դասղեկն եմ եղել 10-րդ դասարանում: Մինչ այդ ուրիշ դասղեկ ուներ նա: Բայց ծանոթ էի խառնվածքին, նախասիրություններին, որովհետեւ նրան կենսաբանություն էի պարապել: Ավարտական դասարանում միանգամից դժվար էր դասղեկություն անելը, բայց դասարանն ինձ ծանոթ էր, եւ ամեն ինչ սահուն անցավ: Գարիկն իմ մեջ տպավորվել է խելացի, ընկերասեր, աշխույժ, կենսախինդ աշակերտ: Դասարանում չարաճճի երեխաներ կային, Գարիկը հետ չէր մնում նրանցից, ինքն էլ էր մթնոլորտ ստեղծում: Ճիշտն ասած՝ անհարմար էի զգում ծնողին բողոքել, որովհետեւ հայրը դպրոցի տնօրեն էր: Բայց մի անգամ ակնարկեցի հորն այդ մասին: Բարեբախտաբար միայն ժպտաց Մարգարյանը...

Տխուր ապրումները խանգարում են այլ մանրամասներ հիշել նրա դպրոցական կյանքից: Գուցե որոշ ժամանակ անց հնարավոր լինի ավելի երկար խոսել, հուշեր ներկայացնել, բայց հիմա անչափ դժվար է...

... Մանկավարժների հետ զրույցից հետո մի ուշագրավ փաստ հայտնեցին: Գարիկի համադասարանցիները որոշել են նորոգել դպրոցի պատմության կաբինետը եւ այն կոչել իրենց զոհված դասընկերոջ անվամբ:

Վահրամ Օրբելյան

 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57