Դարբասում համաժողովրդական տոնախմբություն էր՝ գյուղի հոգեւոր վերածննդի օրվա կապակցությամբ

06.05.2022 15:56
4016

Ոչ միայն Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղում, այլև Սյունիքում հայտնի Ստեփանյան գերդաստանի զավակներ Արամի և Արմենի հովանավորությամբ իրենց ծննդավայրում Աստծո հավատի տաճար է կառուցվել. նավակատիքը կայացել է 2010 թ. մայիսի 5-ին: Երբեմնի եկեղեցու (Սուրբ Ստեփանոս Նախավկայի անունն է կրել) տեղում էլ Ստեփանյան ընտանիքը  կառուցել է համանուն մի հրաշալի եկեղեցի՝ ավանդական հայ  ճարտարապետության և արդիական հայ արվեստի համադրումով՝ ճաշակով ընտրված քարատեսակով և առինքնող զարդաքանդակներով (ճարտարապետ՝ Նունե Պետրոսյան):

Հենց այդ օրը դարբասցիները որոշել են նշել որպես իրենց բնօրրանի օր և յուրաքանչյուր տարի իրականացնում են իրենց մտահղացումը:

Այս մայիսի 5-ին ևս հավաքվել էին մեծով ու փոքրով: Ու թեև հորդառատ անձրև տեղաց, բայց դա բնավ չստվերեց տոնի նշանակությունը և չգցեց հանդիսության մասնակիցների  տրամադրությունը: Դեռ ավելին, փորձում էին կատակել, թե այդ անձրևն էլ  օրհնության պես մի բան է...

Բացօթյա տաղավարում ցուցադրվում էին գյուղի արվեստի դպրոցի սաների խեցեգործական աշխատանքները՝ կավից պատրաստված, ձեռքի այլ աշխատանքներ, կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք:  Մարդկանց տրամադրությունն էլ տոնականից չէր տարբերվում:

Մի տղամարդ հագուկապով առանձնանում է մյուսներից՝ Գագիկ Մկրտչյան, ծնվել է Դարբասում, բայց 55 տարի է՝ ապրում է Նովոսիբիրսկում, այդտեղի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկանն է եղել: Յուրաքանչյուր տարի այցելում է ծննդավայր: «Հենց հիմա գյուղի քահանայի հետ խոսում էի. ասացի, որ իրական հայրենասիրությունը հենց սա է, երբ եկեղեցի ես կառուցում քո գյուղի համար... Փառք ու պատիվ Արամ և Արմեն Ստեփանյաններին, որ այսքան բան են արել իրենց գյուղի համար», -իր մտորումներն է ներկայացնում զրուցակիցս:

Բազմության մեջ է մասնագիտությամբ շինարար Ալբերտ Զաքարյանը. ղեկավարել է եկեղեցու կառուցման աշխատանքները, որ տևել է երեք տարի. մոտ 20 մարդ  էր մասնակցում գյուղի հավատի տաճարի կառուցմանը: Ալբերտը ևս ակնածանքով է խոսում Ստեփանյան եղբայրների մասին, որոնց հովանավորությամբ կառուցվեցին գյուղի եկեղեցին, թանգարանը, «Մասրենի» առևտրի տունը, սոցիալ կենցաղային այլ օբյեկտներ:

Թանգարանի շենքում է տեղավորված արվեստի դպրոցը (պատասխանատու՝ Լիաննա Միրզոյան), որտեղ գործում են խմբակներ՝ երգի և պարի, նկարչության, կավագործության, ուլունքագործության, մի խոսքով՝ համայնքում դրվել է արվեստի զարգացման հիմքը:

Տոնի նախաձեռնողներից է Արա Զաքարյանը՝ «Գրանտ քենդի» ՍՊԸ Սիսիանի և Գորիսի տարածաշրջանները սպասարկող բազայի տնօրենը:

Ի դեպ, Արտավազդ (Մելսիկ) Զաքարյանի ընտանիքի նախաձեռնությամբ տոնախմբության մասնակիցներին մատաղ մատուցվեց:

Մեզ հետ զրույցում Արա Զաքարյանը մասնավորապես ասաց՝ «Ծնվել եմ այստեղ՝ Դարբասում, բայց Սիսիանում եմ բնակվում: Ցանկություն կար պատերազմից հետո ժողովրդի տրամադրությունը բարձրացնել, կտրել առօրյա հոգսերից, միավորել նրանց, նաև ոգեկոչել Արցախյան երրորդ պատերազմում նահատակվածների հիշատակը:

44-օրյա պատերազմում մեր գյուղը երեք զոհ է տվել: Լույս իջնի նրանց շիրիմներին…

Այսօր մեր ծննդավայրի տոնն է, թող մարդիկ հավաքվեն, կիսեն ուրախությունը:

Նորաշեն եկեղեցին ոչ միայն Դարբասում, այլև մերձակա գյուղերում մարդկանց համախմբման սկիզբ դրեց, թող որ գյուղի այս տոնը լինի շարունակական... »:

Գյուղի օրվան նվիրված տոնախմբությունը սկսվում է եկեղեցուց, որտեղ Դարբասի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա Միրզոյանը հոգևոր արարողություն է կատարում, հետո ոգեկոչման խոսքեր հղում ներկաներին՝ հիշեցնելով, որ գյուղը յոթ եկեղեցի է ունեցել, որոնք ժամանակի ընթացքում, նաև խորհրդային աստվածամերժության հետևանքով ջնջվել են երկրի երեսից: Եվ հիմա Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու շնորհիվ նորից վերընձուղվել է  հավատը Դարբասում և Ձորի գյուղերում, սկիզբ է դրվել հոգևոր կյանքի վերածննդին: Եկեղեցու նավակատիքով նաև սկզբնավորվեց գյուղի տոնը, ինչի առիթով հոգևոր հովիվը շնորհավորեց ներկաներին, Աստծուց իմաստություն, հույս ու հավատ հայցեց՝ մեր հակասական ժամանակների դժվարությունները հաղթահարելու համար:

Եկեղեցում հոգևոր երգեր հնչեցին արվեստի դպրոցի մանկական հոգևոր երգչախմբի սաների կատարմամբ ( խմբավար՝ Թերեզա Հայրապետյան):  

Հորդառատ անձրևը դադարելուց հետո սկսվեց տոնախմբության հանդիսավոր մասը, որ ներառում էր համերգային ընդգրկուն ծրագիր:

Դարբասցիներին տոնի առթիվ շնորհավորեցին Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, Դարբասի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը, Սիսիանի համայնքապետարանի բաժնի վարիչ Նարա Հովհաննիսյանը, համագյուղացիներից Սենիկ Միքայելյանը, ով հընթացս ներկաներին հիշեցրեց նաև ծննդավայրի պատմությունը, համայնքի երևելի մարդկանց անունները:

Այնուհետև հանդիսությանը տոնական երանգներ հաղորդեցին գյուղի արվեստի դպրոցի գեղարվեստական ինքնագործ խմբերի և մանկապարտեզի սաների կատարումները: Տոնակատարությանը երաժշտական ողջույններ հղեց Սիսիանի «Համո Սահյանի անվան մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի ժողովրդական գործիքների համույթը:

Տոնախմբությունը տեղի էր ունենում Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու մերձակա բարեշեն հրապարակում, որտեղ ծփում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության  բարձրացված դրոշները:

 

Հ.Գ.

Դարբասից վերադարձանք անջնջելի տպավորություններով:

Եվս մեկ անգամ համոզվեցինք՝ Սյունիքը հզոր է իր գյուղերով: Իսկ եթե գյուղի հանդեպ իրական հոգածություն է դրսևորվում, ապա բնակավայրը  դառնում է մի անմատչելի ամրոց:

Եվ ուրեմն՝ երանի սյունիքյան ամեն մի գյուղ ունենար այնպիսի կարող և հոգատար զավակներ, ինչպիսիք ունի Դարբասը:

«Սյունյաց երկիրը» դարբասյան հրաշալի միջոցառմանն անհաղորդ կմնար, եթե չլիներ գյուղի արժանավոր զավակ, երևելի սիսիանցի Արմեն  Զաքարյանի հրավերը, ում մեր շնորհակալությունն ենք հայտնում:

 

Վահրամ Օրբելյան  

Ձեր պաշտոնավարման ժամանակ 45 գյուղի դպրոց է փակվում. Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզպետին

14.12.2025 18:40

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

14.12.2025 13:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00