Դասասենյակների անվանակոչում Շինուհայրում

10.05.2017 12:01
2479

Մայիսի 6-ին Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի Սուրեն Թովմասյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ռազմագիտության, հայ գրականության ու պատմության դասասենյակների անվանակոչման արարողություն:

Դրանք անվանակոչվեցին Արցախյան եւ 2016թ. ապրիլյան պատերազմներում զոհված Արայիկ Մկրտչյանի ու Արմեն Գասպարյանի (Մակիչ) անուններով:

Օրը նշանավոր էր նաեւ դպրոցի փառքի սրահի բացմամբ, որտեղ ներկայացված էին Արցախյան պատերազմում զոհված Շինուհայր գյուղի տասը քաջերի մեծադիր լուսանկարներն ու նրանց անցած սխրալից ուղին ներկայացնող տեղեկություններ:

Տոնական միջոցառմանը զոհվածների ծնողների, հարազատների հետ ներկա էին Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, Գորիսի տարածքային զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերի սպաներ, Սիսիանի տարածքային զինկոմ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ թվով հյուրեր, շինուհայրցիներ:

Արարողությունը սկսվեց Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված շինուհայրցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ ծաղկեդրմամբ, հարգանքի ու հիշատակի տուրք մատուցելով:

Փառքի սրահի հանդիսավոր բացման կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի նախկին սան, 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հակոբ Ավետյանն ու «Հայորդիք» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Կիրակոսյանը:

Այստեղ տեղադրվեց օրհնված մոմակալը` վառ կրակով:

Փառքի սրահն ու անվանակոչված դասասենյակները ձեւավորված էին հայրենասիրական ոգով ու շնչով: Զոհված ազատամարտիկների, ՀՀ ազգային հերոսների ու Արցախի հերոսների լուսանկարների շուրջ կանգնած էին պատվո պահակ զինվորները: Ամենուր վառվող մոմեր եւ երախտագիտության ծաղիկներ էին:

Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին հեղինակային գողտրիկ բանաստեղծություններ, սրտաբուխ խոսքեր:

Այնուհետեւ տեղի ունեցավ անվանակոչված դասասենյակների բացման արարողությունը:

Կարմիր ժապավենի կտրման պատվավոր առաքելությունն ընձեռվեց գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին ու ապրիլյան պատերազմում զոհված Արայիկ Մկրտչյանի հնգամյա թոռնիկին՝ Գագիկ Մկրտչյանին, շինուհայրցի ճանաչված դերասան, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանին եւ զոհված Արմեն Գասպարյանի որդուն՝ Արթուր Գասպարյանին:

Առանձին ցուցափեղկերում ներկայացված էին 1992 եւ 2016 թվականներին զոհված Արայիկ Մկրտչյանի եւ Արմեն Գասպարյանի կյանքն ու մարտական գործունեությունն ամփոփող թանկ մասունքներ, ռազմի դաշտից` անձնական իրեր, ջոկատի ազատամարտիկների հետ լուսանկարներ, ինչպես նաեւ` նրանց զինվորական վերնաշապիկները:

Արմեն Գասպարյանի անունով անվանակոչված դասասենյակի կենտրոնական պատին ամրակցված էր Հարություն Համբարչյանի քանդակած` զոհվածի կիսանդրին:

Զոհվածների զինակից ընկերների, մանկավարժների կողմից հնչեցին ջերմ ելույթներ, դպրոցի սաների սրտառուչ խոսքեր:

Արմեն Գապարյանի` լավ ընկերոջ ու մարդու հիշատակին հուզիչ խոսք ասաց Շանթ Հովհաննիսյանը:

Այնուհետ հանդիսավոր միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում:

Կրթօջախի սաները ներկայացրին Արցախյան պատերազմում զոհվածների կենսագրությունն ու անցած մարտական ուղին, առանձին հուշեր, նրանց ձոնված բանաստեղծություններ:

Դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանն իր խոսքում ասաց. «Մենք այսօր շատ մեծ հպարտություն ենք ապրում, որ Արցախյան եւ ապրիլյան պատերազմներում զոհված Արմեն Գասպարյանի ու Արայիկ Մկրտչյանի անուններով դասասենյակներ ունենք:

Վստահ եմ, որ մատաղ սերունդը կդաստիարակվի մեր զոհերի հայրենանվեր, ազնիվ եւ համարձակ գործերով, նրանց ոգով, կլինի արժանի, հայրենասեր հետնորդ»:

Նա հավաստիացրեց, որ անվանակոչված դասասենյակները, փառքի սրահն աչքի լույսի պես կպահվեն ու կպահպանվեն, յուրաքանչյուր նշանավոր առիթով դպրոցի սաների մասնակցությամբ կոգեկոչվեն հայորդի քաջերի հիշատակը:

Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն իր ելույթում նշեց, որ նման բարի, հպարտություն պարգեւող միջոցառումները, դրանցում ներկայացվող Արցախյան պատերազմն ու մեր ազատամարտիկների սխրագործությունների օրինակներն անփոխարինելի դեր ունեն մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Նա խաղաղ, կապույտ երկինք եւ ստեղծագործ կյանք բարեմաղթեց ողջ հայ ժողովրդին:

Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը պատվոգրեր հանձնեց համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին եւ դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանին:

Զոհվածների ծնողներին հանձնվեցին անմահություն խորհրդանշող անմոռուկ ծաղկի պատկերով շքանշաններ:

Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց զոհվածների ծնողներին` հայրենանվեր զավակներ ծնելու եւ դաստիարակելու համար: Նա ընտանիքներին բարեմաղթեց անամպ ու երջանիկ ծաղկունք, մանուկների ճիչ, նոր Արայիկների ու Արմենների բախտավոր ծնունդ:

ՀՀ վաստակավոր երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասաց, որ իր համար պատիվ է այսպիսի տոնական օրը գտնվել շինուհայրցիների, սյունեցիների կողքին, որովհետեւ սյունեցի լինելն արդեն իսկ մեծ պատիվ է:

- Տասը հերոսի անուն լսեցի, ինչը շատ է մի բուռ Շինուհայրի համար: Հայ զինվորին պետք չէ որեւէ սխրանքից հետո նրան հերոսացնել, Հայաստան աշխարհի զինվոր ու սահմանապահ լինելն արդեն սխրանք է:

Փառք ու պատիվ շինուհայրցի զոհված քաջերին, Արցախյան պատերազմի բոլոր սուրբ նահատակներին, ովքեր երկնքից նայում եւ հպարտանում են, որ այսօր մենք ունենք կանոնավոր եւ հզոր բանակ:

Փառք ու պատիվ հայոց բանակին, - ասաց երգչուհին:

Նա մաղթեց, որ շինուհայրցի զոհվածները վերջինը լինեն Շինուհայր գյուղի սրբացած երամից, խաղաղությունն ու երջանկությունն այսուհետ թեւածեն հայ օջախներում, մեր երկրում:

Երգչուհին խոստովանեց, որ իր համար դժվար է խոսել քաջերի մասին, քանի որ ցանկացած խոսք դատարկ ու քիչ է թվում նրանց կատարած սխրանքների կողքին:

Երգչուհու համար առավել դժվար է երգելը, բայց նա գտնում է, որ մենք իրավունք չունենք թուլանալ, եւ ինքը պարտավոր է նաեւ երգով ոգեկոչել քաջ շինուհայրցիների հիշատակը:

Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչեց «Արցախի հողում» երգը (խոսքը` Ավետ Բարսեղյանի, երաժշտությունը` Արման Ղազարյանի):

Տոնական միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան «Զորական» համույթի զինծառայողները հնչեցրին հայրենասիրական երգեր:

Հուզիչ եւ անմոռանալի, իր նշանակությամբ մեծ եւ խորհրդանշական միջոցառումը նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Շանթ Հովհաննիսյանի, Նունե Կիրակոսյանի, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի, Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի կողմից:

Փառքի սրահի ու դասասենյակների ձեւավորման աշխատանքներն իրականացրել էր Շինուհայր գյուղի բնակիչ Ալիկ Ծատրյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34