ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Համո Սահյանի տեղը Հովհաննես Թումանյանի կողքին է»

04.04.2014 13:45
7923

 

«Սյունյաց երկիր» թերթի հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայոց լեզու եւ գրականություն» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Գասպարյանը

 

– Պարո՛ն Գասպարյան, ապրիլին լրանում է Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը, հոբելյանի առթիվ մեր թերթը նախատեսում է հատուկ համար թողարկել: Այս հարցազրույցն այդ նպատակով է: Որպես նախաբան` խնդրում ենք ներկայացնել Համո Սահյանի մուտքը հայ գրականություն:

– Նախ ասեմ, որ ես միշտ էլ լավ տպավորություն եմ ստացել «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համարներից: Չեմ կասկածում, որ շատ հաջողված պիտի լինի նաեւ այս մեկը:

Համո Սահյանը գրական ճանապարհն սկսել է 1930-ական թվականներին, բայց կայացել է 1940-ականներին: Նախորդ տասնամյակը հիշողությամբ է միայն նրա համար գրական անցյալ:

1946-ին լույս տեսավ անդրանիկ ժողովածուն` «Որոտանի եզերքին»: Այդ գիրքն առանձին մեծ արձագանքներ թեեւ չունեցավ, բայց դրական ընդունելության արժանացավ: Դրանից հետո Սաhյանը տպագրեց երեք գիրք, որոնք անկոնֆլիկտայնության եւ կյանքի գունազարդման արգասիք էին` «Առագաստ»(1947), «Սլացքի մեջ»(1950), «Ծիածանը տափաստանում»(1953): Թույլ գրքեր էին. մեղքը ոչ թե բանաստեղծինն էր, այլ ժամանակինը: Ետպատերազմյան տարիներին գրականության ու մշակույթի դեմ Կենտկոմի մի քանի որոշումներ ընդունվեցին, մասնավորապես ««Լենինգրադ» եւ «Զվեզդա» ամսագրերի մասին» որոշումն ունեցավ կործանարար հետեւանքներ: Մշակութային կյանքը սահմանափակվեց, պատերազմի տարիների համեմատական ազատությունը վերացավ. հայրենասիրությունը եւ սիրո քնարերգությունը վերստին արգելափակվեցին: Այլ կերպ` 1946-1953 թվականներին, մինչեւ Ստալինի մահը, խիստ սահմանափակվեց ստեղծագործական առանց այդ էլ խիստ սահմանափակ համեմատական ազատությունը: Գրողներն իրենց պատեպատ խփեցին` ի՞նչ գրել: Իսկ ինչ գրելը թելադրվում-պարտադրվում էր: Ստիպված ինտերնացիոնալ եղբայրության մասին էին գրում, շինարարության, ինդուստրիայի, միջինասիական անապատների ջրարբիացման, Մագնիտոգորսկի ու Կարմիր հրապարակի, իսկ Լենինը կա՛ր ու կա՛ր: Բայց այդ ձայնն իրենց ներսից չէր գալիս: Այս ամենին կուլ գնաց նաեւ Համո Սահյանը: Նա հետագայում խոստովանեց, որ ամաչում է հիշյալ երեք գրքերի համար: Միայն ետահայաց ճիշտ կողմնորոշում ունեցող ստեղծագործողը կարող է ասել, որ իր քայլի համար ամաչում է: Եվ, իրոք, ամոթալի գրքեր էին` Սահյանին պատիվ չբերող: Բնական է` այս գրքերը հնարավորինս արագ պիտի մոռացվեին: Այդ ընթացքում շատերը հասցրեցին փառաբանել նաեւ Ստալինին: Եվ հետո ոչ թե փոշմանեցին եւ ամոթի զգացում ունեցան, այլ ափսոսացին, որ այդ ժամանակներն անցան: Ստալինի գաղափարական որդիներն ու դուստրերը շրջագայում էին նաեւ հայ գրականության պարտեզներում: Իսկ Համո Սահյանը թեեւ ենթարկվեց փորձության, բայց մաքրվեց եւ, կորուստներով հանդերձ, մաքուր դուրս եկավ այդ գրական նվաստացումից:

– Ե՞րբ է սկզբնավորվում սահյանագիտությունը: Ի՞նչ ճանապարհ է անցել, օտարազգի գրողներից ովքեր են անդրադարձել Սահյանի կյանքին եւ գրական վաստակին:

– Համո Սահյանը վերստին Համո Սահյան դարձավ «Բարձունքի վրա»(1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներից հետո, դրանով ասես կամուրջ նետեց դեպի «Որոտանի եզերքը»: Դրանից հետո ոսկեցոլ մայրամուտին ընդառաջ որպես բանաստեղծ Սահյանն անընդհատ բարձրացավ կարմիրին տվող քարափներով դեպի վեր: Սահյանագիտություն ասածը (լավ է, որ այդպիսի եզրույթ ենք օգտագործում) գրականագիտության ճյուղ է, ինչպես թումանյանագիտությունն ու բակունցագիտությունը... Սահյանի ստեղծագործության հանդեպ վերաբերմունքը լրջացավ 1950-ականների կեսերից: Նրա մասին գրել են Գուրգեն Մահարին, Հրաչյա Քոչարը, Վազգեն Մնացականյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Հակոբ Սալախյանը, Վահագն Դավթյանը, Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Մկրտչյանը: Ռուսներից` Լեւ Օզերովը, Ալլա Մարչենկոն, Ստանիսլավ Ռասսադինը, Ալեքսանդր Դիմշիցը, գրել են նաեւ Էդուարդաս Մեժելայտիսը, Կայսին Կուլիեւը եւ ուրիշներ: Սողոմոն Սողոմոնյանին ու Վազգեն Մնացականյանին որպես գրականագետ, քննադատ առանձնապես լուրջ չեմ ընդունում, բայց իրենց հետքն են թողել այդ տարիների գրական կյանքում: Սահյանի էությունը բացահայտող բնույթ ունեն Վահագն Դավթյանի հոդվածները: Առավելապես Սահյանին ճիշտ հասկացող եւ ժամանակի մեջ ճիշտ դիտող քննադատ էր Սուրեն Աղաբաբյանը: Գուրգեն Մահարին Համո Սահյանին արտակարգ բարձր է գնահատել եւ նրան վերապահել առաջնակարգ տեղ հայ պոեզիայում: Սահյանագիտությունը, ըստ էության, սկիզբ է առնում 1940-1950-ականների առաջին գրախոսություններից ու հիշատակումներից եւ շարունակվում է առ այսօր: Ավելացնեմ, որ շատ դիպուկ բնութագրություններ են տվել հիշյալ ռուս եւ այլազգի գրողներն ու քննադատները:

– Շատ բարի, ի՞նչ նորություն եւ թարմություն է բերում Սահյանը հայ քնարերգության մեջ:

– Նորություն բառը մենք շատ հաճախ շահարկում ենք, իսկ թարմությունն առավել չափով կնոջն է սազական: Մենք ամենօրյա նորությունների մեջ ենք, որոնք բոլորն էլ աղետալի են. մի տեղ երկրաշարժ է, մեկ այլ տեղ` հեղափոխություն, մի ուրիշ տեղ` բնական աղետ, ամեն տեղ` սպանություն, ինքնասպանություն ու ահաբեկություն, ընտանիքի կործանմանն ուղղված միասեռականության վարակ եւ նույնասեռ հիվանդների ամուսնություն: Աշխարհն ամենօրյա հեղաշրջումների, ընդհարումների ու պատերազմական նորությունների գլխիվայր ինքնակործան աղետների մեջ է:

Նորություն ասածը Համո Սահյանն այլ կերպ էր բացատրում, ասում էր` աշխարհն ունի ինքնակրկնվող հատկություն. օրինակ` տարվա եղանակները, թռչունների չուն, առավոտն ու մայրամուտը: Բնության ձեւերի մեջ նա նախընտրում էր կայուն ու հաստատված արժեքները. Հայաստանի բնաշխարհի անդրադարձով` քարն ու քարափը, սարն ու ձորը, վանքն ու ամրոցը, հայ մարդն ու նրա բախտը... Ասում էր` միլիոն տարի էլ անցնի, թռչուններն իրենց թռչելու ձեւը չե՛ն փոխի, իրենց երամ կազմելու ձեւը չե՛ն փոխի, ժայռերը, ձորերը, քարափները հաստատուն արժեքներ են:

Համո Սահյանը հաստատուն եւ ոչ թե փոփոխական արժեքների, այսինքն` հավիտենության հետ խոսող բանաստեղծ էր, նրա կապակցությամբ ասել` ի՞նչ նորություն բերեց, նշանակում է մի շրջադարձ անել եւ աշխարհի կառուցվածքը տեսնել նրա պոեզիայի մեջ: Մեծ գրողներն իրենց ստեղծագործությամբ վերակերտում են աշխարհի կառուցվածքը եւ ստեղծում աշխարհի իրենց մանրակերտը: Փոքրերը չգիտեն` ինչ են անում, չե՛ն էլ գիտակցում` ինչ է գրականությունը: Համո Սահյանը յուրովի ստեղծեց այդ մանրակերտը, եւ դա Համո Սահյանի աշխարհն է: Նախկինում գրելով ու խորանալով Սահյանի ստեղծագործության մեջ, իսկ նրան մոտիկից ճանաչելուց ու լսելուց հետո նորից ու նորից կարդալով հոգեխոս գրքերը, աստիճանաբար եկա այն համոզման, որ Համո Սահյանի տեղը Հովհաննես Թումանյանի կողքին է:

Տերյանը 1914-ին Թումանյանին համարեց «ունիկում» եւ կանխորոշեց, որ նրա ճանապարհը չի լինելու ապագա հայ գրականության մայրուղին: Տերյանն այդպես տեսավ եւ իր ճանապարհն առանձնացրեց, որովհետեւ Թումանյանով փակվում էր Խաչատուր Աբովյանի գրական դպրոցը: Սակայն Թումանյանի ժողովրդախոսակցական լեզուն կենդանի էր ու գայթակղիչ: Վահան Միրաքյանը գրեց «Լալվարի որսը» եւ մնաց Թումանյանին նմանակողի դերում: Ստեփան Զորյանի մեջ Թումանյանը կար այնքանով, որքանով նրա համար եւս ծագումնաբանորեն նույնն էին միջավայրը, հերոսներն ու լեզուն: Նաիրի Զարյանը գրեց «Ռուշանի քարափը» եւ տապալվեց, որովհետեւ Թումանյանի լեզուն փորձել էր խցկել պրոլետարական պոեզիայի սխեմատիկ վանդակների մեջ: Բակունցը գտավ Թումանյանի ու Տերյանի լեզվական համադրության գաղտնիքը, եւ հրաշքը տեղի ունեցավ: Հետագայում Թումանյանը յուրովի վերապրեց Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության մեջ: Այդ յուրովի-ն շատ հիմնովին բացատրվելու պահանջ ունի: Ամբողջ մի հարյուրամյակ, նշվածներից բացի, այլեւս ոչ ոք չհանդգնեց նորոգել Թումանյանի գրական, լեզվական ավանդույթները:

Բայց ահա եկավ Համո Սահյանը եւ ոչ թե Թումանյանի անմիջական ազդեցությամբ, այլ միանգամայն ինքնուրույն գնաց դեպի բնաշխարհ: Իր խոսքի ներքին բնաշխարհիկ տարերքով նա հանդիպեց Թումանյանին, եւ նրանց հարազատացնողը ոչ թե լեզուն էր, այլ բնաշխարհը, որովհետեւ բնաշխարհն ինքն է թելադրում իր պատկերամտածողության օրինաչափությունները, որ խորքում դառնում է գեղագիտություն ու փիլիսոփայություն: Ահա այստեղ է նրանց հարազատության եզրը, որտեղ պարզն ու բարդը, ինչն ու ինչպեսը կողք կողքի են, Աստծու արարչագործությունը` որպես մարդ, կենդանի, բույս, օդ, հող, ջուր, այդ ամենը միավորող լռություն եւ այդ լռությունը հնչեցնող խոսք` միասնական են: Այսպես Սահյանը դարձավ թումանյանական ավանդույթների նորոգված ներկայացուցիչը` երբեք չփորձելով նմանվել նրան, առավել եւս` նմանակել: Եվ խոսքի ձեւով, եւ բովանդակությամբ Սահյանը տարբեր է Թումանյանից, դեպի Թումանյան նրան տանում է հայոց բնաշխարհիկ ոգու նոր ընթերցումը։

Ահա այսպես Սահյանը գնաց ստեղծագործական այն ճանապարհով, որ տանում էր դեպի մայր բնություն, ուր մարդու իրական կյանքն է: Տեղական բնաշխարհի օրինակով նա ստեղծեց աշխարհի ի՛ր մանրակերտը: Սահյանի պոեզիան շատ տեղային է: Ընդ որում` Սահյանի Հայաստանն իր աշխարհագրական միջավայրով ամենեւին նույնը չէ, ինչ Լոռիում, Սեւանում, Արարատյան դաշտում կամ Թալինում... Դա բուն զանգեզուրյան աշխարհն է, իր Լորի ձորը, որը նաեւ իր ծննդավայրն է: Ճշգրիտ են տեղանունները` Որոտնավանք, Գյազբել, Սալվարդ, Իշխանասար, Տատնա գետ: Հաջորդում են վանքերը` Որոտնավանք, Ծիծեռնավանք, ձորերը, քարափները, բուսանուններն ու կենդանական աշխարհը: Այսպես Համո Սահյանն ստեղծեց աշխարհի իր մանրակերտը, ինչն արդեն իսկ նորություն էր: Նորություն` խիստ ավանդական ձեւերի մեջ: Բայց նորություն` որպես Համո Սահյանի բանաստեղծական աշխարհ:

Երբ Համո Սահյանի առանձին մի բանաստեղծություն մամուլում կարդում ես, կարող է այն տպավորությունը չթողնել: Բայց երբ կարդում ես գրքով` ամբողջական, որպես մեկը մյուսի շարունակություն, նոր է երեւում նրա թե՛ խորությունը, թե՛ բարձրությունը, ինչն արդեն իսկ մեծություն է: Նույն բաների մասին գրելով` երբեք իրեն չկրկնեց, որովհետեւ մանրամասների մեջ լրացրեց, ամբողջացրեց, միավորեց իր աշխարհը: Սա տիրոջ աչք է իր բնությանը, իր բնաշխարհին, այդ բնաշխարհում ապրող մարդուն:

Սահյան ասելով` երբեմն միայն բնաշխարհ ու բնություն են պատկերացնում: Մինչդեռ Համո Սահյանը միայն բնապատկերը չէ: Նրա պոեզիան նախեւառաջ Համո Սահյան անհատն է` իր սիրո տառապանքով, իր մարդկային ճակատագրի դժվարություններով, իր մանկության տարիների հիշողությամբ, իր ապրած կյանքի լույս ու ստվերով: Բնությունը սոսկ միջավայր է, որտեղ ինքն արտահայտվում է եւ որի օրինաչափություններով ստեղծում է իր գեղարվեստական համակարգը: Օրինակ, կան վեպեր, որոնց գործողությունները կատարվում են վիթխարի քաղաքներում` փոխադրականներ, ինքնաշարժներ, մեծ արագություն, գովազդներ, կիսամերկ կանայք, խմիչք, լույսերի հեղեղ, սա մի ուրիշ աշխարհ է: Այսօր այս ամենը տարածված է գրեթե բոլոր շարժանկարներում ու վեպերում: Ահա Համո Սահյանը նույն այս քաղաքային մարդն էր, ով թեեւ ապրում էր այդ խճողված քաղաքի փողոցներում, բայց ներաշխարհում, այնտեղ` խորքում, իրական միջավայրը բնությունն էր: Գյուղ չեմ ասում, ասում եմ բնաշխարհ, որովհետեւ գյուղը բնաշխարհի մի մասն է: Գյուղը փոքր հասկացություն է բնաշխարհի համեմատ, այդ բնաշխարհը գյուղի մարդուն էլ է դարձնում իր նման, ինչպես Թումանյանի պոեմներում, Համաստեղի պատմվածքներում, Բակունցի «Մթնաձոր»-ում:

Հոր մասին Համո Սահյանը հուշեր ու բանաստեղծություններ ունի. գրում էր, չէ՞` առավոտ կանուխ հայրն իրեն արթնացնում, տանում էր արտում աշխատելու: Ինքն էշին նստած, ինձ էլ ետեւից գցած` գնում էի քուռակի պես: Մտածում էի` հայրս այս ի՜նչ դաժան մարդ է: Հետո միայն հասկացա, որ դա աշխատանքային դաստիարակություն է եւ կյանքի դաս, ինչն էլ ինձ պահպանեց դժվարին տարիներին:

Համո Սահյանի մասին գրքեր կան, դրանք վատ գրքեր են, թերի, մակերեսային, պարզապես գրվել են ատենախոսություն պաշտպանելու, գիտական աստիճան ստանալու կամ կոչում փախցնելու համար: Դրանք բանաստեղծի էության մեջ չթափանցած սիրողական շարադրություններ են: Ուզո՞ւմ ես ավելին ասեմ` լավագույնն իմ գիրքն է, որից, ինչպես նաեւ իմ մյուս գրքերից, առատորեն արտագրություններ են անում (խոսքը Դավիթ Գասպարյանի «Համո Սահյան: Կյանքը եւ ստեղծագործությունը» (2003) մենագրության մասին է, ծանոթ. խմբ.):

– Համո Սահյանը նաեւ թարգմանություններ է արել, բայց այդ մասին քիչ է խոսվում եւ գրվում:

– Սահյանը թարգմանել է Եսենին, Պուշկին, Գարսիա Լորկա, ռուս եւ այլազգի բազմաթիվ բանաստեղծների: Բայց եթե առանձնացնենք այս բնագավառը, ձեւակերպենք եւ ասենք` Սահյանը թարգմանիչ, չեմ կարծում, թե կհնչի: Կար ժամանակ, երբ թարգմանություններ էին անում փող աշխատելու նպատակով: Դա ես բնորոշել եմ որպես թարգմանական ինդուստրիա: Համո Սահյանը չգնաց այդ ճանապարհով, բայց ինչ որ արել է, արել է ի՛ր նման: Առանձին մի ուսումնասիրության նյութ, այնուամենայնիվ, կա՛: Այ, դրա փոխարեն մեկ այլ հարց եմ ուզում առաջադրել ու պատասխանել:

Համո Սահյանը` քննադատ: Սա՛ քննարկենք: Փորձեմ պատասխանել այս հարցին: Բոլոր լուրջ գրողները նաեւ հանդես են եկել հոդվածներով: Սա գրողի ստուգման չափանիշ է: Հիմա գրողների միության բազմաթիվ անդամներ կան, որոնցից շատերն չեն կարող անգամ որեւէ գրքի մասին կես էջ վերլուծական գրել, որեւէ տեսակետ հայտնել: Եթե անեն էլ, ախմախ մի բան կստացվի: Բայց լուրջ գրողները միշտ էլ լավագույն գրաքննադատներն են եղել` Րաֆֆի, Շիրվանզադե, Մեծարենց, Վարուժան, Թումանյան, Տերյան, Չարենց, Սեւակ, Մաթեւոսյան: Այս շարքում իր տեղն ունի Սահյանը: Ես նրա ժառանգության այս մասը բարձր եմ գնահատում: Մի առիթով նրան հարցրել եմ, թե ինչո՞ւ այդ հոդվածներն ու հարցազրույցները չի հավաքում եւ առանձին գրքով տպագրում: Սահյանն այլ կերպ էր մտածում` եթե առանձին գրքով հոդվածները հրատարակեր, կկարծեին, թե հոնորարի համար է արել: «Վահագն Դավթյանը նման բան արեց, ես չեմ անի, Հրա՛նտն էլ չի անի»,– եղավ պատասխանը: Հորդորում էի` խիստ անհրաժեշտ է ի մի բերել այդ հոդվածները, որպեսզի ընթերցողը նաեւ դրանցով թափանցի ձեր աշխարհը: Ձեր գեղագիտությունը ձեր պոեզիայով հնարավոր է չընկալեն, բայց այդ հոդվածներով հաղորդակից կլինեն: Լավ կլիներ, որ Համո Սահյանի գրաքննադատական ժառանգությունն ի մի բերվեր մի գրքում, ունենար անհրաժեշտ ծանոթագրություններ ու մեկնաբանություններ, որովհետեւ այդ հատորը, ի վերջո, իր տեղը պետք է ունենա նրա երկերի գիտական հրատարակության մեջ: Այս հոդվածների մեջ են նրա գրական նախասիրություններն ու գրական գնահատումները: Այդ հոդվածների եւ հարցազրույցների մեջ շատ ցայտուն երեւում են նրա գեղագիտական հայտանիշերը:

Բազմաթիվ հոդվածներում նա միշտ նույնն էր գրում` ինձ համար առեղծված է Հովհաննես Թումանյանը: Չկա մի բանաստեղծ, ում ավելի շատ սիրեմ, քան Հովհաննես Թումանյանին. այնքա~ն բան գիտեմ նրա մասին, բայց ամեն անգամ վերընթերցելիս զարմանում ու հիանում եմ: Ամեն անգամ նա իմ առջեւ նորովի է բացվում... Այդ ներքին սերը, պատահական չէր, գալիս էր կյանքի ու լեզվի, հայ մարդու ու նրա պատմական հոգեբանության ներքին զգացողությունից, ինչն էլ նրան տարավ, հասցրեց ու կրտսեր եղբոր իրավունքով կանգնեցրեց Հովհաննես Թումանյանի կողքին:

Մեծ գրողից անգամ երբեմն քիչ բանաստեղծություններ են մնում, հիշում ես մի քանի գործ, մյուսները թուլանում-մշուշվում են: Համո Սահյանի գրքերը լեցուն են լավ բանաստեղծություններով: Իմ ամբողջ օրն անցնում է թղթի առաջ` գիրք գրել, հոդված գրել, ամսագիր խմբագրել, վերստին խմբագրել ու սրբագրել, ինքնագիր ու շարվածք համեմատել եւ այլն: Հոգնած, բեզարած գնում եմ տուն: Բայց երբեմն անքնության պահերին, երբ ուզում եմ որեւէ լավ բանով ինձ պարգեւատրել-վարձատրել, մեքենայորեն ձեռքս գնում է դեպի Համո Սահյանի հատորները: Վերցնում եմ գիրքը, մի քանի բանաստեղծություն եմ կարդում, եւ հուզմունքի խոր մի ալիք համակում-պարուրում է ինձ: Աչքերս լցվում են. մաքուր պոեզիայի ալիքը հոգուց գալիս եւ թարթիչների արանքում տաքացած արցունքի կաթիլ է դառնում: Հոգու բանաստեղծ է Համո Սահյանը, եւ մերձավորի կերպարանք առած նենգավորի դարանակալ վտանգներով լեցուն այս չար ու չոր աշխարհում հոգու ձայնին, վստահելի մեկին կարոտում ես:

– Կարելի՞ է Սահյանին պանթեիստ բանաստեղծ համարել:

– Համո Սահյանի պոեզիայի հետ կապված` պանթեիզմ բառը մշտապես հոլովվել է: Բայց քանի որ այդ եզրույթով իմաստավորվող հասկացությունը խորհրդային կարգերի ժամանակ շատ չէր խրախուսվում, ուստի շրջանցվում էր: Պանթեիզմը նաեւ Մեծարենցի առումով է հոլովվում: Համո Սահյանն ապրում էր խորհրդային հասարակարգում, իսկ այն ժամանակ այդ եզրույթը մեկնաբանվում էր այսպես. «Պանթեիզմ – կրոնափիլիսոփայական աշխարհայացք, որ բնությունը նույնացնում է Աստծու հետ եւ բնությունը դիտում որպես Աստծու մարմնացում, համաստվածություն»: Այս կրոն արմատը, որ կա, խորհրդային ժամանակներում արդեն իսկ դատապարտելի էր դարձնում պանթեիզմի առկայության շեշտադրումները, առավել եւս վերլուծությունների մեջ կիրառելու փորձը, եւ դա այն դեպքում, երբ Աստծու գաղափարը դեռեւս կրոն չէ: Կրոնն այլ բան է, Աստված` այլ: Կրոնն ուսմունք է, Աստված` պաշտամունք: Աստված մեկն է ու միակը, կրոնները` շատ, տարբեր ու բազմաճյուղ: Սահյանը բնությունը դիտում էր որպես աստվածություն: Բանաստեղծություններից մեկում ասում է` «Աստվածս ցորենին ասեմ»: «Բնություն» բանաստեղծության մեջ մայր բնությանն է դիմում որպես աստվածություն եւ աղոթք-աղերսանքով խնդրում.

Ես ծունկի եմ գալիս,
Խոնարհվում եմ ահա,
Ասա՛, ինչ որ կուզես...
Օգնիր տառապյալիս,
Ողորմություն արա,
Եթե Աստված ունես:

 

Օգնիր ինձ` իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
Ու խառնվեմ քեզ հետ:
Օգնի՛ր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդառնամ աղետ:

 

 

Օգնի՛ր, որ արգելեմ
Արհավիրքները նոր:
Օգնի՛ր, որ ես ջանամ...
Օգնիր` իրար բերեմ
Բեւեռներս բոլոր,
Օգնիր` ամբողջանամ:

Հարցի կապակցությամբ մտաբերենք Մահարուն. «Համո Սահյանը պանթեիստ է այս բառի ամբողջ կենսահաստատ իմաստով: Նրա գրչի տակ շունչ են առնում բնության երեւույթները, դառնում են անգամ բնավորություններ եւ կերպարներ»:

Այսպես տարբեր բանաստեղծություններում բնությունը դիտվում է որպես Աստծու մարմնացում, Աստծու արարչագործ աշխարհի արտահայտություն, ներկայություն: Այստեղ կրոնական ըմբռնում չկա: Հատկապես Համո Սահյանի պոեզիայի պանթեիստական մեկնաբանությունը չի տանում դեպի կրոն: Սա չեմ նշում որպես լավ կամ վատ բան: Իրողությո՛ւնն եմ ուզում բացատրել:

Այո՛, Համո Սահյանի համար բնությունն ամեն ինչ էր, եւ բնությամբ էր չափվում, որոշվում մարդու ներկայանալիության արժեկշիռը: Բնությամբ ապրող, բնությամբ շնչող, բնության տարերքից ծնված բանաստեղծությունների մեջ մարմնավորված է հենց աշխարհաստեղծման գաղափարը, եւ բնությունը` որպես աշխարհաստեղծման արտահայտություն: Իսկ սա էլ ինքնին Աստծու շունչն է բերում: Ես այսպես եմ դիտել, այսպես եմ դիտում եւ այսպես էլ այդ մեկնաբանություններն արել եմ իմ մենագրության մեջ:

Շարունակեմ. Ժառանգորդական հիշողությունը փոխանցվում է սաղմնաբանորեն: Համո Սահյանն այդ ժառագաբանական հիշողության կրողն էր ճիշտ այնպես, ինչպես բնությունը, ինչպես քարն ու քարափը, ինչպես անձրեւն ու քամին, ծառն ու ծաղիկը, ցերեկն ու գիշերը: Դրան էլ ավելանում է քաղաքակրթության նստվածքը` այս դեպքում մտավոր հիշողությունը գրականության եւ արվեստի մյուս տեսակների` հիմնականում ժողովրդական երաժշտության ու բնանկարչության ազգային ու համաշխարհային փորձով: Համո Սահյանը հասավ արվեստի բարձրագույն աստիճանի, որովհետեւ սկզբից եւեթ գտավ ժառանգաբանական հիշողության եւ մտավոր հիշողության արտակարգ նուրբ ու ներդաշնակ համաձուլվածքը: Այստեղ ե՛ւ տեսանելի առարկայականն է, ե՛ւ աներեւույթ վերացականը: Մտավոր բարդ փոխակերպումներն ունեն արտակարգ զգացմունքային խորություն, ապրումների անապակ հուզականություն, որոնք ձեռք են բերում գեղարվեստական ներգործության այնպիսի ուժ, ինչը տանում է դեպի մարդու ներքին մաքրագործում: Սա Արիստոտելի ասած կատարսիսն է` հոգեմաքրումը: Համո Սահյանն ստեղծեց իր խոսքի հաշիշը, ինչի շուրջ հավաքվեց ու համախմբվեց նրա ընթերցողը եւ հավատարիմ մնաց նրան:

– Իսկ երբվանի՞ց եք սկսել զբաղվել Սահյանի պոեզիայի քննությամբ ու մեկնաբանությամբ:

– Գիտե՞ք, ես մի գաղափար ունեմ, որ տարբեր առիթներով արծարծել եմ: 20-րդ դարի հայ գրականությունը, եթե թռիչքի մեջ պատկերացնենք` թռչունի կամ ինքնաթիռի տեսքով, երկու թեւ ունի. մի թեւը պարզված է դեպի արեւմուտք, այսպես ձեւակերպենք` մտավոր բաց պատուհան դեպի Եվրոպա, մյուսը` դեպի հայոց բնաշխարհ: Միայն երկու թեւի հավասարազոր շարժումն է, որ մեր գրականությունը պահել է թռիչքի մեջ եւ առաջ է տարել: Օրինակները բազում են. Թումանյանի կողքին` Վահան Տերյան. առաջինը` բնաշխարհ, երկրորդը բաց պատուհան դեպի Եվրոպա: Եղիշե Չարենցի կողքին Ակսել Բակունցն էր. Չարենցի կողմնորոշումը դեպի համաշխարհ, Բակունցինը` Մթնաձոր: Խնդրեմ, իրար կողք դրեք Կոստան Զարյան եւ Հակոբ Օշական, Շահան Շահնուր եւ Համաստեղ անունները: Նաեւ Հակոբ Մնձուրի ու Հակոբ Կարապենց. առաջին դեպքում բնաշխարհն ու նրա մարդիկ են, երկրորդ դեպքում` Հակոբ Կարապենցի «Կարթագենի դուստրը» վեպն է, որի գործողությունները ծավալվում են Նյու Յորքում` վիթխարի քաղաքի թոհուբոհի մեջ: Պարույր Սեւակի արեւմտյան շունչը, նորարարական մտածողությունը եւ Համո Սահյանի բնաշխարհը: Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններում Ահնիձորն է, իսկ նրա ժամանակակից քաղաքագիրներ Վ. Պետրոսյանի, Պ. Զեյթունցյանի, Ն. Ադալյանի, Կ. Սիմոնյանի, Գ. Արշակյանի գրքերում` մայրաքաղաքը: Վերջիններից ոչ մեկն արժանի չէ Հրանտի անվան կողքին դրվելու: Հրանտի դեմ մի ամբողջ բանակ էր բանավիճում, բայց այդ բանակը մի կարգին գրական զինվոր չտվեց: Մանր են, փոքր, շատ են, բայց քիչ: Իսկ ինքը միայնակ հաղթեց բոլորին, որովհետեւ հանճարի լույսն իրեն էր տրված: Այսպես զուգահեռ գծերի վրա կարելի է տեսնել նաեւ Մուշեղ Գալշոյանի եւ Աղասի Այվազյանի արձակը:

Այս երկու թեւերը թռիչքի մեջ պահեցին հայ գրականությունը: Բնաշխարհիկ կողմնորոշման ներկայացուցիչները խորացան դեպի երկրի ներսը, դեպի ձորերի մեջ կորած գյուղերը, որտեղ հայ մարդու նախնական նիստուկացն է, հոգեբանությունն ու միջավայրը եւ գործուն պահեցին ժառանգորդական հիշողությունն ու կենսանորոգ ավանդույթը, որ կյանքի շարունակականության նախադրյալն է: Դեպի համաշխարհ ուղղված հայացքը փորձեց ազգայնացնել գրականության զարգացման արեւմտյան փորձը, ինչով եւ պայմանավորված է ժամանակի հետ համաքայլ ընթանալու նրա նորարարական դիրքորոշումը:

Հիմա, Համո Սահյանի տեղն ու դերն այդ համակարգի մեջ շատ բացառիկ է: Ընդ որում` թե՛ բնաշխարհամետ, թե՛ արեւմտամետ գրողները խորքում նույն հիմնահարցն են արծարծում, նույն ժամանակն է եւ նույն ժամանակի տարբեր հերոսներն են` բնաշխարհ (գյուղ) – քաղաք, բայց երկուսին բնութագրականը նույն գոհությունն է ու նույն դժգոհությունը, տարբեր է միայն արտահայտման կերպը, այսինքն` միջուկը նույնն է, կեղեւն է տարբեր: Նորից հանգում ենք ինչ-ի եւ ինչպես-ի կամ ձեւի եւ բովանդակության խնդրին. մինչդեռ ինչ-ը ոչ թե երկարժեք հասկացություն է (առանձին ձեւ եւ առանձին բովանդակություն), այլ միարժեք (ձեւը բովանդակություն է, բովանդակությունն ինքնին ձեւ է), ասելիքը գեղագիտություն է, գեղագիտությունն ինքնին ասելիք է: Շատ չխորանալու համար ասեմ, որ սա առանձին եւ լուրջ խոսակցության նյութ է, որ գրականագիտությունից անցնում է դեպի փիլիսոփայություն:

Իսկ ինչ վերաբերում է Համո Սահյանի հանդեպ իմ գրականագիտական հետաքրքրություններին, ապա այդ կապակցությամբ ասեմ` Եղիշե Չարենցի արժեքային համակարգը, դեպի նա եկող եւ նրանից արտածվող ազգային մշակութաբանությունը հետազոտողին` այս դեպքում ինձ, հնարավորություն է տվել խորությամբ ուսումնասիրելու ոչ միայն Չարենցի մերձակա հեղինակներին (Բակունց, Մահարի, Արմեն, Ն. Զարյան եւ ուրիշներ), ոչ միայն Չարենցի ուսուցիչներին (միջնադարյան դպրության պետերից մինչեւ Մխիթարյաններ, Աբովյան, Րաֆֆի, Թումանյան ու Տերյան), այլեւ Չարենցի հետնորդներին` Շիրազ, Սահյան, Սեւակ եւ ուրիշներ: Բանաստեղծական այս անունները թանկ են ինձ համար, որոնց նվիրել եմ բազմաթիվ ուսումնասիրություններ ու գրքեր: Իմ գիտաշխարհում սա մեկ ամբողջ միասնական համակարգ է:

Նաեւ ներկայացնեմ իմ սկզբնական առնչությունները Համո Սահյանի ժառանգությանը: 1964-ին Համո Սահյանի 50-ամյակն էր: Երեւանի Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցում, որտեղ սովորում էի ես, հանդիպում էր նախատեսվում բանաստեղծի հետ: Ինձ հանձնարարել էին խոսք գրել Համո Սահյանի մասին: Գրեցի, իմ փոխարեն ուրիշը կարդաց. պատճառաբանեցին, թե ձայնս արտիստական չէ: Ինչեւէ, տարիներ անց Համո Սահյանին հիշեցրել եմ այդ հանդիպման մասին: Մտաբերեց միայն մի դրվագով. ինքը դահլիճում ծխում էր, իսկ խիստ մանկավարժի համբավ ունեցող տնօրենը ստեպ-ստեպ թարս-թարս նայում էր նրա այդ «հակամանկավարժական» արարքին` մոռանալով, որ իր դիմաց ոչ թե ինչ-որ աշակերտի ծնող է, այլ բանաստեղծ:

Իմ գրական հետաքրքրությունները Համո Սահյանի ժառանգության հանդեպ տարիների հետ ուժգնացան` հիմնականում գիտական աշխատանքի բերումով: Համո Սահյանը լիարժեք ներկայություն ունի իմ աշխատակցությամբ եւ խմբագրությամբ լույս տեսած «Հայ սովետական պոեզիայի պատմություն»(1986), իմ «Պոեզիան եւ կյանքի ճշմարտությունը»(1990)գրքերում, «Հայ գրականություն» վերնագրված իմ չորս ժողովածուներում(2000-2010), հիմնական եւ ավագ դպրոցի իմ հեղինակած դասագրքերում, ուսուցչի ձեռնարկներում, մամուլում, բուկլետներում, հեռուստաելույթներում, դասախոսություններում, տարատեսակ գրական զրույցների ժամանակ: 2003 թ. այս ամենն ամբողջացավ «Համո Սահյան: Կյանքը եւ ստեղծագործությունը» մենագրության մեջ: Ես դա համարում եմ իմ լավագույն գրքերից մեկը, որի մեջ ե՛ւ կյանքն է, ե՛ւ սերը, ե՛ւ ամեն-ամեն ինչ: Երբ գիրքը լույս տեսավ, Համո Սահյանն արդեն չկար: Բայց նրա կենդանության օրոք իմ հոդվածներն են լույս տեսել եւ արժանացել նրա դրվատական վերաբերմունքին: Իսկ դա գրականագետին նաեւ թեւ է տալիս, մանավանդ եթե երիտասարդ ես, եւ ասողը Համո Սահյանն է:

Համո Սահյանի պոեզիան թեեւ գրականագետներին բացվելու մեծ տեղ է տալիս, բայց ամենեւին հեշտ չի բացվում: Նրա պոեզիայով կարելի է դատել արվեստի բուն հայկականության մասին: Համո Սահյանը հայկականն իր պոեզիայով ներկայացնող ու բացահայտող հեղինակ է: Տեղային ու բնաշխարհիկ ընկալումների, հայ մարդու հոգեկերտվածքի այնքան կարեւոր նրբություններ է նա բերում, որ հայկականությունը կարծես դառնում է նրա պոեզիայի հատկանիշ-հայտանիշ-դիմանկարը: Հայ մարդու տարատեսակ կերպարների պատմական նստվածքները տեսնում ես նրա գրի մեջ: Ուսումնասիրելու դեռեւս շատ բան կա: Այս տեսակետից ձեր ասած սահյանագիտությունը դեռեւս առջեւում է:

– Տաղաչափական ու ժանրային ի՞նչ նորություններ է բերում բանաստեղծը:

– Որքան արտաքուստ պարզ է թվում Համո Սահյանի խոսքի բովանդակությունը, որքան պարզ է թվում բնությունն իր ամեն ինչով, նույնքան թվացյալ պարզ է նաեւ Սահյանի գրի արվեստը: Ասել, թե Սահյանը մի առանձին ցայտուն նորություն բերեց այս ասպարեզում, այդպես չէ: Նրա բերած նորությունները բնության հավերժական ձեւերի նույնականությունը բառարվեստով արտահայտելու վարպետության մեջ է: Սահյանը պահպանեց չափածո խոսքի նախնական հատկանիշը, ինչի հիմքում ներդաշնակ երգն է` համաչափ պարզ ոտքերի, բարդ ոտքերի, հնչուն հանգերի, տողերի ու կիսատողերի, հատկապես կրկնաբառերի, կրկնաբերումների ու կրկներգերի կշռույթավոր նույնալիք ընթացքով: Սահյանը բացահայտեց բառերի մեղեդին, խոսքը վերածեց ներգործուն երաժշտության: Այս համակարգում արվեստի առանձին տարրերից կառանձնացնեմ կրկնաբերումների առատությունը: Նա ոչ միայն բառերն է կրկնում, այլեւ տողեր, երբեմն տներ եւ նուրբ սահանցումներով, թեթեւ փոփոխություններով ու պարզ ձեւերով հասնում է բանաստեղծական բարձր արվեստի: Այդ կրկնաբերումն արվեստի մեջ ստեղծում է յուրահատուկ` օրհներգային-արարողակարգային ծիսականություն, ինչպես հին հեթանոսական ժամանակներում հին աստվածներին մեծարում էին նրանց փառքը տարփողող օրհներգի կամ աղոթքի առանձին հատվածների կրկնաբերությամբ: Ահա հնից, հին աստվածներից ու նրանց երկրպագող քուրմերից եկող եւ ասես քարի արյան միջով իրեն անցած ծիսական մի արարողություն կա նրա բանաստեղծությունների մեջ: Այստեղից` նրա խոսքի կատարյալ երաժշտականությունը, երգայնությունը: Խոսքը` որպես երգ: Առաջին տողի, առաջին տան երաժշտական կշռույթը Սահյանի համար որոշիչ է:

Ահա այս համակարգի մեջ Համո Սահյանի բառն ու պատկերը ստանում են բազմաչափ լուծում` բովանդակություն, նկարչականություն, երաժշտականություն, տարածականություն, անգամ` համ ու հոտ, լույս ու ստվեր, չափ ու ձեւ:

Մեկ այլ առանձնահատկություն` նկատե՞լ եք, հակառակ Գեւորգ Էմինի եւ շատերի, որոնց բանատողերը լեցուն են շեշտերով, բացականչություններով ու հարցականներով, Համո Սահյանը գրեթե չի օգտագործում խոսքի ներգործության թափն ուժգնացնող այդ նշանները. ինչո՞ւ, որովհետեւ դրանք արտաքին ներգործոթյան միջոցներ են, մինչդեռ իրենը ներքին լուռ ներգործությունն է, այսինքն` այդ նշանների ուժը ապրումի հոգեբանական տեւականության մեջ է:

– Այնուամենայնիվ, տաղաչափական ի՞նչ նորություն է բերում Համո Սահյանը: Հարցն ինքնանպատակ չէ, քանզի ձեր առաջին գրականագիտական պրպտումը նվիրված է 20-րդ դարի հայ պոեզիայի տաղաչափության հարցերին:

– Արտաքուստ տաղաչափական նորություն նա չի բերել: Նրա կիրառած բանաստեղծական ձեւերը կանոնիկ, երգային ձեւեր են: Բայց տաղաչափությունը միայն արտաքին ձեւն ու չափը չէ: Տաղաչափության առաջին կարեւոր նախապայմանը կշռույթի (ռիթմի) յուրահատկությունն է: Իսկ Համո Սահյանը նշածս կրկնաբերումների միջոցով հասնում է կշռույթի արտակարգ շարունակականության, ամողջականության եւ ներգործման: Հապա վերստին ընթերցեք նրա «Ձյուն է գալիս» բանաստեղծությունը եւ ուշադրություն դարձրեք կրկնաբերվող այս տողերին.

Ձյունի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս...

Մեղքի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս...

Ձայնի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս...
Շատ նուրբ, նրբերանգային անցումներ կան այստեղ:

Համո Սահյանը վարպետ է հանգաբանության մեջ: Գուրգեն Մահարուն նամակ է գրել եւ վերջում ստորագրել` Համո Հանգաբազով:

Տաղաչափական յուրահատկություններից Սահյանի պոեզիայում շատ սահուն է արտահայտված նաեւ կիսատողը: Ամբողջական տողն, ի՛ր հերթին, արթուն է նաեւ կիսատողը, որ շատ ինքնուրույն ձեւով է մտնում տողի շարույթի մեջ: Սա եւս նույն կշռույթի, նույն կրկնաբերման, խոսքի ներքին շարժման կարեւոր բաղադրիչներից մեկն է:

Հարցրեցիք նաեւ ժանրային նորության մասին: Ժանրը գրական տեսակն է: Սահյանն այս հարցում որքան ավանդապահ, նույնքան նորարար է: Ավանդապահ, որովհետեւ նրանը բանաստեղծության ավանդական երգային ձեւն է, նորարար, որովհետեւ որոշ բանաստեղծություններ վերնագրել է վեպ, վիպակ, հոդված:

Սահյանին մի օր հարցրեցի` ինչպե՞ս է կառուցում գիրքը: Ասաց, որ շատ որոշակի դասդասումներ չի անում. հիմնականում պահպանում է բանաստեղծությունների գրության հաջորդականությունը, որովհետեւ այդտեղ է ներքին կապը: Պարզ է, ըստ տեսակի (ժանրի) կառուցելու մասին խոսք լինել չէր կարող, որովհետեւ պոեմներ չի գրել, որպեսզի առանձնացներ: Որոշ դեպքերում կատարել է թեմատիկ խմբավորումներ, որոշ դեպքերում ժանրային` առանձնացնելով հայրենները: Առանձին պետք է դիտել եւ մի կողմ թողնել նրա կուսակցական-հոկտեմբերյան խմբավորում ունեցող բանաստեղծությունները, իսկ մյուսներն ըստ էության խառն են. իրար են հաջորդում բնապատկերը, սիրերգը, հայրենասիրական քնարերգությունը, ամեն բան, ինչ որ կա... Նրա տարաբնույթ բանաստեղծությունների մեջ միասնական մի շունչ է տրոփում: Ստեղծողի շունչն է:

– Սահյանը նաեւ հայրեններ գրեց, դա միջնադարում տարածված այդ ժանրի վերածնման փո՞րձ էր, թե՞...

– Համո Սահյանը գնաց, գնաց եւ հասավ միջնադարյան հայրեններին: Իր հայրենները մի քիչ այլ են: Ընդհանրապես միջնադարյան հայրենները` բուն հայրենները, չորս տողանի երկար, լայն տողերով հորինվածքներ են: Այն, որ դարձնում են յոթ, ութ վանկանի ութ տողանոց կառուցվածք, այնքան էլ ճիշտ չէ թե՛ իմաստային առումով (խաթարվում է տողի իմաստային ամփոփվածությունը), թե՛ ձեւական (խախտվում է հանգազույգերի կապը): Նույն շարքում քիչ այլ են անտունիներն ու խաղիկները: Սահյանի հայրեններում ժողովրդական խաղիկների, անտունիների, հայրենների նորոգված ավանդույթն է: Համո Սահյանն ապացուցեց հայրենների` ձեւով արտաքուստ ավանդական, բայց ներքուստ նորոգված լինելու հնարավորությունը: Այսինքն` գրական հնավանդ տեսակը կենդանի է:

– Ինչպե՞ս էր գրում Համո Սահյանը:

– Տարբեր հանդիպումների ժամանակ հարցնում էի` սեւագրություններ, ձեռագրեր եւ այլ ինքնագրեր պահպանո՞ւմ եք: Պատասխանում էր. «Սեւագրություններ չեմ պահում: Գրում եմ մտքում, երբ ձեւավորվում է առաջին տողն ու դառնում տուն, որ Աստված է տալիս, երբ մտքում դժվարությամբ ստեղծվում են նաեւ մյուս տները, նոր միայն դրանք հանձնում եմ թղթին: Իսկ ձեռագիրը չեմ պահում»: Մինչդեռ գրողի սեւագրությունը մի վիթխարի աշխարհ է` ինչից ինչ ստեղծվեց, տողերն ինչպիսի խմբագրումներ ունեցան: Բայց ահա ստեղծագործական աշխատանքի հետագիծը Համո Սահյանը չի պահպանել:

Ես այն կարծիքի եմ, որ գրողի ամենամեծ հուշարձանը միշտ էլ նրա երկերի ամբողջական հրատարակությունն է: Պիտի կարողանանք Համո Սահյանի երկերի ամբողջական տպագրությունն իրականացնել արժանի ձեւով, ոչ թե սիրողական սխալաշատ հավակնություններով, այլ գիտականորեն: Չմոռանանք` բանասիրությունը, գրականագիտությունն ավելի լուրջ գիտություններ են, քան ոմանք պատկերացնում են: Երկրորդ` նրա երկերի լիակատար ժողովածուի մեջ պիտի մտնեն նաեւ հոդվածները, հարցազրույցները եւ, ի վերջո, նամակները: Համո Սահյանը պատկանում էր այն սերունդին, որին չէր էլեկտրահարել բջջային հեռախոսը: Նրա ապրած ժամանակ խոսքը հեռախոսով չէր սպառվում, մարդիկ նամակ էին գրում իրար: Այդ նամակները պիտի ժողովվեն եւ տպագրվեն: Այս ամենը պիտի լինի մեր հարգանքի տուրքը բանաստեղծի հիշատակին:

– Փոքր-ինչ էլ ներկայացրեք ձեր անձնական շփումները Համո Սահյան մարդու եւ բանաստեղծի հետ:

– Իմ բախտն այդ տեսակետից բերել է: Չի բերել միայն մի բանով. կուզեի, որ Պարույր Սեւակի հետ առնչված լինեի, հետը խոսք փոխանակած լինեի: Իհարկե, տեսել եմ. 1968-ին` ՀԳՄ-ում, երբ ուսանող էի եւ գնացել էի մասնակցելու Երեւանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված պոեզիայի ցերեկույթին, 1971-ին` գրականության ինստիտուտում, որտեղ արդեն աշխատում էի, նույն 1971-ին, ողբերգությունից մի քանի օր առաջ, ՀԳ համագումարի դահլիճում, բայց առկա գրական առնչություն չի եղել: Բախտս բերել է, որ ծանոթ ու մտերիմ եմ եղել Շիրազի, Սահյանի եւ այդ սերնդի մյուս բանաստեղծների ու արձակագիրների հետ: Շատ եմ եղել Համո Սահյանի շրջանակում: Ինչ խոսում էր` իմաստություն էր. երնեկ մարդ խելք ունենար, նրա կողքին լինելիս, ինչպես Էքերմանը Գյոթեի կողքին, գրառեր նրա ասածները: Ընդ որում` տեղնուտեղը պիտի գրառեր, որովհետեւ հետո արդեն իր միջամտությունը կլիներ, իսկ վերաշարադրանքի մեջ խոսքի համուհոտը չի պահպանվում: Պիտի հեղինակի ասածը գրառվի բառացի ճշգրտությամբ, անգամ` տառացի:

Իհարկե, որոշ բաներ արվել են: Լեւոն Մկրտչյանը մի գրքույկ տպագրեց` «Զրույցներ Համո Սահյանի հետ»: Համո Սահյանն էլ մի առիթով կատակեց` ես խոսեցի, Լեւոնը լսեց, գրեց ու հոնորար ստացավ: Հարություն Հովնաթանն էլ է հուշեր գրառել: Երնեկ ավելի շատ արած լինեինք ու սերունդների համար պահպանած լինեինք նաեւ «բանավոր» Համո Սահյանին:

1984-ին ինձ հրավիրեց Լոր` մասնակցելու ծննդյան 70-ամյակին: Մինչ այդ` օրեր առաջ նրա հոբելյանին անդրադարձել էի մամուլում: Սահյանին ողջունողներից մեկը` որպես իր հոդված, կարդաց «Հայրենիքի ձայն»-ում տպագրած իմ վերլուծականը: Հետո այդ ողջունողին հարցրեցի` այս ի՞նչ արեցիր: Պատասխանեց` շտապում էի, քո գրածը շատ էի հավանել, հետո չէի կարծում, թե այստեղ կլինես: Ես չլինեի, Համո Սահյանը եւ հոդվածի այլ ընթերցողներ ներկա կլինեին, չէ՞... Հետո էլ ինձ արդեն տեսել էիր, կարո՞ղ էիր, չէ՞, մեկ ուրիշ բան մտածել... Ուրեմն չէ ՛ր կարող...

Համո Սահյանն առաջարկեց միասին նկարվել. նկարվեցինք` ինքը ծաղիկը ձեռքին, ես` ծխախոտը: Շատ թանկ հիշատակ է...

Համո Սահյանը լռության անդունդներ ուներ. կարող էր ժամերով լռել: Բայց նրա ներկայությունը կենդանի ներկայություն էր: Եվ ահա, շրջապատում եթե լիներ որեւէ մեկը, ով իրեն դուրը չգար, սրտով չլիներ, երբեք դիտողություն չէր անի, բայց իր դիտողություն-դժգոհությունը կարտահայտեր քար լռությամբ: Իսկ այն միջավայրում, որն իրենն էր, եւ նա համակրում էր իրեն շրջապատողներին, պիտի միայն լռեիր ու լսեիր Համո Սահյանին: Այո՛, Համո Ոսկեբերանին:

Մեկ անգամ 1991 թվականի ապրիլին` մեր երկրի համար շա՜տ ծանր օրերին, Իգնատ Մամյանի հետ գնացինք Համո Սահյանի մոտ: «Բա ո՞նց կլինի մեր հալը»,– շարունակ կրկնում էր Իգնատը: Համո Սահյանը ծխում էր ու լռում, նա նույն ցավի մեջ էր: Սա արդեն ուրիշ լռություն էր, որ պետք էր կարդալ...

Համո Սահյանը նաեւ իմ մասին բարի խոսքեր է ասել իր հարցազրույցներում, դրանք տպագրվել են մամուլում եւ գրքերում, երկու պատառիկ արտացոլվել է նաեւ իմ «Համո Սահյան» մենագրության կազմի դարձերեսներին:

– 20 տարի է, ինչ բանաստեղծը մեզ հետ չէ: Ովքե՞ր են հուշեր գրել նրա մասին:

– Հուշագրության մի հավաքածու կազմվել է` «Մարդը, մտածողը, բանաստեղծը» վերնագրով: Այդտեղ բավականին նյութ կա ժողովված: Բայց կարծում եմ` Համո Սահյանն այն բանաստեղծն ու լայն շրջանակ ստեղծած մարդն է, որ շատ նրբերանգներ կան պահպանելու արժանի:

Հովհաննես Շիրազը միայնակ մարդ էր, աշխարհից նեղացած էր ու խռոված: Այնքա՜ն էին հալածել... բայց մեջը առյուծ էր ապրում, չէր խոսում, առյուծի պես մռնչում էր: Հովհաննես Շիրազը գրական եւ պաշտոնական հեղինակությունների հետ շարունակական բախման մեջ էր: Ի տարբերություն Շիրազի, Համո Սահյանը ժամանակի եւ իրականության հետ բաց բախումներ չունեցավ, հաշտ էր, ուներ իր համակիրների շրջանակը ե՛ւ գրողների մեջ, ե՛ւ տարատեսակ պաշտոնյաների: Բայց Համո Սահյանը եւս ներքուստ խորապես միայնակ մարդ էր, բախումն իր մեջ էր: Այդ մորմոքից ու ցավից էլ ծնվել է նրա ամբողջ պոեզիան:

Իսկ նրա մասին հիշողությունների գրքի հետ կապված` ավելացնեմ: Օրինակ, Համո Սահյանը Վահագն Դավթյանի հետ եղել է Ամերիկայում` ի՞նչ տեսավ, ինչպե՞ս տեսավ, ինչպե՞ս գնահատեց ամերիկյան իրականությունը, – այս մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Համո Սահյանն իր բնաշխարհում, համագյուղացիների միջավայրում, Համո Սահյանը Երեւանում, Համո Սահյանն իր տանը, իր հարազատների հետ, ինքն իր հետ կամ ինքն իր դիմաց, – այս ամենը պիտի արձանագրվի, պահպանվի:

Մեծ էր նա, բայց երբեք իրեն մեծի տեղ չդրեց, մեծի կեցվածք չընդունեց: Ասում էր` փառքի ետեւից պետք չէ վազել, ինքը կգա:

– Պարոն Գասպարյան, հարցերի լայն շրջանակ քննարկվեց: Համո Սահյանի բանաստեղծական աշխարհն անչափ ընդգրկուն է, հնարավոր չէ ամենն սպառել մի զրույցի ընթացքում: Այնուամենայնիվ, ի՞նչ կավելացնեիք ասվածին:

– Այդպե՛ս է: Համո Սահյանի մասին ինչքան էլ խոսենք, նյութը չենք սպառի: Նրա մասին պիտի խոսել գիրք առ գիրք, բանաստեղծություն առ բանաստեղծություն, տարիք առ տարիք` մանկությունը, երիտասարդությունը, հասունությունը կյանքում եւ պոեզիայում: Առանձնահատուկ պիտի շեշտեմ նրա դառնամուխ սիրային քնարերգությունը: Նրա պոեզիան ամբողջովին հայրեներգո

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25