Դեղերի դեֆիցիտը Հայաստանում գնալով սրվելու է․ Արթուր Խաչատրյան

17.07.2024 10:20
364

Հայաստանում մի շարք դեղեր, որոնք բժիշկները նշանակում են զանազան հիվանդությունների բուժման համար, վաճառքում չկան։ Առկա չեն նաև դրանց փոխարինողները։ Արդյունքում, շատերը հուսահատ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից կամ այլ երկրից եկող են փնտրում, որպեսզի խնդրեն օրհասական նշանակության դեղը իրենց հետ բերել։

Նման մարդկանցից մեկն էլ Լիլիթն է, որ իր խնդրի մասին ահազանգել է նաև «Անկախի» խմբագրությանը։ «Երեխայիս բուժման համար բժիշկը դեղ էր նշանակել։ Մեկ ամիս առաջ գնել էի, խնդիր չէր եղել։ Բուժումը շարունակելու համար ևս մեկ տուփի կարիք կար։ Դա արդեն խնդիր դարձավ, պարզվում է՝ Հայաստանում այդ դեղն այլևս չկա։ Մի քանի օր ողջ հանրապետությունում փնտրելուց հետո Արտաշատում եմ մի տուփ գտել, և կրկնակի արժեքով գնել։ Այժմ Ռուսաստանից եկող եմ փնտրում, որ խնդրեմ այնտեղից մի քանի տուփ բերեն, քանի որ դեղի կարիքն էլի ենք ունենալու»,- ասում է նա՝ հավելելով, որ դեղատներում առկա չեն նաև նշանակված դեղին փոխարինողները։

Հայաստանում դեղերի շարունակական դեֆիցիտի պատճառների և լուծման ուղիների պարզաբանման նպատակով «Անկախը» զրուցել է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, դեղատներում մի շարք դեղերի դեֆիցիտ է։ Ինչո՞վ է պայմանավորված դեղերի այս պարբերաբար կրկնվող դեֆիցիտը Հայաստանում։

-ՀՀ-ում դեղերի դեֆիցիտն այն պատճառով է, որ գրանցված դեղերի ծավալը տարիների ընթացքում գնալով նվազում է։ Որպեսզի դեղը ներկրվի և վաճառվի ՀՀ-ում, այն պետք է գրանցված լինի ՀՀ-ում գործող օրենսդրության սահմաններում։ Մեզ մոտ առկա է դեղերի շրջանառության հետ կապված ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ կանոնակարգերը։ Ընդ որում, ԵԱՏՄ կանոնակարգերը գերակա են մեր օրենքների նկատմամբ։

Հիմա՝ ՀՀ-ում այսօրվա դրությամբ գրանցված է 3300-ից ավել դեղորայք։ Բայց ներկրվում ու շրջանառվում է 1850 անվանում դեղորայք։ Այսինքն՝ մնացած 1500 անվանում դեղորայքն ինչ-ինչ պատճառներով չի ներկրվում։

ՀՀ-ում գործող օրենսդրությունը շատ խիստ է։ Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Բայց ՀՀ-ում դեղ գրանցելու գործընթացը շատ թանկ է, հատկապես երկու ամիս առաջ տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո։ Քանի որ մեր շուկան փոքր է, այդ թանկ գինը արտադրողին ձեռնտու չէ, նրանք շահագրգռված չեն իրենց դեղերը ՀՀ-ում գրանցել։ Բացի այդ, ԵԱՏՄ կանոնակարգով ԵԱՏՄ ռեեստրում գրանցված դեղերը կարող են կիրառվել անդամ բոլոր երկրներում։ Ուստի արտադրողը միանգամից գումարը ծախսում է ԵԱՏՄ 170 մլն-անոց շուկայի համար գրանցվելու, այլևս առանձին Հայաստան չի գալիս, մանավանդ գործող թանկ սակագներով։

Հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ շուկայի մասն ենք, 2021-ի աշնանից բոլոր երկրներում դեղի գրանցման գործընթացի կանոնակարգը նույնն է։ Եթե նույնն է, նույն լաբորատոր փորձաքննությունն է անցնում ու նույն ընթացակարգը, հարց է առաջանում, թե ինչու Հայաստանը չի ընդունում այդ գրանցումը։ Իրողությունն այն է, որ Հայաստանը դա չի ընդունում։ Մեր երկիրը պահանջում է, որ ԵԱՏՄ-ում գրանցելուց հետո Հայաստանում այն ճանաչման գործընթաց անցնի։ Իսկ ճանաչման գործընթացը գրեթե նույնն է, ավելին, ճանաչման գործընթացի արդյունքում գրանցման արժեքը նույնն է։

Մեկ ջեներիկ դեղորայքի գրանցման արժեքը 1,1 մլն է։ Եթե նախկինում դա շուրջ 2 հազար եվրո էր, հիմա փոխարժեքի տատանման հետևանքով 2600 եվրո է։ Բացի այդ, դեղից բացի պետք է գրանցվեն բոլոր դեղաչափերը և ձևերը։ Մեկ լայն կիրառում ունեցող դեղի ամբողջական գրանցման արժեքն եմ հաշվարկել, կազմել է 29 հազար եվրո։ Եվ այդ գրանցումը 5 տարով է։ Արտադրողի մոտ հարց է՝ 5 տարում կկարողանա՞ այդ արդյունքը ստանալ, դրա համար էլ խուսափում են մեր շուկայից։

Արդյունքում, 2019-ից մինչև 2024-ը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Գրանցման ժամկետը լրանում է, արտադրողն էլ չի վերագրանցում, հեռանում է մեր շուկայից։ Դրա համար էլ դեֆիցիտը գնալով աճում է։ Հիվանդությունների քանակը չի նվազում չէ, հակառակը, աճում է, բայց մեր երկրում գրանցված դեղերի քանակը նվազում է։ Աբսուրդ է, քանի որ պետությունն ի դեմս Առողջապահության նախարարության պարտավոր են ապահովել դեղերի հասանելիությունը քաղաքացիների համար։

-Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանում դեղ գրանցելն ավելի թանկ է, քան օրինակ, հարևան Վրաստանում։

-Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված։ Մի քանի օր առաջ եմ նամակ գրել ԱՆ և խնդրել պարզաբանել, թե ինչպես են որոշել, որ ջեներիկ դեղի գրանցումը ՀՀ-ում արժի 1,1 մլն, ինչպես են ստացել այդ թիվը։ Նույնանման դեղը Վրաստանի Հանրապետությունում գրեթե 3 անգամ մատչելի են գրանցում։ Այնտեղ, եթե դեղը գրանցված է ԵՄ անդամ երկրում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, այն այլևս փորձաքննություն չի անցնում, միանգամից ճանաչվում է։ Այսօր Վրաստանում պաշտոնապես գրանցված է 8500 անվանում դեղ, զուգահեռ թույլտվությամբ ևս 3000 անվանում դեղ, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 3300 անվանում, և ներմուծվում է 1800-ը։ ՀՀ քաղաքացիների մեծ տոկոսը գնումներ է կատարում Վրաստանի շուկայից։

ՀՀ շուկայում դեղերի շրջանառությունը վերջին 4-5 տարիներին 130-140 մլն դոլար է, Վրաստանում դա 3-4 անգամ շատ է, հասնում է մինչև 500 մլն դոլարի, չնայած Վրաստանի բնակչությունը Հայաստանից 26 տոկոսով է ավել։ Այնպես չէ, որ վրացիներն ավելի շատ են դեղ օգտագործում։ Այդ շրջանառության մի մասը ՀՀ քաղաքացիներն են ապահովում։ Պատահական չէ, որ Վրաստանի սահմանը հատելուց հետո կողք-կողքի շատ դեղատներ կան։ Դրանք այդ հարակից գյուղի մի քանի հարյուր բնակիչների համար չեն, այլ ՀՀ քաղաքացիների, որ գնումներ կատարեն։ Ընդ որում, այնտեղ դեղերը ՀՀ համեմատ 30-40 տոկոսով ավելի մատչելի են։

- Ստացվում է, որ ՀՀ պետական քաղաքականությունը խոչընդոտում է դեղերի հասանելիությունը քաղաքացիներին ու պատճառ դառնում, որ ՀՀ քաղաքացիներն այլ երկրներից իրենց անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերեն և արդյունքում տեղի ունենա նաև դրամական միջոցների արտահոսք երկրից։

-Միանշանակ։ Փաստը հենց դա է ցույց տալիս։ Խնդիրը գնալով սրվում է։ Բայց պետական մարմինները կիրառում են բացառապես վարչարարություն։ Ուզում են տուգանքներով այդ դաշտը կարգավորել։ Բայց չի կարգավորվելու, մինչև դեղերի հասանելիությունը քաղաքացիներին չապահովվի։

-Իսկ քաղաքացին այս ամենի արդյունքում արդյոք չի՞ տուժում։

- Իհարկե, տուժում է։ Երբ այդ հարցը ԱՆ-ում բարձրացնում ենք, ասում են, որ օրենսդրորեն քաղաքացին կարող է այլ երկրից իր համար դեղ գնել կամ պատվիրել, որ փոստով գա։ Բայց հարցն այն է, որ դեղն այդ պահին է պետք, օրեր են պետք այլ երկրից բերելու համար։ Բացի այդ, դեղերը պահպանման հատուկ պայմաններ ունեն, առաքումը օրեր է տևում, արդյոք օրինակ այս 40-50 աստիճանի պայմաններում դեղը չի կորցնում իր որակական ցուցանիշները։ Վստահաբար ասում եմ, որ պետական քաղաքականության սխալի հետևանքով այս խնդիրն ավելի է սրվելու։

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է վարվող պետական քաղաքականության նպատակը։

-Իրենք ուզում են, որ լավ լինի, բայց միշտ հակառակն է ստացվում։ Վրաստանում մի քանի տարի առաջ այդ խնդիր կար, դեղերի դեֆիցիտ էր, Վրաստանից գալիս Հայաստանից էին դեղ տանում։ Փոխեցին օրենսդրությունը, ազատականացրին։ Դա չի նշանակում, որ ասում ես ինչ ուզում եք, բերեք։ Ոչ։

-Ձեր կարծիքով ի՞նչ գործողություններ են պետք, որպեսզի դեղերի դեֆիցիտի այս խնդիրը ՀՀ-ում կարգավորվի։

- Առաջինը և ամենահեշտը՝ ԵԱՏՄ-ում գրանցված դեղերը, որոնք նույն օրենքի շրջանակում և նույն կանոնակարգով փորձաքննվել ու գրանցվել են, թույլ տան, որ մեր երկրում շրջանառվի։ Երկրորդ, եթե մենք ընդունում ենք, որ եվրոպական, ամերիկյան, ճապոնական, կանադական դեղերը, այսինքն՝ բարձր ստանդարտներ ունեցող երկրներում արտադրվող և իրենց մոտ կիրառվող դեղերը որակով են, պետք է մեխանիզմ ունենանք, որ պարզեցված ընթացակարգով հավաստագրի ճանաչում տանք։ Մենք ունենք օրենքով սահմանված դեղերի գրանցման պարզեցված ընթացակարգ, բայց այնտեղ այնպիսի նյուանսներ կան, որ գրանցողները հրաժարվում են։ Շատ արտադրողներ այս թանկացումներով պայմանավորված, որ օրենսդրական փոփոխությունների հետևանք է, իրենց արտադրանքը չեն վերագրանցելու, գործող գրանցումը ավարտվեց, հեռանալու են։

-Այսինքն առկա իրավիճակը դեռ մեղմ է, ժամանակի ընթացքում, եթե քայլեր չձեռնարկվեն, դեղերի դեֆիցիտն ավելի է սրվելու, այդպե՞ս է։

- Միանշանակ։ Դրա պատճառով մեզ մոտ սև շուկա է զարգանում։ Սկսելու են ձեռքի վրա, տելեգրամ ալիքներով ու էլեկտրոնային կայքերով դեղորայք վաճառել ու դրանց որակը որևէ մեկը չի երաշխավորելու։ Մենք շատ մեծ խնդրի առաջ ենք։ Շարունակ բարձրաձայնում ենք այդ մասին Առողջապահության նախարարությանը, բայց պատասխանում են, թե դեղերի դեֆիցիտ չկա։ Ո՞նց չկա, ցանկացած դեղատուն մտեք ու մի քանի րոպե կանգնեք։

- Այս խնդրի լուծման հարցում պետություն-մասնավոր բիզնես համագործակցություն կա՞ արդյոք։

-Չկա։ Այնպես է ստացվել, որ ՀՀ-ում դեղերի շրջանառությունը բացառապես մասնավոր սեկտորում է։ Թե արտադրողը, թե ներկրողը, թե վաճառողը մասնավոր սեկտորից են, և անգամ պետությունն իր կարիքների համար գնումները մասնավոր սեկտորից է կատարում։ Բայց իրենք համագործակցության եզր չունեն այդ նույն մասնավորի հետ։

Մեր այս ճգնաժամն ավելի շուտ կլիներ։ Քովիդով և պատերազմով պայմանավորված՝ 2020-2022թթ․ թույլատրվեց չգրանցված դեղերի շրջանառությունը ՀՀ-ում, հետո ներմուծողները չգրանցված դեղերի որոշակի պաշարներ կուտակեցին՝ ելնելով իրենց բիզնես շահից։ Արդյունքում, որոշակի ժամանակահատված այդ դեֆիցիտը լրացվեց։ Բայց չեն կարող չէ մի քանի տարվա պաշար կուտակել։ Այդ պաշարները սպառվում են։ Արդյունքում, այս տարի այդ դեֆիցիտն ամենօրյա կտրվածքով երևում է։ Եվ դա գնալով սրվելու է։

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03