Ձախողված վիճակագրություն եւ մթերման բացակայություն

22.12.2014 16:00
2482

Խորհրդային կարգերի փլուզումը շատերիս համար ակնհայտ դարձավ գյուղի խարխլմամբ: Սա ասում ենք ո՛չ ցավով, ո՛չ էլ նախկինի նկատմամբ կարոտախտով, ուղղակի արձանագրում ենք փաստը: Սկզբում անասնագլխաքանակը «ցրեցին», հետո անասնագոմերի լայնքն ու երկարությունը եղանով չափեցին եւ սկսեցին քանդ ու քարափ անել, վերջում էլ բանը հասավ գյուղտեխնիկայի «բաշխմանը». մի կովի գնով բեռնատարը վաճառեցին, երկուսի գնով` կոմբայնը, բուլդոզերն էլ փոխեցին երկու հորթի հետ... ու երբ եկավ դրանց օգտագործման ժամն ու պահը, ասացինք` էս ի՞նչ արեցինք:

Այո՛, մենք դժվարություններ ենք ստեղծում եւ սկսում դրանք հերոսաբար հաղթահարել: Բա էլ ինչո՞ւ են ասում «հայի վերջին խելքն իմը լիներ»: Այդպես էլ սկսեցինք երկրի վերականգնումը: Ուշադիր եղեք, տասնյակ, հարյուրավոր գործարանների ծխնելույզներից քսան տարուց ավելի ծուխ չի բարձրանում, չեն աշխատում, չեն էլ աշխատելու: Բայց այլ է վիճակը գյուղում: Ուղղակի կույր պետք է լինել դա չնկատելու համար:

Այստեղ արագորեն վերականգնվում է անասունների գլխաքանակը: Այլ բան է, որ խայտառակ վիճակում է հաշվառումը, որի մասին կասենք իր տեղում: Իսկ այժմ մի քանի թվեր: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը մարզի տարածքի թե՛ պետական, թե՛ մասնավոր  սեկտորում 1990թ. եղել է 75622, այսօր հասել է 60240-ի: Կովերի գլխաքանակը 29367-ից հասել է 28072-ի: Կապված բուսաբուծության դանդաղ զարգացման հետ դանդաղ է վերականգնվում նաեւ խոզերի գլխաքանակը` 1990թ. 18833-ի փոխարեն այսօր մարզում պահվում է 11471 գլուխ խոզ:
Մի քիչ տարօրինակ, անհասկանալի թվաբանություն կա մանր եղջերավոր անասունների գլխաքանակի մեջ: Այստեղ միակ constant-ը այն է, որ 1990թ. մարզի տարածքի մասնավոր եւ պետական սեկտորում եղել է 146540 ոչխար:

Ասում ենք` անասնագլխաքանակի, մասնավորապես մանր եղջերավոր անասունների հաշվառումը կատարվում է «աչքաչափով», որովհետեւ մարզպետարանի համապատասխան ծառայությունից վերցրած թվերը եւ մեր հարցումների արդյունքներն առանձին համայնքներում ուղղակի չեն համապատասխանում իրար: Մարզպետարանից հայտնում են, որ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը 111036 է, իսկ մեր տվյալներով այն գերազանցում է 135 հազարը, կամ Տեղ համայնքում ոչխարի գլխաքանակը 21000 է, իսկ մեր տվյալներով` 30 հազարից ավելի: Խնձորեսկում, Խնածախում` 7 հազարական` ըստ մարզպետարանի, ըստ մեր տվյալների` 1500-2000-ով ավելի:

Այո՛, անասնագլխաքանակի հաշվառման գործում թերություններ շատ կան, բայց պետությանը դրանց հասցրած տնտեսական վնասը զգալիորեն քիչ է այն վնասից, որ պետությունը, ֆերմերը կրում են անասնապահական մթերքների անբավարար կամ մթերման իսպառ բացակայությունից:

Ընդհանուր առմամբ թյուր կարծիք կա, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները, կամ ինչպես կամաց-կամաց վարժվում ենք` ֆերմերները, պետությունից անհրաժեշտ աջակցություն չեն ստանում: Այդ աջակցությունը պետք է արտահայտվեր տարբեր ծառայություններ մատուցելու ճանապարհով, ձեւով:

Ֆերմերների հետ զրույցներից պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ: Եթե մի կողմ թողնենք անասնապահական առանձին արտադրատեսակների մթերման գործում եղած թերությունները, ապա մնացած ծառայություններից գյուղացին ընդհանուր առմամբ գոհ է: Մասնավորապես գյուղացին ստանում է բարձրորակ անասնաբուժական ծառայություն (թե՛ պետական պատվերով եւ թե՛ վճարովի), հիմնականում լուծված է կաթի մթերման պրոբլեմը, Արարատի մարզում կառուցվող մսամթերման արտադրամասի գործարկումով (2015թ.), հուսով ենք, իսպառ կլուծվի նաեւ թե՛ խոշոր եւ թե՛ մանր եղջերավոր անասունների մթերման հարցը: Բայց առայժմ յոլա ենք գնում ունեցածով: Ոչխարի մսի մթերումն էլ դժվարին խնդիր է գյուղացու համար: Այսօր շուկայում ոչխարի մսի գինը տատանվում է կգ-ը 800-850 դրամի սահմաններում (կենդանի քաշ): Մթերումներն իրականացվում են մի մասը Կապանում գործարկված արտադրամասում, որի արտադրանքն ամբողջովին արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այսպես ասած ֆերմերից` միջնորդների միջոցով, գնվածը (համեմատաբար ցածր գնով) ուղարկվում է Դուբայ:

Հոդվածի վրա աշխատելու ընթացքում փորձեցի հանդիպել մի քանի ֆերմերների հետ: Չհաջողվեց: Ցուրտ ձմեռը նրանց աշխատանքի ամենաթեժ պահն է: Ոչխարի ծինն ավարտվելու վրա է: Ավանդույթը պահպանվում է, աշնանային ծին էին ստանում: Բայց, այնուամենայնիվ, հաջողվեց թեկուզ հեռախոսով մի քանիսի հետ զրուցել:

Ընթերցողը լավ կհիշի, որ խորհրդային իշխանության փլուզումից հետո, այսպես ասած տեղատվության ընթացքում, ոչխարի գլխաքանակը կտրուկ կրճատվեց, թեւավոր խոսքով ասած` մատաղի գառ ճարելը դարձավ դժվարին մի բան: Սկզբում եզդիների, իսկ հետո նաեւ իրանցիների հետ ոչխարի առեւտուրը բերեց նրան, որ անասնապահության այս բնագավառը դարձավ շահավետ:
Հաճելի է տեսնել, որ սեւ ջիպերով կարողանում են շրջել նաեւ իրոք աշխատավոր մարդիկ:

Մի շատ հաճելի երեւույթի մասին եւս: Որպես աշխատանքի կազմակերպման դրական ձեւ ուզում ենք նշել, որ կայացած ֆերմերները (որոնց անասնագլխաքանակն անցնում է մի քանի հարյուրից) գարնանը վարձակալական հիմունքներով այն բարձրացնում են Սիսիանի վարչական տարածքի արոտները, իսկ ուշ աշնանն իջեցնում, ձմեռում ազատագրված տարածքների արոտներում: Տեղ գյուղացի ֆերմերների առաջ այսօր արածում է մոտ 30 հազար ոչխար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Տեղի համայնքի արոտների վիճակը, եթե հանկարծ ոչխարների հոտերը  թեկուզ մեկ շաբաթ կանգ առնեն այդ տարածքում:

Մեր կարծիքով պահն է խոսել այս բնագավառի ամենակարեւոր պրոբլեմի մասին: Ոչ, դա անասնագլխաքանակի հաշվառումը չէ:

Ոչխարաբուծության զարգացումն ի վերուստ կապված է եղել բրդի արտադրության հետ, որին տոն տվողը դարեր շարունակ եղել է անգլիական մանուֆակտուրան: Այսօր էլ այդպես է, նրա իրավահաջորդ Ավստրալիան այդ բնագավառի առաջնորդներից մեկն է: Այստեղ ոչխարի միսը վաղո՜ւց համարվում է ոչխարաբուծությունից ստացվող երկրորդական հումք: Անցած դարի 80-ական թվականներին  Ավստրալիան խորհրդային երկրին այն որպես օգնություն առաջարկում էր անվճար: Այսօր մեզ մոտ ճիշտ հակառակն է դարձել: Իմ լավ բարեկամ ֆերմեր Արզուման Օհանյանը (Քարաշեն) ասում է, որ մայիսին խուզն ավարտելուց հետո ծանոթ-բարեկամ ինչքան բուրդ վերցնում` վերցնում են, մնացածն ուղղակի վառում է` ավելորդ հոգսերից ազատվելու համար: Նա միակը չէ, որ այդպես է վարվում:

Փորձում ենք համացանցի միջոցով պարզել, թե ինչ է կատարվում աշխարհում այս բնագավառում: Սկզբում պարզում ենք, որ գրեթե կրկնակի է դարձել բրդյա հագուստների գնապիտակի վրա նշված թիվը: Եթե բրդյա հագուստեղենը թանկացել է, ուրեմն բուրդը եւս պետք է թանկացած լինի: Հետագա հետաքրքրասիրությունս արդյունք է տալիս: Պարզվում է, որ մշակման ենթակա բրդի կիլոգրամն արժե 15 դոլար` երկու տարի առաջվա 7-8 դոլարի փոխարեն (www.armedia.am): «Համաշխարհային շուկան բրդյա շոկ է ապրում» (մեջբերումը կայքից է):

Մամուլում տարածված լուրերի համաձայն` սկսած 2010 թվականից բրդի պահանջարկը զարգացող երկրներում մեծացել է, սակայն բոլոր հաղորդագրություններում հանդիպում է «հատկապես Չինաստանում» հավելումը: Այստեղ արդեն գերադասում են լավ հագնվել եւ լավը հագնել: Եթե մեր երկրի տնտեսական կապերը վերլուծելու լինենք, կարող ենք ասել, որ այն մեծանում, խորանում, ընդլայնվում է շատ երկրների հետ, հատկապես Չինաստանի: Դա պետք է տեսնեն նաեւ մեր գործարարները: Ի դեպ, նույն աղբյուրի տեղեկատվությամբ, աճել է նաեւ պահանջարկը բարձրորակ կաշվի նկատմամբ:

Բրդի գինը բարձրացել է: Լավ է: Մենք էլ շատ թե քիչ այդ բարիքն ունենք, բա ինչո՞ւ չենք կարողանում իրացնել, «տեղաց անել»: Պատկերացնո՞ւմ եք, ֆերմերը ոչխարը խուզում եւ այդ ոչխարի միայն մեկ խուզից ակնկալվելիք 30-50 դոլարը վառում է:

Եթե աշխարհի որեւէ ծագում մի վատ բան է կատարվում, ինչպես ասում են, «շորշոփը» գալիս հասնում է մեր ժողովրդին, բայց 100 լավ բանից մեկը` ոչ:

Այսօր մեր գյուղացին, մեր քաղաքացին, ասել է թե` մենք կորցնում ենք հսկայական միջոցներ զուտ այն բանի պատճառով, որ այսպես ասած «փող ունեցողները» ավելի մատչելի ճանապարհ ունեն իրենց ունեցվածքը բազմապատկելու, քան մեր ցույց տված ճանապարհն է:

Նոյեմբերի վերջին հաճելի նորություն լսեցինք Արցախից. այնտեղ գործարկվել է բրդի վերամշակման արտադրամաս, որը հասցրել է ընդունել 20 տոննա բուրդ: Բայց դա քիչ է, շատ է քիչ: Մեկ ոչխարից 2կգ բրդի հաշվարկով` 10 հազար ոչխարի բուրդ է:

Ամբողջ աշխարհով մեկ հայտարարում ենք, որ ներդրումներ կատարելու համար մեր երկրում ստեղծված են նախադեպը չունեցող նպաստավոր պայմաններ, բայց ինչ-որ մեզ չեն հավատում ո՛չ օտարերկրացիները, ո՛չ էլ արտասահմանում ապրող մեր հայրենակիցները: Օրերն անցնում, տարի են դառնում, բայց այդպես էլ չեն հայտնվում օտարալեզու այն բարի քեռիները, ովքեր պետք է միջոցներ տրամադրեն աշխարհի ամենաէժան բուրդը գնելու եւ ամենաէժան աշխատուժի պայմաններում իրենց բիզնեսը կազմակերպելու համար:

Դրսից չեն գալիս, իրենց գործն է: Իսկ որտե՞ղ են մեր ձեռներեցները: Չեմ կարծում, թե դժվար է տեսնել` ինչ նպաստավոր պայմաններ կան հենց թեկուզ բրդի գնման ու մշակության գործում:

Եթե բերված փաստարկները քիչ են, չեն բավարարում մեր գործարարներին, գուցե ֆերմերների հեռախոսի համարնե՞րն էլ տեղադրենք մամուլում` բրդի առաջարկվող քանակի ու գնի հետ:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56