«.. ԷՆ ԱՇԸՂԸ ՄԵՐ ԴԱԴԱԼՈՒՆ ԽՈԽՈՐՑԱՆ Ա…»

17.09.2019 17:56
1095

Խորհրդածություններ ժողովրդական ու աշուղական երգի ներկա վիճակի,

Գուսան Աշոտի կենսագրությանն առնչվող որոշ փաստերում

ճշտումներ մտցնելու անհրաժեշտության շուրջ`

«Սյունյաց երկիր» թերթի հրապարակումներից մեկի առնչությամբ

 

«Սյունյաց երկիր» թերթի մեծարգո գլխավոր խմբագիր, հարգելի Սամվել Ալեքսանյան

Ինձ միշտ համարել եմ եւ կամ Ձեր թերթի ընկերն ու բարեկամը, այդ մասին գրել ու բարձրաձայնել եմ տարբեր առիթներով: Տպագիր պարբերականի լինելիության մեր դժվարին ժամանակներում «Սյունյաց երկիրն»` իր կոչմանը հավատարիմ, ակնհայտորեն ունի սեփական դեմք, հոգս, ցավ, նպատակներ ու խնդիրներ եւ, որ ամենակարեւորն է` անզիջում կամք ու ոգի: Հատուկ համարները, որոնք հիմնականում միտված են մշակութային արժեքները կորստից փրկելու, պատմական մասունքները գիտական խորաթափանցությամբ ժողովելու եւ ամբողջացնելու վեհ նպատակներին, թերթի բարձր առաքելության բնութագիրն ու գրագիտության չափանիշն են: Կարծում եմ, որ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով տոգորված նման փոքրաթիվ մի կոլեկտիվի գործունեությունն իսկական սխրանք է...

Այդպիսի ջերմությամբ է ստեղծված նաեւ Գուսան Աշոտի 110-ամյակին նվիրված հոբելյանական համարը, որը նշանակալի ներդրում է մեծ գուսանի եւ աշուղական արվեստի մեկնության տիրույթում` ներկա եւ գալիք սերունդների համար:

Հոբելյանական համարի հրատարակման առաջին, թե երկրորդ օրը մենք հեռախոսազրույց ունեցանք: Արդեն համարը կարդացել եւ տեղադրել էի «syunik.ru» կայքում: Շնորհավորելով համարի ծնունդը, ասացի նաեւ, որ որոշ վերապահումներ ունեմ հրապարակված առանձին փաստերի առթիվ...

Առաջին հարցը, անշուշտ, այն կլինի, թե ինչո՞ւ հոդվածը չի գրվել երկու տարի առաջ... Նախ. հավատացեք, Գուսան Աշոտի որդու` Համլետ Դադալյանի հետ Ձեր հարցազրույցը կարդալուց հետո երկար ժամանակ իմ մեջ ստեղծվել էր մի անորոշ վիճակ: Պարզ ու հասկանալի ճշմարտություններ, հարցեր, որոնք անձամբ ինքս տարբեր առիթներով քննարկել եմ հենց իր` Գուսանի հետ, «օրվա տիրոջ կողմից» ներկայացվել էին ոչ թե սխալներով, այլ` ամբողջությամբ շրջված: Վերջին ամիսներին լինելով Երեւանում, ծանոթանալով նոր արխիվային նյութերի, վերծանելով Գուսան Աշոտի կենսագրության հետ կապված որոշ փաստեր, կարեւորվել է այդ հարցում հստակություն մտցնելը:

Տեղին եմ գտնում նշել, որ Գուսանի կենսագիրները (Ս.Խանզադյան, Է.Զոհրաբյան, Ա. Կարապետյան), յուրաքանչյուրն իր հերթին, աշխատել են Գուսանի կենսագրությունը գեղեցիկ ներկայացնել, գունազարդել, որից եւ առաջ է եկել անճշտությունների մի մասը: Նրանց կրկնել է Գուսանի դուստրը` Արշալույս Դադալյանը (2010 թ., «Հավերժություն» երգարանի առաջաբան) եւ հիմա էլ` որդին:

Առկա թյուրիմացությունների պատճառներից մեկն էլ այն է, որ Գուսանի մահից անցել է երեսուն տարի, բայց մինչեւ այժմ ընթերցողին չի հասել մեծ երգահանի գրած «Կյանքիս հեքիաթը» ինքնակենսագրականը: Համլետ Դադալյանը Ձեզ ասել է, որ առայժմ հակված չեն այդ նյութերը տրամադրել որեւէ մեկին: Նմանատիպ մի պատասխան նա տարիներ առաջ տվել էր նաեւ իմ ընկերոջը, որն իմ անունից ներկայացել եւ կայքի համար խնդրել էր Գուսանի գրած ինքնակենսագրականը: Հարցազրույցում Դուք նրբորեն շրջանցում եք այդ խնդիրը, բայց ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, պետք է բարձրաձայնի, որ «Կյանքիս հեքիաթը» Գուսանը գրել է ոչ թե փակի տակ պահելու, այլ` իր երկրպագուների, ընթերցող լայն շրջանների համար...

Հիմա փորձենք վերլուծել մի քանի հանգուցային հարցեր:

Անկեղծորեն ուզում եմ ասել, որ Ձեր հարցազրույցում ինձ ամենից շատ տխրեցրել է մի արտահայտություն. «...Իսկ կայքերից մեկում էլ... »: Իհարկե, անզեն աչքն էլ տեսնում է, որ խոսքը “gusanashot.com” կայքի մասին է եւ նույն աչքն էլ նկատում է, որ հոդվածագիրը կարեւոր չի համարում նշել կայքի անունը... Ցավալին այն էր, որ ինձ համար շատ պատվարժան մի պարբերական անծայրածիր մեդիադաշտում չի զգում իր հերոսին ներկայացնող այդ եզակի տիրույթի դերը, նշանակությունը, կարեւորությունը, որին ինքը հարյուրավոր էջեր է նվիրում... Գրողի ճանաչումն ուղիղ համեմատական է այն փաստին, թե ինչքան են ընթերցում նրա ստեղծագործությունները, իսկ երաժշտինը` ինչքան են լսում... Իսկ թե քանի գիրք կգրվի այդ արվեստագետի մասին, ոսկե տառերով, թե` արծաթե, դրանք բոլորը հավելյալ է, հրատարակումից մի քանի օր հետո դասվում է մասնագիտական գրականության շարքը, դրվում է դարակներում եւ հետո դրանից օգտվում են միայն տվյալ թեմայով զբաղվողները: Կարծում եմ, որ Գուսանի արվեստի նվիրյալների համար պետք է առաջնային լինի նրա երգերը հնարավորինս տարածելու, մասսայականացնելու, ամենուր եւ ամեն պահի լսելի դարձնելու խնդրի իրականացումը, որն էլ «gusanashot.com» կայքի գլխավոր նպատակն է: Այն միակ ձայնադարանն է, որտեղ կան անցած 80 տարիների (սկսած 1935 թվականից) Գուսանի բոլոր գործիքավորված եւ կատարված երգերը, բոլոր պրոֆեսիոնալ կատարումները:

Կարեւոր եմ համարում նշել, որ կայքի էլեկտրոնային ծրագրավորումն իրականացվել է մոսկովյան բարձրակարգ մասնագետների կողմից, որ այն ստեղծելուց առաջ ուսումնասիրվել է նմանատիպ տասնյակ կայքերի կառուցվածք ու դրանցից քաղվել են լավագույն գործակիցները:

Յուրաքանչյուր երգի էջ ներկայացնում է երաժշտական ֆոնդերում եւ ինտերնետ պորտալներում պահպանված աուդիո, վիդեո ձայնագրությունը, երգի նոտաները, տեքստը, երգիչի լուսանկարը, ձեւավորման համար ընտրվել են նշանավոր նկարիչների թեմատիկ կտավներ: Եվ վերջապես` այն օգտագործվում է երեք լեզուներով: Արվեստագետի գեղարվեստական ժառանգության ընդգրկմամբ, ֆունկցիոնալ հնարավորություններով եւ ամբողջականությամբ նման կայքեր քիչ կան նաեւ ռուսական իրականության մեջ: Գլխավոր ուղեցույցը մեզ համար եղել է Առնո Բաբաջանյանի պաշտոնական կայքը, որն ստեղծվել եւ պահվում է «Առնո Բաբաջանյան» ֆոնդի կողմից:

Գուսան Աշոտի կայքը համացանց մուտք գործելուց անցել է վեց տարի: Գլխավոր էջի ներքեւում տեղակայված հաշվիչն այսօր մեզ հուշում է, որ այդ ընթացքում կայքն ունեցել է 33 690 այցելու, ովքեր լսել են 174 740 կատարում: Մեծ դահլիճներում կազմակերպված քանի՞ համերգի ծավալ ու կշիռ ունի այս թվաբանությունը... Կարծում եմ` անհամեստություն չի դիտվի, եթե ասեմ, որ այս գործընթացն իմ եւ մեր հայրենակից, գործարար Վարուժան Իսունցի (ով կայքի ծրագրավորման եւ անցած ժամանակաշրջանում դոմենի պահպանման հովանավորն է), անձնական ներդրումն է Գուսան Աշոտի արվեստի տարածման ու մասսայականացման ճանապարհին:

Հիմա հարց է ծագում. գոհացուցի՞չ են այդ թվերը... Իհարկե` ոչ: Ցավով պետք է նշեմ, որ վեց տարվա ընթացքում, կայքի մասսայականացման առումով, որեւէ աշխատանք չի տարվել եւ որեւէ գովազդ չի եղել: Եթե մեր սիրելի “Սյունյաց երկիրը” վերցներ շեֆությունը եւ իր ընթերցողներին ժամանակ առ ժամանակ հարցներ, թե նրանք ծանո՞թ են կայքին, այցելո՞ւմ են, լսո՞ւմ են իրեց սիրած երգերը սիրված արտիստների կատարմամբ` այդ թվերը կրկնապատիկ, գուցե եւ տասնապատիկ լինեին...

Իսկ երբ նայում ենք վերջին հինգ տարիների այցելությունների դինամիկային, իրավիճակն ավելի ցավալի է դառնում:

Այս տխուր իրավիճակը պետք է համարել ոչ թե անտարբերություն Գուսան Աշոտի արվեստի, այլ` ժողովրդական եւ աշուղական երգի նկատմամբ` ընդհանրապես: Չեմ ցանկանում ծավալվել ցավոտ թեմայի մեջ, բայց այդ նպատակով պետական հիմնարար ծրագրերի բացակայության, հեռուստաալիքների այսօրվա անտարբեր պահվածքի եւ իրավիճակի համար պատասխանատու չլինելու պարագայում պատկերն այլ կերպ լինել չէր կարող:

Մենք, իհարկե, շատ տխուր ու մտահոգիչ թվաբանություն ունենք նաեւ Գուսան Աշոտի ստեղծագործությունների մասսայականացման ուղղությամբ: Վարպետի կողմից ստեղծված ու նոտագրված ավելի քան 500 երգերից բոլոր ժամանակներում կատարվել է 80-ից էլ պակաս (շուրջ 16 տոկոսը): Դրանք հիմնականում առաջին` «Գուսանի սերը» եւ մասամբ էլ` երկրորդ` «Սիրո կրակներ» երգարաններում զետեղված երգերն են: Երրորդ` «Ծովաստղիկս» երգարանի 126 երգից կատարվել է միայ 6 -ը, իսկ «Հավերժությունից»` ոչ մի երգ: Եվս 94 երգ, որոնք կան բանաստեղծությունների ժողովածուներում, տեղ չեն գտել երգարաններում: Արդյունքում ստացվում է, որ բոլոր ժամանակներում կատարվել են Գուսանի կողմից մինչեւ անցած դարի 60-ական թվականները գրված երգերը, որ անվանի երգահանի կյանքի վերջին 30 տարիների ստեղծագործություններից գրեթե ոչինչ չի կատարվել: Այդ ընթացքում, անշուշտ, եղել են նոր կատարումներ, սակայն բոլոր երգիչները ձեռք են մեկնել միայն հին, արդեն հայտնի եւ մշակված երգերին:

Այս վիճակագրությունը ես ներկայացրել եմ վեց տարի առաջ` կայքի խմբագրականում: Անցած ժամանակաշրջանում միայն մեկ նոր կատարում է եղել` ֆիննաէստոնական «Kari Ikonen» տրիոյի կողմից, որի կազմում է նաեւ հայազգի, վանաձորցի Արա Յարալյանը: Խումբը գործիքավորել եւ կատարվել է Գուսան Աշոտի «Աստղի պես» երգը ջազային ոճում: (Այդ կատարումը տեղադրված է կայքում):

Պետք է կրկնեմ, որ եթե անցած դարակեսին Գուսան Աշոտի երգերի այսպիսի ակտիվ կատարումներ են եղել, դրա համար մենք պարտական ենք նախ` խորհրդային հասարակարգին, ապա` հայ երգի մեծ նվիրյալներ` Հայաստանի երգի եւ պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թաթուլ Ալթունյանին, Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Մերանգուլյանին, «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վաղարշակ Սահակյանին: Ավելի ուշ այդ ավանդույթները շարունակել են Ստեփան Ջրբաշյանը, Արմեն Մանդակունյանը, Մանվել Բեգլարյանը, Էմմա Ծատուրյանը, Թովմաս Պողոսյանը: Առանձնապես պետք է ընդգծել Հովաննես Բադալյանի, Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի անունները, ովքեր նոտագրելու հետ մեկտեղ դարձել են Աշոտի երգերի առաջին կատարողները: Եվ վերջապես` անվանի երգիչներ Օֆելյա Համբաձումյանի, Նորայր Մնացականյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Վալյա Սամվելյանի, Բելլա Դարբինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Քաթրջյանի, Ռիմա Սարիբեկյանի, Սուսաննա Սաֆարյանի, Պապին Պողոսյանի եւ էլի մի խումբ երգիչների շնորհիվ է, որ անցած դարի կեսերին Գուսան Աշոտի նոր երգերը պատշաճ քանակության կատարումներ են ունեցել:

Ցավալի է, բայց փաստ, որ մեր հայ կերպը ձեւավորող «ազգային արժեքներ», «ազգային մշակույթ», «ազգային բնավորություն», «հայրենասիրություն», «նվիրում» եւ նման էլի տասնյակ կենսաձեւեր արտահայտող բառեր այսօր ուրիշ արժեհամակարգում են...

Առիթ չեմ ունեցել հանդիպելու Գորիս համայնքապետ պ-ն Առուշ Առուշանյանին, բայց ունեմ տարածաշրջանի զարգացման ու մշակութային արժեքների պահպանման հետ առնչվող խնդիրների մի ընտրանի, որոնք նախատեսում եմ առաջիկայում, հանդիպման դեպքում, քննարկել նրա հետ: Դրանցից մեկը հենց այն է, ինչի մասին ուզում եմ ասել:

Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բացելու Գուսան Աշոտի չկատարված երգերի գանձարանը, որտեղ թաքնված ստեղծագործությունները նոր որակներով ու երանգներով կներկայացնեն մեծ երաժիշտի արվեստը: Համոզված եմ, որ դրա լավագույն տարբերակը կլինի Գորիսի համայնքապետարանի կամ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ

«Գուսան Աշոտ» ֆոնդի ստեղծումը, որի գլխավոր խնդիրը կլինի նպատակային գործունեություն ծավալել` գտնելու Գուսան Աշոտի արվեստը հարգող գործարարների, ովքեր կդառնան նրա մեկ կամ մի քանի նոր երգերի կատարման հովանավոր: Ֆոնդի գլխավոր գործընկերը (լուսաբանման եւ գովազդի առումով) կարող է լինել «Սյունյաց երկիր» թերթը:

Հիմա` Գուսան Աշոտի կենսագրությանն առնչվող մի քանի վրիպակների մասին

Հայրս` Երվանդ Հայրումյանը, Աշոտի մանկության ընկերն, ասում էր, որ Աշոտը 6 թվի (1906) ծնված է: Ի դեպ, Գուսանի բոլոր հոբելյանները նշելու ժամանակ, որոնք հաշվվում էին 1907 թվից, հիշել եմ հորս ասածը, բայց միշտ էլ մտածել, որ այդ թիվը չի կարող սխալ ներկայացվել, հավանաբար հայրս է ինչ-որ բան շփոթել: (Թեեւ նա պատմության բարձրակարգ մասնագետ էր, գրեթե անհնար էր, որ որեւէ թվի, անունի, դեպքի սխալ թույլ տար): Չէի կասկածի եւ չէի փորփրի: Բայց ամեն անգամ կարդալով, որ նորածին Աշոտին տարել եւ կնքել են Տաթեւի վանքում, մեղմ ասած` միշտ զգացել եմ, որ դա անհաջող հորինվածք է...

««դարի սկիզբը հայ ժողովրդի եւ մասնավորապես Սյունիքի պատմության մեջ ծանր ու դժվարին ժամանակներից մեկն է եղել: Ամենուր տիրել է աղքատություն, համաճարակներ, սով, մանկական մահացությունը մի քանի անգամ մեծ է եղել նախորդ ժամանակներից, ազգամիջյան ընդհարումների ու կոտորածների սարսափելի դեպքեր են եղել` Մինքենդ, Ակների յայլաներ, Եռաբլուր, Սագի լիճ: Այն ժամանակ Տաթեւ գնալն ավելի դժվար էր, քան հիմա Երուսաղեմ, Վենետիկ կամ Վատիկան...Եվ այդ պայմաններում գրել, որ հաղթահարելով անասելի դժվարություններ (գուցե նաեւ` կանխազգալով, որ իր յոթերորդ կամ ութերորդ զավակը պետք է մեծ գուսան դառնա), հայրը նրան տարավ եւ կնքեց Տաթեւի վանքում... Կարծում եմ` կատարյալ անհեթեթություն է... Համոզված լինելով, որ նման բան լինել չի կարող, այնուամենայնիվ, փորձեցի ստուգել: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են Տաթեւի վանքի այդ տարիների բոլոր չափաբերական մատյանները` ծնունդ եւ կնունք, ամուսնություն, մահ բաժիններով: 1907 թ. մատյանում չգտա Աշոտ Դադալյանի ծննդի եւ մկրտության գրառումը, այն չկար նաեւ մոտիկ եւ հեռու տարիներում: Եվ քանի որ գործն սկսված էր` որոշեցի շարունակել որոնումները: Գորիսի երեք եկեղեցիներից ոչ մեկի 1907 թ. չափաբերականերում եւս Աշոտի ծնունդը չկա: Որոշ ուսունասիրողներ նշել են նաեւ` 1908 թիվը, թերթեցի նաեւ այդ տարվա մատյանների խունացած էջերը եւ կրկին` անարդյունք: Հիշեցի հորս խոսքը, որ Աշոտը 6 թվի ծնված է, պատվիրեցի գրապահոցից բերել այդ տարվա մատյանները: Ու, թեեւ ասվել էր` «...ինչպես, որ անքննելի է նրա ծննդյան թվականը... », պարզվեց, որ քննելի է եւ այս հարցում դրվեց վերջակետ:

Գորիսի սբ Լուսավորիչ նոր օծված եկեղեցու 1906 թ. մատյանի նոյեմբեր ամսվա ծնունդների եւ կնունքների բաժնում կարդում ենք.

20-ը նոյեմբերի 1906 թ. - ծնունդ` Աշոտ - Հայրապետ Սարգիսի Դադալունց եւ կինը նրա` Բալախանում Արզումանիան ծնեց արու: Կնունքը կատարվել է 1906 թ. նոյեմբերի 30-ին:

Կնքահայր` Նիկողայոս Բագունց: (Բագուն Նիկոլայը, Հին Գորիսից):

«Զխորհուրդն մկրտության» կատարել է Գարեգին քահանան (չափաբերական մատյանի հերթական թվագրություն` 41): (ՀԱԱ, ֆ 47, ց 5, գ. 256):

Հաջորդը: Քանի՞ զավակ է ունեցել Աշոտի հայրը` Դադալունց Հայրապետը: Հարցազրույցում ասվում է` երեք տղա եւ չորս աղջիկ: (Իհարկե, կարեւոր կլիներ թվարկել գոնե նրանց անունները, եթե պատասխանողը լավատեղյակ է):

Ծննդի եւ մկրտության արձանագրություններից հանված իմ քաղվածքներով Դադալունց Հայրապետը եւ նրա կին Բալախանումն ունեցել են 7 գրանցված ծնունդ` Ալեքսան (01.09.1886 թ.), Մինաս (20.04.1888 թ.), Արսեն (21.10.1894 թ.), Տիգրան (22.05.1897 թ.), Վարսենիկ (18.12.1899 թ.), Սամսոն (06.12.1902 թ.), Աշոտ (20.11.1906 - 28.01.1989 թթ.): (Այսինքն` վեց տղա եւ մեկ աղջիկ): Հայրապետի գերեզմանաքարից մեզ հայտնի է, որ եղել է նաեւ Հայկ որդի, որի անունն իմ գրառումներում բացակայում է, ծննդյան թիվը` նույնպես: (Ուրեմն` յո՞թ տղա եւ մեկ աղջիկ... Հնարավոր է նաեւ, որ եղած լինեն էլի՞ ուրիշ` մեզ անհայտ ծնունդներ եւ իրողություններ...): Թե ի՞նչ ճակատագիր են ունեցել այս երեխաները, թե նրանցից ով ո՞ւր է գնացել, քանի՞ տարի է ապրել` չգիտենք, կամ քիչ գիտենք նրանց մասին, բայց փաստ է, որ 3+4-ի հաշվարկն արդեն սխալ է:

Ո՞րն է այս հարցադրման իմաստը: Հնարավո՞ր էր, արդյոք, որ կնոջ մահից հետո, այդ դժվարին տարիներին, Հայրապետն ամուսնացած չլիներ (ինչպես հաստատապես ասվում է հարցազրույցում) եւ ապրուստի միջոցներ վաստակելու հետ միասին, վաթսունն անց շինականը կարողանար հոգալ այդպիսի բազմաշունչ ընտանիքի կենցաղային հոգսերը: Միանշանակ` ոչ: Խնդիրն այդպես ներկայացնելն անհավանական ու անհիմն պետք է դիտել: Փորձեցինք ստուգել: Նախ` անհրաժեշտ էր ճշտել Բալախանումի մահվան տարին ու օրը, ապա` դրան հաջորդող ժամանակներում` փնտրել ամուսնություն: Գորիսի երեք եկեղեցիներից երկուսում` Գորիս գյուղի սբ Հռիփսիմեում եւ Գորիսի սբ Լուսավորիչում 1918 թվականին Բալախանումի մահը գրանցված չէ: Իսկ Հին Գորիսի սբ Գեւորգ եկեղեցու չափաբերականում այդ տարվա ննջեցյալների գրանցման էջերը չեն պահպանվել: (Հավանական է, որ գրանցումը հենց այստեղ է եղել): Այդ եկեղեցիների չափաբերականներում Հայրապետի նոր ամուսնության գրանցում եւս չկա: Բանականությունը հուշեց, որ պետք է փնտրել հարեւան գյուղերի եկեղեցական մատյաններում (...որտեղից, որ նոր կինը պետք է եկած լիներ): Բոլոր հետքերը տանում էին Քարաշեն: Այդտեղ եւս որոնումներն արդյունք չտվին, մատյանները թերի էին, պսակի էջերը` պակաս: Ավելի ուշ, երբ նայում էի խորհրդային առաջին տասնամյակների Գորիսի տարածաշրջանի ծնունդների, ամուսնությունների ու ապահարզանների գրանցումները` անակնկալները հաջորդեցին մեկը մյուսին:

1929 թ. ապրիլի 17-ին գրանցված է Հայրապետ Դադալունցի եւ ծննդով Քարաշեն գյուղացի Հռիփսիմե Դադալունցի ամուսնալուծությունը, նշված է, որ բաժանվելուց հետո յուրաքանչյուրը պետք է գրվի իր հայրական ազգանունով:

Եվ... այս անսպասելի իրողությունն ունեցավ նաեւ շատ հետաքրքիր շարունակություն: Ի զարմանս, կամ` հուրախություն, ի հայտ եկավ նույն տարվա` 1929 թ. հունիսի 29-ի ամուսնության գրանցում. 74-ամյա (ըստ գրանցման) Հայրապետ Դադալունցն ամուսնանում է 56-ամյա մի կնոջ հետ, որի անունը դարձյալ Բալախանում է, հայրանունն` Աբրահամ:

Կրկին վերադրադառնալով Քարաշեն գյուղի սբ Գեւորգ եկեղեցու չափաբերական մատյաններին, ճշտում ենք, որ Հռիփսիմեն, Օհանջան Արզումանիան եւ Եղիսաբետ Արզումանիան (գրված է ըստ մատյանի) ամուսինների դուստրն է, ծնվել է 1869 թ. ապրիլի 14-ին (ՀԱԱ, ֆ 47, ց 3, գ. 1925):

Այս ամենից հետո ի հայտ են գալիս էլի նոր հարցականներ... Բալախանումի մահից հետո Հայրապետի երկրորդ կինը` Հռիփսիմե՞ն է եղել... Նրանից ծնվե՞լ են երեխաներ... Ո՞վ է եղել Հայկի մայրը...

Չճշտված հարցերը թողնելով նոր ուսումնասիրողներին, կարեւոր եմ համարում նշել էլի երկու իրողություն: Նախ. “քարաշենյան առեղծվածում” ինքնին բացահայտվեց նույն հոգեցունց տոնով գրված անհավանական մի ասեկոսե եւս, թե իբր “...վաղ հասակում զրկվելով մորից, Գուսանը Քարաշենում եղել է Շուշանանց Առաքել Արզումանի Օհանյանի գառնարածը... »: Իսկ պատասխանն ակներեւ է. երկրորդ մոր հետ հավանաբար գնացած կլինի Քարաշեն, այստեղ էլ, ինչպես բոլոր գյուղի տղաները, վազվզած կլինի պապի գառների հետեւից, եւ Քարաշենի հետ այդ կապն առիթ եղած կլինի հանդիպելու Աշուղ Աթային... Պետք չէ այլ սրտաճմլիկ երանգներ խառնել իրողությանը, մենք դեռ կխոսենք նրա հոր բնավորության մասին, կարծում եմ, որ այլ տարբերակներ բացառվում են...

Հաջորդը. հարցազրույցում Գուսանի պապ Արզումանին բնութագրող կրկին պաթետիկ` «հարուստ տոհմ», «առակասաց եւ հեքիաթասաց» արտահայտությունները կրկնելուց առաջ պետք էր ասել, թե ո՞վ էր այդ Արզումանը. ո՞ր գյուղից, ո՞ր տոհմից: «I» դարակեսին Գորիս գյուղում եւ կից բնակավայրերում համապատասխան տարիքի միայն մեկ Արզուման է ապրել` Երցին Արզումանը, որը նման դուստր չի ունեցել: Հավանական պետք է համարել, որ Բալխանումն այլ բնակավայրից է հարս եկել, ո՞ր... Այդ բնակավայրի եկեղեցու չափաբերական մատյանում պետք է փնտրել նաեւ պսակը, որը եւս չհաջողվեց գտնել... Հավանական է նաեւ, որ Գուսանի մոր իսկական անունը` Խանում կամ Խանա եղած լինի, քանի որ եկեղեցին Բալախանում տարբերակով գրանցում կատարած չի լինի: Կարծում եմ սխալ է նաեւ թարգմանական` Դիցուհի, ինչպես ասվում է...

Որտե՞ղ է ծնվել Գուսան Աշոտը

Այս հարցին պատասխանելուց առաջ անհրաժեշտ է նախ իմանալ, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում «I» դարակեսի եւ ««դարասկզբի Գորիսը: Այնուհետեւ` տեսնել Դադալյան (Դադալուն, Դադալունց) տոհմի կազմն ու շարժն այդ ժամանակահատվածում:

Դեռեւս 1840–ական թվականներին Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցն իր «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» աշխատության մեջ «Կորիս» ակնարկում գրում է. «Լայնատարած գյուղ է, [տեղակայված] անհարթ ձորակում, մերձակա լեռներից բխող մի գետի ափին։ Օդն ու ջուրն առողջարար են։ Բնակիչները հայեր են` հարյուր հիսուն տուն։ Ունեն անհարթ եւ կոփածո քարերով կառուցված [մի] սագաշեն եկեղեցի։ Գյուղով հոսող սրընթաց վտակը կտրելով փխրուն ժայռերն ու խոխոմներ բացելով, գնում ու խառնվում է Երասխին։ Տեղի բնակիչները, զանազան թշնամիների մշտական արշավանքների վախից, վաղուց լքեցին [հին] Կորիս գյուղը, որ [գտնվում է այստեղից] հյուսիս արեւմուտք, լեռան ստորոտի մի պատվական տեղում եւ [այս վայրի] ամրության պատճառով, համաձայնեցին բնակվել այստեղ»։ /Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց, «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան», մաս Ա, էջ 491/:

Իսկ պատմահայր Ղեւոնդ Ալիշանն իր «Սիսականում» այսպես է ասում. «...եւ այժմ երեք տեղերը ճանաչվում են նման անունով, որոնցից մեկը կոչվում է Հին` վերեւում նշվածը, լեռան ստորոտում` հաստատուն եւ զովասուն օդերով վայրում, բայց ոչ բավականին անվտանգ, լքված բնակիչներից, չգիտեմ` երբ... »: /Ղեւոնդ Ալիշանի «Սիսական, Վենետիկ 1893 թ./:

Պատմագիր Լեոն 19-րդ դարի 80-ական թվականների վերջին իրականացնելով իր ճամփորդությունը Սյունիք` Բուն Գորիսի կամ Հին Գորիսի մասին գրում է. «...Այս մի օրինավոր գյուղ է, մի հայկական գյուղ իր սեւ-սեւ տներով, աղբակույտերով, թմբի գլխին կանգնած է հին եկեղեցին, որ այժմ աչքից հեռացրած է։ Բայց գյուղ չէ, այլ Գորիս գյուղի գյուղատնտեսական ագարակը (ֆերմա)։ Հին ժամանակներն այստեղ է եղել բուն գյուղը, որ չգիտեմ, թե ինչու է թողել այս տեղը, գնացել է տեղավորվել ներքեւում, բիզ-բիզ քարերի տակ։ /ԼԵՈ, երկ. Ժող., հ.8, «Սովետական գրող» հր., Երեւան. 1985թ., էջ 59/:

Հին Գորիս գյուղի քահանա Տեր-Հակովբ քահանա Տեր-Մինասյանը, որը մինչ 1906 թվականի Մինքենդի կոտորածը եղել է այդ գյուղի հոգեւոր հովիվը, իր «Հիշատակարանում» խոսելով յուր տոհմի նախնիների տեղահանության եւ բնակավայրի մասին, նշում է, որ իր պապ Մինաս քահանան ծնվել է Գորիս գյուղում, իսկ նրանց մեծ պապը՝ Մինասանց Թունին «…Դոքա Հին Գորիսից տաճիկների եւ պարսիկների ասպատակությունների ժամանակները ապաստանած են եղել Գորիս գյուղից բարձր ձորակում, որտեղին Ծակերի ձոր են ասում, նույնպես եւ Շորջրի Ծոր են ասում…»:

«Հիշատակարանի» առթիվ իր մեկնաբանության մեջ Ս.Խանզադյանը գրում է. «Կոտորածից (Մինքենդի) հետո Հակովբը բնակվել է այստեղ (Հին Գորիսում): Գորիս գյուղի (քաղաքի), Հին Գորիսի (Երի Շեն) եւ սրան գրեթե կից Բռուն (Պռունկ) գյուղի բնակիչները միեւնույն տոհմերից են»: (Ս.Խանզադյան, «Տեր-Հակովբ Տեր-Մինասյան գորիսեցու «Հիշատակարանը», էջ 125, «Բանբեր Հայաստանի արխիվների», թիվ 2, 1989):

Եվ այս ամենով հանդերձ, ողջ պատմությունը համառոտ հետեւյալն է: “VII դարավերջի եւ «VIII դարասկզբի Գորիսի (Բուն Գորիսի) կոտորածից հետո բնակավայրը երկար ժամանակ մնում է անմարդաբնակ, այնուհետեւ դառնում է դավանափոխ կապիտան Ռուստամ բեկի եւ նրա դավանափոխ մոր 6 գյուղերից եւ 9 ձմեռանոցներից մեկը, բնակեցվում է մուսուլման քոչվորներով եւ տրվում է Գեդիշա անունը: (Տես` Ստ. Լիսիցյան, «Զանգեզուրի հայերը» ՀԳԱ հրատ., Երեւան, 1969): Բռնագաղթված հայկական մյուս բնակավայրերի եկեղեցիների ճակատագիրն է ունենում նաեւ IV-V դարի կառույց սբ Հռիփսիմե հոգեւորական համալիրը: Թաթար-թուրքերը փոխում են գլխավոր եկեղեցու մուտքը, դարձնում մզկիթ: «I» դարի 30-ական թվականներին քաղաքական իրավիճակի փոփոխության եւ զարգացումներում վտանգ զգալու միտումով մուսուլմանները կամովի հեռանում են բնակավայրից: Շուրջ երկու տասնամյակ հայերը ռիսկ չեն անում վերադառնալ իրենց նախկին բնակատեղին, եւ հատ ու կենտ անասնապահներ են ժամանակավոր բնակվում այստեղ: 40-50-ական թվականներին Գորիս գյուղի տարածքի նեղ լինելու պատճառով մի շարք ընտանիքներ կիսվում, տեղափոխվում եւ զբաղեցնում են արդեն պատրաստի կառուցված տները, ղաբերը, քարատակները, կառուցում են նոր տներ: Երկրորդ փուլում այստեղ վերաբնակվել ցանկացողների համար արդեն տեղ չի լինում, գնում եւ զբաղեցնում են ձորի արեւմտյան կողմի բլուրը, հիմնադրում են Բռունը: Իսկ ահա երրորդ հոսքով Գորիս գյուղից եւ Սինդարա բնակավայրից տեղափոխվածները (1890-1900 թթ., 16 ընտանիք), Երի շենի արեւելյան ձորալանջին փորում են նոր ժայռատներ, ստեղծվում է Ծյորի թաղը: Բոլոր չորս բնակավայրերը (Գորիս գյուղը, քաղաքը, Հին Գորիսը եւ Բռունը) մինչեւ խորհրդային կարգերը եղել են նույն համայնքի կազմում: Մինչեւ 1900 թվականը ծնունդների, կնունքների, ամուսնությունների ու մահվան գրանցումները կատարվել են միայն Գորիս գյուղի սբ Հռիփսիմե եկեղեցում: 1900-ից, հյուսիսային համայնքներն համեմատաբար խոշորանալու եւ տարածաշրջանում վտանգներն ավելանալու պատճառով, Հին Գորիսի սբ Գեւորգ (Նորակնունք) եկեղեցուն եւս, իսկ 1903 թ.` նորակառույց սբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցուն թույլատրվել է կատարել այդ ծիսակարգերը: Եկեղեցու ընտրությունը չի սահմանափակվել, արարողակարգերը կատարել են` ով որտեղ ցանկացել է: Գորիս բնակավայրի վերին շեն եւ ներքի շեն արտահայտություններն օգտագործվել են իբրեւ ոչ հատուկ անուններ, իբրեւ նույն շենի երկու մասեր: Իսկ Վերիշեն ձեւը, առանց համայնքի հետ համաձայնեցնելու, շրջանի ղեկավարների կողմից տրվել է խորհրդային տնտեսությանը, երբ Հին Գորիսի “Կարմիր հոկտեմբեր” կոլտնտեսությունը վերակազմավորվել եւ դարձել է Վերիշենի կաթնանասնապահական սովխոզ (1957 թ.): Գյուղական խորհրդի կնիքը փոխվել է դրանից ավելի քան 20 տարի հետո` 1979-1980 թվականներին (Հին Գորիսի փոխարեն գրվել է` Վերիշեն), եւ այն էլ, հավանաբար, ինչ-որ մի ղեկավարի ցուցումով կամ գրությամբ, քանի որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նման հրամանագիր գոյություն չունի:

Շարունակելի...

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25