Երեք տասնամյակով չափվող կենսագրություն

17.11.2013 01:38
3157

Կապանի Եղիշե Չարենցի անվան N13 հիմնական դպրոցը մարզկենտրոնի համեմատաբար երիտասարդ կրթօջախներից է: 1970-ականներին, երբ կառուցվեցին Բաղաբերդ, Հալիձոր, Ձորք բնակելի զանգվածները, անհրաժեշտություն առաջացավ դրանց դպրոցահասակ երեխաների համար կրթօջախ կառուցել: 1983-ին Ձորք թաղամասի մի գողտրիկ անկյունում` Ողջի գետի ձախակողմյան արեւահայաց լանջին, դպրոց հիմնադրվեց, որտեղ տնօրեն նշանակվեց վաստակաշատ մանկավարժ, մեթոդիստ, մաթեմատիկայի ուսուցիչ Կամո Առուստամյանը: Երեք թաղամասի դեռահասների կրթության ու դաստիարակության գործը պատվով տարավ կրթօջախը, որտեղ անցյալ դարի 80-ական թվականներին դպրոցականների թիվն անցնում էր 1000-ից, ուսուցիչների թիվը հասնում էր մոտ 150-ի: Կրթօջախի սաներից 15-ը դարձել է մեդալակիր` 11-ը` ոսկե, չորսը` արծաթե: Արցախյան պատերազմի մասնակից տասը ազատամարտիկ կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին:

…Հոկտեմբերի 12-ի աշնանային պայծառ օրը դպրոցն իր հարկի տակ ընդունել էր նախկին սաներին, իր հոգսերով ապրող մարդկանց, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, գործընկերների եւ հյուրերի: Տոնվում էր կրթօջախի հիմնադրման 30-ամյակը: Ամենուր տիրող տոնական մթնոլորտը տեղափոխվում է դահլիճ: Մեծադիր էկրանին սահում են դպրոցի տարեգրությունն արտացոլող լուսանկարներ, ցուցադրությանը զուգահեռ թվերի եւ փաստերի լեզվով ներկայացվում է 30 տարով չափվող կրթօջախի կենսագրությունը:
Դպրոցի 30-րդ տարեդարձին նվիրված իր ելույթում կրթօջախի տնօրեն Զավեն Ստեփանյանը նախ արժանին մատուցեց կրթօջախի անդրանիկ տնօրեն, վաստակաշատ մանկավարժ, բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ Կամո Առուստամյանին: Անգնահատելի է մաթեմատիկայի ուսուցչի դերն այդ առարկայի դասավանդման, նրա կատարած նորամուծությունները եւ վաստակը մասնագետ մանկավարժների պատրաստման գործում: Որպես նորարար մանկավարժ` նա մեծ համարում ուներ հանրապետությունում: Առարկայի դասավանդման, նյութի մատուցման թարմ մոտեցումներով սաներին մղում էր ինքնուրույն մտածելուն եւ նորը գտնելուն: Կյանքի է կոչել մաթեմատիկոսների մի քանի սերունդ: Կամո Առուստամյանը կյանքում կենսուրախ անձնավորություն էր, հայտնի հումորաշաղախ դեպքեր պատմելու ձիրքով, սրախոսություններով: Օրերս դպրոցի 8-րդ դասարանը կոչվեց Կամո Առուստամյանի անվամբ, ինչն ըստ բանախոսի` կնպաստի մաթեմատիկայի նկատմամբ դպրոցականների մեջ հետաքրքրության առաջացմանը եւ այդ առարկայի դրվածքի բարձրացմանը դպրոցում:

Մոտ 27 տարի N13 միջնակարգ դպրոցը ղեկավարել է Դարիկո Ավագյանը, ում հաջողվել է ստեղծել դպրոցի հոգսերով ապրող առողջ կոլեկտիվ, դպրոցն ունեցել է ակնառու հաջողություններ, հաղթող ճանաչվել տասնյակ ուսումնական, արտաուսումնական եւ դպրոցների բարեկարգման ծրագրերում, իսկ տնօրենն արժանացել է «Ստեղծագործող ուսուցիչ» կոչմանը, պարգեւատրվել «Ակսել Բակունց» հուշամեդալով:

Բանախոսը դպրոցի 30-ամյա ուղին բնորոշեց որպես ինքնահաստատման, ձեռքբերումների, մանկավարժական կադրերի պատրաստման ընթացք: Երեք տասնամյակում կրթօջախում աշխատել է մոտ 250 ուսուցիչ, կյանք մտել ավելի քան շուրջ 1300 շրջանավարտ, որոնցից շատերը մնայուն հետք են թողել հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Իսկ այսօր դպրոցականների կրթության եւ դաստիարակության գործն իրականացնում է 30 ուսուցիչ, որից 27-ն ունի բարձրագույն, երեքը` միջին-մասնագիտական կրթություն:

2011-12 ուստարվանից դպրոցում կազմակերպվում են ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ, որտեղ սովորում են արտերկրից վերադարձած աշակերտներ: Ուսուցումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դպրոցը համագործակցում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի հետ: Ամեն տարի իրականացվում է «Ռուսաց լեզու» նպատակային ծրագիրը, որի շրջանակում իրականացվող վարպետաց դասերի, սեմինար պարապմունքների, կլոր սեղանների միջոցով մեթոդական օգնություն է ցուցաբերվում ռուսաց լեզվի մասնագետներին, իսկ դպրոցին հատկացվում են մեթոդական ծրագրեր, դասագրքեր:

Կրթօջախի տնօրենը նշեց, որ ուսումնադաստիարակչական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դպրոցի բարեկամների օժանդակությամբ հրատապ խնդիրներ են լուծվել, մասնավորապես, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հովանավորությամբ ստեղծվել է համակարգչային դասարան, այլոց օգնությամբ ձեռք է բերվել տեսախցիկ, տպող սարք, հեռուստացույց, իրականացվել են բազմազան ծրագրեր, կազմակերպվել դասընթացներ, հարստացվել դպրոցի գրադարանը, բարեկարգ տեսք ստացել դպրոցն ու նրա շրջակայքը: Իսկ կրթօջախի հոբելյանին նվիրված տոնակատարությունը հնարավոր եղավ կազմակերպել Հրաչ Ջաբրայանի, «Նորոգշին» ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանի, ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանի աջակցությամբ եւ օժանդակությամբ: Դրվատանքի խոսքերի արժանացան բոլոր այն գործարար ու պատրաստակամ մարդիկ, ովքեր դպրոցի կողքին են եղել, շարունակում են մնալ ու համագործակցել: «Դպրոցի խորհրդանիշը, որ աչքի է զարնվում դպրոց մտնելիս, թվում է, թե իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ապրել են դպրոցի հոգսերով, ովքեր մշտապես օգնել ու սատարել են դպրոցին, ովքեր միշտ գիտակցել են, որ ուժեղ է այն երկիրը, որ ունի կայացած դպրոց», – ելույթի ավարտին ասաց Զավեն Ստեփանյանը եւ երախտագիտություն հայտնեց կրթօջախի 30 տարվա շրջանավարտներին, դասավանդող ուսուցիչներին, աշակերտներին եւ սպասարկող անձնակազմին:

Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, շնորհավորելով բոլորին հոբելյանի առիթով, մասնավորապես ասաց, որ տոնական առիթը միայն այն բանի համար չէ, որ շնորհակալական խոսքեր ասվեն, այլ մի հնարավորություն է դպրոցի մասնագետներին, հներին, նորերին իրար հետ շփվելու, քննարկելու եւ հետաքրքիր ծրագրեր ու մտահղացումներ նախանշելու: Ըստ վարչության պետի` դա դպրոցի կոլեկտիվին հաջողվել է, քանզի հանդիսությանը ներկա են նախկին մանկավարժներն ու շրջանավարտները, կրթության պատասխանատուներ, դպրոցին սատարող անձինք: Նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից կրթօջախին նվիրեց համակարգիչ, ինչպես նաեւ դպրոցի փոխտնօրեններ, մաթեմատիկայի ուսուցիչ Ռաֆիկ Միքայելյանին, Ժաննա Վարդանյանին, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանին հանձնեց Սյունիքի մարզպետի շնորհակալագրերը` մատաղ սերդնի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի խորհրդական Արմեն Սարգսյանը հաջողություններ մաղթելով կրթօջախի կոլեկտիվին, մի խումբ ուսուցիչների հանձնեց պատվոգրեր: Հանդիսությանը մասնակցում էր Կամո Առուստամյանի կրտսեր որդին` Հենրիկ Առուստամյանը, ով երախտագիտություն հայտնեց հոր հիշատակը հարգելու համար եւ նրա անունը կրող դասարանին նվիրեց մի գեղանկար:

Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ, դասվար Անահիտ Առաքելյանը կրթօջախի հնաբնակներից է, իր ձեւակերպմամբ` N13 դպրոցի զանգի առաջին ղողանջի հետ է մտել դասարան: Եվ իր խոսքում հոգու պարտք համարեց հիշել կյանքից հեռացած մանկավարժներին` Կամո Առուստամյան, Լենդրոշ Ղազարյան, Հմայակ Գալստյան, Երմոնյա Ավանեսյան, Օլեգ Ղոնյան, Անուշ Մանուչարյան, Անուշ Հովսեփյան, Սուսաննա Թումանյան, Ժաննա Բաբայան, Ռուբիկ Բաղդասարյան, Ժորա Մարության, Քնարիկ Վարդանյան: Մանկավարժն իր ելույթում հանդես եկավ խոստովանությամբ. «Եթե նորից սկսեի աշխատանքային գործունեությունս, նորից կընտրեի մանկավարժի մասնագիտությունը, նախ` սիրում եմ երեխաներին, ապա` բերկրանք եմ ստանում ստեղծագործական աշխատանքից: Եկեք կրթենք, դաստիարակենք մի սերունդ, որ կլինի համամարդկային արժեքների կրող, որ կկարողանա վերացնել մարդու անհատականությունը կաշկանդող աներեւույթ շղթաները»:

Ողջերթի խոսքեր ասացին դպրոցի 2012-13 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահ Անի Առաքելյանը, ծնող Էվա Մանուչարյանը, ով իր ելույթի մի մասը ձեւակերպեց չափածո, Կապանի տարածքային կրթության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Էմմա Առաքելյանը: Վերջինս եւ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը դպրոցի ուսուցիչներին եւ մյուս աշխատողներին հանձնեցին շնորհակալագրեր եւ պատվոգրեր:

N13 հիմնական դպրոցի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսությունը համեմվեց դպրոցականների երգ ու պարով, ասմունքով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25