Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց

10.07.2021 22:17
3687

Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մեկնաբանեց թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:

«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», - ասաց գեներալը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:

«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», - նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:

Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:

Հուլիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են: Նա ասել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:

Միջազգային մամուլը գրում է, որ ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները նորանոր տարածքներ են նվաճում երկրի հյուսիսային շրջաններում՝ մոտենալով Տաջիկստանի հետ սահմանին: Իսկ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներն ու աֆղանական կառավարական բանակի սահմանապահները փախչում են Տաջիկստան՝ իսլամիստներից փրկվելու համար: Որոշ տեղեկություններով՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանի ավելի քան 70 տոկոսն արդեն գտնվում է թալիբների վերահսկողության տակ:

Նորատ Տեր-Գրիգորյանցը մասնակցել է Աֆղանստանում մոջահեդների դեմ խորհրդային զորքերի վարած ռազմական գործողություններին: 1980 թվականին գերազանցությամբ ավարտելով ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան՝ գեներալ-մայոր Տեր-Գրիգորյանցը գործուղվում է Տաշքենդ՝ որպես Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ և նույն տարում ուղարկվում է Աֆղանստան, որտեղ խորհրդային բանակը ինտերնացիոնալ առաքելություն էր իրականացնում Աֆղանստանի կառավարության խնդրանքով: Տեր-Գրիգորյանցը նախ նշանակվել է Քաբուլում տեղակայված օպերատիվ խմբի ղեկավար, իսկ 1981-83 թթ.-ին եղել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ՝ հրամանատար առաջին տեղակալ: Հայազգի տաղանդավոր զինվորականի հրամանատարությամբ են Աֆղանստանում իրականացվել մի շարք փայլուն օպերացիաների, այդ թվում՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերյան օպերացիան Ահմադ Շահի զինյալ ջոկատների դեմ:

Մինչև 1991 թ. վերջերը ծառայելով ԽՍՀՄ ԶՈՒ Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ 1992 թ. կեսերին գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրավեր է ստացել գալու Հայաստան և կազմակերպելու նորաստեղծ հայկական պետության զինված ուժերի ձևավորումը: 1992 թ. օգոստոսի 10-ին Տեր-Գրիգորյանցը ՀՀ նախագահի հրամանով նշանակվվել է ՀՀ Զինված ուժերի հրամանատար, իսկ հետո՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ (1992-1995 թթ.): 1993 թվականին նաև եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը: 4 տարի ծառայելով հայկական բանակում՝ 1995-ին գեներալը վերադարձել է Մոսկվա: Գեներալ-լեյտենան Նորատ Տեր-Գրիգորյանցը ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է: Ներկայումս բնակվում է Մոսկվայում:

 

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17