... Եվ Չեխիայում հնչեց Գորիս անունը

16.12.2022 14:37
2839

Տիպիկ հայկական դիմագծեր՝ խոհուն հայացք, կոկիկ սանրվածք, խոշոր աչքեր, թավ հոնքեր, ոսկեղենիկ հայերենով մտքերի անկաշկանդ շարադրանք, որևէ հարցադրմանը պատասխանելուց առաջ՝ հանգիստ պահվածք, բայց և՝ ուշադրության սևեռում, մտքերի կենտրոնացում... 15-ամյա Դավիթ Հարությունյանն է՝ Գորիսից, ում հետ հանդիպման առիթը երգարվեստում նրա ունեցած հաջողություններն են, ինձ հետաքրքրողը՝ նրա բնավորության այնպիսի գծերի հայտնաբերումն ու բացահայտումը, որոնք սիրած մասնագիտության հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումն ու նպատակասլացությունը նրան դարձրել են իր ընտրած կյանքի տեսլականին ու երջանիկ ապագային ձգտող խոստումնալից երիտասարդ արվեստագետ: Հայրը՝ Վարդանը, Գորիսի հաստատություններից մեկում ավտոտնտեսության պետ է, մայրը՝ Նոնան, համակարգչային օպերատոր: Ընտանիքում տիրում է սեր և համերաշխություն, իսկ ավանդապահ ծնողների մարդամոտության ու հյուրասիրության հետքն էլ իր գործն է արել. ամեն անգամ, երբ տանը  որևէ միջոցառում էր, փոքրիկ Դավիթը կարծես եռում էր. հյուրասենյակի մի անկյունը բեմի էր վերածվում, տունը՝ փոքրիկ հանդիսասրահի, ուր բոլոր հանդիսականները գրավել են իրենց տեղերը. ծնողներ, բարեկամներ, հարևաններ, ընկերներ... «Միջոցառումը» տարբեր մասերից է կազմված, գործող անձը՝ մեկ հոգի. Դավիթը և՛ հանդիսավար է, և՛ հայկական ազգագրական պարերի մենակատար, հայրենասիրական ու ժողովրդական երգերի կատարող...

Յոթ տարեկանից սկսած՝ արդեն ուներ նախընտրած ստեղծագործողների բազմաժանր երգացանկ, որոնց ազատորեն տիրապետում էր՝ ռազմահայրենասիրական, աշուղական-գուսանական-ժողովրդական, էստրադային, դասական: Ընտանեկան միջոցառումներում և դպրոցի կոլեկտիվի առջև բազմիցս կատարած նրա վաղ մանկության տարիների սիրելի երգն ունկնդիրների համար դեռևս ամբողջովին չբացահայտված հայտնագործություն էր, իսկ իր համար՝ երաժշտարվեստի ապագայի կայացման գործում՝ երգ-երգոց. Արաբո Իսպիրյան. «Տուն իմ հայրենի»:

Խաղաղ անկյուններից մեկում Գորիսի անդորրը վայելում ենք երեքով. ես, պատանի Դավիթն ու հայրը՝ Վարդանը. «Այդպիսի հավաքների ժամանակ մեր տունն իսկական տոնախմբության էր վերածվում: Հենց այդ ժամանակ բարեկամներից մեկն արդեն «օծել» էր Դավիթին՝ «Փոքրիկն անպայման բեմի մարդ է դառնալու»: Դավիթը մեղմ ժպտում է և ի նշան համաձայնության՝ լրացնում հորը.

- Ես դեռ չէի հասկանում, թե ինչ է մշակույթը, բայց մեր տանը, դպրոցում, բակում, ընկերներիս շրջապատում միշտ նրանց առաջարկում էի կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք մեզ կուրախացնեին և մեր առօրյան կդարձնեին առավել իմաստալից: Խոսափողը ձեռքիս ինձ հանդիսավար էի երևակայում, երգում, պարում էի՝ ընկերներիս մասնակից դարձնելով այս ամենին: Բոլորն էլ մասնակցում էին, բոլորս էլ ուրախ էինք: Այնքան սիրեցի երաժշտությունը, որ անընդհատ մտածում էի. «Ե՞րբ կլինի՝ ընդունվեմ երաժշտական դպրոց»:

Երաժշտությունից բացի, Դավիթի մյուս  զբաղմունքներն ազատ ժամանակը «հաճելին՝ օգտակարի հետ» սկզբունքի համատեղում էր: Դեռ վեց տարեկան էր (տարիքը չէր համապատասխանում երաժշտական դպրոց ընդունվելու համար), որոշեց զբաղվել սպորտով: «Շոտոկան կարատե-դո»-ի  քառամյա պարապմունքներում մարզիչ Նորայր Ստեփանյանի շնորհիվ ստացավ վարպետության նախավերջին կարգ՝ շագանակագույն գոտի: Ստեփանակերտում և Գորիսում «Հայաստան-Արցախ» և Սյունիքի մարզային առաջնություններում զբաղեցրեց 2-րդ և 3-րդ տեղերը: Կարատեից հետո մարզական կյանքը շարունակեց՝ զբաղվելով սիրողական ըմբշամարտով:

- Երգն ու սպորտը մարդուն ինքնակրթում, զարգացնում են: Սպորտի միջոցով սովորել եմ ինքնատիրապետում, համբերատարություն, նախաձեռնողականություն: Ֆիզիկապես կոփվեցի, ձեռք բերեցի մարտարվեստի գիտելիքներ, անհրաժեշտության դեպքում տարբեր իրավիճակներում կարող եմ օգտագործել ինքնապաշտպանական հնարքներ: Բնավորությանս մեջ տեղի ունեցան զգալի փոփոխություններ. խստապահանջ կենցաղավարություն, կամային հատկություններ, պատասխանատվության զգացում՝ ամեն գործի հանդեպ: Բայց երազանքների երազանքս դեռ անկատար էր... «Կյանքիս նպատակը հենց երաժշտության հետ էր կապված», - ասում է Դավիթը:

Տասը տարեկանում ընդունվել է Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի «Վոկալ» բաժինը, որին զուգահեռ, նախընտրել է նաև որևէ երաժշտական գործիքի տիրապետման ցանկությունը՝ ընդունվելով դաշնամուրի բաժին: Քննության ժամանակ ճակատագրական էր ողջ ներշնչանքով սեփական երգացանկի թալիսման՝ «Տուն իմ հայրենի» երգի ակապելլա կատարումն ու մասնագիտական խորհրդի բարձր գնահատականը. խորհրդի կազմում ընդգրկված անձինք քաջալերեցին դպրոցի ապագա շնորհալի սանին:

Ուսուցիչ Աստղիկ Խոջաբաղյանը Դավիթին դասավանդեց չորս տարի. նա իր սանի մեջ խորացրեց տարբեր ժանրերի համաշխարհային լավագույն ստեղծագործությունների հանդեպ սերը, ձայնային կատարելության հասնելու և բեմական երգարվեստին առնչվող չափորոշիչները, բարձունքների նվաճման գաղտնիքները: Դավիթը վերհիշում է տարբեր տարիների իր լավագույն կատարումները. ազգագրական երգ՝ «Տուն իմ հայրենի», ժողովրդական երգ՝ «Սարերի հովին մեռնեմ», գուսանական երգ՝ «Զեփյուռի նման», էստրադային երգ՝ «Քույր իմ նազելի», «Կյանք ու կռիվ», դասական երգ՝ «Փոքրիկ վարդը», «Սանտա Լուչիա»…

Դավիթը մասնակցել է դպրոցական, համայնքային, մարզային, հանրապետական և միջազգային 50-ից ավելի միջոցառման՝ համերգային ծրագիր, փառատոն, մրցույթ և այլն: Նրա հաջողությունների շքահանդեսի մեկնարկը 2019 թվականին էր. դասատու Աստղիկ Խոջաբաղյանի տքնաջան պարապմունքներից մեկի ժամանակ Դավիթը որոշեց մասնակցել և հաղթել «Արմենիա» հեռուստատեսության կազմակերպած «I Like It» մանկական երաժշտական մրցույթում: Մի քանի շաբաթ տևած և բազմաթիվ փուլերով անցկացված մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ժյուրին 1200 մասնակցից ընտրեց 40 լավագույն կատարողի, որոնց թվում էր Դավիթ Հարությունյանը: Դա մեծ ազդակ էր երգչի հետագա հաջողությունների համար:

Տնային պայմաններում ինքնուսուցմանը զուգընթաց, երաժշտական դպրոցի մասնագիտական պարապմունքները վերելք էին ապրում, բայց 2020թ. համավարակը խառնեց շատերի ծրագրերը: Համատարած անորոշություն էր ու տագնապ: Ի տարբերություն հանրակրթական հաստատությունների, երաժշտական դպրոցներում հեռավար պարապմունքներ չկային՝ համակարգչով հնարավոր չէր իրականացնել մասնագիտական վոկալ դասընթացներ:

Դրան գումարվեց մեծ արհավիրքը. 2020թ. աշունը սևով պատեց հայոց երկնակամարը: Արցախյան 44-օրյա ահարկու պատերազմ... Բազմաթիվ զոհեր, չնույնականացված դիակներ, անհետ կորածներ, գերիներ, թշնամու կողմից զավթված հայկական տարածքներ... Համատարած ընկճվածություն... Մինչդեռ, Դավիթը, որպես երաժշտության սիրահար և արդեն կայացող երաժիշտ, 2020-21թթ. ոգեպես չընկճվեց, այլ սեփական նախաձեռնությամբ նորանոր բազմաժանր երգեր սովորեց և դրանց կատարումը հասցրեց բարձր աստիճանի: Ճգնաժամը նաև նոր, դեռևս չբացահայտված  հնարավորությունների ճանապարհ է հարթում. համավարակի պատճառով ողջ տարվա հարկադիր պարապուրդից հետո, Դավիթի ինքնուրույն պարապմունքներն օգնեցին 2021-22թթ. բոլոր կիսամյակների երգացանկը թարմացնել, և նոր ուսուցչի՝ Նարեկ  Մկրտունցի օրոք, նորովի շարունակել երաժշտարվեստում իր հաղթարշավը:

2021թ. Գորիսում մշակութային բում էր՝ «Տաղանդների շոու» երաժշտական փառատոն: Քաղաքի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մայրաքաղաքից ժամանած պրոֆեսիոնալ ժյուրին Գորիսի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի 40 շնորհալի պատանի երաժիշտներից պետք է ընտրեր հաղթանակի հավակնորդ մրցանակակիրներին: Երգի փառատոնը կարծես մարզական համառ ու անզիջում պայքար լիներ: Դավիթը դիմեց մասնագիտական հնարամտության.  քանզի արդեն վարպետորեն տիրապետում էր երաժշտական գործիքավորմամբ տարբեր ժանրերի կատարմանը, մտածելով, որ պրոֆեսիոնալ ժյուրին մշտապես նախապատվությունը տալիս է ակապելլայի անթերի կատարմանը, երգեց «Սարերի հովին մեռնեմ»  ժողովրդական երգը: Դավիթի կանխազգացումը կանխորոշեց հաղթանակը. շոուում նվաճեց 1-ին մրցանակային տեղը, ստացավ մեդալ և մրցանակ. ընտանիքով՝  հաճելի հանգիստ «Երևան պարկ»-ում: Ծնողներն ու քույրերն անսահման բերկրանք էին ապրում, որ Դավիթն իր հաղթանակով այսպիսի անսպասելի հաճելի նվեր մատուցեց ընտանիքին:

2022թ. ապրիլին երաժշտական դպրոցի տնօրենությունը (տնօրեն՝ Մադորա Սևլիկյան) հանդես եկավ իր տեսակի մեջ եզակի երևանյան խոշոր մրցույթներից մեկին մասնակցելու նախաձեռնությամբ: Մայրաքաղաքի խոշոր դահլիճներից մեկում կայացավ «Արտ մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնը, որն անց էր կացվում տարբեր տարիքային խմբերի միջև և ընդգրկում էր գեղանկարչության, թատերականացված բեմականացման, ասմունքի, երգի, պարի ասպարեզներում հաջողության հասած մոտ 2000 շնորհալի երիտասարդի: Մասնակիցներին վաղօրոք հատկացված հարմարավետ փորձասենյակներից մեկում Դավիթն իր ուսուցչի հետ գիշերուզօր պարապմունքներ էր անցկացնում, մրցույթում ողջ կարողություններով ներկայանալու և անպայման հաղթելու վճռականությամբ: «Արտ մյուզիք»-ի քանի շաբաթ տևած մրցումներում «Ջազ, էստրադա» բաժնի 14-17 տարեկանների խմբում Դավիթը բազմաթիվ հանդիսականների և ժյուրիի առջև ներկայացավ արտասահմանյան և հայկական էստրադային երգի երկու կատարումով, որոնք միմյանցից տարբերվում էին ռիթմայնությամբ, ձայնային դիապազոնների ընդգրկունությամբ: Դավիթի հնչեղ ձայնին հետևեց դահլիճի քար-լռությունը. «Human - Rag‘ n‘ Bone Man» և «Կյանք ու կռիվ Human» երգերի կատարումները փայլուն էին: Դավիթը նախ դա զգաց հենց երգերի ընթացքում դահլիճի՝ կրկներգին համահունչ ռիթմիկ ծափահարություններից, իսկ վերջում՝ ժյուրիի բարձր տրամադրություն արտահայտող անթաքույց ժպիտներից: Դավիթը գրավեց երկրորդ տեղը և «Արտ մյուզիք հոլդինգի» կողմից ընդգրկվեց 2022թ. օգոստոսին Չեխիայում կայանալիք միջազգային փառատոնի մասնակիցների ցանկում: Միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորությունը Դավիթին խուճապի չմատնեց. նրա երաժշտական առաջընթացի ապահովումը, հանգստությունն ու ուժերը նպատակի վրա կենտրոնացնելն ուսուցիչ Նարեկ  Մկրտունցի շնորհներն են:

Եվ ահա բաղձալի պահը մոտենում է... 2022թ. օգոստոսի 8-ին Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի «Վոկալ» բաժնի ուսուցիչ Նարեկ Մկրտունցը և  նրա շնորհալի աշակերտ Դավիթ Հարությունյանը Պրահայի միջազգային օդանավակայանում են, իսկ հաջորդ օրը՝ պատասխանատու համերգն է՝ «Պրահայի աստղեր» 33-րդ միջազգային փառատոնը՝ 15 երկրից ժամանած 200 մասնակիցներով:

Գորիսից ժամանած երգչի ելույթն այստեղ էլ պսակվեց հաջողությամբ: Դավիթի երազանքն իրականացավ. նա գրավեց 2-րդ տեղը:

Չեխիայի միջազգային հարթակից հնչեցին «ՀԱՅԱՍՏԱՆ, ԳՈՐԻՍ, ՀԱՂԹԱՆԱԿ» բառերը...

Վաչե Մկրտչյան

 

Աղազարյանը վերջնական որոշեց Փաշինյանին մերժել. մանդատը վայր չի դնի

02.12.2024 22:01

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57