Գեւորգ Փարսյան. «Եթե ամեն ինչ սահուն ընթանա, 5 տարի հետո Կապանը պետք է լինի ինչպես եվրոպական փոքր քաղաք»

01.08.2022 16:49
3141

Պատերազմից հետո գյուղատնտեսությունը տուժել է

44-օրյա պատերազմը շոշափելի բացասական ազդեցություն է ունեցել սահմանապահ դարձած Կապան համայնքի վրա: Խոշորացված այս համայնքում կա 39 բնակավայր, որոնցից միայն մեկն է քաղաք, իսկ 38-ը գյուղեր են: Ու չնայած բուն քաղաքը հայտնի է որպես հանքարդյունաբերական կենտրոն, Աղվանիից մինչեւ Ծավ ու Շիշկերտ ձգվող համայնքի բնակավայրերի մեծ մասում շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է:

Հայ-ադրբեջանական ներկա առաջնագծի մի մասն անցնում է Կապան համայնքի երկայնքով. քաղաքն ու 18 գյուղ դարձել են սահմանապահ, դրանց տարածքում հայտնվել են նոր հենակետեր, Ծավ ու Ներքին Հանդ գյուղերի հատվածում էլ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք: Սրանք գործոններ են, որոնք անմիջական ազդեցություն են թողել գյուղատնտեսության վրա:

Համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ պատերազմից հետո կրճատվել են Կապանի որոշ բնակավայրերի վարելահողերն ու խոտհարքները, նվազել են նաեւ անտառային տնտեսության տարածքները: Այս ամենը պայմանավորված է ոչ թե սահմանների փոփոխությամբ (դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել), այլ անվտանգության միջոցառումներով, այսինքն՝ գյուղատնտեսական նշանակության հողերն ու անտառները անհասանելի են դարձել մարդկանց, քանի որ հիմա դրանց վրա տեղակայվել են պաշտպանական ենթակառուցվածքներ, տարածքների մի մասն էլ դիտարկվում է թշնամու կողմից:

«Գյուղատնտեսության մեջ՝ թե՛ հողամշակման, թե՛ անասնապահության ոլորտներում, լուրջ կրճատում ունենք։ Հատկապես խոշոր եղջերավորների գլխաքանակի նվազում ունենք։ Տոկոսային առումով, կարծում եմ, ընդհանուր անասնագլխաքանակի 20-30 տոկոս նվազում ունենք այդ գյուղերում (նկատի ունի անմիջապես սահմանին հայտնված գյուղերը – հեղ.)։ Տասնյակ հեկտարներով չմշակվող վարելահողեր ունենք»,- նշում է համայնքապետ Փարսյանը՝ նկատելով, որ պատճառը ոչ միայն հասանելի հողերի նվազումն է, այլեւ ֆիզիկական անվտանգությունը:  

Դեպքեր են եղել, երբ անասունները մտել են հակամարտ զորքերի շփման գոտի ու պայթել ականների վրա: Որոշ դեպքերում կենդանիները անցել են շփման գծից այն կողմ, ու ադրբեջանցիները դրանց չեն վերադարձրել, բայց, ըստ Փարսյանի, բազմաթիվ դեպքերում ռուս սահմանապահների միջնորդությամբ անասունները հետ են բերվել:

Կապանի հատվածում ծառայություն են իրականացնում թե՛ հայ, թե՛ ռուս սահմանապահները: «Հետքի» զրուցակիցը կարեւոր է համարում ռուսական ուժերի ներկայությունն ու նշում, որ այն միանշանակ թշնամուն զսպող ու անվտանգության մթնոլորտ ձեւավորող լրացուցիչ գործոն է։

2020-ից հետո ստացվել է այնպես, որ Կապանի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն շուրջ 40 բնակավայր պիտի կառավարի, այլեւ զբաղվի սահմանային ու անվտանգային հարցերով: Հարցին, թե ինչ է նշանակում սահմանապահ համայնքի ղեկավար լինելը, Գեւորգ Փարսյանը պատասխանում է. «Նշանակում է ամեն պահի լինել զգոն, աչալուրջ, ամեն ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Շատ դեպքերում պետք է անես այն, ինչն առհասարակ քո լիազորություններից, պարտականություններից դուրս է: Պատահական չէ, որ անմիջապես պատերազմից հետո ունեմ երրորդ տեղակալը համայնքի անվտանգության գծով, ինչպես նաեւ խորհրդական համայնքի անվտանգության ապահովման գծով։ Երկուսն էլ լուրջ, պրոֆեսիոնալ նախկին զինվորականներ են»։

Անվտանգային ռիսկերի պայմաններում արտագաղթը շատ քիչ է. պատճառը մեկն է

Անվտանգային ռիսկերի առաջացման ու կենսապայմանների նվազման դեպքում հաճախ հարցի լուծում է դառնում արտագաղթը, բայց Կապանի ղեկավարն ասում է, որ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո համայնքից արտագաղթը շատ քիչ է: «Դա պայմանավորված է մեկ հանգամանքով՝ սոցիալապես համեմատաբար ապահովված լինելով։ Իհարկե, դա կապ ունի հանքարդյունաբերության, դրա հետ առնչություն ունեցող կազմակերպությունների հետ»,- նշում է «Հետքի» զրուցակիցը՝ հավելելով, որ եթե սոցիալական ապահովվածության գործոնը չլինի, սահմանին առկա իրավիճակը, իր համոզմամբ, հանգեցնելու է տխուր պատկերի՝ մեծ արտագաղթի:

«Այսօրվա դրությամբ համեմատության մեջ կապանցին ունի աշխատանք, եկամտի աղբյուր, սոցիալապես անվտանգ է զգում, դրա համար չի ձգտում հեռանալ նույնիսկ այն պարագայում, երբ սահմանային անվտանգության խնդիր կա,- նկատում է համայնքի ղեկավարը,- բայց եթե հանկարծ սոցիալական խնդիրները խորանան, ինչն արդեն նկատելի է գնաճի այս պայմաններում, դա բերելու է արտագաղթի։ Իշխանություններին էլ եմ ասել՝ մեզ մոտ չկա արտագաղթ այդ պատճառով։ Բայց եթե Կապանում իրավիճակի փոփոխություն լինի, մենք վատ պատկեր ենք ունենալու»։

Չի բացառվում, որ իրանցիների համար Կապան այցելելու լրացուցիչ խթան դառնա Սյունիքի մարզկենտրոնում առաջիկայում Իրանի հյուպատոսության բացումը։ 

Ըստ համայնքի ղեկավարի` քանի որ Կապանը արդյունաբերական քաղաք է, եւ այստեղ տնտեսության դոմինանտ ճյուղը հանքարդյունաբերությունն է, տուրիզմին ուշադրություն քիչ է հատկացվել: «Բրենդինգի խնդիր կա։ Հիմա փորձում ենք դրա վրա ուշադրություն դարձնել, թեկուզ ասեմ, որ պատերազմը մեզ շատ-շատ խանգարեց: Մի կողմից՝ խոսում ենք անվտանգությունից, մյուս կողմից՝ տուրիզմի զարգացումից, արտասովոր բան է։ Բայց ասեմ, որ հաշվի առնելով Կապանի բնությունը, պոտենցիալը՝ թվում է, թե տարեցտարի հետաքրքրությունը դեպի Կապան ավելանում է»,- նկատում է մեր զրուցակիցը:

Վերջին շրջանում, չնայած պատերազմի հետեւանքներին, քաղաքում նկատելի է զբոսաշրջային ենթակառուցվածքների աշխուժությունը՝ տուրիզմի ոլորտի նոր օբյեկտներ են բացվում: Այդուհանդերձ, համայնքապետը չի թաքցնում, որ այդ ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան, չնայած աճն էլ տեսանելի է: 

Դիտարկմանը, թե ենթակառուցվածքներ ստեղծվեցին նաեւ պատերազմից կարճ ժամանակ անց, Գեւորգ Փարսյանն արձագանքում է. «Երբ խոսեցինք արտագաղթից, ասացի, որ տխուր պատկեր կարող է ունենանք, բայց նաեւ շատ հայրենասեր, իրենց հողը, ծննդավայրը սիրող քաղաքացիներ ունենք, որոնք, համոզված եմ, ոչ մի պարագայում չեն հեռանալու, նույնիսկ եթե ամենասուղ վիճակում հայտնվեն։ Մենք չենք պատրաստվում ինչ-որ մի բան զիջել, հեռանալ, ամուր կանգնած ենք մեր ծննդավայրում, մեր հողի վրա»։

Խոսելով համայնքի քայլ առ քայլ զարգացման մասին՝ 2018-ից Կապանը ղեկավարող Փարսյանը նշում է. «Անցած տարի այսպիսի մի բան էի ասել, որ եթե ամեն ինչ սահուն ընթանա, 5 տարի հետո Կապանը պետք է ունենանք այնպիսին, ինչպիսին եվրոպական փոքր քաղաքներն են: Մեր ձգտումն այդ ուղղությամբ է՝ եվրոպական, բայց մեր բարոյական բարքերով»: Սա ասելուց հետո ծիծաղում է:

Կառավարումը խոշորացումից հետո բարդ է, բայց արդյունավետ

Ինչպես ասվեց, Կապան համայնքը ներառում է 39 բնակավայր, որոնք խոշորացվել ու միավորվել են 2017-ին: Ընդհանրապես, խոշորացումը Հայաստանում ցավոտ գործընթաց է եղել շատ բնակավայրերի համար: Կոնկրետ Կապանում այն ունի որոշ առանձնահատկություններ. բանն այն է, որ, օրինակ, համայնքի ամենահյուսիսային բնակավայրը` Աղվանին, համայնքային կենտրոն Կապան քաղաքից ճանապարհով հեռու է 34 կմ, իսկ հարավային կողմում ամենահեռուն Շիշկերտն է, որից մինչեւ Կապան 47 կմ է: Այսինքն՝ ծայրամասային բնակավայրերը բավական հեռու են քաղաքից, որտեղ կենտրոնացած են բնակչությանն անհրաժեշտ շատ ծառայություններ: Սրան հավելենք այն, որ 2021-ի նոյեմբերից հարավային ուղղության Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ գյուղերը կանգնել են կոմունիկացիոն խնդրի առաջ, քանի որ թշնամին արգելափակել է Կապանից եկող ճանապարհն, ու հիմա կառուցվում է նորը:

Ինչպե՞ս հանքարդյունաբերական քաղաքը դարձնել տուրիստական կենտրոն

Կապան քաղաքը գտնվում է Երեւանը հայ-իրանական սահմանին կապող Մ-2 (Երեւան-Գորիս-Կապան-Քաջարան-Մեղրի) միջպետական մայրուղու վրա: Համայնքի մի շարք գյուղեր էլ գտնվում են հանրապետական նշանակության Հ-45 (Շինուհայր-Տաթեւ-Աղվանի-Կապան) ճանապարհի վրա, որը 2021-ի նոյեմբերից՝ Գորիս-Կապան հատվածի փակվելուց հետո, մասամբ փոխարինում է Մ-2-ին:

Այսինքն՝ իրանցի զբոսաշրջիկներն ու բեռնափոխադրողները ցամաքով Հայաստան գալիս անպայման անցնում են Կապան քաղաքով եւ համայնքի մի շարք գյուղերով: Առաջին հայացքից թվում է, թե սա լավ հնարավորություն է համայնքի համար զբոսաշրջիկներ ընդունելու եւ տուրիզմին զարկ տալու տեսանկյունից: Ընդ որում` նման հնարավորություն Կապանի առաջ բացվել է այն պահից, երբ անկախությունից հետո սկսել է գործել հայ-իրանական հաղորդակցությունը: Այդուհանդերձ, մինչ օրս Սյունիքի մարզկենտրոնը, մեծ հաշվով, ընդամենը տարանցիկ բնակավայր է իրանցիների համար:   

Գեւորգ Փարսյանը եւս փաստում է, որ Իրանի հետ տնտեսական կապը մինչեւ հիմա չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ցանկալի կլիներ տեսնել. «Համենայն դեպս, կա պոտենցիալ, հնարավոր է այդ ամենը զարգացնել, բայց իրանցիների համար Կապանն ավելի շատ, ոնց որ, տարանցիկ հատված է»։ Հարցին, թե ինչն է խանգարում, պատասխանում է. «Մենք մեզ թե՛ իրանցիների, թե՛ միջազգային հանրության առաջ դրսեւորելու հնարավորություններ ունենք եւ պետք է դրսեւորենք, այսինքն՝ ներկայանալու խնդիր ունենք։ Մեր ոչ բոլոր հնարավորություններն ենք ներկայացրել։ Եթե խոսենք իրանցի զբոսաշրջիկների մասին, նրանք ավելի շատ Կապանով անցնում են դեպի Երեւան, որովհետեւ Երեւանն ու Հայաստանի որոշ հատվածներ ավելի շատ ու լավ են ներկայացված նրանց։ Կապանը լուրջ պոտենցիալ ունի զբոսաշրջության զարգացման համար՝ բնությունը, ռելիեֆը, աշխարհագրական դիրքը, բայց մենք դեռ չենք իրացրել մեզ այդ ոլորտում»։

Համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը խոստովանում է, որ քաղաքն ու 38 գյուղ կառավարելը բարդ է: Նշում է, որ շաբաթվա 5 օրն ինքը քաղաքում է լինում, շաբաթ-կիրակի՝ գյուղերում: Համայնքապետի 3 տեղակալներից մեկը պատասխանատու է հենց գյուղերի համար, ու, ըստ Փարսյանի, ամեն օր լինում է այդ բնակավայրերում: «Կառավարման առումով ծանր է, բայց արդյունավետության առումով գնահատում եմ արդյունավետ»,- ասում է Կապանի համայնքապետը։

Գ. Փարսյանը խոշորացմանը, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում ու դա հիմնավորում է խոշորացման բերած փոփոխություններից մեկով. «Այսօրվա դրությամբ գյուղական բնակավայրերում այնպիսի ծրագրեր ենք կարողանում անել, որ նախկինում նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել։ Այսպես ասեմ՝ մի գյուղում կարող է մի տարվա մեջ 180 մլն դրամի ծրագիր իրականացնենք՝ խմելու ջրի կամ ոռոգման ցանց կառուցենք։ Բացառվում է, որ նախկին գյուղական համայնքը կարողանար այդպիսի ծրագիր իրականացնել, ինչքան էլ պոտենցիալ ունենար։ Այդ առումով դրական եմ համարում խոշորացումը»:

https://hetq.am/

Մարինե Մարտիրոսյան

Վահե Սարուխանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25