Գնդապետ Արթուր Թումանյան. «Ամենամեծ պարգեւն ու գնահատականը եղել եւ մնում է իմ խիղճը»

18.10.2017 11:06
1990

Արթուր Վալերիի Թումանյանը ծնվել է 1978 թվականին, Երեւանում, ավարտել տեղի թիվ 20 միջնակարգ դպրոցը:


1995-1999 թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:


1999-2003 թթ. ծառայել է ՀՀ Զու հարավ-արեւմտյան զորամասում, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:


2003-2005 թթ. ուսանել եւ ավարտել է ՌԴ ռազմական համալսարանը:


2005-2009 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:


2009-2011 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության ԳԴՊ բաժնի տեղեկատվական-դաստիարակչական բաժանմունքի ավագ սպա:


2011-2015 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:


2015 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնին, որտեղ ծառայում է մինչեւ այսօր:


Արժանացել է ՀՀ ՊՆ գերատեսչական բազմաթիվ մեդալների եւ պատվոգրերի:


2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» կառավարական մեդալի:


Ամուսնացած է, ունի երկու զավակ:


- Պարոն գնդապետ, սկսենք նրանից, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել եք «Մարտական ծառայություն» մեդալի:
Շնորհավորում ենք:


Ինչպիսի՞ զգացողություն է կառավարական բարձր պարգեւի արժանանալը:


- Շնորհակալություն: Սեփական փորձից ասեմ՝ բոլոր պարգեւներն են սպայի համար բարձր, տարիների համեմատականով դրանք որակապես փոխվում են` էությամբ մնալով նույնը:


Այս պարգեւի զգացողությունը նույնպես հաճելի էր, բնականաբար, այն տարբերվում էր նախորդ բոլոր զգացողություններից: Եթե ասեմ՝ հպարտության, եւս մեկ քայլ նպատակիդ մոտենալու զգացում էր, քիչ կլինի: Գոհունակություն, երախտագիտություն ես ապրում, որ այդպիսի բարձր մակարդակով նկատվել եւ գնահատվել է տարիների աշխատանքդ, հասկանում ես, որ զուր չի անցել տքնանքդ, հայրենիքի, քո ժողովրդի առջեւ պատասխանատվությունդ է մեծանում:


Նկատեմ՝ սկսած առաջին պարգեւ-պատվոգրից, շնոհակալագրից, բոլոր տեսակի պարգեւներն են սպային պատասխանատվության զգացողություն պարգեւում, էլ ավելի պարտավորեցնում, որ դու պետք է, կարող ես եւ պարտավոր ես առավելին հասնել ընտրածդ սուրբ գործում:


Իսկ կառավարական պարգեւը կրկնապատկում է այդ պարտավորությունը, մեծ իմաստով ես այն համարում եմ բոլորիս՝ զորամիավորման հրամանատարի, ԱՀՏԱ սպաների, ինչու՞ ոչ, նաեւ՝ յուրաքանչյուր կարգապահ զինվորի պարգեւ:


Ի դեպ, խորհրդանշական է, միաժամանակ՝ պատիվ, որ 2005 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելով ՀՀ պաշտպանության նախարար, ինձ պարգեւատրել է պատվոգրով՝ ՌԴ ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ:


- Հիշեցի՞ք Ձեր առաջին մեդալը, որին արժանացել եք:


- Այո, ակամա վերլուծելով անցածդ ճանապարհը, հիշում ես առաջին պատվոգիրը, շնորհակալագիրը, երբ բոլորովին պատանի՝ երջանիկ ու հպարտ քայլում էիր շարքի առջեւով, հրամանատարի կողմից արժանանում գնահատանքի:


Առաջին գերատեսչական մեդալը, որին արժանացել եմ, «Գարեգին Նժդեհ»-ն էր: Այն ինձ համար մեկ այլ խորհուրդ եւ նշանակություն ուներ:


Հաջորդը «Վազգեն Սարգսյան» մեդալն էր, որն էլ դարձյալ խորհրդանշական էր. այդ ժամանակ ես ծառայում էի Արարատում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում:


Այն ինձ հանձնվեց Արարատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ: Օրն էլ մայիսի 9-նն էր: Տեսեք, քանի խորհուրդ ուներ այդ մեդալը:


Բոլոր պարգեւները տվյալ ժամանակի մեջ կատարածդ գործին եւ փորձիդ համահունչ են, միաժամանակ՝ անփոխարինելի, հաճելի եւ պարտավորեցնող:


- Պարոն գնդապետ, լինելով ծնողներիդ մինուճար տղա զավակը, ինչպե՞ս նրանք ընդունեցին ՀՀ ԶՈՒ համակարգ մտնելու, սպայի ծանր եւ պատասխանատու գործին անցելու Ձեր որոշումը, այն էլ՝ ոչ ամենեւին բարենպաստ, կարելի է ասել, պատերազմական ժամանակներում:


- Շատ լավ, նորմալ ընդունեցին ծնողներս իմ որոշումը, մանավանդ՝ հայրս եւ պապս: Հայրս էլ ժամանակին ծառայել է համակարգում՝ աջակցելով զանազան գործերի: Պետություն, պետականություն սիրող մարդ է, նա ամենեւին դեմ չէր:


Պապս էր իսկական «մեղավորը», եթե կարելի է այսպես ասել: Մանկությունիցս ի վեր նա ինձ համար իսկական հայրենասիրության լեգենդ ու դաս էր, շատ էր պատմում Անդրանիկի, Նժդեհի մասին: Հաճախ էր ասում՝ ղարաբաղցիներին հալալ է, նրանք մինչեւ վերջ մնացին իրենց հողին ամուր կանգնած, պայքարեցին եւ հաղթանակեցին:


- Պարոն գնդապետ, անցնենք ծառայողական բուն խնդիրներին, խոսենք զորամիավորման կարգապահության մասին, քանի որ վերջինիս համար հիմնականում Դուք եք պատասխանատու:


- Մեկ բառով ասեմ՝ ցանկալի է այն լիներ ավելի բարձր մակարդակի վրա: Դա նշանակում է, որ կարգապահությունը քարացած վիճակ չէ, այն շարունակական, անընդհատ զարգացման, որակապես նոր մակարդակի հասնելու գործառույթի մեջ է: Կարգապահությունը իդեալական մակարդակի հասցնելու կոնկրետ ժամանակահատված չունի:


Այս պահին եւ ընդհանուր առմամբ՝ գնահատականը լավ է, գոհացնող, բայց դարձյալ իմ սրտով չէ:
Կարգապահությունը զորամիավորումում դրված է կանոնադրական հիմքերի վրա, պլանային աշխատանքները ճիշտ եւ ժամանակին կազմակերպվում, անց են կացվում՝ սկսած անհատական դաստիարակչական աշխատանքներից, անհատական մոտեցումից, մինչեւ՝ կոլեկտիվ աշխատանքներ:


Այսքանով հանդերձ, պետք է եւ այդպես էլ անում ենք, օրնիբուն, անընդմեջ կատարելագործվել, ձգտել այն վիճակին, երբ իսպառ կվերանան բանակի համար մերժելի, արատավոր երեւույթները, թեկուզ հենց՝ փողոցային բարքերը, ժարգոնը:


Գնահատական չտամ, մեր աշխատանքը գնահատում է վերադասը, մեր հրամանատարը:


- Եվ ինչպիսի՞ն է այն:


- Կարծում եմ, եթե ինձ արժանացրել են այս պարգեւին, ուրեմն աշխատանքս, զորքերում կարգապահական վիճակը դրական են գնահատել: Բայց, այստեղ մի մեծ բայց կա. չպետք է ոչ այս պարգեւով, ոչ տրված լավ գնահատականով սպան ննջի դափնիների վրա, առջեւում մեզ սպասում են շատ անելիքներ, տքնաջան աշխատանք:


- Պարոն գնդապետ, հայտնի է, թե որքան կարեւոր են անձնակազմի շրջանում զինծառայողների նորմալ փոխհարաբերությունների ապահովումը, փողոցային բարքերի դեմ տարվող պայքարը:
Ինչպե՞ս են իրականացվում դրանք:


- Կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, որոնք ուղղված են զինվորական կարգապահության ամրապնդմանը, միջանձնային հարաբերությունների կարգավորմանը: Վերջինիս վրա են հիմնվում բանակի ե՛ւ կարգապահությունը, ե՛ւ մարտունակությունը:


Ուզենք, թե՝ ոչ, բանակ են ներխուժում նաեւ դրսից եկող փողոցային բարքերը, կեղծ, արատավոր արժեքները, որոնց դեմ պայքարի հիմնական եղանակն ազգային ավանդույթների ներդնումն է բանակում, կապը զինծառայողի ընտանիքի հետ, ընդհանուր առմամբ՝ բանակ-հասարակություն կապն ամրապնդելն ու գործածական դարձնելը:


Դա գեղեցիկ տերմին, կամ պլանային փաստաթուղթ չէ. հասարակության, ընտանիքների հետ կապն ու հանդիպումներն էապես փոխում են զինծառայողի աշխարահայացքը, նրան դարձնում ավելի պատասխանատու, տեղեկացված, նաեւ՝ պաշտպանված եւ քաջալերված: Զինվորը չպետք է ծառայողական երկու տարին կտրվի հասարակական կյանքից, նա պետք է ներգրավվի ազգային ավանդույթների, տոների, մեր հարատեւ պատմության մեջ, գիտակցի, որ նրա կարեւոր մասնիկն է, որ ինքն էլ պատմություն եւ ավանդույթ է կերտում հայրենիքին ծառայելով:


Իհարկե, դա չի նշանակում, թե բանակ եկող երիտասարդը տեղյակ չէ մեր պատմությանը կամ ընդհանուր գիտելիքներ չունի: Ոչ ամենեւին: Նրանք դպրոց են հաճախել, կրթական հաստատություններ, կրթվել եւ դաստիարակվել են այդ դասերով, համապետական, քաղաքային, մարզային միջոցառումների են մասնակցել:


Բանակում դրանք էլ ավելի շատ են, ծրագրեր, բազմաթիվ համապետական միջոցառումներ, ուսումնական գործընթացներ կազմակերպելով, սկսած՝ ուսուցողականներից, միտված են մեր պատմության, ազգայինի ուսուցմանը, զինծառայողների կողմից նրանց արժեւորմանը, ազգ-բանակ, բանակ-հասարակություն իրողության լիարժեք գիտակցմանն ու գնահատմանը:


Արցախյան հերոսամարտի, Մեծ հայրենականի զոհերի, մեր հերոսների հուշարձաններին ծաղիկներ խոնահելն էլ ինքնանպատակ չէ: Հնարավոր է զինվորն իր քաղաքում, մարզում նրանց տեղն էլ չիմանար, բայց բանակ գալով՝ նա նաեւ այդ սուրբ պարտականությունն է կատարում, այդպիսով՝ վեհանում, սովորում, դաստիարակվում հայրենասիրության ոգով:

Դրանք մանրուքներ եւ ձեւական պարտականություններ չեն, կամ՝ պարտադրանք: Զինվորին ներգրավելով այդ միջոցառումներին՝ նա սկսում է արժեւորել, գնահատել այդ ամենը, եզրահանգումներ կատարել, ամենակարեւորը՝ հայ եւ հայ զինվոր լինելու հպարտությամբ է տոգորվում, որն ամենաբարձրն է:


- Պարոն գնդապետ, ազգ-բանակ իրողությունը, որն այսօր մոդել է կոչվում՝ զարգացման հեռանկարով, արդյո՞ք դարերով ամրապնդված մեր ազգային կերպն ու կենսակերպը չէ, ամենեւին չմոռացված հինը, որի վառ ապացույցը եղան Արցախյան հերոսամարտն ու քառօրյան, երբ իր քաջ զինվորի ու սպայի հետ ոտքի ելավ ողջ հայ ժողովուրդը, հայոց ոգին ծառացավ թշնամու սանձազերծած պատերազմի, լայնամասշտաբ պատերազմական գործողություների դեմ:


- Միանշանակ: Ուժեղ, հզոր անպարտ, ժողովրդի հետ համաձույլ բանակ ունենք, եւ, ինչպես ասում են, հզոր է հայոց ոգին՝ հզոր է հայոց բանակը:


Ճիշտ չէր լինի, եթե խոսեինք միայն դրսից բանակ մտնող հոռի բարքերի մասին, հավատացեք, դրանք էական տոկոս չեն կազմում:


Դրսից բանակ են գալիս նաեւ այնպիսի բարձր արժեքներ, ինչպիսիք են հայի ոգեղեն ուժը, նրա անխաթար գենով փոխանցված հայրենասիրությունը, խելացի, բազմագիտակ սերունդ, ով ծնողի, դպրոցի լավ դաստիարակությունն է ստացել: Այս ամենին գումարվում են բանակում ձեռք բերած մարտունակությունը, մարտական եւ կարգապահական գիտելիքները, բոլոր արժանիքներով իսկական հայ տղամարդ կայանալու ուսուցումն ու ամենօրյա մեր աշխատանքը:


Դա գերազանց երեւաց ապրիլյան օրերին, հետագա պատերազմական ամիսներին, երբ 18-20 տարեկան զինվորն իր պատրաստվածությամբ, աննախադեպ սխրանքներով, համախմբվածությամբ եւ հայրենասիրությամբ եկավ ու իր պատմությունը կերտեց, վստահեցրեց, որ մեր բանակը՝ հանձին երիտասարդ սերնդի, ամուր եւ հուսալի ձեռքերի մեջ է, որ այսօրվա զինվորը ոչ պակաս քաջ ու մարտունակ է իր նախորդներից, ովքեր Արցախյան հերոսամարտ էին մղել եւ հաղթանակել:


- Պարոն գնդապետ, այնուամենայնիվ, ծնող, հասարակություն, դպրոց եւ բանակ օղակում ո՞վ է առավել պատասխանատու, ու՞մ դերն է ավելի մեծ ապագա կարգապահ, մարտունակ զինվորի կայացման գործում:


- Բոլորի դերն էլ անգնահատելի եւ մեծ է, բայց ընտանիքն այդ օղակում կարեւորագույնն է, նրանից ամեն ինչ է կախված: Երբեմն ծնողին էլ կարելի է հասկանալ, նա զբաղված է լինում օրախնդիր հարցեր լուծելով, ընտանիքի գոյության, բարեկեցության համար հոգալով, եւ այս դժվարին պայքարում կարող է տուժել երեխայի դաստիարակությունը, ուսումը:


Դա, իհարկե, արդարացնող հանգամանք չէ, բայց, ասեմ, ծնողն իր օրինակով էլ կարող է դաս եւ ուսուցում լինել, պարտադիր չեն քարոզներն ու երկար զրույցները:


Գործնական շփումները երեխայի հետ, ծնողի ներկայությունն ու մասնակցությունը երեխային հուզող խնդիրներում, ինչ խոսք, շատ կարեւոր են, ինչպես նաեւ անփոխարինելի է ընտանիքում մեծերի՝ տատ ու պապերի առկայությունը, երբ ծնողները գերզբաղված են, երկար են բացակայում տնից:

Հիմնական շարժիչ եւ օգնության հասնող ուժը եղել եւ մնում է բոլորիս համար խորին-խոնարհում հայ մայրը, ով դարերից եկող հայրենապաշտության անշեջ տաճարն է եւ միշտ էլ ունեցել է հրաշագործ ազդեցություն մեր պատմության մեջ, ազգային տագնապներին, թե օրհասին՝ անձնվեր հայրենասիրության, հերոսության դասեր տվել, կանգնել իր որդու, ամուսնու կողքին, եղել նրա զինակից ընկերը:


Այսօր էլ հայ մայրը նույնն է, եւ քանի դեռ նրա սրբազան կաթով է սնվում հայ ժողովուրդը, հայոց երկիրն ու նրա բանակը միշտ անպարտ եւ հզոր են լինելու:


Մենք ազգովին պարտք ու խոնարհում ունենք հայ մայրերի առջեւ, որոնց ափերի մեջ կերտվել եւ այսօր էլ կերտվում է ազգի ճակատագիրը: Հենց այդ ափերում պետք է փնտրել ազգի ճակատագիրը, կասեր մեծ Զորավարը:


- Պարոն գնդապետ, հավանաբար սպայի կերպարի դեպքում էլ կարելի է նույնը ասել, չէ՞ որ նա էլ ընտանիքից է եկել:


- Իհարկե, սպայի ընդհանուր դաստիարակությունն ու արժեհամակարգն էլ ընտանիքի արդյունք են, որքան էլ նա բանակում ծառայողական փորձ ունենա: Ուշադիր, հոգատար, սիրով լի ընտանիքում մեծացած սպան չի կարող անտարբեր գտնվել զինվորի, նրա հոգսի ու խնդրի նկատմամբ, նա յուրաքանչյուր զինվորի մեջ անպայման կտեսնի իր զավակին:


Կուզեի հիշատակել Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք հայտնի կարգախոսը. «Հրամանատար, Աստված պահպանի քո զավակին այնպես, ինչպես դու կպահպանես իմ զավակին»:


Լավ, խորհրդանշական խոսք է, կարելի է ասել՝ մի ողջ դաս ու դպրոց:


Բոլոր դեպքերում, ես շատ լավատես եմ, կարծում եմ այսօրվա ընտանեկան պատկերի եւ հասարակության արժեհամակարգի թերացումներն էլ ժամանակի հարց են, գերակշիռ տոկոս չեն կազմում, փառք Աստծո:


- Պարոն գնդապետ, կարելի՞ է ասել, որ բանակում միայն ԱՀՏԱ գծով սպաներն են պատասխանատու զինվորի դաստիարակության եւ բարձր կարգապահության խնդրում:
Որպես կանոն, այդ ուղությամբ թերացումների թիրախում, կարծես թե, հայտնվում են ԱՀՏԱ սպաները:
Արդյո՞ք նրանք բոլորն են օժտված մանկավարժական, հոգեբանական առանձնահատկություններով, զինվորին լսելու եւ հասկանալու, վարվեցողության, խոսքի մշակույթով:
Ինչպիսի՞ն պետք է լինի հայոց բանակի սպան:


- Սկսեմ առաջին հարցից: Առաջին հայացքից՝ այդպես է, եւ, իրոք, շատ մեծ է կարգապահական խախտման դեպքում ԱՀՏԱ սպայի պատասխանատվությունը: Բայց զինվորի հետ միայն ԱՀՏԱ սպան չէ, որ շփվում եւ գործ է ունենում, այլ՝ ողջ հրամանատարական կազմը: Ուստի՝ զորքերում բոլորս ենք պատասխանատու կարգապահության համար:


Դա համալիր, միաձույլ աշխատանք է, միմյանց հետ ամուր փոխկապակցված, հետեւաբար՝ բանակում բոլոր սպաներն են պարտավոր մանկավարժ, հոգեբան, հայր ու ավագ ընկեր լինելու:

Անառարկելի է, բարձր կարգապահությունը բանակի մարտունակության գրավականն ու երաշխավորն է:


Ինչպես մենք՝ ԱՀՏԱ սպաներս ենք հայրենասիրության, մարտունակության, հերոսական օրինակներով դասեր տալիս, այնպես էլ մարտական պատրաստության գործընթացն ապահովող սպաները պետք է կարգապահական, դաստիարակչական դասեր տան՝ իրենց պարապմունքների, վարժությունների ժամանակ, ինչն այդպես էլ կա: Մեկ օղակի փոքրիկ թերացումը կարող է կաթվածահար անել ընդհանուրի աշխատանքը, պետք է զգոն, ուշադիր եւ պատասխանատու լինել ընդհանուր ուժերով, մեկի բացթողումը մյուսը կարողանա անմիջապես լրացնել եւ առաջ շարժվել:

Ցանկացած կանգառ ժամանակի անթույլատրելի կորուստ է:


Ասել, որ բոլոր սպաներն են օժտված մանկարժական, հոգեբանական բնորոշ գծերով, առավել եւս՝ խոսքի ու վարվեցողության մշակույթով, երեւի չափազանցություն կլինի: Խոսքի մշակույթը դեռ զարգանալու, կայանալու ճանապարհ ունի անցնելու:


Բայց այն, որ մեր բոլոր սպաներն էլ որոշակի տիրապետում են այդ արվեստին, անկասկած է:

Մնում է՝ էլ ավելի ջանքեր գործադրվեն՝ խորանալու զինվորի հոգեբանական առանձնահատկությունների մեջ, ճանաչելու եւ հասկանալու նրան, ժամանակին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու այս կամ այն հանցանշանը, ոչ ադեկվատ վարքը բացահայտելու ուղղությամբ:
Այո, ենթակա զորամասերում ԱՀՏԱ սպաներին առաջադրելիս, նշանակելիս անպայման հաշվի են առնվում այս կարեւոր գործոնները, մանկավարժական մեթոդների եւ հնարքների
տիրապետումը, հատկապես՝ ազդեցիկ խոսքի կիրառումը, խոսքի մշակույթը, որը հիմնական զենքն է հետագա աշխատանքի:


Այս պարագայում չեմ ուզում առանձնացնել սպայի մասնագիտական թեքումը: Զինծառայողի հետ աշխատելը դա շաբլոն չէ, այն ստեղծագործական մոտեցում է պահանջում, յուրաքանչյուրի հետ պետք է անհատապես աշխատել, շփվել, նկատել, ընկալել զինվորի խնդիրը, լուծում տալ խնդրին, քաջալերել, եթե անհրաժեշտ է:


Սպան իրավունք չունի եւ չի կարող ասել՝ գնա, ես չեմ կարող լուծել ձեր խնդիրը:


Խնդիրները բազմազան եւ բազմաձեւ կարող են լինել, անկանխատեսելի պահի կարող է իրավիճակ զարգանալ, պետք է այդ ամենը հաշվի առնվեն, հարցը դիտարկվի ամբողջության մեջ, պատճառահետեւանքային մանրամասներով:


Էլի կասեմ. սպայի դերն ու պատասխանատվությունը չափազանց մեծ է:


Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի սպան, շատ ավելի սպառիչ եւ մանրամասն ասվել եւ հատուկ կանոնակարգ է մշակվել ինձանից առաջ:


- Ձեր կարծիքը՝ ասվածներից եւ գրվածներից անկախ…


- Իմ կարծիքով սպան պետք է գաղափար ունենա, թե ինչի համար է ծառայում, լինի քաջ եւ արժանապատիվ, իր խոսքի եւ արժանապատվության տերը, վստահություն եւ հավատ ունենա ապագայի հանդեպ, ունենա իրեն գնահատող եւ սիրող ամուր ընտանիք: Ընտանիքը հատուկ եմ շեշտում, որովհետեւ այն սպայի համար հուսալի թիկունք է, ուժ ներշնչող գործոն, առանց որի չեն կարող լինել լավ պաշտպանություն, անձնվեր ծառայություն, հարձակում եւ հաղթանակներ:

Իսկ ընդհանրապես, այսօրվա սպան, ով ռազմական ակադեմիաներ է ավարտել, կրթվել եւ վերապատրաստվել այլ երկրների բարձրագույն ռազմական հաստատություններում, էապես ավելի լայն աշխարհայացք ունի, գիտակ է ու խելացի, լավ է տիրապետում բանակային նրբություններին, վարվեցողության նորմերին, խոսքի մշակույթին:


Հայրենասեր հայ սպայի կերպարին այսօր որակական նոր արժեքներ են ավելացել:


- Պարոն գնդապետ, մենք ունե՞նք զորամասը լքելու, կամ՝ այլ արտակարգ դեպքեր:


- Ոչ, հուրախություն ինձ եւ բոլորիս, դասալքության դեպք չունենք, ինչպես նաեւ՝ արտակարգ:

Ցավալի դեպքեր եղել են՝ կապված անզգուշության, անվտանգության կանոնների խախտման, անփութության հետ: Դրանց կանխարգելման ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվել եւ տարվում:


- Զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ հաճախակի հնչող ինչպիսի՞ հարցեր, առաջարկներ կառանձնացնեիք:


- Ծնողները հիմնականում գոհ եւ հիացած են լինում բանակում իրենց որդիների կենցաղից, սննդից, հանդերձավորումից, նրանց իրավունքների պաշտպանությունից:


Կա այդպիսի մեկ առաջարկ-մտահոգություն, որը կապված է զինծառայողի առողջական խնդրի հետ: Ծնողը մտահոգվում է, որ իր որդու առողջությունը համապատասխան ուշադրության չի արժանացել:


Հավաստիացնում եմ, դրանք հուզական եւ չափազանցված են, քանի որ զինվորի ամեն մի առողջական խնդիր մեր կողմից հսկվում եւ վերահսկվում է, ժամանակին հայտնաբերվում, հետազոտվում, զինծառայողը բուժման է ուղարկվում:


Ինչ խոսք, ցանկացած նմանատիպ մտահոգության դեպքում մենք ձգտում ենք առավել վերահսկելի դարձնել դաշտը:


- Որոշ զինծառայողներ, հատկապես նորակոչիկները, ցավով են ընդունում բջջային հեռախոսներից զրկվելու փաստը:


- Պետք է զինծառայողը հարմարվի, գիտակցի եւ հաշվի նստի այդ փաստի հետ, նրանք, ի վերջո, բանակում են եւ իսպառ չեն զրկվում հարազատների հետ կապից: Դրա համար կան օրեր, ժամեր, երբ նրանց տրամադրվում են հեռախոսները՝ ընտանիքի անդամների հետ խոսելու:


Ավելի շատ մտահոգիչ է զինծառայողի եւ ծնողի զրույցի մշակույթը, որը հաճախ բացակայում է: Ծնողն ինքն էլ պետք է իմանա՝ ի՞նչ է հարցնում, ի՞նչ է զրուցում եւ ամենայն մանրամասնությամբ չպատմի իրենց եւ հարեւանների նույնիսկ չնչին, երբեմն էլ՝ ծիծաղելի հոգսերից, որոնք կարող են հուզել զինվորին:


- Աղանդավոր զինծառայողների հետ տարվող աշխատանքի մասին:


- Մտահոգող թվով աղանդավորներ չունենք: Մեկ-երկու տատանվողներ կան, որոնց հետ ԲԿ ավագ գնդերեցն ու հոգեւոր սպասավորները կանոնակարգված աշխատանքներ են տանում, ներգրավում նրանց պատարագի, եկեղեցական միջոցառումների մեջ, բացատրական զրույցներ տանում Հայ Առաքելական Եկեղեցու դերի եւ նշանակության մասին:


- Ճի՞շտ եք համարում բանակի այսչափ թափանցիկությունը հասարակության բոլոր շերտերի, կազմակերպությունների համար:


- Եվ՝ այո, եւ՝ ոչ, կարծում եմ, թափանցիկությունը մի քիչ շատ է: Սա չի նշանակում, թե մենք մեր ժողովրդից պահելու, թաքցնելու բան ունենք: Թափանցիկ լինելու չափը պահել է պետք, որպեսզի ժողովրդի մեջ կեղծ լուրեր, ասեկոսեներ չտարածվեն, ոչ պրոֆեսիոնալ գրչակներն էլ չկարողանան էժանագին դիվիդենդներ, կամ, ինչպես ասում են, շահույթամասեր ձեռք բերել՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին, խաղալով բանակի հեղինակության հետ:


Կողմ եմ չափին:


- Ունե՞ք որեւէ կարգի մտահոգություն մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ:


- Ոչ, ես լավատես եմ եւ դրա համար լուրջ հիմքեր ունեմ: Ինձ ուրիշ բան է մտահոգում. մարդկանց անհարգալի վերաբերմունքը միմյանց նկատմամբ, հաճախ առանց պատճառի չարանալը, չկամենալը, չզիջելն ու անտարբերությունը:


Եթե գետնին քար է ընկած, կարելի է կռանալ, վերցնել այն եւ դնել մի կողմ, որպեսզի մյուսներին չխանգարի: Իսկ եթե հաց է ընկած՝ հացը վերցրու, ոտքի տակ չընկնի, չփչանա: Այդ սրբությունը հարգելով՝ կհարգես նաեւ երկիրդ, կողքիդ ապրող մարդկանց:


Թվում է՝ մանրու՞ք է, ամենեւին՝ ոչ: Դրանից շատ մեծ արատներ են բխում:


- Ինչպե՞ս կբնորոշեիք ինքներդ Ձեզ:


- Մարդ, ով կամենում է օգտակար լինել մարդկանց, նրանց խնդիրներին հնարավորինս լուծում տալ:


Աշխատանքի մեջ ամբիցիաներ չունեմ, ինձ համար ամենամեծ պարգեւն ու գնահատականը եղել եւ մնում է իմ խիղճը:


Քայլ առ քայլ գնում եմ նպատակներիս հետեւից՝ այդ ճանապարհին ոչ մեկին չնեղացնելով, ոչ մեկի բոստանը, ինչպես ժողովուրդն է ասում, քար չնետելով, այլ՝ մաքրելով եւ բերրիացնելով այն, օրհնանքի արժանանալով:


- Մարդու համար կա՞ այնպիսի նպատակ, որին կարելի է պիկ եւ վերջնագիծ համարել:


- Չկա այդպիսի վերջնագիծ-նպատակ, կյանքը շարժում է, նա միշտ էլ անակնկալներ է մատուցելու, նոր նպատակներ են ծնվելու:


Բայց նպատակի պիկ երևի թե կա, հանուն որի էլ մարդ ընդհանրացնում եւ արժեւորում է ապրած կյանքը:


- Պարոն գնդապետ, երկու որդիների հայր եք, եթե նրանք…


- Հասկացա՝ ինչ եք ուզում հարցնել: Ոչ, դեմ չեմ լինի, թող ընտրեն ինչպիսի մասնագիտություն կկամենան: Ուրախ կլինեմ, եթե ընտրեն հայոց բանակին ծառայելու, նվիրվելու ուղին, այն բարդ ու պատվավոր ճանապարհը, որով ես եմ անցել:


Թող նրանք ինձնից ավելին անեն, ավելի լավը լինեն, թող այդքան շնորհք ունենան, ես միայն երջանիկ կլինեմ:


Այդ ուղղությամբ էլ լավատես եմ. ունենալով նման հզոր բանակ, հակառակորդը ոչ հիմա, ոչ էլ ապագայում իրեն թույլ չի տա լայնամասշտաբ պատերազմ սանձազերծել:


Դարեր շարունակ մեր ուժը մեր ներքին, ոգեղեն ուժն է եղել, իսկ այսօր նրան գումարվել են մեր ֆիզիկական եւ մարտական պատրաստվածությունը, մեր զորքերի մարտունակությունը, հայոց բանակի հերոսականությունը, որն անսպառ է:


- Պարոն գնդապետ, եթե նորից սկսելու լինեիք…


- Այո, ես նորից կընտրեի այս ճանապարհը, այս խաչը՝ սպայի պատվավոր, պատասխանատու եւ դժվարին առաքելությունը:


- Դուք երդվյալ եւ արժանապատիվ սպա եք, պարոն գնդապետ:


- Շնորհակալություն, կարելի է եւ այդպես ասել:


- Շնորհակալություն հարցազրույցի համար:

- Փոխադարձ շնորհակալ եմ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին ԲԿ լրատվական ծառայություն

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25