Գորիս. հայացք ներսից

10.11.2014 15:18
2054

Շատ ենք խոսել ու լսել Գորիս գեղեցիկ քաղաքի առանձնահատուկ լինելու մասին: Դա իրոք այդպես է: Մեր քաղաքն առանձնահատուկ է թե՛ դրական առումով եւ թե՛ բացասական, բայց... Ցանկանում եմ ընթերցողի հետ կիսվել քաղաքի դիմանկարը խաթարող թերությունների մասին եւ գուցե նրա ու պատկան մարմինների հետ ինչ-որ բան ձեռնարկել դրանց՝ եթե ոչ վերացման, գոնե կրճատման ուղղությամբ:

Քաղաքը միջպետական մայրուղիների վրա ունի երեք մուտք: Եթե մի փոքր ուշադիր լինենք, կնկատենք, որ բոլոր մուտքերի մոտ կան այսպես ասած հասարակական սննդի կետեր՝ բա աղուհացով ժողովուրդ ենք, այլ կերպ չի լինի. մեր քաղաք այցելողներին կամ քաղաքով անցնողներին դիմավորում ենք հացով:

Հիմա` ընթերցողի հետ մի փոքր շրջայց կազմակերպենք դեպի այդ մուտքեր: Երեւանից եկել ենք եւ կանգ առել քաղաքի մուտքի մոտ: Հպարտությամբ ցույց եմ տալիս քաղաքիս համայնապատկերը: Տեսնում եմ, որ ձեզ դուր եկավ, բայց եւ փորձում եմ այնպես անել, որպեսզի դրա կողքին աննկատ մնա այդ գեղեցիկ հուշարձանից դեպի քաղաք ձգվող անտառակի աղբանոցը: Ինձ չի հաջողվում դա անել: Ոչ մեկին էլ չի հաջողվի, որովհետեւ շատ մեծ մակերես է զբաղեցնում: Որպեսզի այս տարածքին այլեւս չանդրադառնանք, ասեմ, որ քաղաքապետարանի, հիշատակված սննդի կետերի եւ մոտիկ զինվորական զորամասի ուժերով մաքրվել է տարածքը, տեղադրվել են աղբամաններ, եւ համարյա շուրջօրյա հսկողություն է իրականացվում, բայց, ինչպես ասում են՝ «ուժերն անհավասար են», տեղացի (եւ ոչ միայն տեղացի) զբոսաշրջիկները շարունակում են իրենց սեւ գործը կատարել: Ու մի փոքր դիտողություն էլ՝ արժե մտածել տեղադրված աղբամանների դիզայնի մասին. դրանք ինչ-որ այլ բան են հիշեցնում:

Հիմա գալիս ենք Արցախից եւ մի պահ կանգ առնում Գորիսի մուտքն ազդարարող վահանակի մոտ ու հիանում քաղաքի համայնապատկերով: Ի դեպ, այդ դիրքից Գորիսը հրաշալի տեսք ունի: Բարձր տրամադրությամբ էլ շարունակում ենք ճանապարհը եւ մեկ-երկու րոպեով կանգ առնում Շորին ձոր կոչվող գեղատեսիլ վայրում՝ քաղաք մտնելուց առաջ մի բաժակ սուրճ ըմպելու ու քիչ հանգստանալու համար: Այստեղ մեզ սուրճ են մատուցում գեղատեսիլ բնության եւ ռեստորանից բառացիորեն 15մ հեռավորության վրա գտնվող աղբանոցի համայնապատկերի վրա: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը քաղաքից աղբ է բերում եւ դատարկում այստեղ: Երեւի ընթերցողն էլ չի հավատում: Այս մայրուղով երթեւեկողների մեջ քիչ չեն բարձրաստիճան հյուրերը, որոնց ուշադրությունը դժվար թե գրաված չլինի Շորին ձորի ռեստորանի դիմաց, ճանապարհի աջ մասում գտնվող` մերօրյա ճարտարապետության եւ քաղաքաշինության գլուխգործոցը՝ ուբոռնին: Տեսնես նրանց ուղեկցող տեղացիները, այսինքն` տանտերերը, ինչպե՞ս են բացատրում դրա դերը, էլ չենք ասում հենց այդտեղ տեղադրելու նպատակահարմարությունը: Անկեղծ ասած՝ մեղք եմ գալիս նրանց, չէի ցանկանա նրանց փոխարեն լինել: Լավ, եթե նկարագրածս պատկերն անհանգստացնում է ինձ, ձեզ, շատերին (չի կարող այդպես չլինել), բա ինչո՞ւ այդ սննդի կետի շնորհիվ ապրողներին չի անհանգստացնում: Մի՞թե այս դեպքում էլ է կեցությունը որոշում գիտակցությունը:

Երրորդ մուտքը քաղաքի հարավային մուտքն է: Նրանք, ովքեր այս ճանապարհով անցել են 10-15 տարի առաջ եւ անցնում են այսօր, հսկայական բացասական փոփոխություններ կտեսնեն: Անցնում ես Ծակեր կոչվող բնական հրաշալիքը, հեռվում երեւում են Քարահունջ գյուղի, իսկ քիչ հետո նաեւ Գորիս քաղաքի շենքերի տանիքները: Քարահունջի ձորը, իր բազմապտուղ այգիներով, մեր գեղեցիկ քաղաքի գեղեցկության շարունակությունն էր: Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ես հավատում եմ դրան: Բայց առայժմ մեր քաղաքի օրինակով գեղեցկությունը սպանում ենք բռի, բռնի, բիրտ ձեւով: Սպանում ենք մեր աղբանոցներով, մեր անտարբերությամբ, մեր ագահությամբ:

Ծակերն անցնելուց հետո նայեք աջ: «Առանց բնությանը վնաս հասցնելու» հզոր տեխնիկան մոտ 400-500մ ճեղքել է սարալանջի կուրծքը, գետի ջրերը հավաքել, բանտարկել երկաթե խողովակներում, իսկ ճանապարհին հանդիպած բոլոր ծառերը, թփերն արմատախիլ արել, սպանել:

Վիճակը լավ չէ նաեւ դրանից բարձր: Անցյալ տարի լրագրիս խմբագիր պարոն Ս.Ալեքսանյանի հետ գնացել էինք Ծիծեռնավանք: Աղավնոյից (Զաբուղ) մինչեւ վանք ընկած 12կմ տարածքի վրա տեղադրվել, կառուցվել է հինգ հիդրոէլեկտրակայան: Երբեմնի չքնաղ ձորն ամայացել է: Գետի հունի քարերի վրայի ջրիմուռը չորացել, ճաք է տվել մարդկային վերքի նման: Ձորը ջրի պակասից բառաչում է: Սա ագահությամբ գեղեցկության սպանության դասական օրինակ է: Վախենամ նման ճակատագրի արժանանա նաեւ Քարահունջի ձորը: Չեմ շեղվել, քիչ էլ առաջ ենք գնում, եւ մեզ դիմավորում է «Միշայի մոտ» ռեստորան-մոթելը: Բայց մինչ այդ հյուրերի աչքից դժվար թե վրիպի դեպի ձորն իջնող հսկա աղբանոցը: Համաձայնեք, որ այստեղ էլ աղբը Գորիսից կամ Քարահունջից չեն բերում եւ դատարկում:

Նկատեցի՞ք, որտեղ սննդի կետ՝ այնտեղ աղբանոց: Կարծես դրանց արբանյակներն են, անբաժանելի մասը: Այնինչ պետք է լինի ճիշտ հակառակը՝ սննդի կետերի շրջակայքը պետք է թաղված լինի ծառ ու ծաղկի մեջ, փայլի մաքրությամբ:

Վաղուց արդեն կասկած չի հարուցում, որ մարդկության ֆիզիկական գոյությանն ամենաշատը սպառնում է ոչ թե կուտակած հսկայական ռազմական արսենալը, այլ էկոլոգիական աղետը: Մտածում եք՝ շատ հեռո՞ւ է այդ ապագան: Ոչ: Յուրաքանչյուր չափահաս թող հիշի իր ծննդավայրի բնությունը մանկության տարիներին եւ համեմատի այսօրվա հետ: Ընդամենը 20-30 տարվա մեջ շատ բան է փոխվել: Այնպես որ այդ ապագան շատ տեղերում արդեն ներկա է դարձել, այդ ապագան արդեն եկել է:

Քաղաքս ունի նաեւ չորրորդ մուտք: Այս մուտքի սկզբում կամ վերջում սննդի կետ չկա: Վերիշենից եկող մուտքն է: Սննդի կետ չկա, ուրեմն նաեւ աղբանոց չի լինի: Բայց չէ, կա, ուղղակի անտեսանելի է ու ավելի քան սարսափելի: Աղբանոցի տեղանունը նույնացվում է Վարարակնի հունի հետ: Բացի նրանից, որ Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչների կենցաղային աղբը թափվում է Վարարակնի մեջ, գետի մեջ են բացվում երկու գյուղի ավելի քան 700 առանձնատներից շատերի կոյուղու խողովակները: Չմտածեք, թե հեշտ ու հանգիստ եմ գրում այս տողերը: Զարհուրում եմ: Չեմ հավատում, թե մեր փոքր երկրի որեւէ այլ տարածաշրջանում նման բան հնարավոր է: Իսկ եթե հնարավոր է, ավելի վատ: Կարելի է այս թեմայով ասելիքը սրանով էլ ավարտել` մտորելու, վրդովվելու իրավունքը թողնելով ընթերցողին, միայն ավելացնեմ, որ այս յուրահատուկ «կոկտեյլով» մի երկու-երեք հարյուր մետր ներքեւ գորիսեցիներն իրենց բանջարանոցներն են ոռոգում, եւ էլի մի քանի հարյուր մետր ավելի ցած՝ ամռանը նաեւ լողում:

Եվս երկու խոսք «բազմաչարչար» Վարարակն գետի հունի մասին: Որպես կենդանի օրգանիզմի եմ դիմում, որովհետեւ այդպիսին էլ կա, ուղղակի լեզու չունի, որ ասի՝ այ անխիղճներ, էս ի՞նչ եք անում: Չեմ երկարացնում, քաղաքով անցնող ամբողջ հունը համարյա աղբանոց է: Այսօրվա 50-60 տարեկաններն ավելի երիտասարդ տարիներին կարմրախայտ են բռնել: Աղտոտվածության պատճառով այնտեղ դժվար թե այսօր գորտ աճի:

Սանիտարական վիճակը բարվոք չէ քաղաք մտնող կամ դուրս եկող երկրորդական ճանապարհների շրջապատում (դեպի Թոզ-կապի եւ Գորիս գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհի շրջապատում), Գորիսի պետհամալսարանի հանրակացարանի մոտ եւ բազմաթիվ այլ տեղերում:

Տեսնես որ ապուշն է առաջին անգամ շինարարական աղբը թափել դեպի Թոզ-կապի գերեզմանատուն տանող ճանապարհի առաջին շրջադարձի վրա: Ցանկանում էի ավելի խիստ էպիտետ օգտագործել, բայց նաեւ չցանկացա վիրավորել ընթերցողիս աչքն ու ականջը, հետո էլ դա թողեցի հենց ընթերցողին եւ այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր դժբախտաբար, կամա թե ակամա լինում են գերեզմանոցում եւ գնալ-գալիս նույնքան հաճախ էլ «հիշում» այդ աղբը թափողների սիրելիներին:

Հիմա ժամանակն է ասվածն ընդհանրացնելու, կոնկրետ հասցեներ նշելու, ո՞վ է մեղավոր, ո՞վ է, որ իր պարտականությունները չի կատարում, իսկ որ ամենակարեւորն է՝ ի՞նչ անենք, որ վիճակը շտկվի, բարելավվի:

Հին օրերի սովորույթով քայլերս ուղղեցի դեպի սանէպիդկայան, որ այսօր կոչվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն (պետ՝ Լենա Մալինցյան):

Այցելությանս օրը պետը հերթական արձակուրդում էր, իսկ աշխատողները փորձեցին ինձ համոզել, որ քաղաքի, առավել եւս սննդի կետերի սանիտարահիգիենիկ հարցերի վերահսկողությունն իրենց իրավասությունից դուրս է: Ինչեւէ: Այցելում եմ նաեւ երկրորդ անգամ: Նույն արդյունքը:

Երրորդ այցելությանս հանդիպում եմ կենտրոնի պետ տիկին Լ.Մալինցյանին: Պարզվում է, որ համաձայն մեր երկրում գործող օրենքի, կենտրոնն իրավունք ունի ստուգումներ անցկացնել միայն այն օբյեկտներում, որոնց տարեկան դրամաշրջանառությունը գերազանցում է 70 մլն դրամը: Այ քեզ բան: Ավելի ճիշտ նման պարադոքսալ բան միայն մեր երկրում կհանդիպես: Այս թեմայով էլ ասելիք չունեմ:

Քաղաքապետարանում բանն ուրիշ է: Նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը լավ է պատկերացնում հարցի կարեւորությունը: Խիստ մտահոգ է, տեղյակ է պրոբլեմին, պրպտումների մեջ է, ծրագրեր է մշակում: Հուշում ենք ավագանու ուժերն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ անհրաժեշտության դեպքում քաղաքիս պատրաստ են օգնել նաեւ արտերկրում գտնվող գորիսեցիները, եթե դա նույնիսկ շաբաթօրյակներին մասնակցելու ձեւով լինի:

Ասում են՝ Ֆիլիպիններն աշխարհի ամենամաքուր երկրներից է: Սկզբնական շրջանում դրան հասել են օրենքի խստացման միջոցով՝ գետնին գցված սիգարետի մեկ կոթունի համար տուգանել 500 ԱՄՆ դոլարի չափով: Աստիճանաբար դա դարձել է կենսակերպ: Բացում եմ համացանցի համապատասխան կայքը. անցյալ տարի, 100 մլն-ից ավելի բնակիչ ունեցող այդ երկրում, ոչ ոք ակնարկված տուգանքին չի ենթարկվել:

Հաճախ ենք լսում, որ երբ մենք կայինք, ուրիշները դեռ ծառերից չէին իջել… Մի խոսքով, բոլորը քըխ են, միայն մենք ենք պուպուշ: Դե բոլ եղավ, էլի, գլուխներս գովելով տուններս քանդեցինք: Ինձանից ավագ մի ծանոթիս ասելով՝ հասանք այնտեղ, որտեղից գալիս էինք:

 

Որպես կանոն, տները, բակերը մաքրությունից փայլում են՝ յուղը թափիր եւ հավաքիր: Եթե սա իմ տունն է, իմ պարտեզն է, այն պետք է մաքուր լինի եւ կա: Բայց, եթե սա իմը չի, այլ մերն է, մեր քաղաքն է, մեր փողոցն ու այգին, մեր գետն ու անտառը, նրանք կարող են եւ կեղտոտ լինել եւ կան: Բա եղա՞վ:

Համոզված ենք բոլորս, որ ցանկացած վայրում անհրաժեշտ հիգիենիկ նորմալ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է բարձր գիտակցություն: Դրա բացակայությունը կամ պակասը լրացվում է կարգապահությամբ: Ռուսական քաղաքները, մյուս բնակավայրերը չեն փայլում իրենց մաքրությամբ, բայց զորամասերն այդ իմաստով իդեալական են:

Խորհրդային բանակում ծառայողները հիշում են, թե ինչ էր լինում, երբ որեւէ մեկը ծխում էր ոչ այնտեղ, որտեղ թույլատրվում էր: Իսկ եթե զորամասի տարածքում գետնին սիգարետի մնացորդ գցելիս նկատեի՞ն: Չէ, չէին գնդակահարում: Պատժի այլ ձեւ կար: Մեղավորը հատուկ այդ նպատակի համար նախատեսված «գերեզմանոցում» գերեզման էր հատում՝ պահպանելով չափսերը: Հետո սիգարետի մնացորդը դրվում էր հատուկ պատգարակի վրա, մեղավորի թեւին սգավորի սեւ ժապավեն կապվում, ու փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ զինվորական թափորը շարժվում էր դեպի գերեզմանափոսը…

Ասելս ինչ է: Քաղաքապետարանը լծակներ չունի՞ պատժելու քաղաքս ապականողներին, մուռտառողներին: Եթե չունի, թող ստեղծի:

Կամ գուցե դժվարություններ կան մեղավորներին հայտնաբերելու գործում: Մատնահետքերով, սիգարետի մնացորդներով, օծանելիքի հոտով հանցագործություններ են բացահայտվում մի քանի միլիոնանոց քաղաքում, իսկ մենք չե՞նք կարողանում իմանալ, թե մեքենայով շինարարական աղբը ով է թափել բանուկ ճանապարհի եզրին: Եթե մի քիչ ուշադիր լինենք, այդ աղբակույտում հնարավոր է մեղավորի տան հասցեն ուղիղ ձեւով գտնել:

Բայց, ինչքանով հիշում եմ, մեր քաղաքում ոչ ոք նման բանի համար նյութական պատասխանատվության չի ենթարկվել, ավելին, հասարակական պարսավանքի էլ չի ենթարկվել: Բա էլ ինչպե՞ս մաքուր քաղաք ունենանք գիտակցության դեֆիցիտի եւ կարգապահության իսպառ բացակայության պայմաններում:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25