Գորիսի 100-ամյա քոլեջը՝ նոր ուսումնական տարվա շեմին

25.07.2024 12:07
2177

Ուղիղ մեկ դար առաջ էր, որ Գորիսում ստեղծվեց մանկավարժական ուսումնարանը՝ տարիների ընթացքում կրելով տարբեր անվանումներ։

Քոլեջը պատրաստվում է աշնանը նշելու իր հարյուրամյակը։

Մինչ այդ փորձեցինք ճշտել, թե անցած ճանապարհի ինչպիսի ընկալում կա կրթօջախում, թե գործունեության 100-րդ տարում ինչպես են պատրաստվում առաջիկա՝ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությանը։

Մեզ հետաքրքրող այդ հարցերին պատասխանում է քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը։

– Պարոն Լազարյան, այս տարի լրանում է քոլեջի հիմնադրման 100-ամյակը. ի՞նչ ճանապարհ է անցել քոլեջը։

– Եթե մտովի տեղափոխվենք 1920-ական թվականներ, երբ ստեղծվեց Գորիսի մանկավարժական տեխնիկումը, ապա կտեսնենք, որ այն ժամանակ ներկայիս Սյունիքի մարզի մեջ մտնող չորս շրջանում (Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի) որեւէ մասնագիտական ուսումնական հաստատություն չկար:

Այսինքն՝ կադրերի պատրաստման միակ հաստատությունը կամ դարբնոցը Գորիսի մանկավարժական ուսումնարանն էր: Ընդ որում՝ խոսքը միայն մանկավարժական կադրերի պատրաստման մասին չէր: Թեեւ ուսումնարանը կոչվում էր մանկավարժական, բայց շրջանավարտներն ընդգրկվում էին պետական կառավարման, կուսակցական, տնտեսական ոլորտներում:

Ասել է թե՝ 1920-ականներից սկսած՝ մի քանի տասնամյակ, ներկայիս Սյունիքի ընթացքը հնարավոր չէ պատկերացնել առանց Գորիսի մանկավարժական ուսումնարանի եւ նրա շրջանավարտների:

Գորիսի մանկավարժական ուսումնարանը տասնամյակներ շարունակ իրեն էր ձգում նաեւ Վայոց ձորի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի երիտասարդներին:

Կա նաեւ մեկ ուրիշ հանգամանք. Գորիսի մանկավարժական ուսումնարանը տեւական ժամանակ սովորողների մոտ կայուն հիմքեր էր ստեղծում շարունակական կրթության համար: Հարյուրավոր մարդիկ՝ մեր շրջանավարտներից, իրենց կրթությունն են շարունակել մայրաքաղաքի բուհերում: Եվ նրանցից շատերը դարձել են նշանավոր դեմքեր գիտության ոլորտում, կառավարման համակարգում, արվեստում եւ մասնավորապես հայ արձակում:

Այդ ամենին զուգահեռ՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանը՝ իր դասախոսներով, շրջանավարտներով եւ ուսանողներով, ակտիվ մասնակցություն է ունեցել Մեծ հայրենականին, ինչպես եւ Արցախի ազատագրության համար մղված հերոսական կռիվներին:

Մի խոսքով՝ Գորիսի պետական քոլեջն արարումի մեկդարյա ճանապարհ է անցել: Այդ ուղին, առանց չափազանցության, փառքի եւ նվիրումի ճանապարհ է, Գորիսի եւ ընդհանրապես Սյունիքի տարածաշրջանին պատիվ ու հպարտություն բերող ճանապարհ:

– Այդ տարիների ընթացքում եւ մասնավորապես Ձեր ղեկավարման տարիներին ի՞նչ նորամուծություններ են կատարվել ուսումնական հաստատությունում:

– Նորամուծություն ասվածը խիստ հարաբերական  է: Նորամուծություններ կան (եւ դա՝ մեր կյանքի բոլոր ոլորտներում), որ բացասական հետեւանքներ են ունենում:

Ուրեմն եւ, Ձեր թույլտվությամբ, փոքր-ինչ փոխենք հարցի ուղղվածությունը՝ ի՞նչ արդյունքներ ենք ունեցել վերջին տարիներին:

Հատկապես վերջին տարիներին մեր տարածաշրջանում՝ կրթական ոլորտում էականորեն ընդլայնվել է մրցակցային դաշտը. պետական կարգավիճակով երեք բարձրագույն ուսումնական հաստատություն, բազմաթիվ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ…

Այդ բազմազանության մեջ հարկավոր էր պահպանել քոլեջի սեփական դեմքն ու դիմագիծը…

Եվ մենք կարողացանք դրան հասնել, կարողացանք մնալ պահանջված:

Դա, իմ կարծիքով, ամենամեծ հաջողությունն է:

Ավելին ասեմ. վերջին տարիներին մեր հասարակությունը բախվեց դեմոգրաֆիական (ժողովրդագրական) խնդիրների, մենք պատերազմ տեսանք՝ ծանրագույն հետեւանքներով, Գորիսի տարածաշրջանը դարձավ սահմանապահ երկրամաս՝ դրանից բխող ռիսկերով, այն էլ՝ անվտանգային բնույթի…

Եվ, այդ բոլորով հանդերձ, ամեն տարի՝ միջին հաշվով 150 հոգի նախընտրում է սովորել Գորիսի պետական քոլեջում:

Դա շատ ուշագրավ ցուցիչ է մի քանի առումով:

Դա նշանակում է, որ հանրակրթական դպրոցների շրջանավարտների մի զգալի մասը նախապատվությունը տալիս է Գորիսի պետական քոլեջին:

Դա նշանակում է նաեւ, որ երիտասարդների մեծ մասն իրենց վաղվա օրը, իրենց ապագան, իրենց երազանքները կապում են Գորիսի հետ:

Իսկ այդ ամենը հսկայածավալ աշխատանքի արդյունք է՝ մասնագիտությունների ճիշտ ընտրություն, կրթական գործի արդիականացում, ուսումնաօժանդակ բազայի հարստացում, դասախոսական կազմի որակական մակարդակի բարձացում…

Կարեւոր նորամուծություն եմ համարում նախնական արհեստագործական մասնագիտությունների ներդրումը, որի շնորհիվ փորձում ենք պահպանել կամ վերականգնել մեր ազգային արհեստների մի մասը:

Նորամուծություն եմ համարում ժամանակակից ուսումնական լաբորատորիաների հիմնումը, շենքային պայմանների որոշակի բարելավումը:

Այդ ամենի արդյունքում տեղի է ունեցել կառուցվածքային որոշակի փոփոխություն ևս, ինչի շնորհիվ նաեւ նոր աշխատատեղեր են ստեղծվել:

Ահա, թե ինչ արդյունքներ եք ունեցել վերջին տարիներին:

– Մասնագիտություններն ու ընդունելության կարգը 2024/25 ուսումնական տարվա շեմին։

– Քոլեջում կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական եւ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով:

Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գործում են հետեւյալ մասնագիտությունները՝

«Նախադպրոցական կրթություն», որն իրականացվում է նաեւ հեռակա ուսուցմամբ, «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Պարի ուսուցում»:

Իսկ նախնական մասնագիտական  կրթական ծրագրերով գործում են «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում»՝ վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար որակավորումներով, «Խոհարարական գործ»,  «Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», «Կարի արտադրության տեխնոլոգիա»,  «Բրուտագործություն» մասնագիտությունները:

Այս տարվանից  ներդրվել է «Լուսանկարչական գործ» մասնագիտությունը:

Ընդ որում՝ կառավարության կողմից սահմանվել է կրթաթոշակի նոր մոտեցում: Մասնավորապես՝ պետության համար կարեւոր եւ առաջնահերթ  մասնագիտություններով՝  ընդունելության գրավչության բարձրացման եւ առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման  նպատակով, հաստատվել է գերակա մասնագիտությունների ցանկ: Այդ ցանկում են նաեւ  արդեն իսկ քոլեջում գործող «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» եւ «Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ» մասնագիտությունները: Եվ այդ մասնագիտություններով սովորողներին կտրամադրվի ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ:

Հաստատությունում առկա ուսուցմամբ ընդունելությունն իրականացվում է հիմնական եւ միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումով, իսկ  հեռակա ուսուցմամբ ընդունելությունը՝ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումով:

Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, հաստատություն կարող են ընդունվել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» ընդունելության  կարգով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Ընդունելությունն իրականացվում է  առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքներով,  բացառությամբ ոլորտային՝ այսինքն, արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի:

Հաստատությունն ընդունելությունն իրականացնում է Լիազոր մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված անվճար եւ վճարովի տեղերին համապատասխան:

Ընդունելության արդյունքներն ամփոփվում  և տեղադրվում են նաեւ Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջում եւ կայքէջում:

Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազոր մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի  տեղերի համար` հետևյալ սկզբունքով.

1) անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

2) ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սահմանված կարգի ցանկերով տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը։

 

– Ցուցանիշներ կա՞ն, թե շրջանավարտներից քանիսն են աշխատանքի անցել, որ մասնագիտություններն են ավելի պահանջված:

– Իհարկե կան: Շրջանավարտների՝ աշխատանք գտնելուն նպաստում է քոլեջի Կարիերայի կենտրոնը՝ ապահովելով կապ գործատուների եւ շրջանավարտների միջեւ: Իսկ Կարիերայի կենտրոնի եւ շրջանավարտների միջեւ հետադարձ կապի պահպանումը մշտական է, եւ վերջիններիս կողմից տվյալների  հավաքումը կենտրոնի գործառույթներից է: Ներկայացված տվյալների համաձայն՝ շրջանավարտների շուրջ 50 տոկոսը կարողացել է իրացվել աշխատաշուկայում՝ իրենց մասնագիտություններով կամ այլ մասնագիտություններով:  

Ըստ կենտրոնի վերլուծությունների՝ ամենապահանջված մասնագիտություններն են «Դեղագործությունը», «Քույրական գործը», «Նախադպրոցական կրթությունը», «Խոհարարական գործը»:

– Կա՞ արդյոք համագործակցություն աշխատաշուկայի հետ:

– Առանց աշխատաշուկայի, առանց գործատուների հետ համագործակցության հնարավոր չէ պատկերացնել ո՛չ քոլեջի ներկա ընթացքը, ո՛չ էլ վաղվա օրը:

Նախ՝ մեր օրերում, մեր աչքի առաջ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում աշխատաշուկայում: Մենք մշտապես հետեւում ենք այդ գործընթացներին, զարգացումներին եւ դրանից բխող հետեւություններ անում:

Այսինքն՝  մենք պետք է մեր ծրագրերը կառուցենք աշխատաշուկայի պահանջներին համահունչ:

Այնուհետեւ՝ շատ կարեւոր է քոլեջ եւ հիմնական գործատուներ մշտական կապը: Ուսանողը պետք է իր մասնագիտությանը համահունչ աշխատավայրերին ծանոթանա, իսկ գործատուն պետք  է իմանա, տեսնի, թե ինչպես են պատրաստվում իրեն անհրաժեշտ կադրերը:

Այդ ամենը պահանջում է փոխայցելություններ, հանդիպումներ…

Պարբերաբար գնահատում ենք գործատուների կարիքները՝ նաեւ հարցումների տեսքով՝ պարզելու, թե մեր շրջանավարտները որքանով են իրենց դրսեւորում գործնականում:

Նման հարցումների արդյունքները, ի վերջո, դառնում են վերլուծության, քննարկման առարկա:

Կարեւոր է նաեւ հանգամանքը, որ գործատուների ներկայացուցիչները մասնակցում են պետական ատեստավորման քննություններին եւ անձամբ համոզվում ուսանողների տեսական ու գործնական պատրաստավածության մեջ:

Մյուս կողմից՝ շատ կարեւոր է արտադրական պրակտիկան, որին մեծ ուշադրություն ենք դարձնում:

Ինձ միշտ հետաքրքրել է նաեւ, թե ինչպես են մեր շրջանավարտները գործնականում կիրառում իրենց գիտելիքները: Եվ, անկեղծորեն, շատ-շատերը մեզ ուրախություն եւ հպարտություն են պարգեւում. նման օրինականեր կան ե՛ւ առողջապահական համակարգում, ե՛ւ նախադպրոցական հաստատություններում, ե՛ւ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում:

– Դասավանդող մասնագետները ցանկացած ուսումնական հաստատության հաջողությունների գլխավոր գրավականն են։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Քոլեջի ռազմավարական նպատակներից է կադրային ներուժի զարգացումը եւ դասախոսական կազմի համալրումը բարձր որակներ ունեցող մասնագետներով: Չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանում մասնագետների սղություն, այնուամենայնիվ, առկա է:  Քոլեջում դասավանդում են միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։

Բացի այդ, քոլեջը դասախոսների ընտրության հարցում որդեգրել է դասախոսական կազմը գործատուներով եւ իր իսկ շրջանավարտներով համալրելու  քաղաքականություն: Եվ այսօր ունենք այդպիսի օրինակներ:

Քոլեջի դասախոսները պարբերաբար մասնակցում են մասնագիտական տարաբնույթ վերապատրաստումների:

Քոլեջն ամեն ինչ անում է եւ կանի դասախոսական կազմի մասնագիտական առաջընթացն ապահովելու համար:

Կարեւորում եմ նաեւ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, խոսքը պարտադիր ատեստավորման մասին է, որը, միանշանակ,  միտված է դասախոսի մասնագիտական աճին ու առաջընթացին:

Կարող եմ ասել՝ Գորիսի պետական քոլեջում դասավանդում են  մասնագիտական բարձր որակներ ունեցող մասնագետներ, ինչը թույլ է տալիս ապահովել մեր կրթօջախի բնականոն ընթացքը:

– Անդրադառնանք ընդունելության ժամկետներին:

– Գորիսի պետական քոլեջն ամենայն մանրամասնությամբ պատրաստվել է 2024-2025 ուստարվա ընդունելությանը: Կազմակերպվել են մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներ, իրականացվել են այցելություններ դպրոցներ, որտեղ էլ մեր խորհրդատուները ներկայացրել են քոլեջի կրթական ծրագրերը:

Քոլեջում հյուրընկալվել են նաեւ տարածաշրջանի դպրոցների սաները, որի ընթացքում նրանց համապարփակ տեղեկատվություն է տրվել մասնագիտությունների, ընդունելության կարգի, քոլեջի առօրյայի եւ այլ հարցերի վերաբերյալ:

Տեղեկացնեմ՝ արդեն  մեկնարկել է  Գորիսի պետական քոլեջի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը:

Քոլեջ ընդունվելու  համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի  dimord.emis.am կայքում, համակարգում ընտրել Գորիսի պետական քոլեջը եւ լրացնել պահանջվող բոլոր կետերը:

Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության  դիմումների ընդունման վերջնաժակետն է օգոստոսի 3-ը:

Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչեւ օգոստոսի 15-ը:

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25