Գորիսի «ֆոտո Կամոն»՝ քաղաքի առաջին գունավոր լուսանկարի հեղինակը

17.11.2023 17:24
2465

Լուսանկարիչ Կամո Ավանեսյանը Գորիսում առաջին գունավոր լուսանկարն է արել 1982 թ. հոկտեմբերին: Այն ժամանակվա Մարքսի (ներկայում՝ Անկախության) փողոցում էր լուսանկարչատունը:

Գորիսում արեւոտ օր է: Քայլում ենք լուսանկարիչ Կամոյի հետ, ում Գորիսում ճանաչում են որպես «ֆոտո Կամո»: Նա իրեն համարում է Գորիսի լուսանկարիչների երրորդ սերունդը: Ասում է՝ այն ժամանակ կիլոգրամներով լուսանկար էր տպում, հիմիկվա պես չէր:

Մոտենում ենք փայտյա դռանը, որից այն կողմ քաղաքի հին բակերից մեկն է: Այն դեռ պահպանել է իր կոլորիտային միջավայրը: Լվացքի պարանները լիքն են կիրակի օրը: Այստեղ 6 ընտանիք է բնակվում:

Փոքր, միհարկանի շինության մոտ ենք հասնում: Հեռվում Գորիսի ժայռերն են երեւում: Կամոյի՝ 1987 թ. Տաթեւի վանքի լուսանկարն է փակցված պատին: Այդտեղ էլ նստում ենք զրուցելու: Ասում է՝ Տաթեւի վանքն այս դիրքից, թերեւս, առաջինն ինքն է նկարել, դրանից հետո են մարդիկ սկսել դիտարկել այդ կետը՝ նկարելու համար: Սա ասում է իմիջիայլոց: Իսկ լուսանկարն էլ երեխաներն են փակցրել պատին:

Մեր նստած տեղից մոտ 150 մետր հեռավորության վրա ժամանակին գտնվում էր Գորիսի ծննդատունը, որտեղ էլ ծնվել է Կամոն: 1965 թ. ծննդատունը տեղափոխել են, իսկ ներկայում ռազմական ոստիկանությունն է այդտեղ:

«Այնպես որ գտնվում ենք բուն ծննդավայրում»,- հումորով ասում է լուսանկարիչն, ու բոլորս ժպտում ենք:

Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 1971 թ., երբ 10 տարեկան էր: Երբ մի անգամ Վլադիկավկազից լուսանկարիչ հորեղբայրը Գորիս էր գնացել, Կամոն առանց նրան հարցնելու մեքենայի միջից վերցրել էր հորեղբոր «Զորկի-4» ապարատը: 

Այդ ժամանակվանից էլ սկսել է լուսանկարել: Սկզբում կենդանիներ էր նկարում: Հորեղբայրը Կամոյի համար ոչ միայն լուսանկարչական սարքեր, այլեւ լուսանկարներ տպելու նյութեր էր ուղարկում Վլադիկավկազից: Իսկ ամառային արձակուրդներին Կամոն ինքն էր գնում հորեղբոր մոտ:

Հարեւանը, որը քիմիայի ուսուցչուհի էր, օգնել էր լուսանկարներ երեւակել, ինչից հետո ինքնուրույն էր սկսել լուսանկարներ տպել տան նկուղում:

Դպրոցական տարիներին հայտնի «աստղերի» լուսանկարներ էր տպում, տանում դպրոց: Ուրիշներն իրենից 10 կոպեկով առնում էին, բայց հետո ավելի բարձր գնով վաճառում:

Արցախյան առաջին պատերազմի օրերն ենք հիշում: Ասում է՝ այդ օրերին շատ լուսանկարներ արեց: Բերձորի ազատագրումից հետո ազատամարտիկները «ԿամԱԶ» մեքենաներով հասել էին Գորիսի զանգերի մոտ: Կամոն գնացել էր լուսանկարելու: Ասում է՝ այդ ժամանակ «ավտոմատները երգում էին»:

«Մոնթեին եմ նկարել: Եկել էր մեր հարեւան Կորյունի տուն: Էդ վախտ Լաչինը հըլը փակ էր: Ուղղաթիռով չէին կարողանում գնալ: Ինքն էլ բողոքում էր, թե՝ էսօր ասում եք՝ թոխպ ա, ուղղաթիռ չկա, էգուց ասում եք՝ արեւ ա, կխփեն: Հետո գորիսեցի մի Վլադիկ կար, արահետներով տանում է, տեղ հասցնում»,- պատմում է լուսանկարիչը:

Կամո Ավանեսյանը լուսանկարների արխիվ չունի: Ասում է՝ իր արած նկարները Գորիսում շատերն ունեն, բայց ինքը չունի:

Պատերազմի տարիներին գյուղեր էր գնում: Ասում է՝ մեքենայով գնում էր ու նկարում, բայց փոխարենը մարդիկ ոչ թե գումար, այլ որեւէ ապրանք էին տալիս: Ով ինչ տալիս էր՝ ցորեն, աքլոր, ընկույզ, մեքենան էր լցնում, ոչ մի բան չէր ասում:

Լուսանկարչությունը, ըստ Կամոյի, հիմիկվա պես չէր: Այն ժամանակ ժամերով լաբորատորիայում աշխատում էին քիմիական նյութերի հետ, հաճախ էլ «հայտնագործություն» էին անում նյութերի համադրմամբ: Հասարակությունը լուսանկարչության հանդեպ այլ վերաբերմունք ուներ: Շաբաթ-կիրակի նկարվելու օր էր: Տաղավար էին գնում, նկարվում ու ամենաքիչը 6 ֆոտո էին ուզում:

«Հիմա ի՞նչ ա, համակարգչի մոտ նստած գործ ես անում։ Բայց էն ժամանակ պատահում էր, որ մթության մեջ, լաբորատորիայից դուրս չէիր գալիս»,- ավելացնում է մեր զրուցակիցը:

Միհարկանի փոքրիկ շինության մեջ, որ ավելի շատ պահեստի է նման, Կամոն պահել է իր 50 տարվա լուսանկարչական «ուղեկիցներին»՝ սարքերը: Դրանք փոշոտվել են, բայց շարունակում են աշխատել: Թոռը՝ Նարեն, վերցնում է ապարատներից մեկն ու սկսում չըխկացնել: Ինքն էլ է հետաքրքրվում լուսնակարչությամբ, բայց դեռ չգիտի՝ պապի հետքերով կգնա՞, թե՞ ոչ:

«Շատ մարդ ա եկել, ասել, որ ապարատները տամ, չեմ տվել: Էսօրվա էրեխեքը չգիտեն՝ սա ինչ ա։ Մեր հասակի մարդիկ են իմանում»,- նշում է լուսանկարիչը:

Ասում է, որ արդեն 1-2 տարի չի զբաղվում լուսանկարչությամբ, բայց որ պետք է լինում, նկարում է:

Ժամանակին Գորիսում լուսանկարիչների միջեւ մրցակցություն կար, հիմա, ասում է, միայն ինքն է մնացել: Հիշում է, որ մի անգամ Գորիսի քաղաքային ռադիոյով լսել էր, թե քաղաքում այլեւս չեն նկարում, ինչից հետո ինքը գնացել էր ու բողոքել, ապա առաջարկել, որ նման բան ասողները գան իր տաղավարում նկարվեն:

«Հիմա զրույցներ են անում, թե հեսա Կամոյի ֆոտոն կփակենք՝ առանց մտածելու, որ ուրանց 6 ամսականի ֆոտոն ես եմ արել»,- նկատում է գորիսեցի լուսանկարիչը՝ առանց անուններ տալու:

https://hetq.am/

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00