Գորիսի կոմունալ տնտեսությունում հիմնախնդիրները տակավին շատ են

14.02.2014 16:22
3682

Այս տարվա ձմեռը չափից ավելի խստաշունչ դուրս եկավ` առատ տեղումներով, ինչը լրացուցիչ բարդություններ ստեղծեց քաղաքային տնտեսությունը սպասարկողների համար:

«Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ձմռան տարեշրջանին», - նման առօրեական հարցով սկսեցինք մեր զրույցը «Գորիստնտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սեյրան Գեւորգյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ բավարար չափով (մոտ հարյուր տոննա) ավազ էր կուտակվել, միայն ձյունահավաքման տեխնիկան չէր բավականացնում: Ունեցածը «Զիլ» մակնիշի մղանով մեքենան էր, որով քաղաքը նորմալ մաքրել հնարավոր չէր: Ամենաքիչը եւս մի գրեյդերի անհրաժեշտություն կար: «Եթե դա էլ լինի, Գորիսի հասարակությանը խոստանում եմ բոլոր փողոցների ձյունը մաքրել եւ ավազ ցանել, բայց եթե անհրաժեշտ տեխնիկա չկա, դա անհնարին է», – հավաստիացնում է տնօրենը: Նաեւ հավելում, որ Գորիսի փողոցներին աղ չեն ցանում, այլ Շինուհայրի ավազահանքից բերված կարմիր ավազ, ինչը, ըստ նրա, նույնքան հաջողությամբ է հալեցնում ձյունը, որքան աղը: Իսկ վերջինս նախ` քայքայում է ճանապարհի ասֆալտի ծածկը, նաեւ մեքենաների ավտոդողերն է փչացնում:

Այնուհետեւ մեր զրույցը թեքվեց դեպի քաղաքային տնտեսության մյուս ոլորտներին առնչվող խնդիրները:

Սեյրան Գեւորգյանը, ով, ի դեպ, բնագավառը ղեկավարում է 1994 թվականից եւ գործարարի ու գործին նվիրված ղեկավարի համարում ունի, Գորիսը «սպեցիֆիկ» քաղաք է համարում: «Խորհրդային Միության շատ քաղաքներում եմ եղել, Գորիս քաղաքի առուների նման միայն Ալմա Աթայում եմ հանդիպել: Բայց ի՞նչ ասես այն մարդկանց, ովքեր տնից դուրս գալով՝ աղբը նետում են առվի մեջ կամ նրանց, ովքեր առվի՝ իրենց տան առջեւի հատվածը գարնանամուտին չեն մաքրում չոր խոտից ու աղբից: Այդ ամենն ընկնում է մեր տնտեսության վրա: Առնվազն տասը բանվոր է անհրաժեշտ, որ տարին բոլոր առուները եւ դրանց կողքերը մաքրվեն, աղբը հեռացվի», – տեղեկացնում է տնօրենը:

Սանմաքրման առումով նաեւ պիտի նշել, որ Գորիսը թեքության վրա կառուցված քաղաք է, եւ հորդ անձրեւներից, հեղեղներից հետո փողոցները «պատվում» են ջրաբերուկներով՝ աղբի ու տիղմի տեսքով: Տնօրենի հավաստմամբ՝ չորս-հինգ մեքենա է անհրաժեշտ հեղեղների «հետքերը» վերացնելու համար:

Ոչ մի սանմաքրում, բարեկարգում, կանաչապատում սպասված արդյունքը չեն տա, եթե չպահպանվի արվածը: Մինչդեռ շատ բնակիչների կենցաղավարական կուլտուրան հեռու է բավարար լինելուց: Սեյրան Գեւորգյանի փոխանցմամբ՝ Գորիսում միայն հակասանիտարական հինգ խոշոր օջախ կա, որոնց հեղինակներն իրենք՝ բնակիչներն են: Դրանցից մեկը Լաստ սարի դիմացի դիտակետն է, որի շուրջը պարզապես վերածվել է աղբավայրի եւ բնավ էլ պատիվ չի բերում գորիսեցիներին, քանզի Լաստի խութի համայնապատկերով հիանալու են գալիս նաեւ զբոսաշրջիկներ: Զրուցակցիս պատմելով՝ տարեկան 2-3 անգամ դիտակետի շրջակայքը մաքրվում է կենցաղային ու շինարարական աղբից, բայց, միեւնույն է, անպատասխանատու մարդիկ շարունակում են իրենց «ինքնագործունեությունը», իսկ անօրենի ձեռքը ոչ միայն բռնող չկա, այլեւ նույնիսկ դիտողություն չեն անում եւ ոչ էլ կարգազանցի մասին հայտնում քաղաքապետարան կամ կոմունալ տնտեսությանը: Ուշագրավ է, որ շինարարական աղբի թմբեր են գոյանում Թոզ կապ ձգվող ճանապարհին, ավելի ստույգ՝ դեպի Գորիսից վերեւ գտնվող գերեզմանի ճանապարհի կողքերին: Եվ այդ անողները նույնիսկ ամոթանքի չեն արժանանում: Վարչական տույժ-տուգանքներ կիրառելիս եւս գլուխ է բարձրացնում տեղային գործոնը. «Տույժ-տուգանքները քաղաքապետարանի միջոցով է իրականացվում, բոլորս իրար ճանաչում ենք, եթե մի ակտ եմ գրում, մինչեւ հասնում է քաղաքապետարան, 80-90 ծանոթ է դուրս գալիս»:

Վարարակնի հունը եւս հակասանիտարական վիճակում է: Մաշտոցի փողոցի մի շարք տնատերեր աղբն ուղղակիորեն լցնում են գետի մեջ: «Բայց զլանում են աղբի վճարը մուծել, որ ընդամենը 150 դրամ է ամսական: Դեմքներին այնպիսի արտահայտություն են տալիս, որ կարծես 150 դոլար ես պահանջում: Այսքան տարի չկարողացա այդ մարդկանցից մեկ դրամ աղբի վարձ գանձել, գլուխը՝ քար, չկարողացա այդ մարդկանց արգելել, որ աղբը գետը չնետեն: Զլանում են՝ 50 մետր հեռավորության վրա գտնվող աղբարկղի մեջ դույլը դատարկել», – մտահոգություն է հայտնում զրուցակիցս: Սրան գումարվում են Վերիշենի ու Ակների պանրի արտադրամասերի կեղտաջրերը, որոշ անհատական տների կոյուղաջրերը: Մանավանդ ամռան ամիսներին շուրջբոլորը գարշահոտություն է տարածվում: Սա դեռ ամենը չէ: Չի բացառվում, որ Աստծո մի օր համաճարակ բռնկվի Գորիսում: Ի դեպ, հենց համաճարակաբաններն են նման երեւույթի հավանականության մասին խոսում…

«Աղբահանության համար տեխնիկան բավարար է, ունենք արկղեր բարձող ու թափող երկու մեքենա, եթե մի մեքենա էլ ունենանք՝ հետեւից աղբը բարձող, հարցը հիմնովին կլուծվի», – համոզմունք է հայտնում Ս. Գրիգորյանը, ումից տեղեկանում ենք, որ Տաթեւի ճոպանուղու գործարկումով «ընդլայնվել է» աղբահանության աշխարհագրությունը, ավելի ստույգ՝ այժմ ընկերությունն աղբահանություն է կատարում Տաթեւից մինչեւ Գորիս: Տաթեւ, Հալիձոր, Շինուհայր համայնքներում եւ ճոպանուղու շրջակայքում աղբարկղեր են տեղադրված, որոնք շաբաթական մեկ անգամ դատարկվում են:

Գարնան գալուն պես քաղաքի սանմաքրումն իրականացնողների համար նոր խնդիրներ են ծագելու: Խոսքը ձմռան հետքերը վերացնելու մասին է (աղբակույտը ձյունով չես ծածկի): Այս համատեքստում ընկերության ղեկավարից փորձում եմ իմանալ, թե որքան տեխնիկա է անհրաժեշտ, որ Գորիսը վերականգնի երբեմնի մաքուր քաղաքի համբավը. «Որ աղբահանությունը նորմալ կատարվի, անհրաժեշտ է մեկական գրեյդեր, էքսկավատոր, ամբարձիչ, չորս-հինգ մեքենա»:

Անհետաձգելի խնդիրներ կան կապված Գորիսի աղբավայրի հետ: Եթե այն ցանկապատվի, դեռեւս 15-20 տարի կարող է ծառայել համայնքին, իսկ այդ նպատակով առնվազն 30 մլն դրամ է անհրաժեշտ: Պարբերաբար ընկերության տեխնիկան աղբավայրում է լինում, դզում-հարթեցնում, հողով ծածկում է տեղափոխված աղբը, քանզի օրական ութ-տասը ուղերթ է կատարում աղբատար մեքենան: Նաեւ կամայականորեն աղբահանությամբ զբաղվող վարորդներն այդտեղ շինարարական աղբ են տեղափոխում, բեռնաթափում ուղղակի աղբավայրի մերձակայքում կամ որտեղ պատահի:

Ընկերությունը մի քանի անգամ ուղեփակոց է դրել, փորձել կասեցնել ինքնակոչ վարորդների ապօրինի մուտքն աղբավայր, բայց ապարդյուն… Կոտրում են ուղեփակոցը եւ շարունակում իրենց սեւ գործը: Ժամանակ առ ժամանակ աղբավայրը «ծխում» է, աղբն ինքն իրեն վառվում է: Ընկերության տնօրենը բացատրում է, որ բնակիչն առավոտյան իր հնոցի պարունակությունը դատարկում է աղբարկղի մեջ, չհանգած ածուխը մոխրի մեջ մնալով հրդեհի պատճառ է դառնում: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ աղբավայրից ծուխ չի բարձրանա», - սա զրուցակցիս համոզմունքն է:

Այսքանով հանդերձ՝ հարցերի հարցը կադրերով ապահովվածությունն է: «Մարդիկ չեն գալիս մեզ մոտ աշխատելու, եւ պատճառը միայն աշխատավարձը չէ: Ֆիզիկական աշխատանքին գումարվում է հոգեբանական պահը: Գորիսում մարդ կարող է սոված մնալ, բայց չի գա՝ աղբը բարձի կամ աղբատար մեքենա վարի: Բայց էլի գործն առաջ ենք տանում, ձեռքներս ծալած չենք նստում: 20 տարի առաջ, երբ եկա այստեղ, իմ նախկին աշխատավայրից` ավտոբազայից, ինձ հետ եկած մարդիկ` բանվորներ եւ վարորդներ, մինչեւ օրս աշխատում են: Երբ հիմնարկը սկսեցի ղեկավարել, մոտ 160 մարդ էր աշխատում, այժմ մնացել է 28-ը: «Շուշիից էլ եմ մարդ ու կին բերել, քաղաքի սանիտարական մաքրությամբ են զբաղվում, իսկ մերոնք իրենց արժանապատվությունից ցածր են համարում ավել բանեցնել»:

Փողոցային լուսավորության սպասարկումը եւս դրված է «Գորիստնտ» ՓԲ ընկերության վրա: Մոտ 700 լուսատուից օրական 40-45-ը վառվում է, որոնք պիտի փոխվեն նորերով: Այստեղ էլ անպատասխանատու մարդիկ իրենց սեւ գործը տեսնում են. քամուց լարը կտրվում է` առիթ ստեղծելով «թռցնողների» համար: Էլեկտրալարը միացնելու համար տեղ հասած էլեկտրիկը հայտնաբերում է, որ մոտ 200 մետրը կտրել-տարել են: «Նվազագույն ծախսերով մեր հոգսը հոգում ենք: Պատահում է՝ քաղաքի ծայրամասում մի լամպ է փչանում, աշտարակավոր մեքենան բենզին է ծախսում՝ տեղ հասնելու եւ վերադառնալու համար: Պարզապես բարոյական չէ քաղաքի ծայրամասը թողնել խավարի մեջ: Ի դեպ, մեր ունեցած աշտարակային մեքենան 30 տարվա վաղեմություն ունի, քաղաքապետարանը խոստացել է նորը հատկացնել: Եթե խոստումը կատարեն, փողոցային լուսավորության հարցում խնդիր չենք ունենա», – թեման այսպես է եզրափակում տնօրենը:

Ասվածին հավելենք, որ «Գորիստնտ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական միջոցները գոյանում են հետեւյալ աղբյուրներից. ամսական 800 հազար դրամ կազմում է աղբահանության դիմաց վարձը, մոտ 500 հազար դրամ հիմնարկ-ձեռնարկությունների, առեւտրական օբյեկտների` աղբահանության նպատակով տրվող վարձավճարներն են, 30 մլն դրամն էլ հատկացնում է Գորիսի քաղաքապետարանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21