Գործերով իմաստավորված ինը տասնամյակ

17.08.2016 12:36
2902

Լրացավ վաստակաշատ մանկավարժ, երկու գրքի հեղինակ, Արծվանիկի հնագիտական թանգարանի հիմնադիր Էդվարդ Մանուչարյանի ծննդյան 90-ամյակը: Ողջ գիտակցական կյանքը բնօրրանում է անցկացրել: Քաղաքային թոհուբոհից հեռու տասնամյակներ ի վեր զբաղվել է դեռահասների կրթության ու դաստիարակության գործով: Ինքը փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Աշխարհից կտրված, բայց խիղճներս հանգիստ էինք ապրում»: Կինը՝ Ամալյա Մովսիսյանը, վաստակաշատ մանկավարժ էր, երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2012 թվականին: Միասին երկու որդի, երեք դուստր են կրթել ու դաստիարակել:

Թերթենք հոբելյարի կյանքի էջերը: Ծննդավայրում միջնակարգ կրթություն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ, դա 1945 թվականին էր, ծառայել Ջուլֆայում տեղակայված 89-րդ հրաձգային գնդում, ամիսներ անց զորամասը տեղափոխվել է Սեւաստոպոլ, 76 մմ հրանոթի հաշվարկի հրաձիգ էր, ծառայությունն այնուհետեւ շարունակել է Սեւծովյան նավատորմի առափնյա պաշտպանության զորամասում որպես հաշվարկի կրտսեր հրամանատար: Զորացրվելուց հետո վերադարձել է ծննդավայր եւ նրա հետագա գործունեությունը կապված է եղել մի ոլորտի՝ մանկավարժության հետ: Հայրենի գյուղի դպրոցում աշխատել է զինղեկ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հետո բարձրագույն կրթություն է ստացել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Բուհն ավարտելուց հետո նշանակվել է Կաղնուտ գյուղի ութամյա դպրոցի տնօրեն, 1960-ից 1982-ը՝ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար, այնուհետեւ՝ տնօրեն մինչեւ 1988-ը, կենսաթոշակի անցնելուց հետո շարունակել է դասավանդել որպես պատմության ուսուցիչ մինչեւ 1995 թվականը:

Ինչո՞վ էր զբաղված վաստակած հանգստի անցնելուց հետո, կհարցնեք: Գրքեր էր գրում: Նրա հեղինակությամբ լույս է տեսել «Արծվանիկ (ճանաչիր քո գյուղը, նրա մարդկանց)» գիրքը, որ նվիրել է Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան գոյամարտում զոհված եւ տարբեր ժամանակներում բռնադատված արծվանիկցիների հիշատակին: Գրքում արտացոլված է գյուղի պատմությունը՝ վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը, ընդարձակ անդրադարձ կա նշանավոր արծվանիկցիների գործունեությանը, ներկայացված են գյուղի երեւելի գերդաստանների տոհմածառերը: Գրքում ակնարկ կա Դավիթ Բեկի ազատագրական պայքարին արծվանիկցիների մասնակցության վերաբերյալ, նաեւ այն մասին, թե ինչպես Րաֆֆին իջեւանել է Արծվանիկում, երբ «Դավիթ Բեկ» վեպի համար նյութեր էր հավաքում:

Իսկ 2015-ին՝ մեծ հաղթանակի 70-րդ տարում իր միջոցներով լույս ընծայեց «Հերոսացած արծվանիկցիներ» գիրքը, որ նվիրված է Մեծ հայրենականում եւ Արցախյան պատերազմում մասնակից համագյուղացիներին: Դյուրին չէր նման գործ ձեռնարկելը, մանավանդ երկրորդ աշխարհամարտի համագյուղացի մասնակիցներն արդեն հրաժեշտ էին տվել երկրային կյանքին: Բայց հեղինակն իր հոգու պարտքն էր համարել սկսած գործն ավարտին հասցնել՝ հարգանքի տուրք մատուցելով երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան գոյամարտում ընկածների հիշատակին, եւ գիրքն անվճար բաժանել համագյուղացիներին, ցանկացողներին, նախեւառաջ զոհված զինվորների ընտանիքներին:

Գրքի վերջաբանում հեղինակը ցավով է գրում, որ իր հայրենի Արծվանիկի բնակչությունը տարեցտարի նվազում է, ինչի վրա հրավիրում է հանրապետության եւ մարզային իշխանությունների ուշադրությունը:

Եվ սա դեռ ամենը չէ: Տակավին 1960 թվականից ի վեր նա ժողովել է հնագիտական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր, աշխատանքային գործիքներ եւ հիմնադրել թանգարան՝ դրանք փրկելով անդառնալի կորստից: Թանգարանի գրառման մատյանում իրենց տպավորությունների մասին գրել են գրողներ, լրագրողներ, պատմաբաններ, արտասահմանցի հյուրեր: Նրանք հավուր պատշաճի գնահատել են նրա նվիրումը՝ մի հարկի տակ մեկտեղել պատմահնագիտական արժեքներ: Արվածի գնահատանքն է այն, որ թանգարանն այսուհետեւ կոչվելու Էդուարդ Մանուչարյանի անվամբ: Ավելորդ է ասել, որ իր հեղինակած գրքերով եւ հիմնադրած թանգարանով Էդուարդ Մանուչարյանն Արծվանիկին վերադարձրեց նրա պատմական հիշողությունը: Առանց վերապահումի կարելի է ասել, որ «Արծվանիկ» եւ «Հերոսացած արծվանիկցիներ» գրքերը կարող են ծառայել որպես սկզբնաղբյուր:

…Օգոստոսի 12-ին ողջ գերդաստանն այստեղ էր հավաքվել: Տարբեր տեղերից Արծվանիկ են ժամանել տարեց թե մանուկ, մոտ ու հեռու ազգականներ: Հիշարժան այդ օրը գերդաստանի նահապետը շրջապատված է հարազատներով ու մտերիմներով, թոռներով ու ծոռներով: Այստեղ են նրա երբեմնի աշակերտները, գործընկերները, բոլորն էլ նրան «ընկեր Մանուչարյան»-ով են դիմում, հարազատավարի ողջագուրվում: Հայրական տան բակում՝ թթենիների հովանու տակ սեղան էր գցված: Տեսնել էր պետք, թե որպիսի ջանասիրությամբ էին օջախի աղջիկներն այն ծանրաբեռնում համադամ խորտիկներով ու ուտեստներով: Հոբելյարի ձեռքի հեռախոսը չէր լռում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ավագ որդին՝ Աշոտն է իր սրտի խոսքը փոխանցում, իսկ ահա ԱՄՆ-ում բնակվող դուստրը՝ Արեգնազանը, ամուսնու՝ հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի, որդու եւ դստեր հետ ժամանել եւ սրտանց ուրախանում են հոր, պապի հոբելյանի առթիվ: Հպարտանալու շատ բան ունի Էդիկ Մանուչարյանը, որդիները մասնակցել են Արցախյան գոյամարտին, Արարատ որդին Կապանի առանձին մոտոհրաձգային բրիգադի հինգերորդ դեսանտագրոհային գումարտակի հրամանատարն էր, մարտական ծառայությունների համար արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի: Այժմ գնդապետի կոչումով աշխատում է պաշտպանության նախարարության օպերատիվ վարչությունում: Պարգեւատրվել է «Կապան» ոսկե հուշամեդալով: Խնջույքին մասնակցում էր իր մարտական ընկերներով, ովքեր բաժակ են բարձրացնում եւ շնորհավորում հոբելյարին: Իսկ սեղանապետն ընթերցեց գյուղի համայնքի ավագանու որոշումը, ըստ որի Էդուարդ Մանուչարյանին շնորհվել է Արծվանիկի պատվավոր քաղաքացու կոչում:

Բաժակ բարձրացնելով եւ բարեմաղթանքներ հնչեցնելով հոբելյարի հասցեին՝ հանդիսության մասնակիցները մի պարտավորություն ստանձնեցին՝ մանկավարժի 100-ամյակին հավաքվել նույն կազմով եւ ավելի ճոխ նշել հոբելյանը:

Վերջում երախտագիտության խոսք է ասում հոբելյարը, բոլորից գոհ ու շնորհակալ է, միայն ցավով է նշում, որ գյուղում իր հասակակից մարդ չի մնացել…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41